X
    Categories: News

TRIPP-ը և ռազմական բեռների տարանցումը․ ի՞նչ այլընտրանք ունի Ադրբեջանը, արդյո՞

Հոկտեմբեր 23, 2026

ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ «ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել», և, որ նման ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմում:

Անցած տարի նման համոզմունք էր հայտնել նաև Նիկոլ Փաշինյանը, երբ լրագրողները հետաքրքրվել էին՝ «Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք, զինամթերք կարողանալո՞ւ է տեղափոխել Նախիջևան, զորք անցնելո՞ւ է, թե՞ ոչ, և ի՞նչ ռիսկեր է դա պարունակում։

 «Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Ես բազմիցս ասել եմ, որ այդ մանրամասների շուրջ պայմանավորվածություն չունենք, մենք ունենք սկզբունքներ և մենք մեզ հարց պետք է տանք՝ ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով: Մենք ուզո՞ւմ ենք դա, թե՞ չենք ուզում:

Մեր իրականության մեջ կա այդ պրոբլեմը, մենք ընդհանրապես խոսում ենք ուրիշների մասին, բայց չենք խոսում մեր մասին: Երբ մենք որոշենք, որ ուզում ենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ մենք չենք ուզում Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք զենք տանել երկաթուղով և հետ բերել, կորդեգրենք համապատասխան բանաձև, և այդպես շարունակ»,- մասնավորապես, նշել էր Փաշինյանը:

Կարդացեք նաև

  • Անկարայի խաղը՝ գլոբալ ճգնաժամերում. Ինչո՞ւ է Թուրքիան ստեղծում R4+E3 նոր հարթակը
  • Աշխատատեղերի «աճ»՝ կես դրույքներով ու հնդիկներով. Ինչպես են ձևավորվում Փաշինյանի թվերը
  • Փաշինյանը հրավիրում է «բլիժնի բոյի». նա ուզում է՝ ընդդիմությունը դեմ լինի, պատերազմով կվախեցնի, ընտրություններ կանցկացնի, 7 մանդատ ավելին կտանի ու կանի իր ուզած փոփոխությունը. Աղազարյան

Այս համատեքստում մի քանի կարևոր դրվագների մասին հիշեցնենք:

Առաջին, Նախիջևանն Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ միակ ցամաքային սահմանն ունեցող հատվածն է: Դրա երկարությունը, ըստ թուրքական աղբյուրների, 17,7 կմ է (11 մղոն): Նախիջևանը ծառայում է որպես Թուրքիայի դարպաս դեպի թյուրքական աշխարհ։

Երկրորդ, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան: Դեռ այն ժամանակ հիշեցրել ենք, որ Ադրբեջանն Իրանի հետ կապ է ապահովում հիմնականում Աստարա քաղաք-նավահանգստի միջոցով՝ ցամաքային, Ադրբեջան-Իրան ծովային կապն ապահովվում է Կասպից ծովի ափին գտնվող Անզալի նավահանգստի միջոցով: Ընդ որում, այս նավահանգստի միջոցով Իրանը ծովային կապ ունի և՛ ՌԴ-ի, և՛ Ղազախստանի հետ, և՛ Թուրքմենստանի հետ: Իսկ Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգիծն էլ ապահովելու է երկաթգծային կապը:

2023 թվականին Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ հաստատելու խնդրին՝ նշել էր.

«Դա նոր բան չէ: Իրանի միջանցքը 34 տարի եղել է Ադրբեջանի տրամադրության տակ: Հենց այդ շրջանակներում էլ համագործակցությունը շարունակվում է: Հաշվի առնելով նոր իրողությունները՝ հնարավորություն կա այդ համագործակցությունը հաստատել նոր աշխարհագրությանը համապատասխան: Իրանը ողջունել է համագործակցելու՝ Ադրբեջանի խնդրանքը»:

Ավելին, 2022 թվականին գրել ենք, որ Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին: Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը:

Ամիսներ առաջ տեղեկություն էր տարածվել, որ Ադրբեջանն ու Իրանը քննարկել են «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերի ստեղծման հարցը։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2021 թվականի հոկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իրանը Նախիջևանի ուղղությամբ արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքներն իր օդային տարածքով։

«Իրանը պաշտոնական ռազմական խողովակներով տեղեկացրել է ադրբեջանական կողմին, որ արգելվում է Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներին դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն թռչել Իրանի տարածքով։

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռներն այդ չվերթերով ռազմական տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված ստորաբաժանումների համար։

Իրանն իր հերթին՝ հիմնականում օգտագործում է Ադրբեջանի տարածքը տրանսպորտային և տարանցիկ փոխադրումների համար, որոնք իրականացվում են գլխավորապես «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով:

Միևնույն ժամանակ, աղբյուրի փոխանցմամբ՝ Նախիջևան ադրբեջանական զորամիավորումներ ուղարկելու հնարավորությունը սահմանափակելու այս փորձն էական ազդեցություն չի ունենա Ադրբեջանի վրա, քանի որ երկիրը հազվադեպ է օգտվում այդ երթուղուց և նախապատվությունը տալիս է փոխադրման այլ ուղիների»,- գրել էր trend.az-ը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին:

Այստեղ պետք է հիշել, որ 2022 թվականին Ադրբեջանի նախագահ Ալիևը խոստովանել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ օրը մի քանի անգամ Ռուսաստանից Հայաստան զենքով բեռնված ինքնաթիռներ են թռչել, ուստի խնդրել են վրացի գործընկերներին փակել օդային և ցամաքային ուղիները՝ արգելելով Հայաստան զենք բերող ռուսական ինքնաթիռների անցումը:

«Մենք խնդրեցինք մեր վրացի ընկերներին՝ փակել օդային տարածքը, և նրանք դա արեցին: Մենք խնդրեցինք փակել նաև ցամաքային ճանապարհը, որը կարող էր օգտագործվել Ռուսաստանից Հայաստան զենքի տեղափոխման համար՝ Վրաստանի տարածքով: Եվ նրանք կատարեցին նաև դա: Մենք շնորհակալ ենք նրանցից»,- ասել էր Ալիևը և շարունակել, որ նման խնդրանքով դիմել է նաև մերձկասպյան բոլոր երկրներին, սակայն այս անգամ Ադրբեջանին մերժել են:

«Մենք նամակներ ուղարկեցինք Ղազախստան, Թուրքմենստան և Իրան, սակայն, ցավոք, այդ ինքնաթիռներն այդ երկրների օդային տարածքով ներթափանցում էին Հայաստան»,- ասել էր Ալիևը, թեև 44-օրյայից հետո եղան տեղեկություններ, որ Իրանի օդային տարածքը ևս փակվել է:

Այսօր էլ Հայաստանը տարբեր երկրներից ձեռք բերած սպառազինությունը ստանում է Իրանի կամ Վրաստանի տարածքով, և երկու դեպքում էլ ժամանակ առ ժամանակ լոգիստիկ խնդիրներ են առաջանում։ Ընդ որում, նման մատակարարումներն ադրբեջանական կողմի թիրախում են եղել: Եվ եթե անգամ ռազմական բեռները տեղափոխվում են զորավարժության համատեքստում: Թերևս, հիշում ենք 2024 թվականին «Արծիվ գործընկեր» զորավարժությանն առնչվող ադրբեջանական հրապարակումները, թե ԱՄՆ-ին պատկանող Boeing C-17 ինքնաթիռներով ռազմական բեռի հետ մեկտեղ անձնակազմ է բերվել Հայաստան։

Երրորդ, վերադառնանք Ադրբեջանի հնարավորություններին:

Ինչպես նշեցինք, Նախիջևանը Ադրբեջանի՝ Թուրքիայի հետ միակ ցամաքային սահմանն ունեցող հատվածն է: Եվ հաշվի առնելով Թուրքիայի և Նախիջևանի միջև առկա անմիջական ցամաքային սահմանը՝ Ադրբեջանը տեսականորեն հնարավորություն ունի Թուրքիայից Նախիջևան տեղափոխելու ռազմական բեռներ։ Սակայն այս հանգամանքն ինքնին դեռ չի նշանակում, որ հայտնի են նման փոխադրումների ծավալները, պայմաններն ու իրականացման կարգը:

Չմոռանանք նաև հաճախակի իրականացվող զորավարժությունների մասին, որի պատրվակով սպառազինություն է տեղափոխվում և թողնվում Նախիջևանում ու Ադրբեջանի այլ հատվածներում: Բավական է հիշել 2020 թ. հուլիսյան մարտերից հետո Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում տեղի ունեցած զորավարժությունները: Հետո արդեն հայտնի դարձավ, որ Ադրբեջանը «Բայրաքթարներ» է տեղակայել Նախիջևանում և Եվլախում, որոնք հետո կիրառվեցին 44-օրյա պատերազմում:

Ավելին, քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

Այս ամենը հանրագումարի բերելով, երբ նշում ենք, որ ԹՐԻՓՓ-ով կամ Նախիջևանով զորք և զենք չի կարող անցնել, արդյո՞ք մտածում ենք, որ Ադրբեջանը Նախիջևան ռազմական բեռ տեղափոխելու հնարավորություն բացարձակ չունի, երբ այնտեղ գործում է Նախիջևանի առանձին համազորային բանակը, որը, ըստ էության, Ադրբեջանի զինված ուժերի բաղադրիչ է:

Ուստի հարց է առաջանում՝ որքանո՞վ է ԹՐԻՓՓ-ն այս դեպքում վնասելու Ադրբեջանին, որքանո՞վ՝ Հայաստանին, որն առանց այն էլ լոգիստիկ խնդիրներ է ունենում: Այսինքն, նախքան Հայաստանի և Ադրբեջանի համար տարանցման սահմանափակումների հավասար ազդեցության մասին խոսելը՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի այլընտրանքային հնարավորությունները՝ Նախիջևան ռազմական բեռներ տեղափոխելու հարցում:

Ի վերջո, կա՞ հստակ փաստաթղթային ամրագրում, թե ԹՐԻՓՓ-ն աշխարհագրական, քարտեզագրական ի՞նչ տարածք է ընդգրկում՝ ՀՀ ո՞ր մարզը, այդ մարզից որքա՞ն կիլոմետր, և այսպես շարունակ:

—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post