X
    Categories: News

«Եթե ՀՀ իշխանությունը որևէ պահանջ ունենար՝ կհնչեցներ, «երեկ չէ առաջին օրվա» ռ

Հոկտեմբեր 20, 2026

Հասարակական գործիչ Միքայել Նահապետյանի բնորոշմամբ, որևէ նախադրյալ չկա, որ մինչև 2031 թվականը Հայաստանն Ադրբեջանի հետ կստորագրի խաղաղության պայմանագիրը, ինչպես օրերս հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«2031 թվական ասելով, Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել իր կառավարման հինգ տարիների ավարտը, որ մինչև այդ պետք է պայմանագիրը ստորագրի։

Ավելին՝ այս պայմանագիրը խաղաղության երաշխիքներ իր մեջ չի պարունակում, առհասարակ խաղաղությունը պայմանագրերով չեն երաշխավորում։ Խաղաղությունը հաստատում են  անվտանգության համակարգեր կառուցելով և հարաբերությունների մեջ անվստահություն ծնող պատճառները վերացնելով, զգուշավորությամբ, սա է երաշխավորված խաղաղությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Նահապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ մինչև 2031 թվականը պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանը վստահության կառուցման ուղղությամբ միակողմանի բավականին մեծ ջանքեր է գործադրում, ադրբեջանական կողմի ջանքերի հետ այդ ամենը բնավ համաչափ չէ։

Կարդացեք նաև

  • Աշխատատեղերի «ռեկորդների» մասին Փաշինյանի հայտարարությունները՝ աճող գործազրկության և փակվող բիզնեսների ֆոնին
  • Ասեք՝ ի՞նչ եք անելու, 2027թ. օգոստոսի 2-ը մոտենում է. թե՞ պետք է սպասենք 2031 թվականին. Վլադիմիր Մարտիրոսյան
  • Բոլորը լավ հասկանում են, որ խաղաղություն չի լինելու. Եթե TRIPP ճանապարհը չլինի, ճանապարհ, միևնույն է, կլինի. Ադրբեջանը երբեք չի հրաժարվի իր առջև դրված խնդիրների կատարումից. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

«Անվտանգության համակարգի մասին առհասարակ իմաստ չկա խոսելու, քանի որ այս մարդկանց պլանների մեջ չի մտնում Հայաստանի անվտանգության համակարգի կառուցումը։ Նրանք խաղաղության բանաձևը տեսնում են այն բանի մեջ, երբ բոլորի համար հասկանալի լինի, որ մենք որևէ մեկի հետ պատերազմելու հնարավորություն չունենք։ Մնացածը հայ ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է, որ այդ խաղաղությունը լինի նրա մասին, որ երբ քեզանից ինչ-որ բան պահանջում են, դու անմիջապես անե՞ս, թե՞ երբ ուզում են քո հետ պայմանավորվեն, որովհետև հակառակն ավելի թանկ արժե»,- հավելեց Միքայել Նահապետյանը։

Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև շեշտեց՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը մի շարք պայմաններ է առաջ քաշում՝ սկսած ՀՀ Սահմանադրությունը փոխելուց, մինչդեռ ՀՀ իշխանությունը որևէ պահանջ չունի։

«Եթե ՀՀ իշխանությունը որևէ պահանջ ունենար, ապա կհնչեցներ, «երեկ չէ առաջին օրվա» ռեժիմով պատրաստ ստորագրելու այդ պայմանագիրը, այսինքն՝ որևէ վերապահում չունի։ Հենց հիմա էլ Ադրբեջանը ստորագրած լինի այդ թղթի տակ, ՀՀ իշխանությունը պարելով կգնա ու կստորագրի, Հայաստանը որևէ նախապայման չունի, այդ պայմանագրի ստորագրման հետ կապված»,- նշեց Միքայել Նահապետյանը։

Ըստ Մ. Նահապետյանի, եթե Ադրբեջանի հետ լավ բանակցող լիներ, ապա այդ գործընթացը կբաժաներ երկու մասի, առաջինը՝ բուն խաղաղության կառուցման գործընթաց, դրանից հետո արդեն՝ պայմանագրի ստորագրում։

«Հենց այդ տեքստից որքան հնարավոր էր նախապայմանները կտեղափոխվեին հաջորդ փուլ, այսինքն՝ վստահության կառուցման գործիքների փուլ։ Հիմա իրենք ասում են՝ այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրն է, մենք էլ պետք է ասենք, որ հանրաքվե չի լինելու, պետք է խոսել ու հասկանալ, որովհետև դա նվաստացուցիչ է։ Բացի այդ, հայկական կողմի համար այդ ամենն անվստահություն է ստեղծում, որովհետև գերիների նկատմամբ քաղաքական դատավարություն է իրականացվում Ադրբեջանում, փորձում են ձևավորել փաստաթղթեր, որ «ագրեսոր» ենք, «ահաբեկչական խմբեր» ենք ձևավորել և այլն։ Պետք է ասենք՝ եկեք խոսենք ու հասկանանք, թե այս թեմաներն ինչպես ենք կարգավորում։ Իսկ պայմանագրի ստորագրման թեման առանձին թեմա է, եթե վստահության հարցերը կարողանում ենք կարգավորել, ապա պայմանագիրը 5 րոպեից էլ կարող ենք ստորագրել»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, ասելով, որ այդ հարցը համարում է առաջնահերթություններից, և մինչև 2031 թվականն այդ պայմանագիրը պետք է ստորագրվի։

«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ մինչև 2031 թվականը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը։ Ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թվականը, հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

—

Andranik Taslakhchian:
Related Post