Հոկտեմբեր 8, 2026
Արդեն 6 ամսից ավելի է, ինչ հայկական ապրանքների արտահանման վրա գործում են Ռուսաստանի սահմանած սանկցիաները՝ հայ արտադրողները չեն կարողանում իրենց արտադրանքը հանել ռուսական շուկա։ Խոսքը վերաբերում է ինչպես պտուղ-բանջարեղենին, այնպես էլ՝ կաթնամթերքին։
Գյումրեցի ֆերմեր, հասարակական գործիչ Գևորգ Ավագյանի գործունեության վրա այս սանկցիաները չեն ազդել, ասում է՝ իր արտադրանքը սեփական ուժերով որտեղ անհրաժեշտ է, այնտեղ էլ ուղարկում է, սակայն իր շրջապատի շատ ֆերմերներ զգում են սանկցիաների թողած հետևանքները։
«Հիմա, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ հայկական արտադրանքը կարող եք արտահանել եվրոպական շուկա, մի բան ասեմ, այդ ծաղկակաղամբը որ արտահանենք եվրոպական շուկա, դրա արժեքն արդեն իսկ պրոբլեմ է։ Ֆերմերները մոլորվել են, ովքեր ռուսական շուկա էին հանում իրենց ապրանքը, եվրոպական շուկայի հետ արդեն իսկ գնի հետ կապված պրոբլեմ ունեն։ Երևի ԵՄ-ն դրամաշնորհներ է խոստացել, դրա համար էլ հպարտորեն ասում են. «Եվրոպա, ապրանքը տանում ենք Եվրոպա»։ Օրինակ, եվրոպական շուկա քանի՞ տոննա կարտոֆիլ է արտահանվել, թող պատասխանեն»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Գևորգ Ավագյանը։
Նրա խոսքով՝ այսօր հայ բնակչի, արտադրողի համար ցորենը խնդիր է՝ դարձել է 60 դրամ, իսկ դիզվառելիքը թանկացել է, դարձել է 14 հազար դրամ, մարդիկ չեն կարողանում իրենց աշնանացանն անել։
«Իշխանությունն իբր մեզ հույս է տալիս, ասում է՝ ամբողջ աշխարհում է թանկացել։ Բա ակցիզային հա՞րկը, հոկտեմբերի 1-ից 20 տոկոսով թանկացել է՝ ծխախոտի, խմիչքի, դիզվառելիքի դեպքում։ Այսինքն՝ նախկինում դիզվառելիքը 600 դրամ էր, հիմա դարձել է 700 դրամ, լրիվ սարքել են «Do you speak English» վիճակ, գյուղացու լեզուն չեն հասկանում սրանք, ոչնչացնում են գյուղատնտեսությունը։
Օրինակ, Շիրակի մարզում մարդկանց դաշտերը վարած չի, աշնանացան չեն կարողանում անել, մենակ մենք ենք վարել, որովհետև դիզվառելիքը մարտ ամսին գնել ենք 6000 դրամով, մենք պահեստավորել էինք։ Հիմա գյուղացուն 14 հազար դրամ որտեղի՞ց, որ դիզվառելիք գնի, իր աշնանացանն անի։ Դե, ընտրություններն էլ անցել են, գյուղացիներն էլ որևէ մեկին պետք չեն։ Այս իշխանության թուրն առջևից ու հետևից կտրում է, այն աստիճանի են հասել, որ մարդկանց թաղման գումարն են արդեն կտրում, տալիս են միայն անապահովներին, փոխարենը՝ բարձրացնում են իրենց ռոճիկները։
Այնպես են անում, որ մարդ ես, եթե վաղը-մյուս օրը Ռուսաստանը գազի գինը բարձրացնի, իրենք վճարունակ լինեն ու հանկարծ չմրսեն իրենց տներում։ Թե շարքային քաղաքացին այդ դեպքում ինչ պետք է անի, իրենք չեն մտածում»,- հավելեց Գևորգ Ավագյանը։
Ըստ մեր զրուցակցի, եթե քաղաքացին ընտրել է Նիկոլ Փաշինյանին ու այս ամենն իրեն դուր է գալիս, ապա կարող է «վայելել» ստեղծված բարդ իրավիճակը։
Գևորգ Ավագյանի համար նաև անհասկանալի է խորհրդարանական ընդդիմության պահվածքը, նաև այն ընդդիմադիրներինը, որոնք ժողովրդի քվեով ընտրվել են համայնքապետ, սակայն ՔՊ-ն նրանց ապօրինի կերպով հեռացրել է։
«Ծպտունները դուրս չի գալիս, ախր իրենց են հեռացրել՝ իշխանությունից զրկել։ Ախուրյան համայնքում հիմա միայն ՔՊ-ն է։ Ինչ ասեմ՝ մարդկանց վիճակը սոսկալի է, բայց եթե սա իրենց ընտրությունն է, թող «վայելեն», անձամբ ես իմ ապրանքն իրացնելու հետ խնդիր չունեմ, թող մտածեն այն մարդիկ, ովքեր ընտրել են ՔՊ-ին ու այսօր չեն կարողանում իրենց դաշտը գոնե վարել։ Այ մարդ, թող սիրեն իրար, գուրգուրեն, մենք չենք խանգարելու, ինչո՞ւ խանգարենք»,- ընդգծեց Գևորգ Ավագյանը։
—