Հոկտեմբեր 25, 2026
Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում կանցկացվի Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովը, որի կազմակերպման նպատակով Փաշինյանի աշխատակազմը բաց մրցույթի ընթացակարգով ընտրել է մատակարար՝ ի դեմս «Աութսորս» ՍՊԸ և «Մոնթե Կորպորեյշն» ՍՊԸ համատեղ գործունեության կոնսորցիումի։
Նկատենք՝ այս երկու ՍՊԸ-ներն էլ պետգնումների ակտիվ մասնակիցներ են և վերջին տարիներին միլիոնավոր դրամների պայմանագրեր են կնքել պետական տարբեր գերատեսչությունների հետ։
Միջոցառման կազմակերպման նպատակով ընկերություններին համատեղ հատկացվել է 294,000,000 դրամ (մոտ 811,393 ԱՄՆ դոլար)․ տեղեկանում ենք օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացված պայմանագրից։
Գագաթնաժողովը կանցկացվի «Մերիդիան էքսպո կենտրոնում», իսկ բացման և փակման արարողությունները՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում (կամ համարժեք այլ վայրում) և «Altezza by Armenian Helicopters»-ում։
Մասնակիցների թիվ է նշվել 800 անձը (շուրջ 600 սփյուռքահայ՝ ավելի քան 50 երկրից, և 200 մասնակից Հայաստանից)։
Հիշեցնենք, որ 2024 թվականին 168.am-ը հրապարակել էր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ծախսերը. միջոցառման կազմակերպման համար էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով ընտրված մատակարարն այդ ժամանակ «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն էր, որին հատկացվել էր 242 միլիոն 400 հազար դրամ։
—