Հոկտեմբեր 4, 2026
«ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին կարող էր չեղարկվել հենց այն հիմքով, որ նրա ծրագրում եկեղեցու վերաբերյալ հակասահմանադրական դրույթ կար, որը հետո դարձավ կառավարության ծրագրի մաս: Ալեն Սիմոնյանը տգիտություն է ասում: Կառավարման մանդատը տարածվում է այն մարմինների վրա, որոնք իրեն ենթակա են: Թե չէ՝ նույն հաջողությամբ կարող են ասել՝ մանդատ եմ ստացել, հաղթել եմ, ուրեմն Հայաստանի Հանրապետությունը լուծարում եմ: Եկեղեցու վերաբերյալ ինչ հոդված էլ լինի, Սահմանադրության 17-րդ հոդվածին չի կարող հակասել: Ինչևէ, ծրագիրը կա: Կանգնած ենք շատ վտանգավոր հանգրվանի առաջ:
Ասեմ՝ եկեղեցու հարցով ի՞նչ է անելու: Ֆեյքերի ՊՈԱԿ-ի կողմից կազմած հակաեկեղեցական այդ խայտառակ զեկույցի հիման վրա ԱԺ-ում շատ արագ քննիչ հանձնաժողով են ստեղծելու, դրա հիման վրա օրենք են փոխելու, ընդունելու են ֆեյք օրենք, ինչի հիման վրա ուժայինները, բարաթը ձեռքներին, գրոհելու են Մայր Աթոռի ու Վեհափառի դեմ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակման 2-րդ ալիքին:
Վերջինս նկատեց՝ գուցե կոպիտ հնչի, բայց ասեմ՝ Նիկոլին հաջողվել է մասամբ կռտել մեր հասարակությանը:
«Նիկոլը բաց բաժնետիրական ընկերություն է (ԲԲԸ), որտեղ փայ ունեն ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Ադրբեջանը և Թուրքիան: Հիմա այս ԲԲԸ-ն ահագին հաջողել է կռտել մեր պետության հիմքերը: Եվ այդ պարագայում ես չեմ համարձակվի մտածել, որ Նիկոլը ձախողելու է…
Ժողովուրդ, հիմա մեր քաղաքակրթական պայքարը Բաղրամյան պողոտայում կամ Երևանի կառավարության շենքի մոտ պիտի տանենք: Եթե այն թողեցինք Մայր Աթոռի պատերի տակ, ցավոք սրտի, այդ ճակատամարտի ելքը կանխորոշված է լինելու»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
—