X
    Categories: News

Ատոմային էներգետիկայի ապագան Հայաստանում. Երևանում կգերիշխի՞ պրագմատիկ մոտեցո

Հոկտեմբեր 4, 2026

Հայաստանին անհրաժեշտ է 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայան, նախօրեին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դրա պատճառն արհեստական ինտելեկտի ենթակառուցվածքի զարգացումն է։ Դեռ վերջերս իշխանությունները մտածում էին, թե ինչպես տնօրինել էլեկտրաէներգիայի ավելցուկը, այժմ իրավիճակը փոխվում է. Հրազդանում կառուցվող տվյալների կենտրոնի (դատա-կենտրոնի) պահանջած էլեկտրաէներգիան կարող է չբավականացնել։

Ավելի վաղ Երևանում դիտարկում էին փոքր մոդուլային ԱԷԿ-ի այլընտրանքային տարբերակը՝ հավաստիացնելով, որ ռազմավարական որոշումն ընդունված է։ Դա հիմնավորվում էր անվտանգության մակարդակի բարձրացմամբ, ներառյալ՝ վթարի դեպքում տարհանման մասշտաբային գոտու անհրաժեշտության բացակայությունը և ճկուն գործառնական ռեժիմը, որը թույլ է տալիս օպերատիվորեն կարգավորել հզորությունը՝ կախված պահանջարկի արագ անկումներից։ Բայց հիմա գիծը կարծես փոխվել է, և այժմ, Փաշինյանի խոսքով, հաշվի առնելով նոր պահանջները, փոքր մոդուլային ԱԷԿ-ի հզորությունը կարող է չբավականացնել, ուստի խաղադրույքը դրվում է մեծ՝ «գիգավատտանոց» բլոկի վրա։

Երկու օր առաջ՝ 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի և Փաշինյանի ու նրա տեղակալ Մհեր Գրիգորյանի բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող միակ ատոմային ռեակտորի աշխատանքի մանրամասներն ու հեռանկարները։ Խոսքը Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի մասին է, որը կառուցվել է 1969-1980-ական թվականներին՝ այն ժամանակվա առաջադեմ տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք թույլ են տալիս կայանին աշխատել մինչև 9,5 բալ ուժգնությամբ երկրաշարժերի ժամանակ։ Կայանը բաղկացած էր երկու էներգաբլոկներից, որոնցից յուրաքանչյուրում գտնվում էր VVER-440 ռեակտորը՝ 407,5 ՄՎտ էլեկտրական հզորությամբ։ 1988 թ. դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ և դրան հաջորդած ժամանակահատվածում ատոմակայանն աշխատել է հաստիքային ռեժիմով։ Այնուամենայնիվ, անկախության առաջին տարիների նորահայտ «կառավարիչների» ուռճացված խուճապի և անգրագիտության ալիքի վրա որոշում կայացվեց դադարեցնել ռեակտորները։

1991-ին ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունը հայտնվեց էներգետիկ շրջափակման մեջ, ինչը պահանջում էր վերականգնել ատոմակայանի աշխատանքը, բայց առաջին բլոկն այլևս պիտանի չէր հետագա շահագործման համար։ Երկրորդ բլոկի վերականգնումը 1993-1995 թվականներին և դրա հետագա վերագործարկումը թույլ տվեցին մեծամասամբ լուծել էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները զինված հակամարտության և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից տրանսպորտային կոշտ շրջափակման պայմաններում։

Կարդացեք նաև

  • Ի՞նչ է սպասվում բնակարանային շուկային. Դեռ ինչքա՞ն կբարձրանան գները
  • Նիկոլն ո՞վ է, որ Կաթողիկոս նշանակի. գնում ես Եռաբլուր, տեսնում ես 2018-ի հետևանքը. Վահե Բեգոյան
  • Արցախի վրա հարձակվել են, ռազմական դրություն ես հայտարարել, բա երբ Հայաստանի տարածքների վրա էին հարձակվել, ինչո՞ւ ռազմական դրություն չհայտարարեցիր, Նիկոլ Փաշինյա՛ն. Էդգար Ղազարյան

2019 թվականի տվյալների համաձայն՝ գործող ռեակտորն ապահովում էր Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի արտադրության ավելի քան մեկ երրորդը (մոտ 34%)։ 2021 թվականին ռուսաստանցի ատոմագործները, Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, արդիականացրին ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը, իսկ Հայկական ԱԷԿ-ը «Ռոսատոմ Սերվիս» ԲԲԸ-ի հետ պայմանագիր ստորագրեց կայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին։ Դրա համար «Ռոսատոմը» շարունակեց կայանի անվտանգության համակարգերի կատարելագործման աշխատանքները։ Երևանում Ալեքսեյ Լիխաչովի վարած բանակցությունների ընթացքում հաղորդվեց ծրագրի հերթական փուլի ավարտի մասին, որի արդյունքներով Մեծամորի ԱԷԿ-ը ստացել է էներգաբլոկի հետագա աշխատանքի թույլտվություն՝ մինչև 2036 թվականը։

Տեսականորեն չի բացառվում բլոկի աշխատանքը նաև հաջորդ տասնամյակում (2036-2046 թթ.), սակայն դա կպահանջի զգալի ֆինանսական ծախսեր։ Լուրջ ներդրումներ կպահանջվեն անվտանգության ու ավտոմատիկայի համակարգերի արդիականացման, ռեակտորի իրանի կրկնակի թրծման, ինչպես նաև օգտագործված միջուկային վառելիքի պահպանման հզորությունների ընդլայնման և նորոգման համար։

Ամեն դեպքում, Ռուսաստանն աջակցում է գործող կայանի անխափան աշխատանքին՝ միաժամանակ գործընկերներին առաջարկելով «փորձարկված ատոմային տեխնոլոգիաներ հզորությունների տարբեր տիրույթներում, ներառյալ՝ մեծ, միջին և փոքր հզորության էներգաբլոկներ»,- նշվում է պետական կորպորացիայի հաղորդագրության մեջ։

Հայկական փորձագիտական միջավայրի որոշակի հատվածում կա ենթադրություն, որ «Ռոսատոմի» հետ Երևանի բանակցությունների կառուցողական ընթացքը թույլ կտա մասամբ մեղմել վերջին մի քանի ամիսների ռուս-հայկական հարաբերություններում առկա բացասական մթնոլորտը։ Բայց արդյո՞ք գործող իշխանության արևմտյան (ամերիկյան և եվրոպական) նորահայտ գործընկերները թույլ կտան նրան քայլեր ձեռնարկել՝ ուղղված երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Այս հաշվով մնում են մեծ կասկածներ՝ հաշվի առնելով նախկինում տրված կանխավճարները։ Ավելի վաղ Փաշինյանը նշել էր, որ մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններն ընթանում են 5 պոտենցիալ գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Տարեսկզբին Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնել էր ամերիկյան տեխնոլոգիաներով մինչև 5 մլրդ դոլարի փոքր մոդուլային ռեակտորների մատակարարման հնարավորության մասին։ Խոսվել էր նաև ևս 4 միլիարդ դոլարի վառելիքի մատակարարման և ռեակտորների սպասարկման պայմանագրերի մասին (ընդհանուր՝ 9 միլիարդ դոլար): Նա նույնիսկ համատեղ հայտարարություն ստորագրեց Փաշինյանի հետ՝ խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին (123 Agreement for Peaceful Nuclear Cooperation)։

Նիկոլ Փաշինյանը բազմիցս «գլխով» է արել անդրօվկիանոսյան գործընկերների ուղղությամբ, որոնք իբր զգալի հաջողությունների են հասել, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում մինչ օրս ոչ մի մոդուլային ռեակտոր այդպես էլ չի կառուցվել, և բացակայում է դրանց գործարկման ու արդյունաբերական շահագործման փորձը։ Շարունակվում են նաև բանակցությունները Փարիզի հետ։ Այսպես, անցած մարտին հաղորդվել էր, որ Հայաստանի իշխանությունները նախընտրում են նոր (մոդուլային) ԱԷԿ-ի կառուցումը վստահել Ֆրանսիային՝ ամերիկյան վարկային միջոցների հաշվին։ Փարիզում կայացած Ատոմային էներգիայի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իբր այդ հարցը քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, թեև բանակցությունների այս ասպեկտի մասին պաշտոնական տեղեկատվության մեջ չի հիշատակվել՝ ակնհայտորեն հարցի զգայունության և դրա ակնհայտ աշխարհաքաղաքական միջավայրի պատճառով։

Հիշեցնենք՝ մայիսին Երևանում կայացած Եվրոպական գագաթնաժողովի արդյունքներով (այն, որտեղ իր սկանդալային հայտարարություններով փայլեց Զելենսկին) Փաշինյանի կառավարությունը ողջունել է Եվրամիության աջակցությունը մինչև 2040 թվականը հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման գործում։ Կարելի է վստահորեն ենթադրել, որ Բրյուսելում կանեն առավելագույնն ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության կազմալուծման համար, այդ թվում՝ առկա ագենտուրայի օգտագործմամբ։ Բացի այդ, լավ հայտնի է Բաքվի և Անկարայի բացասական վերաբերմունքը հայկական տնտեսության առանցքային ճյուղերում և հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական ներկայության նկատմամբ։

Անցած օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ուղղակիորեն պահանջեց փակել Հայկական ԱԷԿ-ը՝ «առաջարկելով այլընտրանքային լուծումներ» Սյունիքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման տեսքով, ինչը, իբր, կարող էր օգտակար լինել նաև Հայաստանին։ Իհարկե, նման նախագիծը, նույնիսկ իրականացման դեպքում, չէր փոխհատուցի ատոմակայանի թափվող հզորությունները, բայց կնպաստեր Հայաստանի էներգետիկ կախվածության ուժեղացմանն արևելյան հարևանից։ Ավելին, որոշ ժամանակ անց Ադրբեջանի և Հայաստանի ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում առճակատման հռետորաբանության մակարդակը զգալիորեն աճել է։

Թուրքիան լիովին աջակցում է պաշտոնական Բաքվի՝ էներգետիկ ոլորտում ռուս-հայկական համագործակցության համահարթեցման գծին։ 2020-2023 թվականների իրադարձություններից հետո տարածաշրջանում նոր իրողությունները ենթադրում են առնվազն Երևանի ընկալունակությունը թյուրքական հարևանների կարծիքի նկատմամբ։

Հասկանալով մրցակցության անխուսափելիությունը՝ Մոսկվայում չեն բացառում պոտենցիալ հայկական նախագծում երրորդ երկրների կապալառուների մասնակցությունը, ինչին ուշադրություն է հրավիրում ՌԳԱ Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահե Դավթյանը. «Լիխաչովի գլխավոր մեսիջը, եթե չեմ սխալվում, հենց այն էր, որ միայն «Ռոսատոմ»-ը չէ, որ պատրաստ է ներգրավվել այդ նախագծի իրականացման մեջ»։ «Խոսքը կոնսորցիումի տրամաբանության մասին էր, որի շրջանակներում կարող են միավորվել ֆրանսիական, ռուսական, հարավկորեական, չինական և ամերիկյան տեխնոլոգիաները, ընկերություններն ու կապիտալը՝ հայկական միջուկային նախագիծն իրականացնելու համար»։ Նման հավասարակշռված մոտեցման օրինակ կարելի է համարել նաև Ղազախստանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունները՝ «Ռոսատոմի» ղեկավարությամբ միջազգային կոնսորցիումի ուժերով՝ ֆրանսիական, կորեական և չինական ընկերությունների մասնակցությամբ։ Փորձագետի կարծիքով՝ նման մոտեցում կարող էր կիրառվել նաև Հայաստանում բարի կամքի առկայության դեպքում. տասնամյակներ շարունակ միջուկային էներգետիկան մնում էր միջազգային համագործակցության հատուկ ոլորտ, որի շրջանակներում պետությունները համագործակցության ուղիներ էին գտնում նույնիսկ լուրջ քաղաքական-գաղափարական տարաձայնությունների խորապատկերին։

Այսպես թե այնպես, ռուսական առաջարկներին համաձայնությունը կնպաստի տնտեսական համագործակցության վերականգնմանը և երկրում իրավիճակի բարելավմանը։ Բայց արդյո՞ք մերձավոր և հեռավոր հարևանները թույլ կտան Փաշինյանի կառավարությանը որոշումներ կայացնել, որոնք բխում են հենց Հայաստանի ազգային շահերից։ Կարծում ենք՝ այս հարցի պատասխանին երկար սպասել չի մնացել, քանի որ ձգձգելն ու անվերջ հետաձգելն ակնհայտորեն չի ստացվի՝ առանց հերթական պարտության վտանգի։

 Դմիտրի Նեֆյոդով

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post