X
    Categories: News

«Ունենք ոչ կառավարելի գնաճ, որը նորմայից ավելին է. Որոշ բաներ իներցիայով են թ

Հոկտեմբեր 18, 2026

Համացանցում տարբեր օգտատերեր գրառումներ են կատարում՝ նշելով, թե առաջին անհրաժեշտության ապրանքները որքանով են թանկացել, ձվից ու հացից սկսած՝ մինչև ամենօրյա օգտագործման ապրանքները մի քանի դրամով թանկացել են։ Օրինակ, ձուն, որը նախկինում մինչև 74 դրամ էր, այսօր դարձել է 85-100 դրամ։ Օգտատերերը նաև կատակում են. «Կառավարությունը գոնե այս թանկացումների ֆոնին մտածել է թոշակառուների մասին և նրանց թոշակն ընդամենը 1000 դրամով բարձրացրել է»։ Իսկ թե այս համատարած թանկացումների ֆոնին ինչպես պետք է ապրեն նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիները՝ հայտնի չէ։

Այս թանկացումներն արհեստակա՞ն են, թե՞ պայմանավորված են տարբեր գործոններով, պետությունն ի՞նչ մեխանիզմներով կարող է զսպել գնաճը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը խոսելով համատարած թանկացումների մասին, նշեց, որ բացի այն, որ Կենտրոնական բանկի կողմից կա հաստատված շեմեր՝ կառավարելիության և անկառավարելիության հետ կապված, երբ պետությունն է նման գնահատականներ տալիս, կա նաև ընկալման հարց, երբ մարդկանց եկամուտներն աճում է այնքան, որքան գնաճն է, այդ ժամանակ գնաճը սարսափելի չէ։ Գնաճը դառնում է սարսափելի, երբ եկամուտները չեն աճում։

«Օրինակ, մարդն աշխատում է 100 հազար դրամ և ծախսում է 100 հազար դրամ, եթե սնունդը թանկացել է 3 տոկոսով, այսինքն՝ մարդուն պետք է 103 հազար դրամ, որպեսզի կարողանա ծախսերը բավարարել։ Եթե աշխատավարձը դառնա 105 հազար դրամ, այսինքն՝ եկամուտը մի քիչ աճի, ապա մարդն ամսվա վերջին մի քանի բան ավելի կգնի, քան նախորդ ամիս էր գնել։ Բայց եթե թանկացումը կա, եկամուտները մնում է նույնը, ապա մարդը ստիպված պետք է լինի, ամսվա մի քանի օրվա սնունդը չգնել կամ քիչ գնել։

Կարդացեք նաև

  • ԴՈՒՌԸ ՇՐԽԿԱՑՐԵՑԻՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՐԵՍԻՆ, ԲԱ ՀԵՏՈ՞. ՉԵՄ ԿԱՐՈՂ ԻՆՁ ԿՈՒՅՐԻ ԿԱՄ ԽՈՒԼԻ ՏԵՂ ԴՆԵԼ, ԵՐԲ… ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
  • Տոկոսադրույքի բարձրացումը հարկադրված քայլ է, ազդեցությունները դեռևս իրենց դրսևորելու են տարեվերջին․ Ատոմ Մարգարյան
  • Քաղաքացիներին ունեզրկում, իրենք հարստանում են

Ունենք լրաջագույն խնդիր, որովհետև ինչ-ինչ վիճակագրական ծառայության թվերը մոտ են իրական գնաճի տեսանկյունից, և պաշտոնական վիճակագրությունն է փաստում, ԿԲ-ն  է փաստում, որ այս պահին ունենք ոչ կառավարելի գնաճ։ Այսինքն՝ գնաճը նորմայից ավելին է»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։

Թե ինչ ունենք, այս ամենին զուգահեռ, երբ խոսում ենք աշխատավարձերի, եկամուտների բարձրացման մասին, Բաբկեն Պիպոյանն օրինակ բերեց քաղծառայության ոլորտի կամ իքս ՊՈԱԿ-ի վրա։ Դիցուք, ՊՈԱԿ-ի մեկ բաժինն ունի 5 ծառայող, որոնցից յուրաքանչյուրը ստանում է 200 հազար դրամ, բայց բաժնի ղեկավարին երբ 1 մլն պարգևավճար են տալիս, հետո կարող են ասել, որ բաժնի աշխատակիցների եկամուտը կրկնապատկվեց։ Բայց իրականում տեղի է ունենում հետևյալը՝ մեկ հոգին՝ բաժնի ղեկավարը, ստանում է 1 մլն, մյուս 5 աշխատակիցների եկամուտը նույնն է մնում՝ 200 հազար դրամ։

«Դրա համար, երբ ասում են, որ միջին աշխատավարձը բարձրացել է, պետք է հասկանանք, թե այդ աշխատավարձն ինչի ու ում հաշվին է բարձրացել։ Մի պահ պատկերացրեք, որ Կառավարության աշխատակազմում 10 մլն պարգևավճար են տալիս, սա ո՞ւմ աշխատավարձից են տալիս։

Ի՞նչ եղավ, երբ Հայաստանում իշխանությունը 18 նախարարություններն օպտիմալացրեց ու ստացավ 12 նախարարություն, բայց զուգահեռ պաշտոնյաների թիվն աճեց, սա պաշտոնական վիճակագրությամբ եմ ասում, հետևաբար՝ ինչն էին օպտիմալացնում։

Հիմա գնաճը մի կողմից՝ օբյեկտիվ տարրեր պարունակում է, ինչ-որ բաներ էլ կան, որոնք իներցիայով են թանկանում, քանի որ պետությունն իրական քայլեր չի ձեռնարկում։ Եթե գյուղացուն իր խնդիրների հետ թողնում են միայնակ, հետո ինչ-որ պահի, ինչ-որ ապրանքներ մի քիչ թանկ գնով վաճառելու հնարավորություն ունի, տրամաբանական չէ՞, որ պետք է իր ապրանքը թանկացնի»,- շեշտեց Բաբկեն Պիպոյանը։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ իրականում կա գնաճի ինչ-որ շեմ, որից պետք է ուրախանալ։ Նա հիշեցրեց, որ 2018 կամ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ գնաճ չկա, կամ 1 տոկոս է, բոլորն ուրախացել էին, սակայն  անձամբ Բաբկեն Պիպոյանն ասել էր, որ պետությանը գոնե 2 տոկոս գնաճ պետք է շնչելու համար, որը պետք է ուղեկցվի եկամտի ավելացմամբ։

Բաբկեն Պիպոյանը նաև անդրադարձավ բնակիչների մեկ այլ բողոքի, որ միրգ-բանջարեղեն այս տարի ՌԴ շուկա չի արտահանվում, որ ՀՀ շուկաներում չի էժանացել, նշելով, որ որոշ չափով էժանացում կա, սակայն այլ խնդիր է, որ նորմալ ագրարային քաղաքականություն չի տարվում, քանի որ գյուղացին իր տնտեսությունը պետք է, չէ՞, ինչ-որ ձևով պահի։

«Ագրարային քաղաքականություն վարելն այն է, երբ պետությունը չի թողնում, որպեսզի իր գյուղացին մշակած ապրանքն ինքնարժեքից էժան վաճառի։

Թե այս գնաճը որքան կարող է ազդել աղքատության ցուցանիշների վրա, կարծում եմ՝ անշնորհակալ գործ կլինի կանխատեսումներ անելը, քանի որ մենք այս պահին չգիտենք դրսից եկող եկամուտների չափը, ինչ հոսքեր կան, և այլն։ Բայց մեկ տրամաբանական բան կա՝ եթե եկամուտն ավելի քիչ է, գնաճը՝ շատ, պարզ է, որ աղքատության թիվն աճելու է, բայց թե որքան, դժվար է ասել։ Մինչև այսօր կռիվ են անում, թե աղքատության ցուցանիշը որքան է մեր երկրում, ուր մնաց՝ հասկանանք, թե գնաճից հետո որքան կդառնա»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։

—

Hagop Kamalian:
Related Post