Հոկտեմբեր 17, 2026
Նորություն չէ, որ իշխանությունները երկակի մոտեցում են ցուցաբերում արդարադատության նկատմամբ։ Տարիներ շարունակ խոսում են արդարությունից, օրենքի գերակայությունից, հարկ եղած դեպքում հայտարարում, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, արտոնյալներ չկան, նախկինում գործած ապօրինությունների համար պատասխանատվությունն անխուսափելի է։ Բայց երբ գործը հասնում է արդարադատության իրականացմանը, մոտեցումները տրամագծորեն փոխվում են։
Մինչև վերջերս ոչ մի խոսք չկար իշխանություններին սատարող ու իշխանության մաս կազմող գործարարների, այդ թվում՝ հատկապես խոշոր գործարարների չարաշահումների, ապօրինությունների, անօրինական հարստություն, գույք ու այլ եկամուտներ, ունեցվածք կուտակելու, օրենքների հետ խնդիր ունենալու, պետության նկատմամբ իրենց պարտավորությունները չկատարելու մասին։ Փոխարենը՝ ամեն քայլափոխի հարվածի տակ են բոլոր նրանք, ովքեր համարձակվում են հակառակվել իշխանություններին։ Ոչ միայն ունեցվածքն են բռնագանձում, այլև կալանքի տակ են պահում։
Ու որպեսզի այս ամենը շատ աչք չծակի, որոշել են ձևական մի գործ էլ իշխանությանը սերտաճած, վերջին 30 տարում մեծ հարստություն ու ունեցվածք կուտակած գործարարներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի կամ նրա ընտանիքի վրա կարել։
Առաջին հայացքից շատերի համար գուցե տպավորիչ է՝ բռնագանձման պահանջ են ներկայացրել իշխանական գործարարի ընտանիքի սեփականության նկատմամբ։ Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է, իսկ նպատակը՝ պարզ. Ուզում են ցույց տալ, թե իբր իրենց համար բոլորը հավասար են, յուրայիններ ու հակառակորդներ չկան, պատրաստ են թույլ տված անօրինականությունների համար պատժել բոլորին։ Դրա համար էլ այսպիսի մի անմեղ գործ են բացել։ Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։ Խոսքը «Ռոսիա մոլի» մասին է։ Ինչ-որ մի 1.55 մլն դոլարի ներդրումները չեն կատարել։
«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։
Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, կիրառվել է հայցի ապահովման միջոց։ ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության։
«Ռոսիա մոլը» կամ «Այրարատ» կինոթատրոնի նախկին շենքն ու հարակից տարածքները Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անդամները սեփականաշնորհել են 2004թ.։ Սեփականաշնորհումից հետո, դատախազության հաղորդագրության համաձայն, 1.55 մլն դոլարի ներդրումային պարտավորություն չեն կատարել։ Փնտրել-փնտրել, թերացում են գտել ու պահանջ ներկայացրել՝ գույքը բռնագանձելու վերաբերյալ։
Պարզ է, որ ոչ մի բռնագանձում էլ չի լինելու։ Դեռ հարց է, թե վերջում ի՞նչ կմնա ներկայացված ներդրումային 1.55 մլն դոլար չկատարված պահանջից։
Վատագույն դեպքում, փոխհամաձայնությամբ որոշ գումար կվճարեն ու գործը կփակեն։
Փոխարենը՝ դրանով շատ մեծ խնդիր կլուծեն իշխանության համար։ Եթե մեկը համարձակվի դրանից հետո մեղադրել իշխանություններին, որ իրենց սրտի օլիգարխներին չեն պատժում՝ թույլ տված անօրինականությունների, ապօրինի հարստանալու ու միլիարդներ կուտակելու մեջ, երեսներին կտան։ Մյուս կողմից էլ ձեռքներն ազատ կլինի՝ հակառակորդներին մինչև վերջ պատժելու ու «թոշակի» վրա նստեցնելու համար։
Տարօրինակ չէ՞, որ նույն Գագիկ Ծառուկյանի ամբողջ բիզնեսն ու ունեցվածքն են պատրաստվում բռնագանձել, դրել են կալանքի տակ, իսկ Խաչատուր Սուքիասյանից մի հատ «Ռոսիա մոլ» են ուզում, այն էլ շատ անմեղ՝ 1.55 մլն դոլարի ներդրում չկատարելու համար։ Եթե լավ փնտրեն, չի լինի որևէ ընկերություն, որն ամբողջությամբ կատարած լինի սեփականաշնորհման պայմանագրով ստանձնած բոլոր ներդրումային պարտավորությունները։ Ուրեմն բոլորի գույքերը պետք է հետ վերցնեն ու պետականացնեն։
Բայց քանի որ այդպես չեն վարվի, Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Ռոսիա մոլն» էլ չեն բռնագանձի։ Այն էլ նման անմեղ խախտման համար։ Ո՛չ հարկերը թաքցնելու, ո՛չ պետության նկատմամբ այլ պարտավորություններ ունենալու, ո՛չ անօրինականություններ թույլ տալու, ո՛չ էլ որևէ այլ պահանջ են ներկայացրել։ Հավանաբար «շատ են փնտրել, բայց չեն գտել»։
Վաղն էլ, ամենայն հավանականությամբ, նման մի անմեղ գործով իշխանության սրտի մեկ այլ գործարարի կմեղադրեն։ Ասենք՝ Սամվել Ալեքսանյանին, որին ժամանակին Նիկոլ Փաշինյանը մեղսագրում էր հարկերը համատարած թաքցնելու ու պետությանը թալանելու մեջ։ Պնդում էր, որ նրան պատկանող խոշոր բիզնեսները ստվերում են աշխատում, ցույց չեն տալիս իրական շրջանառությունները, պետական բյուջե միլիարդավոր դրամների հարկեր չեն վճարում։ Իշխանափոխությունից հետո մոռացավ այդ բոլոր մեղադրանքները։ Սամվել Ալեքսանյանը դարձավ խոշոր գործարար ու «կթու կով» իշխանության համար, պարբերաբար մեծ գումարներ է փոխանցում ՔՊ-ին, հանգանակություններին է մասնակցում, հովանավորում է Աննա Հակոբյանի հիմնադրամին։ Որպես փոխհատուցում, Նիկոլ Փաշինյանն էլ նրան է տրամադրում տարբեր տեսակի արտոնություններ ու ազատում միլիարդավոր դրամների հարկեր վճարելուց։
Արդարությունը «վերականգնելու» մղումով, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Սամվել Ալեքսանյանի նկատմամբ էլ նման 1-2 ձևական գործեր կհայտնվեն, ինչպես Խաչատուր Սուքիասյանի պարագայում։ Այդպես կմաքրեն յուրայիններին, իսկ նրանց, ովքեր համարձակվել են հակառակվել իշխանություններին, չեն անցել նրանց թրի տակով, կքամեն մինչև վերջ։
Հարցն այն չէ, որ իշխանություններին ընդդիմացող գործարարները չպետք է պատասխան տան իրենց արածների համար։ Հարցն այն է, որ այդ պատասխանատվությունը պետք է լինի բոլորի համար ու միատեսակ, և ոչ թե՝ ընտրողաբար ու անհամաչափ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—