X
    Categories: News

Ղարաբաղից հետո. սպառազինությունների մրցավազքը Կովկասում թևակոխում է նոր փուլ

Հոկտեմբեր 7, 2026

Կդիմանա՞ն արդյոք հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական կապերը քաղաքական քամիների փոփոխության դեպքում

Վերջին շրջանում Բաքվում նկատելիորեն խստացրել են ռազմատենչ հռետորաբանությունը Երևանի հասցեին, ինչն իր արտացոլումն է գտել նաև Իլհամ Ալիևի մի քանի հրապարակային ելույթներում, մասնավորապես՝ իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության հերթական համագումարում:

Անցած տարվա պետբյուջեի կատարման հաշվետվության համաձայն՝ Բաքվում պաշտպանական նշանակության նախագծերին ուղղվել է մոտ 3 մլրդ դոլար՝ գրեթե 40%-ով ավելի, քան մեկ տարի առաջ:

2023 թվականից պաշտպանության ծախսերը միայն ավելանում են, ինչը չես ասի հարևան Հայաստանի մասին, որի զինված ուժերն ակնհայտորեն լավ վիճակում չեն։ Խաղաղասիրություն դրսևորելով՝ 2025 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ պաշտպանական ծախսերի էական աճ չի լինելու, և, իրոք, ընթացիկ տարում իշխանությունները մոտ 18%-ով կրճատել են պաշտպանական բյուջեն՝ 2025 թվականի 664,6 մլրդ դրամից հասնելով 563 մլրդ դրամի։

Կարդացեք նաև

  • «Д-30»-ները երկու հաղթական պատերազմի են մասնակցել, երևի այդ ատելությունից էր՝ Ալբերտի նկարը ջնջեցիր. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին
  • Ասում ենք՝ ադրբեջանցին հատել է սահմանը, ՔՊ-ից ծիծաղում են. սխալ արտահայտություններ չանեք. Նարեկ Կարապետյան
  • «Մուբարիզի սինդրոմը». ո՞վ է գլխավոր պատասխանատուն ադրբեջանցի զինվորների «այցերի» համար, ինչո՞ւ Պապիկյանն ու Հասանովն «ուղիղ կապը» չեն օգտագործում

Այնուամենայնիվ, անվտանգային ռիսկերը պահանջում են միանգամայն այլ մոտեցումներ։ Պաշտպանության նախարարության ծախսերը 2027 թվականին կավելանան 53,4 մլրդ դրամով (147,9 մլն դոլար)՝ հասնելով 616,5 մլրդ դրամի (1,71 մլրդ դոլար), այսինքն՝ մոտ 9,5%-ով, ինչը հետևում է հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած պետական բյուջեի նախագծից։ ՊՆ ծախսերը կկազմեն բյուջետային բոլոր ծախսերի շուրջ 15,1%-ը՝ մասնակիորեն փոխհատուցելով նախորդ կրճատումը, սակայն ծախսերը նախկինի պես ցածր կլինեն 2025 թվականի մակարդակից՝ 616,5 մլրդ՝ 664,6 մլրդ դրամի դիմաց։

«Ռազմատեխնիկական կապերի ընդլայնումը և սպառազինությունների դիվերսիֆիկացումը մեր անվտանգության ճարտարապետության հիմնական ուղղություններից են։ Այս համատեքստում է, որ մենք շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացման, նոր գործընկերների հետ համագործակցության աշխատանքները»,- Ազգային ժողովում ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ 2023 թվականից պաշտպանական շփումների կարևոր ուղղություններից մեկը մնում է Ֆրանսիան։

Դեռևս 2022 թվականի հունիսին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի Փարիզ կատարած այցի արդյունքներով հայտնի էր դարձել Հայաստան ֆրանսիական ռազմական կցորդ ուղարկելու մասին։

Այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտնել է՝ դեսպանատանը կից նոր պաշտպանական առաքելությունը «կօգնի Հայաստանի զինված ուժերին և իշխանություններին պաշտպանության և, ընդհանուր առմամբ, անվտանգության հարցերում»։ 2023 թվականի նոյեմբերի վերջին ֆրանսիական Bastion զրահամեքենաները, որոնք նախկինում նախատեսված էին Ուկրաինայի զինված ուժերի համար, ուղարկվեցին վրացական Փոթի նավահանգիստ՝ հետագայում Հայաստան տեղափոխելու համար, որտեղ էլ շուտով ստացվեցին։

Այս մատակարարմամբ Ֆրանսիան վերահաստատեց Երևանի հետ ռազմաքաղաքական գործընկերության վերաբերյալ իր մտադրությունների ողջ լրջությունը՝ հայ-ռուսական հարաբերություններում աճող օտարման, այդ թվում՝ Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության լճացման համապատկերին (այդ թվում՝ օբյեկտիվ պատճառներով)։

2023 թվականի հոկտեմբերի 3-ին, գտնվելով Հայաստանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան հայտարարել է Փարիզի պատրաստակամության մասին՝ պայմանագրեր կնքելու «այդ երկրի պաշտպանությունն ամրապնդելու համար սպառազինությունների մատակարարման վերաբերյալ»։ Իսկ հոկտեմբերի 23-ին իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Սեբաստիան Լըկորնյուն ընդգծել է, որ թեև Ֆրանսիան և Հայաստանը «միևնույն ռազմական և քաղաքական դաշինքների մաս չեն կազմում, Երևանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանելու իրեն և իր քաղաքացիական բնակչությանը»։

ֆրանսիական Bastion զրահամեքենաների խմբաքանակը հասցվել է վրացական Փոթի նավահանգիստ (ռումինական Կոնստանցայի միջոցով)։ Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում պաշտոնապես հաստատել են Հայաստանի համար ֆրանսիական զրահամեքենաների առաջին խմբաքանակի՝ Arquus ընկերության 24 մեքենաների երկաթուղային տարանցումը։ Ըստ առկա տեղեկությունների՝ 2025-2026 թվականներին Փոթիով պետք է մատակարարվի ևս 26 նման զրահամեքենա։

Պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե արդյոք «Բաստիոնները» բերվել են որպես ռազմական օգնությո՞ւն (այսինքն՝ անվճար), թե՞ պայմանագրի շրջանակներում։ Վերոնշյալ այցի ընթացքում Կատրին Կոլոնան հայտարարել է, որ գրավոր խնդրել է ԵՄ այն ժամանակվա բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին «Հայաստանը ներառել Եվրոպական խաղաղության մեխանիզմի շահառուների շարքում», որն իրենից ներկայացնում է Եվրամիության կողմից արտաքին ռազմական և հարակից ծախսերի ֆինանսավորման համակարգ։

Բացի այդ, Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների հիշյալ հանդիպման արդյունքներով Երևանը պայմանագիր է ստորագրել Thales Group ընկերության երեք միջին հեռահարության Ground Master-200 ռադարների գնման վերաբերյալ (ենթադրաբար՝ մեկ ապարատի արժեքը կազմում է մոտ 16 մլն դոլար), ինչպես նաև հեռադիտակներ և սենսորներ՝ Safran ընկերությունից։ Բացի այդ, ստորագրվել է մտադրությունների հուշագիր՝ 2025-2027 թվականներին Հայաստանի կողմից MBDA ընկերությունից Mistral զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ, որոնց արժեքը, ըստ Reuters-ի, կազմում է մոտ 550 հազար դոլար՝ մեկ միավորի համար։

2026ի հուլիսին պաշտպանության նախարար Պապիկյանը հրապարակել է Հայաստանում «Արամազդ» անվանումը ստացած 155 միլիմետրանոց ֆրանսիական Caesar ինքնագնաց հրետանային կայանքի կիրառմամբ զորավարժությունների տեսանյութը։ Երկու տարի առաջ հայտնի դարձավ, որ Երևանը և Փարիզը պայմանագիր են կնքել KNDS ընկերության արտադրության այս 36 մեքենաների մատակարարման վերաբերյալ՝ դրանց համար զինամթերքով, և դրանց գոնե մի մասն արդեն գործում է։

Ավելի վաղ՝ մայիսի 5-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում ստորագրել էին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, որն ուղեկցվել է արհեստական բանականության, կիբերանվտանգության, կիսահաղորդիչների, ռազմական տեխնոլոգիաների և պաշտպանական համակարգերի ոլորտում հետազոտությունների, ռազմական համազգեստի մատակարարման և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի մեծ փաթեթով։ Ի թիվս այլ հարցերի՝ համաձայնեցվել է ֆրանսիական վեց Airbus H145M մարտական ուղղաթիռների մատակարարման պայմանագիրը և ռազմական գերատեսչությունների միջև ռազմատեխնիկական նորարարությունների, արհեստական ինտելեկտի և անօդաչու համակարգերի համատեղ զարգացման մասին հուշագիրը։

Այս և այլ սպառազինությունների առաքումը Փոթիով չի նպաստում ադրբեջանա-վրացական երկխոսության և ադրբեջանա-ֆրանսիական երկխոսության դրական մթնոլորտին, ինչպես նաև Փարիզի հրաժարումը՝ համաձայնություն տալ ՆԱՏՕ-ի հետ Ադրբեջանի նոր «անհատական հարմարեցված գործընկերության ծրագրին» (ITPP)՝ մերձկասպյան երկրում Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման պատրվակով։

Դա, սակայն, չի խանգարում Ալյանսի լայն համագործակցությանը՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Երևանի հետ՝ ներառյալ պաշտպանական պլանավորումը, զորավարժությունները և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։ ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Իսրայելի հետ Ադրբեջանի ամրապնդվող համագործակցությունը վկայում է տարածաշրջանային առաջնահերթությունների տեղաշարժի մասին՝ ոչ միայն Հայաստանի, այլև հարևան այլ երկրների հետ հավանական առճակատման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանը, ապա չի բացառվում, որ այն մեծ հարցականի տակ դրվի 2027 թվականին Ելիսեյան պալատից Նիկոլ Փաշինյանի հանդեպ իր համակրանքը չթաքցնող Էմանուել Մակրոնի հեռանալուց հետո։ Շատ հավանական է, որ աջակողմյանները՝ Մարին Լը Պենի գլխավորությամբ, այնքան էլ սենտիմենտալ չեն լինի՝ հեռավոր կովկասյան երկիր ռազմական մատակարարումները դնելով ավելի ռացիոնալ և պրագմատիկ հիմքերի վրա։

Հ. Գ. Հոկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԱՖԴ) հետ 250 մլն եվրոյի վարկային համաձայնագրի ստորագրմանը: Պաշտոնական նպատակը 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումն է։ Մարման ժամկետը 20 տարի է, առաջին 5 տարին արտոնյալ է, մայր գումարը մարվում է 30 հավասար կիսամյակային վճարումներով, տոկոսադրույքը լողացող է և այժմ կազմում է մոտ 5,12%: Կառավարությունը փոխառու կապիտալ է ներգրավում քաղաքական նպատակների համար տրված ընթացիկ խոստումները ծածկելու համար, փաստում է ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը. Արդյունքում՝ ֆինանսական բեռը կընկնի ապագա սերունդների վրա:

«Ապագայում Հայաստանը չի ունենա եկամուտներ ստեղծող տնտեսություն, այլ կմնա միայն պարտավորությունների մարման բեռը»:

Տիգրան Բաղրամյան

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Greg Madatian:
Related Post