X
    Categories: News

Թրամփյան «մեծ» ԱՄՆ-ի քարտեզը և Մեծ Բրիտանիայի տրոհման նախանշանները. Դմիտրի Նե

Հոկտեմբեր 11, 2026

Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի տեղական կառավարությունների ղեկավարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Դոնալդ Թրամփի հրապարակած Միացյալ Նահանգների «մեծ» քարտեզը Հյուսիսամերիկյան մայրցամաքի սահմաններում, ինչպես նաև նրա հերթական հայտարարությունները լայն արձագանք են գտել, ինչը հղի է անգլոսաքսոնական՝ այլևս ոչ բարեկամական ճամբարում հետագա խառնաշփոթով։ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆրանսիական կղզիների հետ միասին, այս անգամ, որպես Միացյալ Նահանգների մաս՝ պատկերվել են Ատլանտյան օվկիանոսում գտնվող բրիտանական Բերմուդյան կղզիներն ու Թըրքս և Կայկոսը, ինչպես նաև Կարիբյան ծովի Վիրջինյան (Արևելյան), Անգիլիա, Մոնտսերերատ և Կայմանյան կղզիները: Ինչը զարմանալի չէ ոչ միայն այն պատճառով, որ պարոն Թրամփը մանրախնդիր չէ «կղզային» քաղաքական աշխարհագրության հարցերում․․․

Ի դեպ, խոսքը ոչ միայն քարտեզների մասին է, որոնք ցանկության դեպքում միշտ կարելի է վերագրել հանրային քաղաքականության շռայլ ոճին։

Լոնդոնում, ըստ մի շարք բրիտանական ԶԼՄ-ների, դժգոհ են Թրամփի հայտարարություններից, մինչդեռ Շոտլանդիայի և Ուելսի «առավել մեծ ինքնուրույնության» միտումները դրսևորվում են ավելի ու ավելի ակնհայտ։ «Շին Ֆեյն» կուսակցության ղեկավար Մերի Լու Մաքդոնալդի մասնակցությամբ՝ Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարարները նախօրեին հանդիպել են Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում՝ քննարկելով «ավելի սերտ համագործակցությունը», այդ թվում՝ սահմանադրական հարցերի շուրջ: Սա ազգայնական կուսակցությունների առաջնորդների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր մայիսին ձախ կենտրոնամետ «Փլայդ Քամրի» (Plaid Cymru) կուսակցությունից ուելսցի Ռուն ափ Իորվերտի ընտրվելուց հետո, որը, ինչպես և իր գործընկերները, հանդես է գալիս Միացյալ Թագավորության կազմից իրենց տարածաշրջանների դուրս գալու և անկախ պետությունների ձևավորման օգտին:

«Պատմության մեջ առաջին անգամ Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան գլխավորում են առաջին նախարարներ, որոնք հանդես են գալիս հանուն անկախության»,– ասել է Շոտլանդիայի առաջնորդ Սվինին՝ պնդելով, որ դա վկայում է սահմանադրական փոփոխությունների նկատմամբ աճող աջակցության մասին։ Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար և, համատեղության կարգով, «Շին Ֆեյն» կուսակցության փոխնախագահ Միշել Օ’Նիլի խոսքով՝ Իռլանդիա կղզու բնակիչների շահերը «երբեք չեն հարգվել Վեսթմինսթերում գտնվողների կողմից»։

«Ուելսի, Շոտլանդիայի և Իռլանդիայի ինքնորոշման ուղին տարբեր է եղել, և մենք ապրում ենք պատմական ժամանակներում»,- BBC Wales-ին տված հարցազրույցում ասել է «Շին Ֆեյնի» նախագահ Մերի Լու Մաքդոնալդը: Եվ իսկապես, եթե Սվինին և Օ’Նիլը բացահայտ խոսում են հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության մասին, ապա ափ Իորվերտն առայժմ ավելի զգուշավոր մոտեցում է ցուցաբերում։

Կելտական ժողովուրդների գագաթնաժողովի արդյունքներով համաձայնեցվել է համագործակցության շրջանակային հուշագիր, որը հիմք է հանդիսանում Լոնդոնի հետ հետագա բանակցությունների համար:

«Փլայդ Քամրի» (Plaid Cymru) կուսակցությունը հաղորդել է, որ Բրիտանական կղզիներում «փոփոխվող քաղաքական լանդշաֆտն» ամուր հիմք է ստեղծում գործնական քաղաքական համագործակցության համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տնտեսությունն ու Եվրոպայի հետ փոխգործակցությունը։ Ընդ որում, դա վերաբերում է նաև «մեր ժողովուրդների առջև ծառացած ավելի լայն քաղաքական ու սահմանադրական հարցերին, ինչպես նաև ինքնորոշման իրավունքին»։

Անկախության ևս մեկ հանրաքվե չի աջակցվի մինչև հաջորդ համընդհանուր ընտրությունները,- Սվինին ուղղված նամակում նշել է Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ Էնդի Բերնհեմը՝ հավելելով, որ ներկայումս չկա համապատասխան կոնսենսուս և չկա հստակ ապացույց, որ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների մեծ մասը ցանկանում է դուրս գալ Բրիտանիայի կազմից: Բայց Թրամփն ակնհայտորեն այլ կարծիք ունի, համենայնդեպս՝ «իռլանդական հարցում»:

Դուբլին կատարած այցի ընթացքում նա ասել է․ «Կցանկանայի տեսնել Հյուսիսային Իռլանդիան և Իռլանդիայի Հանրապետությունը որպես միասնական պետություն, դա կլիներ ֆանտաստիկ և թույն»։ Բացի այդ, նա հավելել է․ «Ի վերջո, դա տեղի կունենա․․․ Իհարկե, Մեծ Բրիտանիան պետք է հայտնի իր կարծիքն այդ մասին, բայց ես կարծում եմ, որ դա (Իռլանդիայի վերամիավորումը) հիանալի կլիներ»։

Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինը նախընտրել է հրապարակայնորեն չպատասխանել Թրամփի թեզերին, որին Դուբլինում և Դունբեգում դիմավորել են առնվազն 10 հազար ցուցարարներ: Դրանք նախապես կազմակերպված ցույցեր էին և կապ չունեին Իռլանդիայի միավորման վերաբերյալ հայտարարությունների հետ։ Ցույցերի մասնակիցները հիմնականում հանդես են եկել Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողությունների և Իրանի դեմ շարունակվող պատերազմի դեմ։

Պաշտոնական Լոնդոնը Թրամփի «իռլանդամետ» էսկապադներից հետո, առանց նրան ուղղակիորեն քննադատելու, հաստատեց իր նախկին դիրքորոշումը. Հյուսիսային Իռլանդիայի՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն ներկայումս չի դիտարկվում։

Գրեթե մեկ ամիս առաջ այդ մասին հայտարարել էր Էնդի Բերնհեմը Օլսթեր կատարած այցի ժամանակ, ինչը տարածաշրջանի բնակչության մի մասը, մեղմ ասած, միանշանակ չընդունեց։ Երկու շաբաթ անց, ելույթ ունենալով Համայնքների պալատում և կրկնելով նախկին դիրքորոշումը, Բերնհեմը խոստացավ խստորեն պահպանել 1998 թվականի Բելֆաստի խաղաղության համաձայնագիրը, որը հայտնի է նաև որպես «Ավագ Ուրբաթ» համաձայնագիր։ Դուբլինում դրա վերաբերյալ պաշտոնական արձագանքները դրական էին, բայց շատ հակիրճ․․․

Հավանաբար Թրամփի «իռլանդամետ» հանդիպումը մեծապես պայմանավորված էր ներքաղաքական նկատառումներով. Կոնգրեսի բարդ միջանկյալ ընտրությունների նախօրեին իռլանդական ծագում ունեցող ընտրողների աջակցությունը հանրապետականների համար ամենևին էլ ավելորդ չէր լինի։ Լայն առումով՝ իռլանդական սփյուռքն ԱՄՆ-ում ներկայումս կազմում է մոտ 33 միլիոն մարդ՝ երկրի ընդհանուր բնակչության մոտ 11%-ը (առանց Պուերտո Ռիկոյի, Ամերիկյան Վիրջինյան կղզիների, Գուամի և Արևելյան Սամոայի): Պատմականորեն իռլանդացիների մեծ մասը բնակություն է հաստատել Արևելյան ափի խոշոր քաղաքներում, հատկապես Բոստոնում, Նյու Յորքում, Բուֆալոյում և Ֆիլադելֆիայում:

Իռլանդացիների վերջին համեմատաբար խոշոր ներգաղթային ալիքն ԱՄՆ տեղի է ունեցել 1970-ականների կեսերից մինչև 1980-ականների առաջին կեսը, երբ Օլսթերում առավել հաճախակի էին դարձել ահաբեկչությունները, հակաբրիտանական ցույցերը, ինչպես նաև Իռլանդական հանրապետական բանակի (IRA) բախումները բրիտանական զորքերի ու ոստիկանության հետ: 1980-ականների վերջին այս իրավիճակը սկսեց փոխվել, երբ Օլսթերի հիմնախնդիրը հայտնվեց ամերիկյան բարձր քաղաքականության օրակարգում: Ըստ տարբեր հարցումների՝ ամերիկացի իռլանդացիների ավելի քան 60%-ը մինչ օրս հանդես է գալիս միասնական Իռլանդիայի (Էյրեի) օգտին։

Տրամաբանական է ենթադրել, որ «21-րդ դարի Մոնրոյի դոկտրինի» ոգով Վաշինգտոնում ուղղություն են վերցրել Բրիտանիային դուրս մղելու Կենտրոնական Ատլանտիկայից, Կենտրոնական Ամերիկայից և Կարիբյան ավազանից։ Գրեթե բոլոր վերոհիշյալ բրիտանական տարածքները վաղուց զբաղվում են օֆշորային բիզնեսով, իսկ Բրիտանական Վիրջինյան կղզիները հայտնվել են համաշխարհային ճանաչում ունեցող օֆշորային և վերաարտահանման հանգույցների շարքում:

Համապատասխանաբար, ԱՄՆ-ին հարակից տարածքները՝ Պուերտո Ռիկոն և Ամերիկյան Վիրջինյան կղզիները, որոնք նույնպես մասնագիտանում են տարբեր ստվերային սխեմաներում, արդեն տասնամյակներ շարունակ տնտեսապես տանուլ են տալիս իրենց բրիտանական հարևանների հետ մրցակցությունում։

Ընդ որում՝ ԱՄՆ նոր քարտեզի կազմում նիդեռլանդական պրոտեկտորատների վերաբերյալ հստակություն դեռ չկա։ Մինչդեռ Արուբա, Կյուրասաո, Բոնեյրե, Սաբա և Սինտ Էվստատիուս կղզիները գտնվում են Պանամայի ջրանցքի արևելյան «դարպասից» ոչ հեռու՝ հյուսիսից ծածկելով Վենեսուելան և մասամբ Կոլումբիան։

Կարիբյան կղզիների այս հարավային հատվածի ռազմավարական կարևորությունը պայմանավորված է նավթի և գազի խոշոր պաշարների առկայությամբ, ինչպես նաև Վենեսուելայի մայրաքաղաքին և Կոլումբիայի նավահանգիստներին մոտ լինելով (1940 թվականի վերջին՝ նացիստների կողմից Նիդեռլանդների օկուպացիայից հետո, Ռուզվելտի վարչակազմն առաջարկեց գնել այդ նույն կղզիները:

Սակայն Վիլհելմինա թագուհին, գտնվելով տարագրության մեջ Լոնդոնում, մերժեց Վաշինգտոնին, ինչին աջակցեցին բրիտանացիները: Արուբայում և Կյուրասաոյում ԱՄՆ ռազմական բազաներն ու հետախուզական օբյեկտները պահպանվում են այդ ժամանակվանից ի վեր…):

«Ինչ վերաբերում է Արուբային, Կյուրասաոյին, Բոնեյրեին, Սինտ Մարտենին, Սաբային և Սինտ Էվստատիուսին, ապա քարտեզն աշխարհագրական տեսանկյունից դժվար է հստակ որոշել, թե արդյո՞ք դրանք ներառված են ԱՄՆ-ի կազմում, չնայած Կարիբյան կղզիների շղթայի մեծ մասը (Արևելյան Կարիբյան արշիպելագը, Ճամայկան՝ բրիտանական Անգիլիայի, Մոնտսերերատի, Կայմանյան և բրիտանական Վիրջինյան կղզիների հետ միասին) ներկված է ամերիկյան գույներով»,- նիդեռլանդա-կարիբյան պորտալի հեղինակներն ակնհայտորեն ուշադիր ուսումնասիրում են Թրամփի քարտեզը՝ փորձելով պարզել Սպիտակ տան տիրոջ հետագա քայլերն ու մտադրությունները, որոնց վերաբերյալ առայժմ մեկնաբանություններ չկան։

Ամստերդամում խոհեմաբար լռում են՝ հավանաբար վախենալով անկանխատեսելի հետևանքներով հերթական սկանդալի մեջ ներքաշվելուց։ Չի բացառվում, որ Վաշինգտոնում հենց այդ կապակցությամբ սպասում են ինչ-որ հայտարարությունների, որպեսզի Կարիբյան ծովում նիդեռլանդական տարածքների «ճակատագիրը որոշեն» հերթական քարտեզի վրա։ Սակայն Արուբայում և Կյուրասաոյում գործող բարձր հզորությամբ նավթավերամշակման գործարանները, որոնք հիմնականում մշակում են վենեսուելական նավթը, կարող են դառնալ միայն առաջին քայլը. չէ՞ որ վերջերս՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո, Վենեսուելայի նավթարդյունաբերության վրա արդեն իսկ իրենց թաթն են դրել ամերիկյան Chevron և ExxonMobil անդրազգային կորպորացիաները:

Դմիտրի Նեֆյոդով

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Toneyan Mark:
Related Post