X
    Categories: News

«Մեր երկրի ղեկավարը պետք է ինքնասիրություն ունենա, 2020 թվականին անհետ կորածն

Հոկտեմբեր 7, 2026

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների ճակատագրի պարզումը շարունակում է մնալ Ադրբեջանի համար կարևորագույն հարցերից մեկը։

Ադրբեջանի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը Բաքվի «Անհետ կորած անձանց վերաբերյալ երկխոսության» շրջանակում անցկացված 4-րդ միջազգային համաժողովում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի 9-րդ հոդվածը նվիրված է հակամարտության ընթացքում անհետ կորած կամ բռնի անհետացման ենթարկված անձանց հարցին։

«Գերության, տեղահանության և մահերի վերաբերյալ գրառումները, վկաների ցուցմունքները և անհատական կամ զանգվածային թաղման վայրերի վերաբերյալ տեղեկատվությունը մեծ նշանակություն ունեն անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար»,- ասել է նա։

Կարդացեք նաև

  • Ալիևը պահանջել է պատասխանատվության ենթարկել ՀՀ-ին՝ ադրբեջանցի պատանդներին խոշտանգելով սպանելու համար․ Փաշինյանը առևանգման «ռիսկ է ստեղծել» հայ զինվորների համար
  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
  • Մինչև 399.000 եվրո․ Հայաստանը 2025 թվականին ևս կլորիկ գումար է վճարել «Rasmussen Global»-ի խորհրդատվական ծառայությունների դիմաց

Նույն համաժողովի ընթացքում Թուրքիայի խորհրդարանի անդամ և նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես խոսել է անհետ կորած անձանց մասին, հայտարարելով, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված նախնական խաղաղության համաձայնագրում անհետ կորած անձանց վերաբերյալ դրույթի ներառումը կարևոր ցուցանիշ է։ Այն ցույց է տալիս այս հարցի ճանաչումը՝ որպես ավելի լայն խաղաղության գործընթացի անբաժանելի մաս»։

Ի՞նչ արձագանք պետք է լինի հայկական կողմից, հատկապես այն դեպքում, երբ արցախյան բոլոր պատերազմներից հետո հարյուրավոր անձանց ճակատագրերը մնում են անհայտ։ Բազմաթիվ տեսանյութերում ներկայացվում է, որ հայ քաղաքացին գերեվարվել է ադրբեջանցի զինվորի կողմից, սակայն ադրբեջանական կողմը որևէ հաստատում չի տալիս, հետևաբար՝ ի՞նչ պահանջ պետք է լինի ՀՀ իշխանությունների կողմից՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին։

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մոր՝ Անահիտ Ադոյանի խոսքով՝ Ալիևը պահանջում է 90-ականներին անհետ կորածներին, քանի որ 2020 թվականին Ադրբեջանն անհետ կորածներ չունի, միայն անհետ կորած համարում է այն անձանց, որոնք 3 օր առաջ հատում են ՀՀ սահմանը։

«Եթե ինքն ուզում է 90-ականներին անհետ կորած իր զինվորների ճակատագիրը պարզել, ապա նախ մեր երկրի ոչուփուչ ղեկավարը պետք է  թարմ հետքով գնա ու Ալիևից պահանջի 2020 թվականին ու դրանից հետո անհետ կորած տղաներին։ Առաջնահերթ պետք է քննարկվի 2020 թվականի ու դրանից հետո անհետ կորած տղաների հարցը, հետո անցնեն 90-ականների անհետ կորածների հարցերին»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Անահիտ Ադոյանը։

Մեր զրուցակիցը վստահ է՝ 2020 թվականին և դրանից հետո՝ 2023 թվականին անհետ կորած տղաների 90 տոկոսը ողջ է, դրա համար պետք է առաջին հերթին նրանց ճակատագրերը պարզեն։

«Սկզբից մեր երկրի ղեկավարն այնքան ինքնասիրություն պետք է ունենա, որ 2020 թվականին անհետ կորածներին պետք է պահանջի, հետո Ալիևին թույլ տա, որ խոսի 90-ականների անհետ կորածների հարցից»,- շեշտեց Անահիտ Ադոյանը։

168.am-ը փորձեց ԱԱԾ-ից ճշտել, թե ինչպե՞ս կարձագանքեն Բաքվից հնչող այդ հայտարարություններին։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության կազմում է գործում Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը, որի նախագահն ԱԱԾ տնօրենն է:

Ի պատասխան, ԱԱԾ լրատվականից նշեցին, որ հարցը նուրբ է և բանավոր հնարավոր չէ պատասխանել, ուստի պահանջեցին գրավոր հարցում ուղարկել։ Մենք գրավոր հարցում կուղարկենք ԱԱԾ-ին և պատասխանը ստանալու դեպքում անմիջապես կհրապարակենք։

Նշենք, որ օրերս «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը 168.am–ի հետ զրույցում ասել էր, որ գիտեն որոշակի վայրեր, որտեղ իրենց որդիներին ադրբեջանական կողմը հուղարկավորել է։

«Մենք գիտենք որոշակի վայրեր, որտեղ հուղարկավորված են մեր տղաները։ Մենք ակնկալում ենք, որ այդ վայրերից մեր տղաներին հանեն ու բերեն հայրենիք, այստեղ հուղարկավորենք։ Մենք այդ վայրերն ասենք, Ադրբեջանի հետ բանակցեն ու տղաների շիրիմները բերեն հայրենիք»,- շեշտեց Ռիմա Առաքելյանը։

Նա նաև ասաց, որ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում սեփական զավակներին որոնելու ճանապարհին բազմաթիվ փորձություններ են հաղթահարել, թրծվել են, գիտեն, որ իրենց զավակները ողջ չեն։

«Այսքան տարիներ են անցել, հասկանում ենք, որ մեր որդիները ողջ չեն, դրա համար եմ ասում՝ Ադրբեջանի կողմից հուղարկավորման վայրը գիտենք, պետք է հանենք, հայրենիք բերենք»,- ասել էր Ռիմա Առաքելյանը։

—

Maral Takmazian:
Related Post