Սեպտեմբեր 29, 2026
Նախորդ շաբաթվա սկզբին Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, պատրաստել ու հրապարակել էր հակաեկեղեցական արշավի, այսպես կոչված, զեկույցն ու «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Այն կազմված է 74 էջից, այն վերնագրվել է զեկույց՝ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։
Զեկույցում ներկայացված է իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի մանրամասն նկարագիրը, թե ինչպես են պատրաստվում, այսպես ասած՝ «վերանորոգել» եկեղեցին։
Փիլիսոփա, կրոնագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի խոսքով՝ Կաթողիկոսին պետությունը չի ընտրում, նա Աստծո ընտրյալն է։
«Այս տեսակետից հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն է լինելու սփյուռքի արձագանքը, սա պատկերացնելը շատ բարդ է։ Երկրորդը՝ իշխանությունն ու եկեղեցին անհամատեղելի կառույցներ են, մեկը համաշախարհային կառույց է, մյուսը՝ լոկալ։ Սա ենթադրում է, որ մեկը մյուսի գործերին խառնվել, առավել ևս՝ նման արմատական փոփոխությունների գնալ ներսում՝ ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։
Այդ 74 էջանոց տեքստը որքանո՞վ է օբյեկտիվ, կամ որքանո՞վ է սուբյեկտիվ՝ շատ բարդ է ասելը, այստեղ դրված է «դեղին մամուլի» մի հսկայական զանգված, առանց ապացույցների, առանց փաստարկների ու օրինակների։ Այս տեսանկյունից այդ զեկույցը շատ հարաբերական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Խաչատրյանը։
Հարցին՝ ի՞նչ զարգացում կարող է տեղի ունենալ այս զեկույցի հրապարակումից հետո, Վարդան Խաչատրյանը պատասխանեց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ լիդեր կունենա հնարավոր շարժումը և կախված է նաև նրանցից, թե որքանով հնարավոր կլինի այդ ամենն իրականացնել պլանի շրջանակներում։ Այսինքն՝ պետք է գոյություն ունենա որոշակի ծրագիր, որի քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա իրավիճակի մաքսիմալ լիցքաթափում։
«Այսինքն՝ պետք է լինի առաջնորդ, որը կարող է առաջնորդել մարդկանց՝ կասեցնելու հակաեկեղեցական արշավը, իշխանություն-եկեղեցի լարվածությունը լիցքաթափել։ Այս ամենը բխում է համայն հայության շահերից, ինչից ելնելով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի անձ կամ անձինք կունենա այդ ժամանակ գոյություն ունեցող ընդդիմությունը։ Ինչպես հասկանում եք, կան բազմաթիվ խնդիրներ ու հարցեր, որոնց միանգամից պատասխանելը հնարավոր չէ»,- հավելեց Վարդան Խաչատրյանը։
Նա դժվարացավ ասել, թե այս զեկույցի հրապարակումից հետո ինչպիսին պետք է լիներ Առաքելական Սուրբ եկեղեցու արձագանքը, որը կարող էր սթափեցնել մարդկանց։
«Դժվար է պատկերացնել, որ ես կարող եմ եկեղեցուն խորհուրդ տալ, եկեղեցին ինքն է որոշում իր անելիքները։ Սակայն համարում եմ, որ այստեղ առաջին խնդիրն այն է, թե որքանով է այս ամենը ճիշտ և որքանով՝ սարքովի, ամբողջ հարցն այս է»,- ընդգծեց Վարդան խաչատրյանը։
Նշենք, որ այս զեկույցի հրապարակումից հետո Մայր Աթոռը ևս հանդես է եկել հայտարարությամբ, շեշտելով, որ զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության»,- նշել է Մայր Աթոռը։
Մայր Աթոռը միաժամանակ կոչ է արել իշխանություններին՝ դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա։
—