Հոկտեմբեր 23, 2026
2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան։ Վարչապետի և նախագահի աշխատավարձերը 1.5 միլիոնից կդառնան շուրջ 2.6 միլիոն դրամ, փոխվարչապետներինը կկազմի շուրջ 2.1 միլիոն դրամ, իսկ Երևանի քաղաքապետինը՝ 1.3 միլիոնից կհասնի շուրջ 2 միլիոն դրամի։ Նախարարների աշխատավարձը կդառնա մոտ 2 միլիոն, իսկ պատգամավորներինը՝ շուրջ 1.5 միլիոն դրամ։ Ի դեպ, պաշտոնական դրույքաչափերի բարձրացմանը զուգահեռ՝ պարգևավճարների համակարգը նույնպես կպահպանվի:
168․am-ը հարցախույզի միջոցով քաղաքացիներից հետաքրքրվել է՝ արդարացի՞ է արդյոք այս բարձրացումը, և արժանի՞ է արդյոք ժողովրդին ծառայելու խոստումներով իշխանության եկած պաշտոնյաների կողմից սեփական աշխատանքի այսպիսի ինքնագնահատումը։
«Արժանի չեն․ Նախ սկսենք նրանից, որ ոչ մի հայրենապաշտպան գործ չի արվել այս վերջին մի քանի տարիների ընթացքում», «Ինքը արժանի չի դրան»․ մեր հարցադրմանն ահա այսպես արձագանքեցին արտերկրից Հայաստան եկած կանայք։
«Բազում սոցիալական խնդիրներ կան Հայաստանում լուծելու, ինձ թվում է՝ աբսուրդ է, ես չեմ կարող նմանատիպ վերաբերմունքը արդարացված համարել, քանի որ դա համատարած պետական բյուջեի մսխում է, պետական միջոցների հափշտակում, այսպես կոչված, խմբակի կողմից»,- նշեց մեր համաքաղաքացիներից մեկը։
«Իրենք չեն աշխատում․ եթե մեկը չի աշխատում, իրավունք չունի փող ստանալ ընդհանրապես։ Հիմա էլ որ ստանում են, դա էլ է շատ»,- զայրացած նկատեց մեկ ուրիշը։
«Կոնկրետ ես մոտ 40 տարի աշխատում եմ, ու իմ աշխատավարձը ստաժ չունեցողների, բարձրագույն չունեցողների հետ լրիվ նույնն է․ ես ինչի՞ պիտի գոհ լինեմ։ Չէ, կներեք, բայց ես համաձայն չեմ դրա հետ»,- հնչեց նաև նման տեսակետ։
Մանրամասները՝ տեսանյութում
—