Հոկտեմբեր 18, 2026
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը խոսեց նաև TRIPP նախագծի աշխարհաքաղաքական բնույթի և դրա նշանակության ու նպատակի մասին։
«TRIPP-ն աշխարհաքաղաքական մեծ ավանտյուրա է՝ ավանտյուրա Հարավային Կովկասի համար, ավանտյուրա մի շարք արտաքին դերակատարների համար, ոչ միայն՝ Իրանի, այլ նախ և առաջ՝ Հայաստանի համար»,- ասաց Վահե Դավթյանը:
Ըստ նրա՝ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև էսկալացիան հատի որոշակի կարմիր գծեր, ապա, բնականաբար, բոլոր այն ենթակառուցվածքները, որոնցում ներկա կլինի ամերիկյան կապիտալը, դառնալու են լեգիտիմ թիրախներ Իրանի զինված ուժերի համար։ Սա իր հերթին՝ լուրջ ռիսկ է արդեն իսկ Հայաստանի ազգային անվտանգության համար, այսինքն՝ այս հեռանկարը ևս պետք է հաշվի առնենք։
«Երկրորդ. Թեև Ռուսաստանը վերջին 1.5 տարվա ընթացքում մի քանի անգամ խոսել է այն մասին, որ պատրաստ է ինչ-որ ձևաչափով մասնակցել TRIPP-ի շինարարական աշխատանքներին, ինչ-որ մասնակցություն, դերակատարում ունենալ, խորքային մակարդակում, այնուամենայնիվ, ակնհայտ է դառնում, որ TRIPP-ը փաստացի պարալիզացնում է այն տրանսպորտային-լոգիստիկ ճարտարապետությունը, որը տարիներ շարունակ փորձ էր արվում կառուցել։ Խոսքը «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին է։
Մեծ հաշվով՝ տարածաշրջանում այսօր ընթանում է բավականին լուրջ տրանսպորտային մրցակցություն երկու հիմնական տնտեսական պլանավորումների ու տեսլականների միջև՝ «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք»: Եվ այս առումով, եթե Հայաստանում կյանքի կոչվի TRIPP-ը, ապա դրանից ելնելով՝ մեր ամբողջ տրանսպորտային կոնֆիգուրացիան պետք է ադապտացվի «Արևելք-Արևմուտք» լոգիստիկային։ Դրանով իսկ ռուսական գործոնն այստեղ գնալով կարող է նվազել, և սրանով են, կարծում եմ, պայմանավորված նաև «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ընթացող զարգացումները։
Երրորդ. ընդամենը շաբաթներ առաջ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Բրյուսելի սեմինարներից մեկում հանդես գալով՝ հայտարարեց, որ բոլոր այն երկրները, որոնք նպատակ ունեն ինտեգրվելու Եվրոպական միությանը, պետք է վերանայեն իրենց հարաբերությունները MAGA-ի՝ թրամփյան «Make America Great Again» նախաձեռնության և դրա ինստիտուտների հետ։
Պարզ է, չէ՞, որ TRIPP-ը MAGA-ի արտաքին քաղաքական և արտաքին տնտեսական կարևոր դրսևորումներից մեկն է, որի ներքո Դոնալդ Թրամփը ձգտում է բավական լուրջ անցում կատարել ԱՄՆ արտաքին քաղաքական ռազմավարության մեջ՝ լիբերալ հեգեմոնից անցնելով պրոտեկցիոնիստական շատ կոշտ խաղացողի դերի։ Եվ TRIPP-ը հենց դրա մասին է. Սա, մեծ հաշվով. այն տնտեսական սուրն է, որը թրամփյան այդ կոշտ պրոտեկցիոնիզմի ներքո ուղղված է հենց Եվրոպական միության դեմ։ Մարթա Կոսի հայտարարությունը հենց դրա մասին է վկայում»,- ասաց Վահե Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
—