Հոկտեմբեր 4, 2026
Հոկտեմբերի 1-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասել էր, որ 2027-ի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա՝ սոցիալական փաթեթների չեղարկման և թաղման նպաստների կրճատման հաշվին։ Թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ ուղղվելու է կենսաթոշակների ավելացմանը։
Նա նաև ասել էր, որ հունվարի 1-ից թաղման նպաստը համատարած տրամադրելու փոխարեն՝ այն տրամադրվելու է միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների ընտանիքներին։
Կենսաթոշակների բարձրացման ծրագրի շրջանակում պետական բյուջեից լրացուցիչ հատկացվելու է մոտ 5,5 մլրդ դրամ։ Նախարարի փոխանցմամբ՝ նվազագույն կենսաթոշակը, որն այժմ 46,000 դրամ է, դառնալու է 47,000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի հաշվարկում յուրաքանչյուր տարվա համար նախատեսվում է 500 դրամի ավելացում։ Զուգահեռաբար՝ բարձրացվելու են նաև զինվորական կենսաթոշակներն ու տարատեսակ նպաստները։
Կառավարությունը որոշել է դադարեցնել նաև 2012-2013-ից գործող սոցիալական փաթեթի ծրագիրը՝ հաշվի առնելով պետական համակարգում աշխատավարձերի աճն ու առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը։
«Շահառուների բանկային հաշիվներում կուտակված շուրջ 13 մլրդ դրամը պահպանվելու է, իսկ դրանց ծախսման ուղղությունները կսահմանվեն կառավարության առանձին որոշմամբ»,- նշել էր Թորոսյանը։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի բնորոշմամբ՝ նույնիսկ ոչ մասնագետ մարդկանց համար խնդիրն այն է, որ իբր մի բան կտրում են, մեկ այլ բան՝ ավելացնում, սակայն իրականում այդ թվերն այլ թվեր են։
«Նայեք թվերին, նախորդ տարի 24 հազար քաղաքացի մահացել է, գումարը կազմել է մոտավորապես 4 մլրդ 200 մլն դրամ։ Հիմա, երբ հայտարարվում է, որ 1000 դրամով բարձրացնելու են նվազագույն կենսաթոշակը, ապա ասեմ՝ նվազագույն կենսաթոշակ ստանում է 73 հազար քաղաքացի, որը եթե բազմապատկում ենք 1000 դրամով ու 12-ով, ստացվում է 876 մլն դրամ մեկ տարվա համար։ Այսինքն՝ նախկին 4 մլրդ 200 միլիոնի փոխարեն՝ 9 000 մլն դրամ։ Մոտավորապես 3 մլրդ դրամի չափով քաղաքացիներից գումար են հետ գանձում՝ գողություն են անում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Կամենդատյանը։
Ըստ տնտեսագետի, այնպես են անում, որ մարդիկ սկսեն խոսել, որ իշխանությունն իրենց կենսաթոշակը 1000 դրամով բարձրացրել է, և ասեն՝ «ով ուզում է՝ թող մեռնի, իմ գումարը 1000 դրամով ավելացել է»։
Նա հիշեցրեց, որ պետական համակարգում աշխատող 162 հազար քաղաքացիների սոցիալական փաթեթն են վերացնում ամբողջովին։
«Այստեղ էլ «տնտեսում» են անում, մոտավորապես 9,5 մլրդ դրամ։ Սա այն սոց. փաթեթն է, որի հայտարարագրման համար մարդիկ 1000 հազար դրամ հետ էին ստանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ են անում. մեկ անգամ գումարը տալիս են, խաբում, գրանցել են տալիս, ասում են՝ ռեֆորմը հաջողվեց, բայց հաջորդ տարի դա հանում են, սա խաբեբայություն է, այլ ոչ թե ռեֆորմ։
Իսկ ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ընթացքում թոշակների 10 000-ով դրամ բարձրացմանը, ապա դա իրենք չեն բարձրացրել։ «ՀայաՔվեն» 6 ամիս շարունակ պայքարում էր, ժողովրդին ոտքի հանում, մարդկանց բացատրեց, ու մարդիկ սպասում էին՝ բացատրություններ ստանալ իշխանություններից, հանկարծ նախընտրական քարոզարշավի ընթացքում թոշակները բարձրացրեցին»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տնտեսագետի բնորոշմամբ՝ իշխանությունում խաբեբաների խմբակ է, հետևաբար՝ ժողովրդին խորհուրդ կտա, այսպես կոչված, «ռեֆորմներին» վերաբերվել՝ որպես հերթական հաբեբայություն։
«Մարդկանց մի մասն ասում է՝ թող իմ 1000 դրամը տան, ջհանդամ, թե մարդու թաղում կկատարե՞ն, թե՞ սեղանին կմնա։
Այդքան գումարը կտրում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնեն։ Նույն Արսեն Թորոսյանի աշխատավարձը դառնալու է 1 մլն 800 հազար դրամ՝ առանց պարգևավճարի, իսկ պարգևավճարով կստանա մոտ 2,5-3 մլն դրամ։ Հիմա արդա՞ր է, թե՞ արդար չէ, եթե արդար է, թող վերցնեն իրենց 1000 դրամներն ու ուրախանան, Արսեն Թորոսյանն էլ իր, ենթադրենք՝ 3 միլիոնը վերցնի, ուրախանա»,- ընդգծեց Հրայր Կամենդատյանը։
—