X
    Categories: News

Ի՞նչ է եղել մեծ պայթյունից առաջ, որտե՞ղ են այլմոլորակայինները, և ինչպե՞ս է առ

Հոկտեմբեր 4, 2026

168TV-ի «Մարդիկ» հաղորդաշարի զրուցակիցը ԲԱ աստղակենսաբանության, աստղաքիմիա և արտարեգակնային մոլորակներ բաժնի վարիչ Արարատ Եղիկյանն է։

– Ե՞րբ և ինչպե՞ս գրավեց Ձեզ Տիեզերքը։

– Ճիշտն ասած, ուզում էի բժիշկ դառնալ, ոչ թե ֆիզիկոս, բայց հետո հասկացա, որ բժիշկը զբաղվում է մարդկանցով, իսկ մարդիկ ովքե՞ր են, մեր երկրի բնակիչներն են։ Երկիրը որտեղի՞ց։ Այդպես հասա աստղագիտությանը։ Երկրի առաջացման հետ կապված հարցերը միանգամից հասկացրեցին ինձ, որ պետք է զբաղվել աստղագիտությամբ։

– Դրա համար Ձեր ուշադրության կենտրոնում աստղաքիմիա՞ն է։

Կարդացեք նաև

  • Հետմահու կյանքը և դրա ապացույցները
  • Մեր բյուջեն տրվում է աշխատավարձ ու կոմունալ ծախսեր վճարելու համար. Արեգ Միքայելյան
  • ԵԹԵ ԷՍ ԽԵԼՔԸ ՈՒՆԵՆԱՅԻ, ՏԵՆՑ ՀԻՄԱՐ ՔԱՅԼԻ ՉԷԻ ԴԻՄԻ. Ո՞ՒՄ ՀԱՎԱՏԱՍ. ՍՈՆԱ

– Սկզբում՝ դասական աստղագիտությունը, հետո բացվեց աստղաքիմիայի, աստղաֆիզիկայի բաժինն ու սահուն անցում եղավ դեպի աստղաքիմիա։ Այն ուսումնասիրում է տարբեր բաներ, նույնիսկ սառը աստղերի մթնոլորտներում առկա քիմիակա միացությունները։ Իմ դեպքում՝ բարդ քիմիական միացությունների առաջացման, գոյատևման և զարգացման առանձնահատկությունները՝ ամբողջ Տիեզերքի տարիքում։ Շեշտեմ, որ Տիեզերքի տարիքը հիմա գնահատվում է 13,8 միլիարդ տարի, բայց չհարցնեք, թե դրանից առաջ ի՞նչ է եղել։

– Ճիշտն ասած, ուզում էի հարցնել։ Դեռ ուսումնասիրո՞ւմ են գիտնականները։

– Միշտ էլ ուսումնասիրում են։ Դա գիտնականների ճակատագիրն է։ Պետք է ուսումնասիրեն, հասկանան, տեսություններ ստեղծեն։

– Հիմնականում ասում են՝ մեծ պայթյուն է եղել, այդպես առաջացել է Տիեզերքը։

– Այո, մեծ պայթյուն, որը ֆիզիկոսներն ասում են ֆազային անցում ինչ-որ բանից, որը չգիտենք։ Ինչո՞ւ չգիտենք, որովհետև առնվազն պետք է կարողանալ գրել վիճակի հավասարումը, որը ճնշումը ջերմաստիճանի հետ կապող բանաձևն է։ Քանի որ մինչև մեծ պայթյունի նյութի վիճակի համար մենք դա չգիտենք, ուրեմն ֆիզիկայի համար դա անծանոթ բան է։ Դրա համար անվանում ենք ֆազային անցում՝ մի բան, որի լայնացումից է սկսվում այսօրվա Տիեզերքը։ Մենք հիմա համոզված ենք, որ տարբեր տեսություններում գոյություն ունեն տարբեր Տիեզերքներ, բայց ինձ համար ավելի հաճելի է մտածել, որ կա մեկ Տիեզերք, որի սկզբնական պայմանները բնությունն է դրել։

– Շատ է քննարկվում կյանքի առաջացումը, և գիտնականներն առաջ են քաշում այն վարկածը, որ գուցե աստերոիդներն են պատճառ դարձել։

– Քանի որ Տիեզերքից սկսեցինք, միանգամից ասեմ, որ մեր բաժնում կատարվող հետազոտությունների համաձայն՝ Տիեզերքի գոյատևման 13,8 միլիարդ տարիների առաջին կեսը բարենպաստ չէր բարդ քիմիական միացությունների գոյատևման համար։ Այսինքն, իրենք կարող էին առաջանալ, բայց շատ արագ քայքայվել։ Զարգացում չկար դեպի բարդ քիմիական միացություններ, իսկ մեր կյանքը սպիտակուցային բնույթի է, որոնք բարդ քիմիական միացություններ, ամինաթթուներ են, ածխաջրածիններ և այլն, ու դրանց զարգացումն արգելակվում էր կոշտ ճառագայթման առկայության պատճառով։

Եզրահանգումը դիտումների արդյունքում է՝ նաև Տիեզերքի տարիքի դեպքում։ Ինչ վերաբերում է կյանքին, ապա առաջին կեսը բարենպաստ չէր, երկրորդ կեսում Տիեզերքը հանգստացավ, բարդ քիմիական կոմպլեքսների հնարավորություն ստեղծեց, մեր Արեգակն առաջացավ, կողքը՝ մոլորակները, և Արեգակից հաշված թվով 3-րդ մոլորակի՝ Երկրի վրա, 3,8 միլիարդ տարի առաջ գրանցվեցին առաջին կենսաքիմիական ռեակցիաներով անցած մոլեկուլների հետքերը։

– Քանի որ ուսումնասիրում են երկնաքարերը, վերջերս հայտնաբերել էին ամինաթթուներ, ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի հետքեր։ Այսինքն, դա կարող է կապ ունենալ կյանքի առաջացման հետ։

– Նախ Երկիրն առաջացման պահին շատ տաք էր, դրա համար որոշակի քիմիական միացություններ, մենք կարծում ենք, որ բերվել են Երկրի վրա։ Որտեղի՞ց են բերվել՝ աստերոիդների, գիսավորների միջոցով։ Դրանք առաջացրել են Ձյան գիծը (Snow line) նախարեգակնային համակարգում։ Սկավառակում արեգակին մոտ սառույցները, որոշ քիմիական միացությունները քայքայվում էին։ Իսկ արեգակից հեռու՝ սառը պայմաններում մնում էին։ Հաշվարկների համաձայն՝ Մարսի և Յուպիտերի արանքում հենց գիսավորներն էլ առաջացրել են հսկա մոլորակները։ Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս՝ երկրի տիպի մոլորակները փոքր զանգվածով, և Յուպիտեր, Սատուրն, Ուրան, Նեպտուն՝ հսկա մոլորակներն են։ Մեծ զանգվածը հնարավորություն է տվել ջրածնի և հելիումի թեթև գազերը պահել։ Դրա համար են Երկրի տիպի մոլորակները բաժանվում հսկա մոլորակներից։ Կենսամոլեկուլները բերվել են Երկիր, կուտակվել ու ինչ-որ պահից գրանցվել են որպես ինքնավերարտադրվող համակարգ, որը կյանքն է։ Բայց պատահական չէ ինքնավերարտադրվում. համաձայն գենետիկ կոդի է։ Գենետիկ կոդի առաջացման մեխանիզմները մեզ հայտնի չեն։ Գենետիկ կոդը նշանակում է, որ միկրոբից միկրոբ է առաջանում, մանրէից՝ մանրէ, ճանճից՝ ճանճ, փղից՝ փիղ, և մարդուց՝ մարդ։

– Ստացվեց՝ բոլոր մարդիկ ունեն նույն գենետիկ կոդը։

– Առանձնահատկություններ կան, բայց ինքնավերարտադրումը թույլ է տալիս՝ համաձայն մոլեկուլում գրանցած օրենքների։ Գիտնականները տեսնում են, թե ինչպե՞ս է դա գործում, բայց առաջացման առումով դեռ շատ հանելուկներ կան, որոնք պետք է լուծել։

– Այսինքն, կյանքի համար ամենաբարենպաստ վայրը Երկիրն էր։ Մարսում, Վեներայում իզո՞ւր են ուսումնասիրություններ կատարում։

– Իզուր չեն կատարում. մոլորակների համեմատությունը շատ կարևոր է՝ Երկիրը, կլիման, դրա փոփոխությունները հասկանալու համար։ Երկրորդ՝ կա «Կյանքի գոյատևման շրջանը» (աստղագիտության մեջ հայտնի է որպես Habitable Zone կամ Goldilocks Zone) Արեգակի շուրջ, որը Ձեր ասած Վեներայի ու Մարսի արանքում է, ու ամենահարմար տեղը Երկիրն է։ Ինչո՞ւ։ Բացի կյանքը ստեղծող մոլեկուլներից՝ այստեղ ամենակարևորը հեղուկ ջրի առկայությունն է։ Մարսի վրա էլ կա ջուր՝ սառույցի ձևով։ Եթե հալչի՝ 10 մետր շերտով ամբողջ մոլորակը կծածկվի։ Վեներայի վրա էլի ջուր կա, բայց լրիվ գազային մթնոլորտում։

– Մարսի դեպքում էլ թթվածնի խնդիր կա, մարդկանց չեն կարող տեղափոխել։

– Դեռ չենք կարող, բայց եթե ուզենանք՝ կարող ենք։ Կարող ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի մարդը կարողանա շնչել։ Դրա համար ի՞նչ է պետք՝ ուղարկել նյութեր, որոնք թթվածին են ստեղծում, սպասել, տեսնել՝ փոխազդո՞ւմ, թե՞ քայքայվում են ուլտրամանուշակագույն ջերմաստիճանից, հետո նորից սինթեզվում։ Եթե օջախ կա, որը թթվածինը ստեղծում է՝ վաղ թե ուշ Մարսի մթնոլորտը կխտանա, որն իր հերթին՝ կբերի որոշակի փոփոխությունների և, ի վերջո, մթնոլորտի ճնշումը, ջերմաստիճանը կբարձրանա հարմար ձևով, և վերջը պարզ է՝ Մարսի վրա կարելի է ստեղծել պայմաններ։ Դա շուտ չի լինի, առնվազն 10,000 տարի պետք է, որպեսզի մեր տեխնիկայով կարողանանք սկիզբը դնել։

Բայց Մարսի վրա հեղուկ ջուր եղել է: Ամերիկյան և սովետական Մարսը հետազոտող ավտոմատ կայաններից մենք տեսնում ենք այն հետքերը Մարսի մակերևույթի վրա, որոնք միայն հոսող ջուրը կարող էր թողնել։ Հրաբխային լավաները նման հետքեր չեն թողնում։ Նման հետքը նշանակում է չորացած գետի հուն։

– Ամենայն հավանականությամբ, Մարսում կյանք չի եղել։

– Կյանք եթե եղել է, ապա մանրէի ձևով։ 1995թ․ ԱՄՆ նախագահ Քլինթոնը շնորհավորեց ամերիկացի գիտնականներին, որոնք իբր թե ապացուցել էին, որ Մարսի վրա կյանք կա։ Ինչպե՞ս դա պարզվեց։ Մարսի վրա բախվում են երկնաքարեր, որի արդյունքում դուրս են շպրտվում բեկորները, որոնք կարող էին տեղափոխվել Երկիր։ Անտարկտիդայում գտնված երկնաքարն ուսումնասիրվել էր գիտնականների կողմից, ու գտել էին 5 առանձնահատկություն, որոնք իբր բնորոշ էին կենդանի օրգանիզմների հետքերին։ Հետքերը վկայում էին քարացած միաբջջանի օրգանիզմներին։ Հետո բարդ քիմիական միացություններ, մագնետիդներ, մագնիսական հատկություն ունեցող գոյացությունների կուտակումները առաջ քաշվեցին։ Վեճը՝ դրանք կյանքի հետ կապ ունե՞ն, թե՞ ոչ, շարունակվում է առ այսօր։ Ինչո՞ւ չէ՝ կյանքը կարող էր գլուխ բարձրացնել, հենց հարմար պայմաններ են եղել։

– Հնարավոր է՝ մարդիկ էլ են եղել։

– Միաբջջանի օրգանիզմները պետք է անցնեին ճանապարհ դեպի բազմաբջջանի։ Երկրի տարիքը 4,5 միլիարդ տարի է։ Միաբջջանի կյանքը առաջացել է 3,8 միլիարդ տարի առաջ, որոնք ի վերջո բերել են թթվածնի կուտակմանը Երկրի մթնոլոտում, հետո տեղի է ունեցել միաբջիջներից անցումը բազմաբջիջների, որոնք տարբեր փոփոխություններ կրելով՝ ի վերջո բերել են հսկա սողունների՝ դինոզավրերի առաջացման, որոնք իշխել են ամենուրեք։ Մեկ էլ 65 միլիոն տարի առաջ ինչ-որ բան պատահեց․ երեք հսկա գիսավորներ բախվել են Երկրի հետ, ու դինոզավրերից հետո տեղ բացվեց կաթնասունների համար։ Սողունների ժամանակ էլ են դրանք եղել, բայց փոքրիկ, ու երբ «թշնամիները» վերացան, իրենք զարգացան ու մի քանի միլիոն տարի առաջ մարդանման կապիկներն ի հայտ եկան, և ինչ-որ տեղ, սկսած մոտավոապես 2,8-3 միլիոն տարի առաջ, մարդանման կապիկն արդեն փոխվել է նախամարդու։ Ժամանակակից մարդու մասին խոսելու համար պետք է խոսենք մոտավորապես 100․000 տարի մեզանից առաջ ընկած ժամանակահատվածի մասին։

– Ամեն դեպքում մարդն առաջացել է կապիկից։

– Կենսաբանական նմանություն կա. օրգանիզմի կառուցվածքով և այլն, բայց հոգու հետ կապված առաջացման խնդիրն առ այսօր հանելուկ է։ Խոսքն ինտելեկտի, մտքի զարգացման մասին է։

– Անընդհատ խոսում են այն մասն, որ հնարավոր է՝ աստերոիդները բախվեն Երկիր մոլորակին, և ի վերջո ավարտվի ամեն ինչ. հնարավո՞ր է նման բան։

– Իհարկե, ինչ ստեղծվում է՝ կարող է նաև քայքայվել։ Միջմոլորակային տեղափոխությունները կատարվում են արեգակնային այս հատվածին բնորոշ արագություններով։ Հայտնի է, որ 10 կմ-անոց գնդեր են բախվել Երկրի հետ՝ մի քանի միլիարդ տարի առաջ։ Նման բախումներ հնարավոր են, բայց ամենավտանգավոր բախումները տեղի են ունեցել շատ ավելի վաղ, քան մարդկությունն ի հայտ է եկել։

Պարբերաբար ասվում է, որ Երկրի մոտով անցավ վտանգավոր տիեզերական օբյեկտ։ Այնքան էլ վտանգավոր չեն, որովհետև առնվազն Լուսնի ուղեծրի հեռավորության վրա են անցնում, այսինքն, մի քանի 100․000 կմ։

Զարգացած երկրները մտածում են, թե ինչպե՞ս խուսափեն դրանից։ Աստերոիդներն ավելի շատ ապարներից են բաղկացած, իսկ գիսավորները ձնագնդեր են։ Առաջարկվում է լուրջ գնդացիր բարձրացնել ուղեծիր ու կրակահերթով ցրել այդ գիսավորը։ Աստերոիդների դեպքում առաջարկվում է հրթիռներ իջեցնել մակերևույթի վրա, հնարավորություն ստեղծել, որ աստերոիդը մի քիչ շարժվի, ու դա կատարվում է ավելի հեռու, քան Երկրի հետ բախման կետն է։ Գիտնականները զբաղվում են դրանով։

– Բյուրականի աստղադիտարանն ունի՞ հնարավորություն՝ մասնակցել այս գործընթացներին, կատարել գրանցումներ։

– Երկու աստղադիտակ կա, մեկը Շմիդտի 2,6 մետրանոցն է, որի միջոցով Մարգարյանի գալակտիկաներն են հայտնաբերվել։ Կա ևս մեկ դիտակ, որն այդ հարցերով է զբաղվում։ Քանի որ Ռուսաստանի հետ միասնական ցանց է, կարևոր են արբանյակների գրանցումները, այդ թվում՝ նաև ռազմական նպատակներով։ Շատ կարևոր է իմանալ դրանց կոորդինատները և հաղորդել հավաքագրման կենտրոն։ Հենց հիմա մշակվել և շահագործման են հանձնվում դիտակներ, որոնց նպատակն է՝ գրանցել բոլոր վտանգավոր օբյեկտները։ Մենք այդ դիտակներից չունենք, բայց ցանցի մեջ ենք՝ զարգացած երկրների հետ միասին։ Կտեսնեն, կնկատեն և գիտնականները միասին կսկսեն մտածել՝ ինչ անել։ Դա միայն ինժեներական խնդիր չէ, գիտական է։ Չեն կարող ատոմային ռումբ տանել ու պայթեցնել. բեկորները կթափվեն Երկրի վրա, չէ՞։ Պետք է ամեն ինչ հասկանալ հետևանքների վերաբերյալ, որպեսզի պատվով դուրս գանք այդ փորձանքից, որովհետև գլոբալ աղետը մնում է գլոբալ։ Եթե 10կմ-անոց աստերոիդը հենց հիմա բախվեր Երկրին՝ այդ կետում ջերմաստիճանը կլիներ 50․000 կելվին։ Օվկիանոսներն այդ մասում կգոլորշիանային, ու դա գլոբալ աղետ է։

– Ուսումնասիրություն եք կատարել օզոնի շերտի հետ կապված և նշել եք, որ այն վտանգված է։

– Այո։ Օզոնի բաղադրությունը մթնոլորտում տատանվում է տարբեր ուղղություններով։ Հատկապես Հարավային բևեռի շրջակայքում պարբերաբար դիտվում է, բայց սեզոնային բնույթ է կրում։ Այդ անցքերը որոշակի ժամանակ հետո նորից փակվում են, այսինքն՝ օզոնն աճում է։ Օզոնը թթվածնի մոլեկուլ է, բայց շատ կարևոր է ուլտրամանուշակագույն ճառագայթը մեր մթնոլորտում կտրելու համար։ Դրա համար օզոնային շերտի համար առաջին վտանգը գալիս է այդտեղից։ Այն շատ կարևոր է նաև Հայաստանի համար։ Աստղադիտարանը հենց հիմա ունի հնարավորություն՝ իր դիտակներով գրանցել օզոնի շերտի տատանումները Հայաստանի տարածքում։ Մենք ԲԱ տնօրենի հետ ծրագիր ենք կազմել, թե ինչպե՞ս կարելի է ամեն օր դիտել, գրանցել, տեղեկացնել բժիշկներին։ Ծրագիրը պատրաստել ենք, բայց արձագանք չկա, ասում են՝ փող չկա։ Մենք գիտության համար չէ, առողջության հետ կապված հետազոտություն կատարելու համար ենք փող ուզում։

– Ուլտրամանուշակագույն ճառագայթները մեզ մոտ ուժեղ են, որովհետև ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա ենք։

– Գիտնականների ուշադրության կենտրոնում են էկզոմոլորակները կամ արտարեգակնային մոլորակները։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում։

– Արտարեգակնային մոլորակները մոտ 8000 են, բայց անընդհատ թիվն աճում է։ Երկրին նմանները քիչ են, երևի 10 տոկոսը։ Դրանցից մի քանիսը գտնվում են Habitable Zone-ում, այն շրջանում, որը բարենպաստ է հեղուկ ջրի համար։ Այսինքն, կյանք կարո՞ղ է այդտեղ զարգանալ, թե՞ չի կարող, դեռ պարզ չէ, հետազոտությունները նոր են արվում՝ առաջին հերթին կապված իրենց մթնոլորտների հետ։ Եթե մթնոլորտում կա մեթան, ուրեմն մոտենում ենք կյանքի կրիչներին, իսկ եթե կա թթվածին, օրինակ, Երկրի մթնոլորտի թթվածինը լրիվ կենսաբանական աղբյուրից է գալիս։ Մեր մթնոլորտի 22 տոկոսը, որը թթվածինն է, մեծ մասը գալիս է օվկիանոսի պլանկտոնից, մնացած մասը՝ բույսերից, և այլն։

Կուզենայի շեշտել ուրիշ բան․ եթե մեր երկրի ռադիոկայանները, ռադիոդիտակները մտովի տեղադրենք այդ մոլորակների ուղեծրերի մոտ, իրենք մեր հեռուստահաղորդումները կգրանցեին։

– Գիտնականներն ինչպե՞ս են ընտրում՝ այդքան արտարեգակնային մոլորակներից ո՞րն ուսումնասիրեն։

– Առաջին հերթին նրանք, որոնք կյանքի հետ կապ ունեցող գազեր են պարունակում։ Բայց դեռևս չեն եղել այնպիսի ազդանշաններ, որոնք կասեն՝ այստեղ զարգացած քաղաքակրթություն կա կամ եղել է։ Հայտնի պարադոքս է՝ կոչվում է Ֆերմեի պարադոքս։ Ձևակերպել են այսպես. եթե կան այլմոլորակայիններ, ապա ո՞ւր են։ Որևէ գրանցված դրսևորում չկա, որը կապ ունի զարգացած կյանքի հետ՝ առնվազն մեր գալակտիկայում, և դա նշանակում է, որ պրակտիկորեն մենք միայնակ ենք։ Դա ես մյուս կողմից եմ փորձում բացատրել. որովհետև մենք արեգակի տիպի աստղի շուրջ ենք զարգացել, որը 5-6 միլիարդ տարեկան է, և, այսպես թե այնպես, Տիեզերքի առաջին կեսը բարենպաստ չէր կյանքի համար։ Դրա համար, եթե կան զարգացած քաղաքակրթություններ, ուրեմն մեր տարիքի ու մեր խելքի են։

– Ինձ թվում է՝ այլմոլորակայինները մեզանից խելացի են։

– Բայց ես բացատրեցի, չէ՞, ինչու խելացի չեն։ Ծեր աստղեր կան, բայց պայմանները բացառում են կյանքի գոյությունը։ Գիտությունը չի բացառում այն, որ այլմոլորակայիններ կան, բայց պահանջում է, որ գրանցվեն գիտությանը բնորոշ խիստ լեզվով։

Ասեմ՝ հայտնի բան էր, որ թռչող ափսեների գրանցման թիվը ժամանակի մեջ ավելանում էր կամ պակասում։ Հետո նստեցին ու սկսեցին գրանցել՝ այս ամիսներին շատ էր, հետո քիչ էր, և այլն։ Հետո հասկացան, որ սա նույն գրաֆիկն է, ինչ տիեզերական հրթիռների թռիչքների դեպքում է։

3 աստիճան հրթիռ է՝ երկուսը աշխատում, թափվում են ներքև, ու այդ պահերին թռչող ափսեների գրանցման քանակը շատանում է։ Բայց այդ հետազոտությունների մեջ մի քանի տոկոսը մնաց, որ ոչ մի բանով չէր բացատրվում։

– Տիեզերքում ի՞նչն է Ձեզ համար ամենաառեղծվածայինը։

– Մարդու գոյությունը՝ առանձին վերցված մոլորակի վրա։ Մարդու հետ կապված բոլոր հարցերը հանելուկներ են։ Այդ թվում՝ նաև մարդու փոփոխությունը։ Հայտնի չէ, թե ինչպե՞ս է լինելու արհեստական բանականության հետ փոխհարաբերությունը։ Կա գիտական հետազոտման կարիք, որի համար երիտասարդներ են պետք։ Հայաստանում քիչ են երիտասարդները, որոնք ուզում են գիտությամբ զբաղվել։ Աստղագիտության դեպքում մի առանձնահատկություն կա․ գիշերը դուրս ես գալիս, գլուխդ բարձրացնում ես վերև, աստղային երկինքն իր ամբողջ գեղեցկությամբ գլխավերևում է։ Եթե գիտությունը պետք է Հայաստանին՝ լուրջ պետք է զբաղվել դրանով։ Եթե պետք չէ՝ ուրիշ երկրներին կնմանվենք ու առևտրով կգնանք առաջ։ Դա էլ է ճանապարհ, պետք է ընտրություն կատարել. իշխանությունները թող կատարեն։

– Երկնքին նայելուց առաջ պետք է ֆիզիկա, քիմիա իմանան, որ հետո դառնան աստղագետ։

– Դիտող աստղագետ լինելու համար պետք է ընդամենը ցանկություն ունենալ։ Աստղագետ լինել նշանակում է՝ լինել երիտասարդ, ով ոգևորված է գեղեցկությամբ, որն ուզում է գրանցել։ Դա հերիք է, որ իրենց ասեք՝ սկսնակ դիտող աստղագետ։ Հետո կզարգանա, ֆիզիկայից, քիմիայից, մաթեմատիկայից գրքեր կկարդա, կսովորեցնենք՝ ինչպես պատկերը մշակել, զարգացնել։

– Այսինքն, եթե մի երիտասարդ գա ու ասի՝ ես սիրում եմ նայել երկնքին, արդեն գործ ունի։

– Ինքը դեռ գործ չունի, անզեն աչքով նայելը քիչ է։ Հեռադիտակ, աստղադիտակ պետք է լինի, զանգի աստղադիտարան ու ասի ցանկության մասին, որից հետո կապ կհաստատենք նրա հետ։ Բայց կարևորը հստակեցված ձգտումն է դեպի սքանչելի աստղային երկինքը։ Առանց այդ սիրո հնարավոր չէ։

—

Aram Torosian:
Related Post