X
    Categories: News

168: Թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ

Հոկտեմբեր 22, 2026

Շաքի գյուղ ներխուժած ու երիտասարդ կնոջը վիրավորած ադրբեջանցի զինված զինվորին արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը գրեթե հանդիմանում էր զոհին՝ ասելով, թե երեխաներին փրկելու համար պետք էր ոչ թե ինքնապաշտպանվել, այլ դիմել ոստիկանություն: Իբրև թե սա պետություն է, որն իր բոլոր մարմիններով պաշտպանում է քաղաքացուն:

Նույն Փաշինյանն օրեր անց սոցցանցի էջում գրում է. «ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, nikolpashinyan@gmail.com էլ. փոստի հասցեով։ Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։

Նույն մարդն օրերի տարբերությամբ մի դեպքում ասում է, որ միայն իրավապահները պետք է զբաղվեն բոլոր հանցագործություններով, մյուս դեպքում՝ իրավապահների տիրույթում գտնվող հարցերի համար մարդկանց առաջարկում է նամակ գրել… իր էլեկտրոնային փոստին:

Սա, իհարկե, ավելին է, քան նրա համար սովորական համարվող քաղաքական կոնյունկտուրիզմն ու սկզբունքների բացակայությունը: Սա Փաշինյանի ինքնախոստովանությունն է այն մասին, որ ինքն իշխանությունն ուզուրպացրել է այնքան ու այնպես, որ երբ պետք է՝ հանդես է գալիս որպես պետության ղեկավար, երբ անհրաժեշտ է՝ որպես ցեղապետ կա մաֆիոզ խմբավորման պարագլուխ:

Կարդացեք նաև

  • «Մարգարիտա Հովհաննիսյանից կնիքը պահում են»․ Ավանի թիվ 57 մանկապարտեզում դատարանով վերականգնված նախկին տնօրենի գործունեությունն ինչ-ինչ անձինք խոչընդոտում են 
  • Ալիևը փորձում է նախապատրաստվել հնարավոր զարգացումներին. նա ամրապնդում է Ադրբեջանի դիրքերն այն ուղղություններում, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ. Վիտալի Մանգասարյան
  • Փաշինյանն անուղղակի դիմում է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին… Հնարավոր է ԵՄ-ն Նիկոլ Փաշինյանի վրա խաղադրույք չկատարի. Քաղտեխնոլոգ

Իրականությունն այն է, որ նա պետությունը ղեկավարում է հանցավոր խմբավորման պարագլխի հանգույն՝ ներքնապես պայքարելով պետության դեմ: Որովհետև կայացած պետությունում ինքը չի կարող հանդուրժվել ըստ սահմանման:

Կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պարագայում նրան անհրաժեշտ է, որպեսզի բոլոր համայնքներում ընտրվեն ՔՊ-ի ֆորմալ կամ ստվերային դրածոները, որովհետև Փաշինյանի համար այդ ընտրություններն ունեն ոչ ՏԻՄ-երի ձևավորման, այլ սեփական վասալների դիրքերի ամրացման նշանակություն՝ կենտրոնական իշխանությունը պահպանելու համար: Իսկ արդեն երեկ բացահայտվեց այս կլոունադայի իրական նպատակը՝ ձերբակալվեց հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Արսեն Գևորգյանը, ով հաղթելու ամենամեծ շանսերն ունի: 

Փաշինյանն այսպիսով, «հավասարության ֆոն» ստեղծելու համար, ՔՊ-ից հեռացնում է մի քանի համայնքապետերի, գուցե առաջիկա օրերին որոշներն էլ ձևի համար ձերբակալվեն: Բայց իրական նպատակն ընդդիմադիրներին մեկուսացնելն ու

ՏԻՄ-երն ամբողջությամբ ու վերջնականապես ՔՊ-ացնելն է՝ որտեղ հնարավոր է՝ ֆորմալ կուսակցականներով, որտեղ դժվար է՝ անգամ նախկինում իրեն հայհոյողներին նվաստացնելով, ինչպես, օրինակ, երբեմնի քաջարի Առուշ Առուշանյանի պարագային:

Ավտորիտար համակարգերում, ինչպիսին այսօրվա Հայաստանն է, տեղական ինքնակառավարում՝ իսկական, ժողովրդավարական իմաստով, չի կարող գոյություն ունենալ: Այս էժանագին քայլերով Նիկոլ Փաշինյանից փորձ է արվում կերտել «բարի թագավորի»  կերպար, որպեսզի հասարակության՝ Փաշինյանի ատամների բացակայությամբ երջանկացող հատվածը մտածի՝ «մեր թագավոր ղեկավարը պայքարում է իրեն չխնայելով, բայց նրա ենթակաները կաշառքներ են բաժանում…»:

Պետության, ազգային շահերի հաշվին առավելապես քարոզչության ու մանիպուլյացիաների միջոցով իշխանությունը պահպանած Նիկոլ Փաշինյանը վերջին մի քանի տարիներին լուրջ առաջընթաց է ապրել՝ սեփական անձի մասին «հարիֆ Նիկոլ» էպիտետից հասնելով «բարի թագավորի» դեռևս չբարձրաձայնվող կաղապարին: Դա շարունակելու է աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ չեն բացել աչքերը ու չեն տեսել, որ թագավորը ոչ թե անատամ է, այլ մերկ:

Հարություն Ավետիսյան




—

Nahapetian Zhanna:
Related Post