X
    Categories: News

«Անհավասարակշռության կործանիչը». Ադրբեջանի կրակային հզորությունն ու Հայաստանի

Հոկտեմբեր 2, 2026

2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը «հետախուզական-հարվածային ԱԹՍ-ներում գերազանցության» մոդելից անցել է բազմոլորտային հարձակողական կարողությունների՝ ավիացիայի, «երկիր-երկիր» բարձր ճշգրտության հրթիռային համակարգերի և ՀՕՊ ինտեգրված ճարտարապետության համալիր աճի, որը հարվածային խմբավորումները պաշտպանում է պատասխան գործողություններից։

Հայաստանը նույն ժամանակահատվածում կառուցում է առավելապես պաշտպանական, էշելոնացված մոդել՝ դիվերսիֆիկացնելով զենքի մատակարարներին։ Պատերազմի ավարտից ի վեր անցած վեց տարիներին պահպանվել և շարունակում է աճել Բաքվի և Երևանի գնումների տեմպերի ու բնույթի անհամաչափությունը։ 

Ադրբեջանը պահպանում է ռազմականացման տեմպը

Ադրբեջանի նախապատերազմյան ծախսերն անշեղ աճ են արձանագրել՝ գրանցելով Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի խոշորագույն աճերից մի քանիսը, ինչը կապված էր Ղարաբաղի շուրջ հակամարտության հետ։ 2025 թվականի համար երկրի պաշտպանական բյուջեն գնահատվել է մոտ 4,9-5 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի մոտ 5%-ը), ինչը համաշխարհային չափանիշներով բարձր ցուցանիշ է և ֆինանսավորվում է նավթագազային եկամուտների աճի հիման վրա։ Ռազմական բյուջեի գերակայություններ են համարվել Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ծախսված զինամթերքի և ԱԹՍ-ների համալրումը, զրահատեխնիկայի արդիականացումը և բարձր ճշգրտության խոցման միջոցների ավելացումը, ինչպես նաև վերահսկողության տակ անցած տարածքներում ենթակառուցվածքային շինարարությունը: Զենքի գնումների հարցում Բաքվի հիմնական մատակարարներն ու առանցքային գործընկերները մնում են Իսրայելն ու Թուրքիան։ 

Կարդացեք նաև

  • Տավուշյան ռազմավարական հանգույցը․ ինչո՞վ էին վախեցրել Բաքվին հուլիսյան մարտերը․ անվտանգության թուրք մասնագետը փակագծեր է բացել
  • Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում բավականին ուշագրավ փաստեր է ներկայացրել, փակագծերը չեմ կարող բացել. Գեղամ Մանուկյան
  • Պատերազմն օրացույցով չի ավարտվում, վերքը փակում ես, բայց չես բուժում. Ռազմական հոգեբան

Ավիացիոն բաղադրիչի որակական թռիչք. «4.5» սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներ

Առավել նշանակալի ձեռքբերում է դարձել չին-պակիստանյան JF-17C Block III կործանիչների գնումը։ 1,6 մլրդ դոլար արժողությամբ նախնական պայմանագիրը նախատեսում էր 8 ինքնաթիռի մատակարարում՝ ևս 8-ի հնարավորությամբ (օպցիոնով)։ Դրանք պետք է փոխարինեին ռազմաճակատային ՄիԳ-29 կործանիչների և Սու-25 գրոհիչների հնացած նավատորմին։ 2025 թվականի մայիսին գործարքն արմատապես ընդլայնվել է. պատվիրված մեքենաների թիվը 16-ից հասել է 40-ի, իսկ պայմանագրի ընդհանուր արժեքը՝ շուրջ 4,2–4,6 միլիարդ դոլարի, ինչը դարձել է Պակիստանի պատմության մեջ զենքի արտահանման ամենամեծ գործարքը։ Առաջին սերիական մեքենաները հրապարակայնորեն ցուցադրվել են 2025 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ։ Չորս մեկտեղանոց և մեկ երկտեղանոց (ուսումնամարտական մոդիֆիկացիա) JF-17-ներն այն ժամանակ թռիչք կատարեցին հանրապետության մայրաքաղաքի վրայով։ Ադրբեջանը դարձել է այդ կործանիչների չորրորդ շահագործողը՝ Պակիստանից, Մյանմայից և Նիգերիայից հետո։

Վերլուծաբանները նշում են, որ այս ձեռքբերման նշանակությունը դուրս է գալիս նավատորմի պարզ փոխարինման շրջանակներից, քանի որ ինքնաթիռն ի վիճակի է ինտեգրվել թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ների և արտաքին թիրախավորման համակարգերի հետ՝ ցանցակենտրոն պատերազմի ճարտարապետության շրջանակներում, որը միավորում է հետախուզությունը, դիտարկումը և բարձր ճշգրտության խոցումը: Արևմտյան դիտորդները, հաշվի առնելով JF-17C Block III-ի վերաբերյալ պայմանագիրը, ադրբեջանական բանակի ավիացիոն բաղադրիչի արդիականացումը բնութագրել են որպես հանրապետության ռազմաօդային ուժերի ամրապնդում՝ Հարավային Կովկասում որակապես և քանակապես ամենահզորի կարգավիճակում։ 

Թռիչքի երկար տևողությամբ հարվածային ԱԹՍ-ներ

Կործանիչ ավիացիայի հետ մեկտեղ, Ադրբեջանը մեծացրել է ծանր հարվածային ԱԹՍ-ների պարկը։ Բացի նախկինում լրացուցիչ ձեռք բերված թուրքական Bayraktar TB2-ներից, որոնք պատվիրվել էին 2020 թվականին և մատակարարվել մինչև 2023 թվականը, Բաքուն ստացել է ավելի մեծ հեռահարության և բեռնատարողության Bayraktar Akıncı անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են կրել կառավարվող զինամթերք և «օդ-մակերևույթ» դասի հրթիռներ։ 2023 թվականի ապրիլին թուրքական Baykar ընկերության հետ ստորագրվել է այդ ինքնաթիռների համատեղ արտադրության մասին համաձայնագիր (Ադրբեջանի տարածքում ԱԹՍ-ների համատեղ արտադրության մտադրությունների մասին արձանագրություն)։ 

Գրոհային ավիացիայի արդիականացում և տրանսպորտային բաղադրիչ

Բացի այդ, Ադրբեջանը թուրքական ընկերությունների հետ համատեղ արդիականացնում է Սու-25 գրոհիչների պարկը, ինչպես նաև ձեռք է բերել իտալական C-27J Spartan մարտավարական տրանսպորտային ինքնաթիռներ՝ նախ և առաջ՝ համեմատաբար հեռավոր խմբավորումների լոգիստիկ ապահովման, այդ թվում՝ Ղարաբաղյան տարածաշրջան լրացուցիչ ուժերի հնարավոր տեղափոխման համար։ 

Ցամաքային (հրթիռահրետանային) բաղադրիչ 

Օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ

Հարձակողական ներուժի առանցքային տարրն այստեղ մնում է իսրայելական LORA համալիրը (Long-Range Attack), որը ձեռք է բերվել դեռևս 2018 թվականին, բայց շարունակում է արդիականացվել հեռահարության մեծացման ուղղությամբ (մոտ 400-430 կմ՝ շուրջ 10 մետր շրջանաձև հավանական շեղումով, իսկ որոշ տվյալներով՝ մինչև 5 մ՝ համակցված GPS/հեռուստատեսային նշանառությամբ հետագծի վերջնական հատվածում)։ Ընդ որում, հարվածային համակարգը կիրառելի է՝ ինչպես ցամաքային, այնպես էլ՝ ծովային բազավորման համար։ Ադրբեջանին զուգահեռ, մինչև 44-օրյա պատերազմը, գնվել են նաև 301 մմ տրամաչափի և մոտ 200–300 կմ հեռահարության բելառուսական «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ներ (ի սկզբանե ձեռք էին բերվել որպես հակակշիռ ռուսական «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներին, որոնք Հայաստանին մատակարարվել էին նախքան ղարաբաղյան երկրորդ պատերազմը)։ 

Բարձր ճշգրտության ROKETSAN համալիրներ

Զգալիորեն ընդլայնվել է թուրքական «երկիր-երկիր» հարվածային համակարգերի անվանացանկը։ Ցուցադրվել են Roketsan ընկերության արտադրության TRLG-230 և TRG-300 համալիրները, որոնց լազերային և GPS/INS նշանառության (ուղղորդման) համակարգերը թույլ են տալիս գործել հարվածային ԱԹՍ-ների հետ համատեղ։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ընդգրկվել է նաև նույն արտադրողի նոր Kasırga-TRLG 230A մարտավարական հրթիռային համալիրը (230 մմ տրամաչափի հրթիռը կարող է խոցել թիրախները 20-70 կմ հեռավորության վրա՝ կրելով բեկորային-ֆուգասային մարտագլխիկ. լազերային թիրախավորման շնորհիվ հրթիռի շրջանաձև հավանական շեղումը 2 մետրից պակաս է)։ 

ՀՕՊ ինտեգրումը՝ որպես հարձակողական գործողությունների ազատության պայման

Հարվածային հնարավորությունների ավելացումն ուղեկցվում է ՀՕՊ էշելոնի որակական ուժեղացմամբ, ինչը կարևոր նշանակություն ունի հնարավոր պատասխան հարվածի պայմաններում հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի գործողությունների ազատությունն ապահովելու համար։ 2025 թվականին Ադրբեջանն առաջին անգամ հրապարակայնորեն ցուցադրեց չինական HQ-9BE հեռահար համալիրը՝ դառնալով չորրորդ երկիրը Մարոկկոյից, Պակիստանից և Եգիպտոսից հետո, և առաջինը՝ հետխորհրդային պետությունների շարքում, որը ստացավ այս համակարգը։ Այս համակարգը լրացնում են արդեն գոյություն ունեցող ռուսական Ս-300-ները և իսրայելական Barak մարտկոցները՝ ձևավորվող հակաօդային պաշտպանության բազմաշերտ ճարտարապետություն։ 

Հայաստանի պաշտպանական ռազմավարություն. դիվերսիֆիկացիա և էշելոնացում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ Հայաստանի պետական պարտքի կտրուկ աճն ուղղակիորեն կապել էր սպառազինության լայնածավալ գնումների հետ՝ նշելով, որ 2020 թվականից հետո Երևանը ստիպված է եղել «շատ ու միանգամից» զենք գնել։ Ղարաբաղում կրած ցավալի պարտությունից հետո ռազմական ներուժի վերականգնման հայկական հիմնական վեկտորը Ռուսաստանից վերակողմնորոշվել է դեպի զենքի երկու առաջնային մատակարարներ՝ Հնդկաստան և Ֆրանսիա։

Հատկապես առանձնանում է հնդկական ուղղությունը։ Հայաստանը ձեռք է բերել և շարունակում է ստանալ հնդկական համակարգեր՝ ներառյալ Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), Swathi հակամարտկոցային (զենքի տեղորոշման) ռադարներ, Zen Anti-Drone հակաօդաչու համակարգեր և միջին հեռահարության Akash զենիթային հրթիռային համալիրներ (ԶՀՀ), 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ (քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը ստացվել է 2023 թվականի օգոստոսին)։ Ըստ հնդկական պաշտոնական աղբյուրների՝ մինչև 2024-2025 ֆինանսական տարվա սկիզբը Նյու Դելիից Երևանի գնումների ընդհանուր ծավալը հասել է 600 մլն դոլարի (իսկ ընդհանուր պայմանագրերի արժեքը գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար)։

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել Su-30MKI բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման շուրջ բանակցությունների մասին (Հնդկաստանն արտադրում և արդիականացնում է այս «4+» սերնդի ինքնաթիռները ռուսական լիցենզիայի ներքո HAL կորպորացիայի (Hindustan Aeronautics Limited) ձեռնարկություններում)։ Շուրջ 2.5-3 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսվում է առաջին խմբաքանակի (8-12 միավոր) մատակարարումը մոտավորապես 2027-2029 թվականներին։ Ենթադրվում է, որ Su-30MKI-ի «հայկական տարբերակն» էականորեն կտարբերվի ռուսական բազային մոդելներից՝ հնդկական համակարգերի խորը ինտեգրման հաշվին։ Ինքնաթիռների վրա նախատեսվում է տեղադրել հնդկական Uttam AESA ռադար, DRDO պաշտպանական գործակալության ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքարի) համալիր, ինչպես նաև Astra Mk-1 և Mk-2 ժամանակակից հնդկական «օդ-օդ» դասի հրթիռներ։ Արևմտյան դիտորդները շտապեցին կապել հայ-հնդկական այս պոտենցիալ խոշորագույն պայմանագիրը Երևանի ձգտման հետ՝ փոխհատուցելու «Su-30SM ծրագրի ձախողումը», որը հայկական բանակը մինչ օրս ստիպված է շահագործել սահմանափակ՝ համատեղելի զինամթերքի մատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։

Ռազմավարական նորարարություն. հակադրոնային բազմամակարդակ պաշտպանություն

Հայկական պաշտպանության նոր մոդելը կառուցվում է էշելոնացման սկզբունքով։ Առաջին էշելոնը (0-10 կմ) հիմնված է տեղական արտադրության էժան FPV անօդաչու թռչող սարքերի (100-300 կմ/ժ արագությամբ և 150-500 գրամանոց մարտագլխիկով) և հակադրոնային համակարգերի համատեղ կիրառման վրա՝ հրետանին ու ՀՕՊ միջոցները պաշտպանելու, ինչպես նաև հակառակորդի հետևակի և զրահատեխնիկայի առաջխաղացումը զսպելու համար։ Երկրորդ էշելոնը (10-80 կմ) ենթադրում է ավելի ծանր FPV անօդաչու թռչող սարքերի և թափառող (բարակող) զինամթերքի օգտագործում՝ օդում 1-3 ժամ հերթապահության (թափառման) ժամանակով։

Հատուկ ուշադրություն՝ ռադիոէլեկտրոնային պայքարին

44-օրյա պատերազմը բացահայտեց Հայաստանի զինված ուժերում ռադիոէլեկտրոնային հակազդման ժամանակակից միջոցների գրեթե լիակատար բացակայությունը։ Ռ-330 «Մանդատ» և ՍՊՆ-30 համալիրները չէին կարող բարձր արդյունավետությամբ պայքարել պաշտպանված կապուղիներով գործող թուրքական և իսրայելական ԱԹՍ-ների դեմ։ Խորհրդային ՍՊՆ-30-ը բարոյապես և տեխնիկապես հնացած էր։ Ինչ վերաբերում է «Մանդատին», ապա պատերազմից մի քանի տարի առաջ հաղորդագրություններ էին ստացվում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններում ռադիոէլեկտրոնային հետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման (ՌԷՊ) այս համալիրների խորը արդիականացման մասին։ Նշվում էր, որ համալիրի ամբողջ «միջուկը» փոխարինվել էր եվրոպական և հայրենական բլոկներով, ինչի արդյունքում զգալիորեն ընդլայնվել էին դրա հնարավորությունները։

Այսպես թե այնպես, հայկական կողմի մոտ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում գրեթե բացակայում էին ՌԷՊ-ի ժամանակակից միջոցները, իսկ ԱԹՍ-ների տեղակայման վայրերի ու դրանց վերգետնյա կառավարման կետերի դեմ համալիր պայքար չէր տարվում։ Պատերազմի փորձը ՌԷՊ-ը դարձրել է հայկական բանակի արդիականացման առանցքային առաջնահերթություններից մեկը՝ անօդաչու համակարգերի և հետախուզական տվյալների թվային մշակման հետ մեկտեղ։ Այս ոլորտում հետպատերազմյան գնումներն իրականացվում են ոչ թե կետային, այլ որպես «ռադար/հետախուզություն-ՌԷՊ-ՀՕՊ» միասնական փաթեթի մաս (օրինակ՝ հնդկական Swathi / ֆրանսիական GM200 + հնդկական D4/ZADS + հնդկական Akash / ֆրանսիական Mistral)։ Շեշտադրումն այս մոտեցման վրա ավելի արդյունավետ է, քան առանձին համալիրների մեկուսացված ձեռքբերումը։ Ընդ որում, թեկուզ սահմանափակ, ներքին արտադրական կարողությունների (ArmHiTec-ի մշակողներ, «Արսենալ», «Լոկատոր») ի հայտ գալը հեռանկարում նվազեցնում է ամբողջական արտաքին տեխնոլոգիական կախվածության ռիսկը։ Այնուամենայնիվ, ներկա փուլում հայկական ՌԱՀ-ը (ռազմարդյունաբերական համալիր) ՌԷՊ սեգմենտում ընդհանուր առմամբ դեռևս մնում է եզակի նմուշների ստեղծման, այլ ոչ թե սերիական արտադրության փուլում։

Առկա են նաև էական ռիսկեր։ Գնված ՌԷՊ համալիրներից ոչ մեկը չի անցել 2020 թվականի հետ համադրելի ինտենսիվության իրական մարտական բախման ստուգում։ Ադրբեջանի սպառազինության մեջ գտնվող ժամանակակից թուրքական (KORAL դասի) և իսրայելական միջոցների ճնշմանը դիմակայելու դրանց արդյունավետությունը մնում է չհաստատված։ Բացի այդ, տարասեռ սարքավորումների (հնդկական, ֆրանսիական, «մնացորդային» խորհրդային/ռուսական) ինտեգրումը կառավարման միասնական ցանցին ինքնին բարդ խնդիր է, որը չի լուծվում միայն արտաքին մատակարարներից գնումներ կատարելով։

Այս պահին Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի հավասարակշռության սխեմատիկ համեմատական գնահատականը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.

Ըստ փորձագիտական գնահատականների՝ Ադրբեջանի կողմից JF-17C Block III կործանիչների ձեռքբերումը հայ ռազմական ծրագրավորողներին ստիպում է վերանայել 44-օրյա պատերազմից հետո ուժերի տարածաշրջանային հավասարակշռության մասին պատկերացումները, որոնք զգալիորեն վերականգնված էին համարվում։ Բաքուն այժմ արդիականացված կործանիչների հնարավորությունները համատեղում է դրոնային պատերազմի կուտակված փորձի հետ։ Այս համատեքստում նշվում է, որ Ադրբեջանում JF-17C Block III հարվածային հարթակների առկայությունը վտանգ է ներկայացնում նախորդ հակամարտություններում կրած կորուստներից հետո Հայաստանի առանց այն էլ փխրուն օդային զսպման ներուժի համար։ 

Եզրակացություններ

Ադրբեջանն իր ֆինանսական հնարավորությունների բերումով ցուցադրում է որակական, այլ ոչ թե միայն քանակական աճ։ Անօդաչու համակարգերից անցումը «4.5» սերնդի (JF-17C Block III) օդաչուավոր բազմաֆունկցիոնալ ավիացիային և ցամաքային զորքերի «ձեռքի» երկարացումը (LORA, «Պոլոնեզ», Roketsan համալիրներ) Ադրբեջանին «ԱԹՍ-ների հաշվին հաղթած երկիր» կարգավիճակից տեղափոխում են Հայաստանի տարածքին ողջ օպերատիվ խորությամբ հարվածներ հասցնելու լիարժեք հարձակողական ներուժ ունեցող պետությունների շարք։

Ադրբեջանական ՀՕՊ-ը նոր պայմաններում դիտվում է՝ որպես հարձակողական գործողությունների ապահովման կարևոր գործիք, այլ ոչ թե միայն պաշտպանության։ Չինական HQ-9BE-ի և իսրայելական Barak-8-ի գնումը ռուսական Ս-300-ների հետ համատեղ ձևավորում է «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի ռիսկերը պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտների դեմ գործողությունների ժամանակ։

Ադրբեջանական ՀՕՊ-ը նոր պայմաններում դիտվում է՝ որպես հարձակողական գործողությունների ապահովման կարևոր գործիք, այլ ոչ թե միայն պաշտպանության։ Չինական HQ-9BE-ի և իսրայելական Barak-8-ի գնումը ռուսական Ս-300-ների հետ համատեղ ձևավորում է «հովանոց», որը նվազեցնում է հարվածային ավիացիայի և հրթիռային զորքերի ռիսկերը պոտենցիալ հակառակորդի ենթակառուցվածքային օբյեկտների դեմ գործողությունների ժամանակ։

Հայաստանի պաշտպանական դոկտրինն ընդհանուր առմամբ իրատեսական է, բայց ունի սահմանափակումներ։ Անօդաչուների բազմաէշելոն մոդելը ռացիոնալ պատասխան է ներքին սահմանափակ ռեսուրսների պայմաններում, բայց չի ապահովում երաշխավորված պաշտպանություն հագեցած (ինտենսիվ) հարվածներից, հատկապես LORA տիպի հեռահար ՕՄՀՀ-ների (օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների) կիրառման դեպքում, որոնք անհասանելի են հակադրոնային պաշտպանության համակարգերի մեծ մասի համար։

Արդյունքում, գործոնների ամբողջությունը՝ ներառյալ Ադրբեջանի հեռահար հարվածային միջոցների աճը, ավիացիայի ինտեգրումը թիրախավորման ցանցակենտրոն ճարտարապետությանը և հայկական պաշտպանության համեմատաբար դանդաղ, ռեսուրսներով սահմանափակ արդիականացումը, պահպանում է կառուցվածքային անհավասարակշռությունը հօգուտ Բաքվի միջնաժամկետ հեռանկարում (2027-2029 թթ.)։

Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը 2026 թվականի համար նախատեսված են 8,715 մլրդ մանաթի մակարդակում (5,1 մլրդ դոլար) կամ պետբյուջեի բոլոր ծախսերի մոտ 21 տոկոսը։ 2025 թվականի համեմատ աճը կազմել է 3,8%։ Հետպատերազմյան մի քանի տարիների ընթացքում առկա է կայուն բարձր մակարդակ (բյուջեի ավելի քան 20%)։ Հաջորդ տարվա պետբյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը կկազմեն 8,8 մլրդ մանաթ։

Այս խորապատկերին Հայաստանը, 2023-2025 թվականներին պաշտպանական ծախսերի կտրուկ աճից հետո (2018 թվականի 245 մլրդ դրամից մինչև 664 մլրդ դրամ, կամ 2025 թվականին՝ 1,74 մլրդ դոլար), ընթացիկ տարվա համար նախատեսել է մոտ 16% կրճատում՝ մինչև 560 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ մոտ 1,5 մլրդ դոլար)։

Այսպիսով, պաշտպանական բյուջեների բացարձակ տարբերությունը կազմում է մոտ 3.5:1 հօգուտ Բաքվի, և 2026 թվականին այդ բացը մեծանում է, քանի որ Ադրբեջանն ավելացնում է ծախսերը, իսկ Հայաստանը կրճատում է դրանք։ Սա ուժեղացնում է ռազմական անհավասարակշռությունը հարևան հանրապետությունների միջև։ Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի համապատասխան ծախսերը հանրապետության բյուջեում ներկայացվում են ընդլայնված տեսքով՝ որպես «պաշտպանություն և ազգային անվտանգություն»։ Զուտ ռազմական բյուջեն 2025 թվականին կազմել է մոտ 3,1 մլրդ դոլար, բայց ամեն դեպքում Հայաստանի հետ խզումը մնում է տպավորիչ։

ՎՅԱՉԵՍԼԱՎ ՄԻԽԱՅԼՈՎ

eadaily.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




—

Kalashian Nyrie:
Related Post