Հոկտեմբեր 25, 2026
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը երգչուհի Անի Թովմասյանն է՝ Շպրոտը։ Հարցազրույցում նա անկեղծորեն պատմում է մանկության տարիների դժվարությունների, ԱՄՆ-ում ապրած ծանր տարիների, անցյալի սխալների, քրիստոնեական հավատքի, ամուսնության և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին։
«Պապայի մահից հետո իմ կյանքը փոխվեց 180 աստիճանով»,- ասում է երգչուհին՝ խոսելով իր կյանքի ամենացավոտ շրջանի մասին։
Անիի խոսքով՝ հոր կորուստը մեծ ազդեցություն է ունեցել իր բնավորության և հետագա կյանքի վրա։ Նա իր ներքին պայքարը հաճախ արտահայտել է ընդվզման միջոցով՝ մեղադրելով շրջապատին ու հասարակությանը, որ իրեն չեն հասկանում։
ԱՄՆ-ում՝ առանց տուն և աշխատանք
Երգչուհու խոսքով՝ Հայաստանից հեռանալու պահին իր կարիերան ծաղկման շրջանում էր, սակայն ցանկանում էր ավելի մեծ հնարավորություններ գտնել, և կարծում էր, որ արտերկրում իրեն ավելի լավ կհասկանան։
Սակայն Միացյալ Նահանգներում նրա կյանքը բոլորովին այլ ընթացք է ստացել։ Շպրոտը պատմում է, որ առաջին երկու տարիներին անտուն է եղել, ժամանակավորապես մնացել է տարբեր մարդկանց տներում, իսկ երբեմն ստիպված է եղել գիշերել դրսում։
Նյու Յորքում նա աշխատանքի է անցել հյուրանոցում՝ մաքրելով օրական մինչև 15 սենյակ։ Երգչուհու խոսքով՝ երբեմն օրերով սնվել է հյուրերին տրամադրվող խնձորներով, քանի որ գումարը չէր բավարարում։
«Ես գնացի Հոլիվուդը գրավեմ, բայց ամերիկացիների զուգարանները լվացի»,- ասում է նա՝ հավելելով, որ այդ տարիները ստիպել են իրեն վերանայել սեփական պատկերացումները, հաղթահարել մեծամտությունը և հասկանալ, որ հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինել ծանր աշխատանքի։
Անցյալի սխալներն ու հավատքի ճանապարհը
Հարցազրույցի ընթացքում Անի Թովմասյանն անդրադարձավ նաև տարիներ շարունակ իր մասին շրջանառվող աղմկահարույց խոսակցություններին և համացանցում հայտնված տեսանյութին, որը, նրա պնդմամբ, իրենը չի եղել։ Երգչուհին ասում է՝ այդ դեպքը ծանր է տարել, իսկ հետագայում փորձել է հասկանալ՝ ինչպես պաշտպանել իրեն նման իրավիճակներից։
Նա խոստովանում է, որ այսօր իր անցյալին այլ կերպ է նայում և իր փորձը ներկայացնում է ոչ թե անցյալի շուրջ նոր աղմուկ բարձրացնելու, այլ երիտասարդներին սեփական սխալները չկրկնելու հորդորով։
Շպրոտի խոսքով՝ վերջին տարիներին իր կյանքում առանցքային տեղ է զբաղեցնում քրիստոնեական հավատքը։ Ասում է, որ ապաշխարությունից հետո փոխվել են իր արժեքները, աշխարհայացքն ու վերաբերմունքը կյանքի հանդեպ։
«Ես նոր մարդ եմ». ամուսնությունն ու մայրանալու երազանքը
Անի Թովմասյանն ամուսնացել է 2023 թվականին, սակայն ամուսնության մասին հրապարակավ հայտնել է ավելի ուշ։ Նրա խոսքով՝ ամուսինը հանրային մարդ չէ, չի սիրում տեսախցիկների առաջ հայտնվել, և ինքն էլ հարգում է նրա ցանկությունը։
Երգչուհին առանձնահատուկ ջերմությամբ է խոսում ամուսնու մասին՝ նշելով, որ նրա համար շատ կարևոր է եղել իր անցյալն ընդունելու և ներելու պատրաստակամությունը։
Անին խոստովանում է նաև, որ մայրանալն այսօր իր մեծ երազանքներից է։ Եթե նախկինում երեխա ունենալու հարցին այլ կերպ էր վերաբերվում, այժմ դա համարում է Աստծուց տրվող մեծ պարգև։
Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու քաղաքականությունը
Հարցազրույցում Շպրոտն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նրա համոզմամբ՝ ստեղծված իրավիճակում քաղաքական շարժառիթները նշանակալի դեր ունեն։ Երգչուհին կոչ է անում հարցերը լուծել խոնարհությամբ և եղբայրաբար:
Միաժամանակ նա նշում է, որ չի ցանկանում եկեղեցական հարցերի շուրջ բաժանարար գծեր դնել մարդկանց միջև և կարևորում է հավատքի, ներողամտության ու փոխըմբռնման դերը։
Շպրոտն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարներին։ Նրա խոսքով՝ խաղաղության ձգտումը կարևոր է, սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև հակառակ կողմի իրական քայլերը և պահպանել զգոնությունը։
Հարցազրույցի վերջում երգչուհին բացատրում է, թե ինչու է որոշել ավելի քիչ խոսել քաղաքականությունից։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին քաղաքական տարաձայնությունների պատճառով հասարակության մի հատվածի վերաբերմունքն իր հանդեպ թշնամական է դարձել։
«Ես չեմ ուզում իմ քաղաքականության պատճառով թշնամանամ ժողովրդիս հետ»,- ասում է նա՝ ընդգծելով, որ իր համար հայ ժողովուրդը թանկ է՝ անկախ քաղաքական հայացքներից։
Անի Թովմասյանը նաև նշում է, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և այստեղ ապրել ու օգտակար լինել հայրենիքին՝ հույս հայտնելով, որ այդ ցանկությունը կիրականանա։
Մանրամասները՝ տեսանյութում
—