Հոկտեմբեր 2, 2026
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է, որ ցանկացած հայրենասեր ադրբեջանցի հպարտանում է այսօր իր պետությունով և պատերազմական իրենց հաղթանակներով:
Թե որն է հայրենասիրությունն ալիևյան ռեժիմի չափանիշներով, դեռ կանդրադառնանք:
Նույն ժամանակում Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հավելել է՝ իրենց անհանգստացնում է, որ «ռևանշիզմն ակտիվորեն դրսևորվում է Հայաստանի երիտասարդության շրջանում», ուստի Նիկոլ Փաշինյանին հերթական «տնային առաջադրանքն» է տալիս՝ «շատ լրջորեն աշխատել իր հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ»: Եվ չի բացառվում, որ այս պահանջի կատարման տարբեր դրսևորումները դեռ տեսնենք ՀՀ-ում:
Ստացվում է՝ այն, ինչ Բաքվում համարվում է հայրենասիրություն, Երևանի դեպքում որակվում է՝ որպես ռևանշիզմ:
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը, իսկ իրականում ծառայության վայրն ինքնակամ լքած զինվորին Ադրբեջանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, փնտրում են սեպտեմբերի 26-ից:
Այս օրերին զինծառայողի ծնողները որևէ տեղեկություն չեն ստացել Ադրբեջանի պատկան մարմիններից, նրանց չի հաջողվել հանդիպել անգամ օկուպացված Լաչինում տեղակայված զորամասի հրամանատարության հետ:
Ադրբեջանի բանակում խայտառակ վիճակ է տիրում, դիրքապահ զինվորներին ծեծում են, նորմալ սնունդ չեն տալիս, կեղտոտ պայմաններում են ծառայում, ամիսներով հերթափոխ չի իրականացվում, ինչին չդիմանալով՝ հաճախ ինքնասպանության դեպքեր են լինում, որոնց մասին չեն հայտնում ադրբեջանական իշխանությունները, դա չի քննարկվում: Եվ նշվածը հանգեցնում է նաև սահմանը հատելու դեպքերի:
Այս «հաղթաթուղթը» հայկական կողմը պիտի օգտագործի, որ Ալիևի՝ սպառազինության ցուցադրական ներկայացումները, էլիտար ստորաբաժանումների ստեղծումն ու բարձրագոչ հայտարարությունները դեռ չեն նշանակում, որ նա լավ և կարգապահ բանակ է պահում:
Մյուս կողմից՝ պետք է գիտակցել, որ ադրբեջանական իշխանություններից դժգոհելը, զորամասի հրամանատարությունից փախուստը բնավ չի նշանակում՝ չատել հայերին և չցանկանալ սպանել կամ վնասել նրանց հարմար առիթի դեպքում, ուստի փաստերի դեպքում չպետք է խորշել ադրբեջանցի զինվորին ներկայացնել որպես դիվերսանտ: Իսկ այդ փաստերը բավարար են՝ հայ կնոջ ուղղությամբ արձակած կրակոց, երեխաներին վնասելու ցանկություն: Այս մասին ադրբեջանցի զինվորի նկատմամբ մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրված, կալանավորելու որոշում է կայացվել: Թե ինչ կլինի վերջում, չենք կարող ասել, թեև կարող ենք կռահել:
Ի դեպ, կան տեղեկություններ, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող Նասիմ Մուսաևը մենակ չի եղել, ինչը դեռ չի հաստատվի:
Չմոռանանք, որ նմանօրինակ դեպք եղել էր նաև 2023 թվականին, երբ ադրբեջանցի զինծառայողներ էին հատել սահմանը, մտել Սյունիք՝ Բնունիս, կատարվել էր սպանություն, նրանք դատապարտվել էին Հայաստանում.՝ մեկը՝ ցմահ ազատազրկման: Բայց ավելի ուշ, ըստ էության, փոխանակվել էին Ադրբեջանում պահվող գերիների հետ:
Հայերի հանդեպ ադրբեջանցի զինվորների տրամադրվածությունը և Բաքվի պաշտոնական քաղաքականությունը բնութագրող շատ ավելի ուշագրավ և խորքային դրվագներ կան:
2010 թվականի հունիսի 18-ին Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած ընդհարման ժամանակ զոհվել էին Պաշտպանության Բանակի զինծառայողներ՝ Ռոբերտ Գասպարյանը, Արայիկ Բարսեղյանը, Էդվարդ Մանուկյանը, Պարույր Մելքոնյանը, ևս 4 զինծառայող վիրավորվել էր:
Ադրբեջանական կողմից սպանվել էր ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը, որի դիակը մնացել էր հայկական կողմում, և այն Ադրբեջանին հանձնվել էր միայն նոյեմբերի 6-ին:
Այդ օրը հանձնվել էր նաև ադրբեջանցի մեկ այլ դիվերսանտի՝ ավագ լեյտենանտ Ֆարիդ Ահմեդովի դիակը, իսկ հայկական կողմին հանձնվել էր ԼՂՀ քաղաքացի, Մատաղիս գյուղի բնակիչ 86-ամյա Գավրոշ Խաչատուրի Առուստամյանի մարմինը:
Ֆարիդ Ահմեդովը Մուբարիզ Իբրահիմովի «հերոսությունից» ոգևորված՝ 2010թ. սեպտեմբերի 4-ին Մարտակերտի հատվածում Պաշտպանության Բանակի դիրքեր միայնակ ներթափանցելու փորձ էր կատարել: Խրամատ ներթափանցած ադրբեջանցու հետ ձեռնամարտի բռնված շարքային Արման Մանուկյանը կարողացել էր գետնին տապալել Ահմեդովին, իսկ օգնության հասած Խաչատուր Բաղդասարյանը՝ սպանել դիվերսանտին։ Երկու դեպքում էլ գործ ունենք պրոֆեսիոնալ զինվորականի հետ, որոնք հերոսացվեցին Բաքվի կողմից, մասնավորապես, Իբրահիմովը, դրան դեռ կգանք: Ի դեպ, Մուբարիզ Իբրահիմովը նախ ծառայել էր Ադրբեջանի ներքին զորքերում, այնուհետ՝ ծառայության մտել երկրի զինված ուժերում:
2010 թ. հունիսին և՛ ադրբեջանական, և՛ հայաստանյան հավաստի աղբյուրները հայտնեցին, որ Մուբարիզ Իբրահիմովը գործել է ինքնագլուխ, այլ հարց է, որ Բաքուն դիվերսիայի փաստն օգտագործեց և՛ ներքին, և՛ արտաքին հարթությունում, ու Մուբարիզ Իբրահիմովին Ադրբեջանի ազգային հերոս դարձրեց:
Իսկ դրա կարիքը կար. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և հերոսացած Ռամիլ Սաֆարովի ֆոնին՝ պետք էր ցույց տալ «իրական հերոսների»:
Եվ ֆանատիկ մուսուլման ու ինքնագլուխ դիվերսիոն գործողություններ կատարած Իբրահիմովի դեպքը հարմար առիթ էր: Նրա մտադրությունների մասին վկայող նամակ էր հրապարակվել:
Թալիշական աղբյուրները հայտնել էին, որ Իբրահիմովն ազգությամբ թալիշ է, ինչը, բնականաբար, ալիևյան քարոզչամեքենան հերքել էր:
Իսկ «Մուբարիզի սինդրոմն» ունեցավ նաև այլ դրսևորումներ: Խոսքը, մասնավորապես, Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի դիվերսիոն փորձի մասին է, որին Ալիևը հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էր շնորհել:
2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ էր շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում՝ նաև` մեր մարտական դիրքերի հատվածում:
Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել էր կորուստներ, և ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել էին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ ժամանակ զավեշտ էր համարել Ադրբեջանի՝ սեփական զինվորի անհետ կորելու փաստը և այլ պնդումներ:
2016 թվականի դեկտեմբերի 29-ին ոչնչացված ադրբեջանական դիվերսանտի մարմինը հայկական կողմն Ադրբեջանին հանձնել էր 2017 թվականի փետրվարի 5-ին՝ Տավուշի հատվածում: Ընդ որում, թաղման և մեծարման արարողությունները գրեթե նույնությամբ կրկնում էին Մուբարիզ Իբրահիմովի թաղման և մեծարման արարողությունները։ Գրեթե միաժամանակ ադրբեջանական աղբյուրները հայտնել էին, որ Ադրբեջանի ազգային հերոս Չինգիզ Գուրբանովի եղբայրն աշխատանքի է անցել երկրի Ազգային անվտանգության ծառայությունում:
Մենք գրել ենք, որ Բաքվի «դատավարության» ժամանակ քննվել են Տավուշի հատվածում ՀՀ ԶՈւ կողմից ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականների և դիվերսանտ-Ազգային հերոսի ոչնչացման փաստերը: Իսկ այս օրինակները կարելի է համարել այլ դրվագներով, բայց սահմանափակվենք այսքանով և վերադառնանք վերջին դեպքին այլ համատեքստում:
Ադրբեջանցի զինվորի սահմանը հատելու վերջին դեպքը ցույց տվեց մի քանի խնդիր, որի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, եթե հաշվի առնենք 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների հանձնումն Ադրբեջանին, որն իր հերթին՝ «հեշտացրեց» ադրբեջանական ներթափանցումները ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ:
Թեպետ, եթե 2021 թվականի մայիսին կանխվեր ադրբեջանական զինուժի ներխուժման առաջին փորձը, կամ՝ հեռացվեր Ալիևի զորքը, չէին լինի հետագա ներխուժումները, սեպտեմբերյան մարտերը, և չէին լինի ադրբեջանցի զինվորների տեսքով անկոչ հյուրեր, քանի որ սահմանից երբեմնի կիլոմետրերով հեռու բնակավայրերը չէին լինի սահմանին այդքան մոտ: Բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է կարողանալ ապահովել սահմանների անխոցելիությունը՝ տեխնիկապես և մարդկային ռեսուրսով, ոչ թե ավելացված սահմանի պարագայում կրճատել ժամկետային ծառայության ժամկետը, չտալ չծառայելու արտոնություններ: Հաշվի առնելով, որ ադրբեջանցի զինծառայողը շրջանցել է զինված ուժերի դիրքերը, պաշտպանության նախարարությունը մի շարք հարցերի պատասխաններ պետք է տա:
Հետաքրքիր է նաև, թե ինչո՞ւ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը կապ չի հաստատել ՀՀ ՊՆ ղեկավարության հետ, որ ԱԱԾ-ների միջև է եղել համապատասխան տեղեկության փոխանակումը, հատկապես, երբ դեռ 2021 թվականից Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի մասին առաջարկ է եղել:
2021-ի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ակտիվորեն օգտագործել Ադրբեջանի հետ ուղիղ կապը:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի հաստատման մասին խոսել էր նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
2022 թվականի օգոստոսին ՀՀ ՊՆ-ից 168.am-ին հայտնել էին, որ «Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև հաստատված ուղիղ կապը, մի քանի ամիս է՝ չի գործում»: Սուրեն Պապիկյանի և Զաքիր Հասանովի միջև ուղիղ կապի լինել-չլինելու մասին մեր հետագա հարցումներին ևս նման պատասխան ենք ստացել: Ստացվում է, որ այդ կապը չի գործում մինչև օրս:
Ո՞վ է որոշել՝ Սուրեն Պապիկյա՞նը չի ցանկանում, թե՞ Նիկոլ Փաշինյանը չի թողնում, և գտնում է, որ Բաքվի հետ շփումներ պետք է իրականացնի և տեղեկություններ փոխանակի միայն իր ուղիղ ենթակայության տակ գտնվող ԱԱԾ-ն:
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը վերջին դեպքից օգտվի և հերթական անգամ սկսի քարոզել, որ սահմանահատումներ չեն լինի, եթե դիրքերը վերածվեն պետական սահմանի, և դրա պաշտպանությամբ զբաղվի ոչ թե բանակի զինծառայողը, այլ՝ ԱԱԾ սահմանապահը: Այսինքն, քանի դեռ կան զինված ուժերի կողմից պահպանվող դիրքեր, չեն կարող խոսել լիակատար խաղաղության մասին:
Այլ հարց է՝ արդյո՞ք Ալիևն ու Փաշինյանն այս դեպքում սինխրոն են գործում, բայց փաստ է, որ զինվորին վերադարձնելու ճնշումներ լինելու են Հայաստանի վրա:
—