Հոկտեմբեր 10, 2026
ԱՊՀ հիմնադրման 35-ամյակին նվիրված պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքմենստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում, յուրահատուկ հարթակ դարձավ՝ ցույց տալու հետխորհրդային տարածաշրջանում տեղի ունեցող խորքային վերաձևումները:
Արտաքուստ միջոցառումն ընթանում էր ընդգծված ջերմ, անգամ «ընտանեկան» մթնոլորտում. հյուրընկալ թուրքմենական կողմը ղեկավարների համար կազմակերպել էր յուրօրինակ վրաններ, ազգագրական ցուցահանդեսներ և ավանդական հյուրասիրություն:
Սակայն այդ էկզոտիկ ու «առանց փողկապների» ձևաչափի հետևում սովորաբար ընթանում է լուրջ դիվանագիտական երկխոսություն ու աշխատանք:
35 տարվա ընթացքում կառույցի կազմի փոփոխությունները՝ Վրաստանի ու Ուկրաինայի դուրս գալը, ինչպես նաև Մոլդովայի՝ 2027 թվականին դուրս գալու հայտարարված մտադրությունը, ըստ էության, էականը երկրորդականից զատելու գործընթաց են դարձել. ԱՊՀ-ում մնացել են այն 8 հիմնական երկրները, որոնք իրական տնտեսական ու անվտանգային շահեր են տեսնում այս հարթակում և հատկապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում:
Հատկանշական է, որ այս անգամ գագաթնաժողովին «ԱՊՀ պլյուս» ձևաչափով միացել էր նաև Իրանը. Նախագահ Մասուդ Փեզեշքիանը առանձնազրույց ունեցավ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելով Պարսից ծոցի շուրջ լարվածությունը, էներգետիկ նախագծերն ու Կասպից ծովի էկոլոգիական խնդիրները:
Միջոցառման կուլիսներում կայացավ նաև Փեզեշքիան-Փաշինյան հանդիպում, որը թույլ տվեց ենթադրել, որ հայ-իրանական հարաբերություններում բարձրաստիճան այց ու փաստաթղթի ստորագրում է հասունանում։ Գագաթնաժողովի կուլիսներում տեղի ունեցան ոչ պաշտոնական շփումներ Փաշինյան-Պուտին, Փաշինյան-Ալիև ձևաչափերով, սակայն առանձին երկկողմ հանդիպումներ տեղի ունեցան միայն Իրանի, ինչպես նաև Թուրքմենստանի ու Ուզբեկստանի ղեկավարների հետ։
ԱՊՀ աշխաբադյան գագաթնաժողովի պաշտոնական նիստում պետությունների ղեկավարների ելույթները աչքի ընկան տարածաշրջանային անվտանգության և տնտեսական ինտեգրացիայի շուրջ ընդհանուր հռետորաբանությամբ: Նիկոլ Փաշինյանի ելույթն առանձնացավ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի իրավական հենքերի ու տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ շեշտադրումներով:
Փաշինյանն իր խոսքում առանցքային տեղ հատկացրեց 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին՝ այն որակելով որպես խաղաղության հաստատման, սահմանազատման և ինքնիշխանության ճանաչման հիմնարար սկզբունք:
Փաշինյանը ներկայացրեց Վաշինգտոնի հռչակագրի շրջանակներում նախատեսված TRIPP նախագիծը, ապա շեշտեց Արևելք-Արևմուտք և Հարավ-Հյուսիս նոր լոգիստիկ ուղիների բացումը, ինչպես նաև Թուրքիայի հետ սահմանի ու ենթակառուցվածքների վերականգնումը ձեռնտու են տարածաշրջանի բոլոր երկրներին, իսկ ձեռք բերված խաղաղությունը, չնայած չլուծված հումանիտար հարցերին, ըստ նրա, արդեն անհերքելի փաստ է:
Ի հակադրություն սրան՝ Իլհամ Ալիևի ելույթում գերիշխում էին տարածաշրջանային լոգիստիկ ծրագրերում Ադրբեջանի առանցքային դերի մասին հավաստիացումները և հաշվետվությունը, թե ներկայումս ինչ հավակնոտ ծրագրեր ունի Ադրբեջանն այդ ոլորտում։
Սակայն հայկական լսարանի համար ամենաուշագրավ ու քննարկված դրվագներից մեկը դարձավ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի կարճատև, բայց «բովանդակալից» շփումը:
Լուկաշենկոյի կեսկատակ-կեսլուրջ արտահայտությունը՝ «դե, մեզնից չես փախչի»՝ ուղղված Փաշինյանին, լայնորեն քննարկվեց մամուլում։
Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հումորը տեղավորվում է նրա ավելի վաղ արած հայտարարությունների մեջ, թե «ում է պետք Հայաստանը», «ուր պետք է փախչի», որն էլ մի շարք այլ հայտարարությունների հետ սրեց իրավիճակը Հայաստան-Բելառուս հարաբերություններում։
Թուրքմենստանում Բելառուսի նախագահի հերթական այս անգամ կատակով ասված «մեզնից չես փախչի»-ն առաջին հայացքից սովորական միջանցքային հումոր է: Սակայն այդ «հումորն» իր մեջ պարունակում էր բավականին կոշտ և ուղղակի աշխարհաքաղաքական ակնարկ:
Այդ արտահայտության տակ թաքնված էր Մոսկվայի և Մինսկի հավաքական ուղերձը Երևանին՝ ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացման» և Արևմուտքի հետ մերձեցման փորձերին:
Լուկաշենկոն ըստ էության ընդգծեց այն իրողությունը, որ անվտանգային, տնտեսական և աշխարհագրական տեսանկյունից Հայաստանը շարունակում է սերտորեն կապված մնալ հետխորհրդային տարածաշրջանային ճարտարապետության հետ: Ռուսաստանը, որի ապրանքաշրջանառությունն ԱՊՀ երկրների հետ գերազանցել է 110 միլիարդ դոլարը, ակտիվորեն կոչ է անում վերացնել առևտրային սահմանափակումները՝ հասկացնելով, որ տարածաշրջանային խնդիրների լուծումն ու տնտեսական զարգացումը պահանջելու են ուղիղ շփում հենց ավանդական դաշնակիցների հետ:
Հայաստան-Բելառուս այս ուշագրավ դրվագն ու Լուկաշենկոյի ուղղակի ակնարկն առավել քան խոսուն են դառնում, երբ դիտարկվում են հետխորհրդային տարածաշրջանում ընթացող ավելի լայն քաղաքական զարգացումների ու ժամկետների համատեքստում: Հայաստանյան պատվիրակության համար այս դրվագը տեղի ունեցավ այնպիսի պայմանում, երբ ԵԱՏՄ երկրների ղեկավարների կողմից Երևանին ըստ էության հստակ վերջնաժամկետ տրվեց մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր՝ վերջնականապես կողմնորոշվելու ռազմավարական վեկտորի հարցում՝ Եվրոպական միությա՞ն հետ մերձեցում, թե՞ Եվրասիական տնտեսական միությունում լիարժեք անդամակցության պահպանում:
Սույն աշխարհաքաղաքական «ժամանակացույցի» տրամաբանական շարունակությունն է դառնալու առաջիկայում նախատեսվող Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ բարձր մակարդակի բանակցությունների առանցքում լինելու է հենց Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի հարցը:
Մոսկովյան հանդիպումը, ըստ էության, դառնալու է այն հանգուցալուծումը, որտեղ Երևանից ակնկալվելու են ոչ թե դիվանագիտական մանևրներ կամ երկիմաստ հայտարարություններ, այլ հստակ դիրքորոշում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ում մնալու կամ ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացների խորացման տնտեսական ու քաղաքական հետևանքները: Այս համատեքստում Լուկաշենկոյի «մեզնից չես փախչի» ձևակերպումը ոչ այլ ինչ էր, քան Եվրասիական տնտեսական բլոկի հավաքական դիրքորոշման արտացոլումն առաջիկա բարդ ու վճռորոշ երկխոսությանն ընդառաջ։
Վերադառնալով ԱՊՀ գագաթնաժողովին՝ դրա պաշտոնական արդյունքներով ստորագրվեցին շուրջ 15 փաստաթղթեր, որոնք վերաբերում էին ազատ առևտրի գոտու ամրապնդմանը, արդյունաբերական կոոպերացիային, անվտանգային ոլորտում կոորդինացիային և պատմական ժառանգության պահպանմանը: Չնայած առանձին հարցերում երկրների տարբերվող մոտեցումներին՝ կողմերն ընդգծեցին դիվանագիտական հավասարակշռություն գտնելու կարևորությունը:
Հաջորդ պաշտոնական գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել 2027 թվականին Ուզբեկստանում, իսկ մինչ այդ ղեկավարները նախատեսում են հանդիպել դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ ավանդական ոչ պաշտոնական հավաքի շրջանակում:
Ամփոփելով՝ Թուրքմենստանում կայացած հոբելյանական գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԱՊՀ-ն շարունակում է ծառայել որպես ոչ միայն պաշտոնական համաձայնագրերի, այլև բարդ աշխարհաքաղաքական ազդակների փոխանակման հարթակ: Հայաստանի իշխանությունների համար այս հանդիպումը հերթական փորձությունն էր՝ մանևրելու ավանդական ձևաչափերի և արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունների միջև, որտեղ անգամ թեթև, «ընտանեկան» հումորի ներքո թաքնված էին լուրջ քաղաքական ազդակներն ու ռեգիոնալ իրողությունները:
—