Հոկտեմբեր 16, 2026
Նոյեմբերի 19-ին Երևանում նախատեսվում է անցկացնել անհայտ կորած կամ բռնի անհետացած անձանց հարցերին նվիրված միջազգային համաժողով, որին նախատեսվում է շուրջ 150 անձի մասնակցություն, այդ թվում՝ 15 ներկայացուցիչներ արտերկրից։ Համաժողովի առանցքում լինելու է հակամարտությունների հետևանքով անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հումանիտար խնդիրը։
Անհայտ ճակատագրերի վիճակագրությունը
Հայաստանի Հանրապետությունն անհայտ կորած անձանց խնդրին առնչվում է դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմից սկսած։ Պաշտոնական կառույցների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալների համաձայն՝ 1990-ականների սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած է համարվում շուրջ 1000 հայ։ Նրանցից ավելի քան 700-ն Արցախից/ԼՂ-ից անհայտ կորած անձինք են, իսկ շուրջ 400-ը՝ Հայաստանի տարածքից Առաջին պատերազմի հետևանքով անհետացածներ։
Խնդրի երկրորդ ալիքն արձանագրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո։ ՀՀ պաշտոնական ճշգրտված տվյալներով՝ առ այսօր անհայտ է մնում ևս 191 անձի գտնվելու վայրը (172 զինծառայող և 19 քաղաքացիական անձ)։ Այսպիսով, Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում ներկայումս բարձրաձայնում է ընդհանուր առմամբ շուրջ 1200 անհայտ կորած հայերի ճակատագիրը պարզելու հրատապությունը։
Անհայտ կորածների հարազատների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական քայլերը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակների դիտարկումներով երկար ժամանակ գնահատվել են անբավարար։ Սակայն այս ուղղությամբ ինչ-ինչ քայլեր նախաձեռնվել են․ Արդարադատության նախարարությունն, օրինակ, շրջանառության մեջ է դրել համապարփակ օրենսդրական փաթեթ, որը հստակ սահմանում է անհայտ կորած անձի իրավական կարգավիճակը, իսկ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է նախագիծ, որով նախատեսվում է ստեղծել ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների միասնական պետական ռեեստր։
Նշենք նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» վաշինգտոնյան համաձայնագրում ևս արձանագրում կա այս հարցի առնչությամբ։
«Կողմերը պարտավորվում են հասցեագրել երկու Կողմերի ներգրավմամբ զինված հակամարտությունում անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների դեպքերը, այդ թվում՝ ուղղակիորեն կամ հարկ եղած դեպքում համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այդ անձանց վերաբերյալ առկա բոլոր տեղեկությունների փոխանակման միջոցով: Սույնով Կողմերը ճանաչում են այդ անձանց ճակատագրերի բացահայտման, այդ թվում՝ մասունքների որոնման և ըստ պատշաճի վերադարձման, պատշաճ քննության միջոցով այդ անձանց առնչությամբ արդարության ապահովման կարևորությունը` որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց: Այս առնչությամբ համապատասխան կարգավորումները կբանակցվեն և մանրամասն կհամաձայնեցվեն առանձին համաձայնագրով»,- ասվում է համաձայնագրի 9-րդ հոդվածում։
Միջոցառման կազմակերպիչների մասին
Էլեկտրոնային գնումների համակարգում օրերս տեղ գտած պայմանագրից տեղեկանում ենք՝ վարչապետի աշխատակազմն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվելիք այս համաժողովի համար գնանշման հարցում գնման ընթացակարգով ընտրել է «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ–ն։ Պայմանագրի գին է նշվել 16 միլիոն 440 հազար դրամը։ Այս գումարի շրջանակում մատակարար ընկերությունն ապահովելու է ավիատոմսերի ձեռքբերումը, հյուրանոցային կացության, տրանսֆերների իրականացման ծառայությունները, կամավորների ներգրավում, սուրճի ընդմիջում, ֆուրշետ, թարգմանություն, բրենդինգ և տեղեկատվական արշավ։
«Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ն ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ իր գործունեությունը մեկնարկել է 1996 թվականից, 2009 թվականից ընկերության մասնաբաժինները պատկանում են Հայկ և Արմեն Գրիգորյաններին։
Ըստ էլեկտրոնային գնումների համակարգի՝ այս ընկերությունը պետգնումներին սկսել է մասնակցել 2016 թվականից, սակայն միայն 2019 թվականից հետո է սկսել ակտիվորեն ոչ մրցութային գնման ընթացակարգերով պայմանագրեր կնքել պետական գերատեսչությունների հետ՝ հիմնականում համագործակցելով Ազգային ժողովի և Արտաքին գործերի նախարարության հետ։
—