Հոկտեմբեր 16, 2026
«Մարտի 1-ի» գործով դատական նիստի ժամանակ վատացավ դատախազ Հայկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը, դատական նիստն ընդմիջվեց։
Հայկ Հովհաննիսյանը կարդում էր 2008թ. մարտի 1-ի գործով կատարված փորձաքննությունների արդյունքները և այդ պահին անսպասելի դադար տվեց:
Դա նկատեց մեղադրյալներից մեկը ՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
«Գուցե հանգստանա՞լ է պետք»,– ասաց Խաչատուրովը։
Դրանից հետո դատախազը ընդմիջում խնդրեց, դատավոր Սարգիս Պետրոսյանը չառարկեց։
Հիշեցնենք, որ գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին: ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով («Սահմանադրական կարգի տապալում»):
2021 թվականին Սահմանադրական դատարանն այս հոդվածը համարեց Սահմանադրությանը հակասող, և գործը կարճվեց: Սակայն 2023 թվականին գործը վերաբացվեց զրոյից՝ միաժամանակ նոր ընդունված Քրեական օրենսգրքում նոր հոդված ներմուծելով՝ նոր մեղադրանք առաջադրելու համար:
«Մարտի 1-ի» գործով քրեական հետապնդում է հարուցվել մահացած Գորիկ Հակոբյանի նկատմամբ
ՀՀ հակառոուպցիոն կոմիտեն փետրվարի 12-ին հայտնեց, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Ռոբերտ Մելքոնյանը 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը)։
—