Սեպտեմբեր 30, 2026
Սեպտեմբերի 29-ին «Քադիր Չելիքը՝ «Միության ուժը-2026»-ում. Ադրբեջանի կիրառած սպառազինությունն ու խաղարկված դրվագների մեսիջները» վերտառությամբ հոդվածում անդրադարձել ենք օկուպացված Արցախի տարածքում անցկացված փուլին, խաղարկված սցենարներին և կիրառված սպառազինությանը:
Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիա-Ադրբեջան-Ուզբեկստան եռակողմ զորավարժության սցենարով նախատեսված գործողությունները տեղափոխվել են Նախիջևան և հրապարակել բացառիկ կադրեր, ինչը չենք կարող անտեսել:
Նշենք, որ «Միության ուժը-2026» զորավարժությունը բաղկացած է 3 փուլից` օկուպացված Արցախի տարածքում («Ղզըլղայա» ուսումնական կենտրոն, օկուպացված Մարտունու շրջան), Նախիջևանում («Ղարաբաղլար» ուսումնական կենտրոն), Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
Այստեղ, պետք է նկատել, որ թեև զորավարժությունը եռակողմ է, և տեղի է ունենում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, սակայն դրանց ընթացքի մասին բացառիկ կադրեր հրապարակում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, իսկ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դրանք հրապարակում է՝ հղում տալով թուրքական կողմին: Սա բավականին խոսուն փաստ է, մյուս կողմից, բնական, քանի որ զորավարժությունները, թուրքական կողմի մշակած սցենարով է, մեծ հաշվով:
Ինչ վերաբերում է Նախիջևանում անցկացված զորավարժությունների փուլին, ապա այդ մասին Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակած կադրերից կարելի է ենթադրել, որ խաղարկվել են հարձակողական գործողությունների տարրեր՝ տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի կիրառմամբ՝ ներառյալ զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա և այլ կրակային միջոցներ։
««Միասնության ուժը»՝ գործողության մեջ։
Ադրբեջանի հյուրընկալությամբ անցկացվող «Միասնության ուժը-2026» զորավարժության շրջանակում Նախիջևանում իրականացված գործողություններից կադրեր։
Համատեղ վարժանքներ, բարձր համակարգվածություն, բարձր պատրաստվածություն»,- նշվում է հրապարակված կադրերին կից Թուրքիայի պաշտպանական գերատեսչության գրառման մեջ:
Այսօրվա աշխարհում ռազմական անվտանգությունը և համատեղ զորավարժություններն առավել քան երբևէ կարևորվում են տնտեսական կայունության, էներգետիկ, տրանսպորտային կամ լոգիստիկ անվտանգության համատեքստում: Եվ այստեղ չպետք է մոռանալ ԹՐԻՓՓ-ի նշանակությունը՝ որպես տրանսպորտային զարկերակ թյուրքական պետությունների համար: Բնականաբար, չպետք է մոռանալ նաև Նախիջևանի ռազմավարական նշանակությունը, ինչն ամրագրված է անգամ Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված Շուշիի հռչակագրում, որտեղ, մասնավորապես նշվում է՝
■ Կողմերը կշարունակեն ջանքերը՝ ուղղված Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը, բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնմանը, ինչպես նաև՝ տարածաշրջանի պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության ապահովմանը։ Այս համատեքստում հաշվի կառնվի Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձնահատուկ աշխարհագրական դիրքը։
■ Կողմերը կամրապնդեն փոխադարձ համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարձրացնել երկու երկրների տարածքով անցնող Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջին միջանցքի մրցունակությունը։ Ադրբեջանն ու Թուրքիան, օգտագործելով խելացի տրանսպորտային համակարգերի տեխնոլոգիաները, հետագայում ևս կզարգացնեն տարանցիկ-տրանսպորտային ներուժը միջազգային տրանսպորտային միջանցքների ադրբեջանա-թուրքական հատվածներում։
■ Կողմերն ընդգծում են Ադրբեջանն ու Թուրքիան կապող «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը և, որպես դրա շարունակություն, Նախիջևան-Կարս երկաթգծի կառուցման կարևոր ներդրումը երկու երկրների միջև տրանսպորտային և հաղորդակցության կապերի ակտիվացման գործում։
Ու նշվածի համատեքստում պետք է հավելել, որ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ուզբեկստանի մասնակցությամբ զորավարժությանը զուգահեռ՝ Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Նախիջևան:
Պատվիրակությանը, որը գլխավորում էր Ընդլայնման և Արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին, ընդունել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջալիլովը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Նախիջևանի տրանսպորտային ներուժին և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։
Ջալիլովը հայտարարել է, որ Նախիջևանը ռազմավարական կարևոր տարածաշրջան է, որը գտնվում է Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների հատման կետում։
Այնուհետև նա Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը ներկայացրել է «Զանգեզուրի միջանցքի» և դրա շրջանակում նախատեսվող ԹՐԻՓՓ նախագծի նշանակությունը՝ տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման տեսանկյունից, և նշել, որ նախագծի իրականացումը հնարավորություն կստեղծի ապահովելու Նախիջևանի ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունն Ադրբեջանի մյուս տարածքների հետ։ Իսկ այստեղով անցնող երկաթուղային գիծը նախատեսվում է վերածել Նախիջևանը Թուրքիայի հետ կապող կարևոր տրանսպորտային հաղորդակցության։
Ջալիլովն ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հնարավորություններ կստեղծի այդ տրանսպորտային երթուղիների գործարկման և դրանց տարածաշրջանային նշանակության առավել մեծացման համար։
Այսպիսով, «Միության ուժը-2026»-ի նախիջևանյան փուլը դիտարկելիս ուշադրության է արժանի ոչ միայն զորավարժության ընթացքում ցուցադրված ռազմական տեխնիկան և խաղարկված գործողությունների բնույթը, այլև այն ավելի լայն համատեքստը, որում այն անցկացվում է։
Մի կողմից՝ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի զինված ուժերը համատեղ վարժանքներ են անցկացնում, այդ թվում՝ տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի ներգրավմամբ, մյուս կողմից՝ նույն ժամանակահատվածում այստեղ քննարկվում են տարածաշրջանային տրանսպորտային կապերի ընդլայնման, ԹՐԻՓՓ նախագծի և Նախիջևանի՝ որպես Արևելք-Արևմուտք ու Հյուսիս-Հարավ ուղղությունների խաչմերուկի նշանակության հարցերը։
—