Հոկտեմբեր 18, 2026
Հոկտեմբերի 15-ին Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հերթական ճեպազրույցն էր տվել, որի ժամանակ անդրադարձել էր նաև այս պահին ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը։
Փաշինյանը նշել էր, որ Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները ոչ թե կառավարությանը փոխանցեն, այլ ուղարկեն փոստային ծառայությունով։
«Չգիտեմ` ինչ որոշում է կայացվել, սակայն, ճիշտն ասած, տարօրինակ է` եթե նամակ կա, ապա ինչո՞ւ փոստով չեն ուղարկում։ Դրա համար կան փոստային ծառայություններ, որ կարող են դա անել, ինչի՞ համար միջնորդ հանդիսանանք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Կառավարությանը մոտ 1254 նամակ էր փոխանցվել, որոնք աշխարհի տարբեր ծայրերից հասցեագրել էին Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայ պատանդներին։ Այդ նամակները Կառավարությանը փոխանցել էր
«Արցախ միության» ղեկավար, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Կառավարությունից նրան այդ ժամանակ ասել էին, որ գրավոր ընթացակարգով մեկ ամսվա ընթացքում պատասխանը կտան։
Այսօր Արտակ Բեգլարյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ասաց, որ ՀՀ իշխանությունն այս հնարավորությունն ունի՝ նամակները Բաքվում ապօրինի պահվող գերիներին փոխանցելու համար։
«Պարզապես գերիների հարցն այնքան անկարևոր հարց է իշխանությունների համար, որ բենզին են ներկրում, հողեր են հանձնում կամ փոխանակում, մրցանակներ են ստանում կամ Ալիևի հետ միմյանց են նոմինացնում։ Բնականաբար, այս կարևոր հարցի համար ժամանակ չունեն։
Այս իշխանությունը նույնիսկ հնարավորություն ունի անձամբ այցելելու նրանց, հնարավորություն ունի նրանց հայրենիք վերադարձնելու, բայց չեն անում, որովհետև իրենց հետաքրքրությունների ու ընդհանուր շահերի մեջ չի մտնում։
Բուն նամակների մասով, իհարկե, կարող են տանել ու անձամբ հանձնել, կարող են Հաջիևին կամ այլ այցելուների փոխանցել, ովքեր Հայաստան են գալիս, կարող են բենզին ներկրող կամ կոնյակ արտադրողների տրամադրեն, որպեսզի տանեն ու հասցնեն մեր գերիներին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արտակ Բեգլարյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե այս իշխանության համար դժվար է այդ նամակները Բաքու հասցնել, կարող են միջնորդ երկրների կամ կազմակերպությունների միջոցով ուղարկել, կամ, եթե շատ են ուզում, կարող են նաև «Հայփոստով» ուղարկել։
«Բայց արդյո՞ք կամք ունեն գերիներին որևէ կերպ օգնելու, եթե կամք չունեն, ապա բոլոր հնարավոր մանիպուլյացիաներն ու սպեկուլյացիաները կանեն, ստերը կփչեն, ինչ-որ ձայնագրություններ անելու, հերյուրանք տարածելու մասին։ Սա իշխանության հայտնի մեթոդաբանությունն է, որպեսզի որևէ բան չանեն, որ հանկարծ չշեղվեն իշխանությունը պահելու իրենց բարձրագույն նպատակից»,- հավելեց Արտակ Բեգլարյանը։
Այդուհանդերձ, Արտակ Բեգլարյանը մեկամսյա ժամկետում Կառավարությունից սպասում է գրավոր պատասխան՝ ըստ համապատասխան օրենսդրության, հույս ունի, որ գոնե այդ ֆորմալ վարչարարությունը կպահեն։
«Ստանամ պատասխանը, ըստ դրա՝ կարձագանքեմ, իսկ բանավոր արձագանքի տեսանկյունից, շատ ավելի դրական բան չէի էլ սպասում։ Հույսը միշտ կա, որ կառուցողական արձագանք կտան, բայց հաշվի առնելով պատմությունը, սա ամենասպասելի արձագանքն էր»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն Արցախի դեմ սկսած պատերազմից հետո խաղաղ բնակիչներին սպանելու սպառնալիքի տակ սեպտեմբերի 27-ից սկսած գերեվարեց Արցախի նախկին բարձրաստիճան ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամրջից Ադրբեջանը գերեվարեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։
Բաքվում գերության մեջ են՝ Արցախի Հանրապետության նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Գերեվարված անձանց մի մասն ապօրինի դատապարտվել է ցմահ ազատազրկման, մի մասը՝ 19-20 տարվա ազատազրկման։
—