X
    Categories: News

«Երկաթուղային դիվանագիտություն». Ինչո՞ւ է Բելոզյորովը ժամանում Երևան, և ի՞նչ

Հոկտեմբեր 12, 2026

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզյորովի սպասվելիք այցը Հայաստան դուրս է սովորական աշխատանքային գործուղումից և ձեռք է բերում ընդգծված աշխարհաքաղաքական նշանակություն:

Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բարդ ու բազմաշերտ փուլում տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքները դարձել են երկկողմ օրակարգի ամենազգայուն հարցերից մեկը: ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի փոխանցմամբ՝ Բելոզյորովը Երևան է ժամանում հենց հայկական երկաթուղու օրակարգով, ինչը վկայում է կուտակված խնդիրների հանգուցալուծման անհրաժեշտության մասին:

Հայաստանի երկաթուղային համակարգը 2008 թվականից 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր «Հարավկովկասյան երկաթուղուն»: Սակայն արդեն ամիսներ շարունակ Երևանն ակտիվորեն բարձրաձայնում է, որ գործող պայմանագրի պատճառով երկիրը կորցնում է իր մրցակցային առավելությունները: Հայկական կողմի պնդմամբ՝ գործընկեր երկրները խուսափում են օգտվել ռուսական վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներից, ինչը լուրջ խոչընդոտ է դառնում միջազգային լոգիստիկ նախագծերում ներգրավվելու համար:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ իշխանություններն առաջարկում են կոնցեսիոն կառավարումը փոխանցել և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ընդգծում է, որ հայկական կողմը ցանկանում է հարցը լուծել բացառապես բարեկամական մթնոլորտում և երկուստեք ընդունելի փոխզիջումների միջոցով:

Կարդացեք նաև

  • Չեմ բացառում, որ ամերիկացիներն ԱՄՆ-ում ահաբեկչական ակտ կիրականացնեն՝ ժողովրդին ընդդեմ Իրանի համախմբելու համար. Ռոստիսլավ Իշչենկո
  • Ցանկացած արտաքին տեխնոլոգիա կախվածություն է ստեղծում. հարցն այն է, թե այդ կախվածությունը որքանով է կառավարելի․ Վահե Դավթյան
  • «Կոչնչացնենք ամեն ինչ և բոլորին». ՆԱՏՕ-ի՝Եվրոպայում միացյալ զինված ուժերի գլխավորհրամանատարը սպառնացել է Ռուսաստանին

Ռուսական կողմն իր հերթին՝ բավականին կոշտ է արձագանքում կառավարման մոդելի հնարավոր փոփոխությանը: Մոսկվայից հստակ հասկացնում են, որ կոնցեսիայի պայմանների փոփոխության կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կարող են պահանջել տարիների ընթացքում կատարված խոշոր ներդրումների ամբողջական վերադարձ: Սա ստեղծում է լուրջ ֆինանսաիրավական հանգույց, որի հանգուցալուծումը պահանջում է բարձր մակարդակի առարկայական բանակցություններ:

Բելոզյորովի այցը Երևան պատահական չի կազմակերպվում հենց այս փուլում,  այն տեղավորվում է որոշակի դիվանագիտական տրամաբանության մեջ:

Վերջին  կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի խոշոր պետական կորպորացիաների ղեկավարների՝ Հայաստան կատարած երկրորդ նմանատիպ այցն է՝ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցելությունից հետո: Երևանն ու Մոսկվան նախապատրաստվում են առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կատարելիք Փաշինյանի այցին ու առարկայական բանակցություններին հայ-ռուսական հարաբերությունների ապագայի, ինչպես ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշման շուրջ:

Նախքան Փաշինյան-Պուտին հանդիպումը, ռազմավարական ոլորտների պատասխանատուները տեղում գույքագրում են առկա խնդիրներն ու հստակեցնում «կարմիր գծերը», փորձում նորովի դիրքավորվել: Լիխաչովը քննարկել էր էներգետիկ ոլորտի և ԱԷԿ-ի ապագան, Բելոզյորովին վերապահված է տրանսպորտային ուղիների և երկաթուղու կառավարման ճակատագիրը: Երկու այցելություններն էլ նպատակ ունեն ձևավորել այն օրակարգն ու հնարավոր լուծումների փաթեթը, որը հետագայում կդրվի Փաշինյան-Պուտին սեղանին: Փաշինյանը թեմայի վերաբերյալ ասել էր, թե «աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշակի հետևություններ կանենք»:

Ամփոփելով՝ Օլեգ Բելոզյորովի այցը կարելի է որակել՝ որպես «երկաթուղային դիվանագիտության» կարևոր փուլ, որտեղ որոշվելու է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների հետագա ընթացքը:

Այս ամենը վկայում է այն մասին, որ Կրեմլում սպասվող Փաշինյան-Պուտին առաջիկա բանակցությունները լինելու են չափազանց հագեցած, հանգամանալից և առարկայական: Հատկանշական է, որ օրերս Թուրքմենստանում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանն ու Պուտինը սահմանափակվեցին միայն կարճատև, ոտքի վրա շփումներով և առանձին երկկողմ հանդիպում չունեցան:

Սա պատահականություն չէր. կողմերը խուսափեցին մակերեսային քննարկումներից, քանի որ նպատակադրված են Կրեմլում անցկացնել լիարժեք բանակցություններ և հանգել լուրջ, ռազմավարական եզրակացությունների:

Ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների ղեկավարների հաջորդական այցելությունները Երևան փաստում են, որ կողմերից ոչ մեկն այս փուլում չի ձգտում մակերեսային կամ ձևական քննարկումների: Եվ այս ֆոնին հատկապես ռուսական կողմը փորձում է նոր առաջարկներով հանդես գալ՝ ներկայացնելով համակարգային ու երկարաժամկետ լուծումներ:

Ռուսական շրջանակները կարծես  լրջորեն նախապատրաստվում են այդ հանդիպմանը՝ փորձելով կանխավ գտնել հնարավոր փոխզիջումների եզրերը:

Ըստ էության, այս նախապատրաստական փուլի հիմնական նպատակն է՝ ձևավորել փաստաթղթային ու պայմանավորվածությունների որոշակի փաթեթ, որը բարձրագույն մակարդակի հանդիպման ժամանակ թույլ կտա խոսել կոնկրետ հարցերից: Երկաթուղային հաղորդակցության, էներգետիկ անվտանգության և արտաքին քաղաքական կողմնորոշումների շուրջ նախապես մշակված առաջարկները հնարավորություն կտան կայացնել քաղաքական որոշումներ՝ հիմնված տեղում կատարված  գույքագրման և իրատեսական հաշվարկների վրա:

—

Chakhmakhchian Vatche:
Related Post