Հոկտեմբեր 19, 2026
Ուսումնասիրվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականաշնորհման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի հետագա փոխանցման գործարքների պայմանները․ տեղեկացրել է Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Սա ածանցյալ գործընթացն է․ հիմնական մասին ականատես եղանք օրեր առաջ, երբ Կառավարության որոշմամբ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվեցին հանրության գերակա շահ։
«Մեր պլան Ա-ն հետևյալն է, որ դա դառնա պետական սեփականություն, և մենք կառավարման հանձնենք համաշխարհային թոփ ընկերության։ Մենք մասնավորեցնելու նպատակ չունենք։ Եթե հանկարծ պարզվի, որ մեր պլան Ա-ն չենք կարողանում իրականացնել օբյեկտիվ պատճառներով, մենք նոր կանցնենք ուրիշ պլանների քննարկմանը», – ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Միջազգային և էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը Փաշինյանի այս պլաններն անիրատեսական է համարում։
«Նախ՝ խնդիր կա՝ պայմանավորված Ստոկհոլմյան դատարանի որոշման հետ, և մասնավոր կառավարման տալուց առաջ նախ այդ հարցը պետք է լուծեն,- 168․am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մանվելյանը, ապա արձանագրեց, որ նաև ՀԷՑ-ի շուրջ կատարվող պրոցեսները մեծապես ազդում են ՀՀ միջազգային վարկանիշի վրա՝ խնդիրներ ստեղծելով ներդրումների տեսակետից,- Ներդրումների առումով Հայաստանը բավական հետընթաց է ապրել վերջին տարիներին ու պատճառներից մեկը հետապնդումն է խոշոր բիզնեսի նկատմամբ, որ սրանք սկսել են»։
Փորձագետը նկատեց նաև, որ Փաշինյանի՝ «ՀԷՑ-ը կառավարման հանձնենք համաշխարհային թոփ ընկերության» հայտարարությունը պետք է դիտարկել այն հարթությունում, ինչ ամերիկյան ատոմակայան կառուցելու մասին և երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու մասին հայտարարություններն ու ակնարկները։
«Այդ ամենը կեղծիք է, սուտ․ ընդամենը ներքին ինչ-որ առևտուր է գնում՝ ըստ իս։ Փորձում են ներքին առևտրի մեջ ճնշման համակարգեր ձեռք բերել,- ասաց Արմեն Մանվելյանը՝ դիտարկմամբ, որ սպասվող գործընթացներում՝ Սահմանադրության փոփոխություն, հակաեկեղեցական որոշումներ և այլն, իշխանություններին, հավանաբար, պետք է նաև այս կերպ սեփական դիրքերն ամրապնդել,- Միջազգային ոչ մի կառավարիչ էլ չի գա․ PR է․ այս մարդիկ PR-ի լավ մասնագետ են»։
«Տաշիր Կապիտալի» ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը 168․am-ի հետ զրույցում շեշտեց՝ կա արբիտրաժի որոշում, որն արգելել է Հայաստանի Հանրապետությանը բաժնետոմսերը որևէ ձևով պետականացնել, ապա նաև արձանագրեց՝ օրենքը, որի հիման վրա հանրային գերակա շահ են ճանաչել և պետականացրել ՀԷՑ բաժնետոմսերը, ընդունվել է ավելի ուշ, քան, ընդհանրապես, կոնֆլիկտն առաջացել է, և մի քանի առանձին օրենքների հետադարձ կիրառության խնդիր է առաջացել։
Արամ Օրբելյանն ի լրումն թվարկածի՝ խոսեց նաև կազմակերպությունը լիցենզիայից զրկելու հիմքերի բացակայության մասին։
«Այսինքն՝ եղել է ՀԾԿՀ որոշում, որով ՀԷՑ-ը զրկվել է լիցենզիայից։ Մենք արձանագրել ենք, որ այդ որոշմամբ արձանագրված կետերը մեծամասամբ չէին համընկնում ՏԿԵՆ կողմից ներկայացված հաղորդմանը, իսկ ՏԿԵՆ կողմից ներկայացված այս հաղորդումն ինքնին կառուցված էր ՀԾԿՀ-ի տեղեկատվության հիման վրա։
Այդ վարույթի ընթացքում մի շարք ընթացակարգային խախտումներ էինք արձանագրել, ինչից հետո բողոքարկվել էր դատարան․ դատարանը ֆորմալ առումով 3 հիմք ուժի մեջ էր թողել, մնացածը՝ վերացրել։ Այժմ Վերաքննիչ դատարանում գործը քննվում է․ ֆորմալ առումով օրենքի փոփոխության արդյունքում տվյալ լիցենզիայից զրկելու որոշումներն ուժի մեջ են մտնում անմիջապես, բայց հետևանքները, որոնք դրանք հիմա ուզում են առաջացնել, շատ ավելի երկար գնացող են։ Այսինքն՝ եթե վաղը վարչական դատարանն, օրինակ, անվավեր ճանաչեց այս որոշումը, կամ արբիտրաժը, համապատասխանաբար, բոլորս վճարելու ենք ժամանակահատվածում տեղի ունեցած խախտումների հետևանքով։
Այսինքն՝ վերջում Հայաստանի Հանրապետությունը կվճարի, բայց «խնդիր չկա»,- ՔՊ-ն մի լավ բարձր աշխատավարձ ունեցող տեղ ավել կունենա։ Նաև «պրոցես»-ը, որի շրջանակներում նշանակվել է Ռոմանոս Պետրոսյանը, ևս թափանցիկ չէ․ պարզ չէ՝ ինչի հիման վրա է հենց նա նշանակվել, այլ ոչ թե, ասենք, էներգետիկայի ոլորտում փորձառություն ունեցող որևէ անձ։ Եթե այդ ժամանակ ինչ-որ հրատապության խնդիր կար, նշանակվել էր, ենթադրվում էր, որ որպեսզի լրիվ իրավաչափ լիներ, պետք է որոշակի թափանցիկ մրցութային պրոցես լիներ։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է, տարուց ավելի է՝ պրոցեսը գնում է, Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է ստանալ բարձր աշխատավարձ։ ՊՎԾ-ում պետի թափուր հաստիք են պահել»,- մանրամասնեց փաստաբանը՝ նկատելով, որ այս նշանակումների խնդիրը կոնցեպտուալ է և վերաբերում է նաև մնացած կառույցներին, որտեղ ՔՊ-ականները բարձր աշխատավարձեր են ստանում մասնավորի հաշվին։
Արամ Օրբելյանը նույնպես արձանագրեց, որ այս պրոցեսները հսկայական բացասական ազդեցություն են ունենում ներդրումային միջավայրի վրա։
«Այս պահին ցանկացած նորմալ ներդրող հույսը քաղաքական նպատակահարմարության վրա երբեք չի դնում․ ներդրողն ասում է՝ եթե կարող են ցանկացած ժամանակ գալ, օրենք ընդունել հետին թվով, որոշել ինձ լիցենզիայից զրկել, հետո գրել, թե դառնում է պետական, նշանակում է՝ իմ սեփականությունը որևէ ձևով պաշտպանված չէ՝ դրանից բխող բոլոր ռիսկերով, ու եթե գնամ արբիտրաժ, արբիտրաժի որոշումը, փաստորեն, միջանկյալ, օրինակ, չեն կատարելու։ Ստացվում է՝ պաշտպանությունը պրոբլեմատիկ է։ Սրա համար Հայաստանում, եթե նայեք, բացառապես շատ կարճ ներդրումներ են արվում ու հիմնականում հայկական փողերով»,- հավելեց նա։
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ավելի վաղ նշել էր. «Առաջիկա ամիսներին կկազմվի օտարվող գույքի նկարագրի արձանագրություն, բաժնետոմսերը կանցնեն շուկայական գնահատում, և օրվա սեփականատերերին կտրամադրվի գնահատման չափով փոխհատուցում։ Արդյունքում՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը կգրանցվեն՝ որպես ՀՀ սեփականություն»։
Ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, սակայն, դեռ անցած ամիս հայտարարել էր, թե ՀԷՑ-ը չի վաճառվում:
ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցվել է մոտ մեկ տարի առաջ։ Կառավարությունն առաջարկել է իր հետ համաձայնեցված կարգով օտարել ընկերության բաժնետոմսերը։
Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր կապիտալ»-ին ՀԷՑ-ի համար կառավարությունն առաջարկել էր 380 000 դոլար։ Կառավարությունը համաձայնել էր 23.3 մլրդ դրամ առաջարկել ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար, պայմանով, որ Սամվել Կարապետյանը վերադարձներ վերջին տասը տարիների շահութաբաժինները՝ 23 մլրդ 158 միլիոնը։ «Տաշիր կապիտալ»-ն առաջարկը «ծիծաղելի ու անտրամաբանական» էր որակել։
—