X
    Categories: News

Պատմական հիշողություն չունեցողներն ուծացվելու են թե՛ իրենց երկրում, թե՛ նրանի

Հոկտեմբեր 18, 2026

«Դժվարանում եմ ասել՝ այդ ժամանակաշրջանն ավարտվո՞ւմ է, թե՞ դեռ վաղ է նման եզրակացություն անել։ Իմ կարծիքով՝ դեռ վաղ է։ Տնտեսական կառուցվածքային փոփոխությունների և հատկապես զանգվածային ու սոցիալական մեդիայի տարածման հետևանքով առաջացած փոփոխությունները դեռևս չեն հասել իրենց հավասարակշռության կետին»,– «Դասեր» հաղորդաշարի ժամանակ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե աշխարհում երբ կավարտվի պոպուլիստ լիդերների ժամանակը:

Նրա խոսքով՝ այլևս անհրաժեշտ չէ ունենալ ավանդական քաղաքական կուսակցություն կամ կուսակցական կառույցներ, որպեսզի կարողանաք մեծ թվով հետևորդներ հավաքել և քաղաքական ազդեցություն ձեռք բերել։

«Այս տեսանկյունից սոցիալական մեդիան ժողովրդավարացրել է քաղաքականության հասանելիությունը բազմաթիվ գործիչների համար։ Այժմ շատ ավելի հեշտ է հանրային լսարան ձևավորել և քաղաքական գործընթացների մասնակից դառնալ՝ առանց ավանդական կուսակցական համակարգի աջակցության։ 

Հետևաբար՝ վաղ է ասել, որ պոպուլիստ առաջնորդների ժամանակաշրջանն ավարտվել է։ Տնտեսական կառուցվածքը և սոցիալական մեդիայի միջավայրը դեռևս հավասարակշռության չեն հասել քաղաքականություն մուտք գործելու և դրանից դուրս գալու տեսանկյունից, եթե հարցին նայենք գլոբալ մակարդակով»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Կարդացեք նաև

  • Երկպարույր շնչափող ապագայի համար. Միջուկային սպառազինությունների մրցավազքից մինչև արհեստական բանականության մրցավազք. Նուրալի Լատիպով
  • TRIPP, ԵԱՏՄ, ԵՄ… AI, ԱՆԿԱՅՈՒՆ ԱՇԽԱՐՀ… ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԻ ՓՆՏՐԵՔ, ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ. ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
  • Ինձ համար այդպես էլ առեղծված է մնում՝ ինչու ՀՀ բարձրաստիճան ղեկավարները չեն մասնակցում ուսուցչի մասնագիտական տոնին․ Սերոբ Խաչատրյան

Նրա խոսքով՝ աշխարհում այսօր քննարկվում է սոցիալական մեդիան որոշակի սահմանափակումների ենթարկելու մասին՝ դեռահասների համար արգելքներ սահմանվեն, համապատասխան նորմեր ներդրվեն և այլն։ 

«Այս ալիքը դեռ նոր է սկսվում։ Օրինակ՝ կա շատ հետաքրքիր սոցիալական հոգեբան Ջոնաթան Հայդթը, որը շատ է գրել այս թեմայի մասին և ունի բեսթսելեր գիրք՝ նվիրված սոցիալական մեդիայի բացասական ազդեցություններին։ Նա սոցիալական մեդիան երիտասարդների համար սահմանափակելու ամենահայտնի ջատագովներից է, քանի որ կարծում է, որ դրա օգտագործումը շարունակաբար տարբեր խնդիրներ է առաջացնում։ Նա ներկայացնում է բազմաթիվ տվյալներ, վիճակագրական ուսումնասիրություններ և այլ ապացույցներ։

Առաջիկա 10 տարիների ընթացքում, քանի դեռ նոր հասարակական կոնսենսուս չի ձևավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է օգտագործել սոցիալական մեդիան և ինչպես կարգավորել այն, ես չեմ կանխատեսում, որ պոպուլիստ առաջնորդները կվերանան։

Արհեստական բանականության հարցը մեր ժամանակների ամենակարևոր հարցերից մեկն է։ Բիլ Գեյթսը չկարգավորված արհեստական բանականությունը համարում է լուրջ, նույնիսկ մահացու վտանգ։

Բոլորը հասկանում են, որ իրավիճակը կարող է վտանգավոր լինել, բայց միաժամանակ վախենում են, որ կարգավորումներ մտցնելու դեպքում հետ կմնան մրցակիցներից։ Սա մրցավազք է։ Այստեղ կարելի է զուգահեռ անցկացնել Սառը պատերազմի հետ։ Բոլորը հասկանում են, որ միջուկային սպառազինությունների մրցավազքը վտանգավոր է ամբողջ մարդկության համար, բայց վախենում են, որ եթե դադարեցնեն զարգացումը, կարող են հետ մնալ և հայտնվել մյուս կողմի ազդեցության տակ։ Ցավոք, հաշվի առնելով այս դինամիկան՝ միջազգային մրցակցությունը, հատկապես Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև, և այն հանգամանքը, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում դանդաղեցնել զարգացումը, մոտ ապագայում արհեստական բանականության արդյունավետ կարգավորման մեծ հույսեր չունեմ։

Ես հիմա ուսանողներին հանձնարարություններ եմ տալիս, որպեսզի նրանք ձեռքով գրեն, որոշ աշխատանքներ բանավոր ներկայացնեն, և այլն։ Որովհետև արհեստական բանականության օգտագործումն առաջացնում է մի շարք խնդիրներ։ Չինաստանում բավականին մեծ հետազոտություն էր իրականացվել, որի արդյունքները հետաքրքիր էին։ Տնային աշխատանքների որակը կտրուկ բարձրացել էր, բայց քննությունների ժամանակ ուսանողների արդյունքները վատացել էին։ Պատճառն այն էր, որ տնային աշխատանքներ կատարելիս արհեստական բանականությունը զգալիորեն օգնում էր նրանց, բայց քննությունների ժամանակ նրանք ստիպված էին լինում ինքնուրույն պատասխանել հարցերին։ Սա կապված է մի երևույթի հետ, որը կոչվում է cognitive offloading՝ ճանաչողական բեռնաթափում։ Այսինքն՝ դուք խնդիրը փոխանցում եք արհեստական բանականությանը, ինքներդ այլևս չեք մտածում դրա շուրջ, և արդյունքում՝ ձեր մտածողությունը բավարար չափով չի աշխատում։

Քանի որ ինքնուրույն չեք մշակել տեղեկատվությունը, այն լավ չի ամրապնդվում ձեր հիշողության մեջ և չի վերածվում երկարաժամկետ գիտելիքի։ Անգլերենում սա անվանում են retained knowledge՝ պահպանված գիտելիք։ Այս պատճառով այժմ շատերը քննարկում են բանավոր քննություններին անցնելու հնարավորությունը, ձեռագիր աշխատանքների կիրառումը, որոնց ընթացքում ուսանողները պետք է ինքնուրույն վերարտադրեն նյութը։

Մեր խնդիրն արհեստական բանականությունն արգելելը չէ։ Դա ոչ միայն հնարավոր չէ, այլև անտրամաբանական է։ Չի կարելի ուսանողներին ասել, որ չօգտագործեն ժամանակակից և արդյունավետ գործիք, որը հետագայում լայնորեն կիրառվելու է։ Պետք է սովորենք օգտագործել արհեստական բանականությունը, բայց միաժամանակ պահպանենք ինքնուրույն մտածելու և վերլուծելու կարողությունը»,- ասաց ՀՀ նախկին փոխվարչապետը:

Ինչ վերաբերում է այն հարցին՝ ի՞նչ խորհուրդ կտա ինքը երիտասարդությանը, Վաչե Գաբրիելյանի պատասխանը միանշանակ էր՝ չփնտրել կայունություն այս անկայուն աշխարհում:

«Դուք պետք է անընդհատ ներդրում կատարեք ձեր մեջ և զարգացնեք ձեր կարողությունները։ Եթե նախկինում գիտության մեջ էական զարգացում տեղի էր ունենում, ասենք, երկու կամ երեք հարյուր տարին մեկ, ապա արդյունաբերական հեղափոխությունից հետո այդ ժամանակահատվածը կրճատվեց՝ հասնելով 80 կամ 50 տարվա։ Հիմա էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ նույնիսկ յուրաքանչյուր 5 կամ 10 տարին մեկ։ Սա նշանակում է, որ եթե կարծում եք՝ ստացած կրթությունը բավարար է ձեր ամբողջ կյանքի համար, ապա, ցավոք, պետք է ասեմ՝ ոչ։ Դուք պետք է անընդհատ կրթվեք։ Սա չի նշանակում, որ բոլորդ պետք է անընդհատ համալսարան հաճախեք։ Կարող եք վերապատրաստվել, սերտիֆիկացվել և ձեր կարողությունները գնահատել աշխատաշուկայի ու արտաքին աշխարհի պահանջների համեմատ։ Կրթվելը դարձել է կյանքի անբաժանելի մասը։ Եթե կարծում եք, որ կարող եք երկար ժամանակ մրցունակ մնալ՝ առանց շարունակական կրթության, ապա սխալվում եք։ Պետք է ոչ թե կրթությունը դիտարկել որպես մեկանգամյա գործողություն, այլ ձեռք բերել մի հմտություն՝ անընդհատ գնահատել սեփական կարողությունները, հասկանալ թույլ կողմերը և աշխատել դրանց ուղղությամբ»,- ասաց նա:

Ի՞նչ է Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։

«Ճիշտն ասած՝ այս հարցի վերաբերյալ հստակ դատողություն չեմ կարող անել, որովհետև ամբողջությամբ չեմ հետևել, թե ինչ սահմանումներ են առաջարկվում։ Եթե ավելի կարճ ձևակերպեմ, ապա այս պահին «Իրական Հայաստանի» գաղափարը ես ընկալում եմ որպես կոչ՝ սահմանափակելու մեր տարածքային հավակնությունները։ Իմ ընկալմամբ՝ հիմնական ուղերձն այն է, որ մենք ձգտում ենք խաղաղության և չպետք է խանգարենք խաղաղության գործընթացին։

Եթե դուք չունեք նաև պատմական անցյալ, ապա մի կողմից՝ երբեք չպետք է ապրեք միայն անցյալով, բայց մյուս կողմից՝ եթե հրաժարվում եք պատմական հիշողությունից, ապա կորցնում եք ձեր հենարանները։ Եթե դուք հրաժարվում եք պատմական հիշողությունից, ունենում եք խարիսխների բացակայություն, և դուք դառնում եք աշխարհի քաղաքացի, ու ձեր համար էական չէ՝ Գրենլանդիայո՞ւմ եք ապրում, Վրաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում: Մենք երբևէ ամբողջովին անցյալով տարված չենք եղել, բայց չի կարելի ծայրահեղացնել «Իրական Հայաստանի» գաղափարն ու ասել՝ մենք չունենք պատմական հիշողություն: Այստեղ մեծ խնդիր կա: Պատմական հիշողությունից հրաժարումը որևէ լավ բանի չի բերի: Պատմական հիշողություն չունեցողներն ուծացվելու են թե՛ իրենց երկրում, թե՛ նրանից դուրս, վերանալու են:

Այս տեսանկյունից, իմ կարծիքով, որոշակի խնդիրներ կան իշխանության այդ ուղերձի մեջ… Եթե մենք հրաժարվում ենք այդ պատմական անցյալը հասկանալուց, ապա էապես զրկվում ենք մեր ինքնության կարևոր բաղադրիչներից։ Այս տեսանկյունից խնդիրը շատ լուրջ է, և պատմական հիշողությունից հրաժարվելը, իմ կարծիքով, որևէ լավ բանի չի հանգեցնի։ 

…Ինձ համար դրանք գաղափարախոսական ավարտուն ձևակերպումներ չեն, այլ իրավիճակային ձևակերպումներ։ Դրա համար ես իրավիճակային ձևակերպումները փիլիսոփայության աստիճանի չեմ ուզում բարձրացնել»,- եզրափակեց Վաչե Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Chmshkian Vicken:
Related Post