Սեպտեմբեր 27, 2026
«Դասեր» հաղորդաշարի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ԱՄՆ Իլինոյսի համալսարանի բիզնես-մագիստրոս Վարդան Արամյանն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Կարծում եմ՝ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի խոսքն ուղղված էր լայն հանրությանը, բայց իշխանությունն էլ պետք է իր համար դասեր վերցնի դրանից։ «Ապոկալիպտիկ» բառը, որն օգտագործեց Մարտին Գալստյանը, ավելի շատ մասնագիտական տերմին է, քան քաղաքական: ԿԲ-ն ուսումնասիրություն է կատարել՝ ինչ հետևանքներ կունենան Ռուսաստանի տնտեսական սահմանափակումները: Ես ինքս էլ՝ և՛ ուղղակի, և՛ անուղղակի գործոններով պայմանավորված, կանխատեսել և շրջանառության մեջ եմ դրել այդ թեզը (ձեզ մոտ էլ եմ հնչեցրել) շուրջ 2 տոկոսային կետի ՀՆԱ-ի կորստի մասին։
Ռուսաստանը սահմանափակել է հիմնականում մեր պտուղ-բանջարեղենի, խմիչքների, ձկնեղենի և այլ ապրանքների արտահանումը, դրա տնտեսական էֆեկտը մեր տնտեսության համար՝ շուրջ 2 տոկոսային կետ ՀՆԱ-ի կորուստ է։ Ցավոտ է, իհարկե, փոքր ցուցանիշ չէ. տնտեսական առումով տանելի է, բայց սոցիալական առումով տանելի չէ, բայց հիմնականում վերջնականապես խոցվելու են հանրության լայն շերտերը՝ ի դեմս գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հասարակության անդամների, որոնք, ի դեպ, բավականին լուրջ վարկային բեռի տակ են։ Եվ դա բերելու է սոցիալական հետևանքների։
- Ես կիսում եմ Մարտին Գալստյանի այն կարծիքը, որ եթե մենք դիպչում ենք գազի սակագնին, որի արժեքը հիմա 177.5 դոլար է 1 խմ գազի համար, և դա սուբսիդավորված գինն է, ապա վիճակը բավականին ծանր է լինելու: Ի դեպ, կարևոր հանգամանք․ երբ մարդիկ փորձում են համեմատել Եվրոմիության օժանդակությունը և Ռուսաստանի օժանդակությունը, երբեմն կան բաներ, որոնք ուղղակի տեսանելի չեն, թաքնված են օժանդակության մեջ, բայց Ռուսաստանի տնտեսությունը մեզ իրականում այդ սուբսիդավորված գնի հաշվին բավականին լուրջ գումար՝ շուրջ կես միլիարդ դոլար, թողնում է մեր տնտեսության մեջ։ Ես փաստերն եմ արձանագրում. մենք տարեկան շուրջ 520–560 միլիոն դոլար ենք վճարում գազի ներմուծման համար Ռուսաստանից։ Եվ եթե, օրինակ, կրկնապատկվի սակագինը, դա նշանակում է՝ սահմանի վրա, այլ հավասար պայմաններում, մենք 2 անգամ ավելի պետք է վճարենք նույն ծավալի գազ ներմուծելու համար։ Դա բերելու է սոցիալական խնդիրների։
Սոցիալականն ինչպե՞ս է ազդելու մեր տնտեսության վրա։ Հիմա մեկնաբանեմ Մարտին Գալստյանի ասածը մասնագիտական առումով։
Մարդիկ նույն ծավալի գազ սպառելու համար կրկնակի ավելի գումար են հատկացնելու իրենց գրպանից։ Դա նշանակում է, որ այլ ապրանքների և ծառայությունների նկատմամբ նույնքանով պետք է կրճատեն իրենց պահանջները, օրինակ՝ քիչ գնան ռեստորան կամ հագուստի, կոշիկի, ուտելիքի հարցում համեմատաբար ավելի համեստ ծախսումներ ունենան, և դա բերելու է տնտեսական անկման։ Պահանջարկը փոքրանում է, բնականաբար:
Հիմնականում դրանից խոցվելու է գյուղատնտեսական ոլորտը՝ ջերմոցային տնտեսությունները, որոնք գազով են աշխատում։ Սա բարձրացնելու է նրանց ինքնարժեքը, և բավականին շատ տնտեսվարողներ կարող են հայտնվել, այսպես ասած, սնանկության հորիզոնում, որովհետև այլևս իրենց արտադրանքը մրցունակ չի լինելու։ Երբ ինքնարժեքը բարձրանում է մինչև 1300 դրամ, տնտեսվարողները չեն կարողանում առաջարկել մրցունակ գին: Քանի որ նրանք փոքր խաղացողներ են տնտեսության մեջ, բնականաբար, սպառողը չի գնելու այդ ապրանքը, ինչը հանգեցնելու է նրան, որ նրանք դուրս են մղվելու շուկայից և փակվելու են:
Մյուս փոխանցման ուղին արտահանողներն են, որոնք խնդիրներ են ունենալու և կորցնելու են իրենց մրցունակությունը: Նկատի ունեմ երկու խումբ՝ մի մասը ներքին տնտեսությունում աշխատող տնտեսվարողներն են, մյուս մասը՝ արտաքին աշխարհում գործող: Առանց այն էլ արտահանելի հատվածը, ինչի մասին ես բարձրաձայնում եմ դեռ 2022 թվականից, գտնվում է բավականին բարդ իրավիճակում: Ես նույնիսկ թույլ եմ տվել մի փոքր կոպիտ բառ, բայց այն իրականում կանխորոշում է իրավիճակը․ դա, այսպես ասած, մեր տնտեսության «խռխռոցն» է:
Այո՛, մեր արտահանողներն իրականում բավականին բարդ վիճակում են և խոցվում են մի քանի ուղղություններով: Նրանք արդեն իսկ տուժել են փոխարժեքից, մասնավորապես՝ դրամի արժևորումից, ինչպես նաև հարաբերական գներից: Սա նշանակում է, որ արտահանելի հատվածում արտադրողների գինն ավելի քիչ մրցունակ է դառնում ներմուծողների համեմատ:
Որպես օրինակ՝ վերցնենք ոգելից խմիչք արտադրողներին, ասենք՝ «Օհանյան» կամ «Արամյան» ընկերությունները: Նրանք չեն կարող շատ իջեցնել գները, մինչդեռ ներմուծողները (ենթադրենք՝ «Բելուգա» կամ այլ ոգելից խմիչքներ ներմուծողներ) փոխարժեքի հաշվին կարողանում են գին իջեցնել, և արդյունքում՝ մեր արտահանողները պարտվում են:
Մյուս կողմից՝ գործում են ներքին հարաբերական գները․ մեր արտահանողները պարտվում են նաև ոչ արտահանելի հատվածին: Վերջինս այսօր ծաղկում է ապրում, ինչը մենք տեսնում ենք վիճակագրության մեջ: Հունվար-հուլիսի, նույնիսկ հունվար-օգոստոսի տնտեսական ակտիվության ցուցանիշները նայելիս պարզ է դառնում, որ հիմնական առաջատար ուղղությունները ոչ արտահանելի հատվածում են՝ կապիտալ շինարարության (ի դեմս բնակարանային շինարարության) և սպասարկման ոլորտներում:
Ի՞նչ է սա նշանակում: Եթե այդտեղ շահութաբերությունը մեծանում է, նրանք սկսում են «գողանալ» ռեսուրսներ արտահանելի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև արտահանելի և ոչ արտահանելի հատվածները մրցում են նույն արտադրական ռեսուրսների՝ կապիտալի և աշխատուժի համար:
Պատկերացրեք միջին որակի աշխատուժի համար մրցակցությունը. եթե արտահանելի հատվածն առաջարկում է 300,000 դրամ աշխատավարձ, իսկ ոչ արտահանելի հատվածը՝ 350,000 դրամ, ապա վերջինս հաղթում է այդ պայքարում և իր կողմն է քաշում աշխատուժին: Արդյունքում մարդիկ, օրինակ, արտադրական ընկերությունում աշխատելու փոխարեն՝ գնում և ինչ-որ գործով են զբաղվում սպասարկման ոլորտում: Սա արդեն հաջորդ ուղղությունն է:
Հիմա, եթե սրան էլ ավելանում է գազի սակագնի բարձրացումը, սա, բնականաբար, տնտեսությունը դարձնում է էլ ավելի խոցելի՝ հատկապես արտահանելի հատվածի համար, չհաշված, որ առաջանալու են նաև լուրջ սոցիալական խնդիրներ։ Այս ամենն ունի ուղղակի և մուլտիպլիկատիվ էֆեկտ: Ուղղակի էֆեկտն է, որ ծախսերը միանգամից մեծանում են՝ անկախ նրանից՝ դու տնայի՞ն տնտեսություն ես, թե՞ արտադրող։ Երկուսի մոտ էլ ծախսերը բարձրանում են, բնականաբար, երկուսն էլ խնդիրներ են ունենում, և դա բերում է բարեկեցության կորստի։
Կա նաև մուլտիպլիկատիվ էֆեկտը, երբ գործընթացը շարունակվում է. կամաց-կամաց, ենթադրենք, արտահանողները դուրս են մղվում շուկայից, սպառողները սկսում են կրճատել իրենց սպառումն այլ ուղղություններով, և սա հանգեցնում է ավելի խոր տնտեսական անկումների։
Սա, կարծում եմ, Մարտին Գալստյանի բարձրաձայնած «ապոկալիպտիկ» տերմինն է։ Թեև այն մասնագիտական է, բայց իրականում տնտեսագիտական գրականության մեջ նման սցենարների դեպքում օգտագործում են «ապոկալիպտիկ» հասկացությունը, երբ կանխատեսվող տնտեսական անկումը կամ ցնցումն ավելի խորն է լինում և հարատև։
Գազի սակագնի թանկացման դեպքում տեղի կունենան ցնցումներ, բացասական պերմանենտ շոկ. տնտեսագիտական ակադեմիական աշխարհում դրան անվանում են «ապոկալիպտիկ սցենար»: Կարծում եմ՝ Կենտրոնական բանկի նախագահը մասնագիտական առումով հենց սա նկատի ուներ։
Ես դեռ 2022 թվականից ասում եմ, որ մեր տնտեսությունը հայտնվել է դրական շոկի մեջ, այսինքն՝ մենք սկսել ենք աճել ոչ թե մեր սեփական ներուժի հաշվին, այլ՝ որովհետև դրսից փող է գալիս, այցելուներ են գալիս, և այլն։ Նման դրական շոկերի դեպքում խնդիրը միայն Կենտրոնական բանկինը չպետք է լինի։ Եթե կառավարությունները չեն օգնում Կենտրոնական բանկերին, ապա Կենտրոնական բանկն անում է միայն այն, ինչ պետք է անի։
Տեսեք, օրինակ, փոխարժեքի մասով․ 2023-2024 թվականներին ես նույնիսկ լսեցի, որ իշխող թևի պատգամավորները սկսեցին սրերն ուղղել դեպի Կենտրոնական բանկ, ինչը սխալ էր։ Ինչո՞ւ, որովհետև Կենտրոնական բանկի վերջնական նպատակը գնաճի կարգավորումն է։ Պատկերացրեք, 2023 թվականին մենք ականատես եղանք, որ ուկրաինական հակամարտության պատճառով մարդկանց գրպաններում փողեր հայտնվեցին, նրանք փոխանցումներ էին անում Հայաստան, զբաղվում ակտիվների դիվերսիֆիկացիայով, և գրեթե փողը «լցվում էր մեր գլխին»։ Կենտրոնական բանկերը սովորաբար որոշակի ծավալի արտարժույթ են գնում շուկայից։ Սակայն, երբ ԿԲ-ն գնում է դոլար, փոխարենը տնտեսության մեջ դրամ է լցնում, և այդ դրամի քանակությունն անկախ ամեն ինչից նորից սկսում է ճնշում գործադրել գների վրա։ Այդ ամենն այն պարագայում, երբ մենք ունենք նաև արտաքին աշխարհից ներմուծվող գնաճեր։
Օրինակ՝ հիմա՝ 2026 թվականին, եթե նայենք Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ինդեքսին, ապա 2026 թվականի փետրվարի համեմատ՝ այն աճել է շուրջ 6%-ով։ Այն դեպքում, երբ պարենային ապրանքների կոնսոլիդացված ինդեքսում որոշ ուղղություններ, ասենք՝ մսամթերքը, նույնիսկ երկնիշ աճ ունեն, իսկ բրինձն ահռելի աճ է գրանցել։ Հասկանում եք՝ դուք պարզապես չեք կարող դրա հետ հաշվի չնստել, քանի որ այն ներմուծվում է մեր տնտեսություն։ Եվ այդ պարագայում Կենտրոնական բանկին անպայման պետք է աջակցի կառավարությունը։ Ինչպե՞ս։ Ինձ միշտ հարց են տալիս. «Իսկ կարո՞ղ ենք արդյոք ունենալ մի վիճակ, որ Կենտրոնական բանկն ամեն դեպքում հասնի իր թիրախին, այսինքն՝ իջեցնի գնաճը, բայց միևնույն ժամանակ փոխարժեքն այսքան չարժևորվի՞»։ Այո՛, կարող էինք, եթե կառավարությունն այդտեղ չծուլանար։ Ինչպիսի՞ն պետք է լինեն գործողությունները նման իրավիճակներում։ Երկմակարդակ գործողություն արագ պետք է արվեր, ընդ որում՝ դրա մասին ես զգուշացրել եմ դեռ 2022-2023 թվականներին և հորդորում էի, որ շատ արագ կատարեն այդ քայլերը։
Առաջին գործողությունը մակրոմակարդակում՝ միանգամից պետք է ԿԲ-կառավարություն կոորդինացիան դրվեր նոր մակարդակի վրա, և կառավարությունն օգներ Կենտրոնական բանկին, որպեսզի վերջինս ավելի համարձակ գնար՝ արտարժույթ առներ և հետ քաշեր փողը՝ չվախենալով, որ այդ դրամը կմնա տնտեսության մեջ։ Կառավարությունը պետք է օգներ այդ ավելցուկ դրամները տնտեսությունից հետ քաշել հարկային քաղաքականության և նպատակային պարտքային գործիքների միջոցով։ Այս երկու բանում մենք ծուլացանք։ Ընդ որում, հարկային քաղաքականությունն ուղղված պետք է լիներ դեպի այն ճյուղը, որը ծաղկում էր ապրում։ Հասկանո՞ւմ եք, այդտեղ հարկելով՝ դուք կիջեցնեիք շահութաբերությունը և միանգամից երկու նպատակ կխոցեիք.
1. Ձեր մոտ փոխարժեքը շատ չէր արժևորվի, որովհետև ԿԲ-ն շատ ավելի համարձակ և մեծ ծավալի արտարժույթ կգներ։
2. Ոչ արտահանելի հատվածը չէր խեղդի արտահանելի հատվածին երկու ուղղությամբ՝ փոխարժեքով՝ գումարած ռեսուրսների համար մղվող պայքարով։
Քանի որ դուք հարաբերական գների մասը հարթում եք հարկման միջոցով (օրինակ՝ սպասարկման ոլորտը կամ կապիտալ շինարարությունը շատ ավելի շատ հարկելով՝ իջեցնում եք դրանց շահութաբերությունը), այդ պարագայում ոչ արտահանելի հատվածը չի սկսում ռեսուրսներ «գողանալ» արտահանելի հատվածից։ Բայց արդյո՞ք դա արեցինք։ 2021 թվականի կառավարության ծրագրում դրված թեզ կար, որ մենք պետք է ունենանք արտահանմանն ուղղված քաղաքականություն, դիվերսիֆիկացման քաղաքականություն, և, օրինակ, մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ի մեջ պետք է հասցնեինք մինչև 15%-ի։ Այն ժամանակ մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ի մեջ շուրջ 12% կշիռ ուներ։ Իսկ այսօր՝ 2025 թվականին, գիտե՞ք ինչպես ենք ավարտել՝ 10%-ից մի փոքր ավելի։ Այսինքն՝ մի բան էլ նվազել է, հակառակն է տեղի ունեցել, հասկանո՞ւմ եք։ Եվ եթե այսպես շարունակվի, ես մտավախություն ունեմ, որ Կենտրոնական բանկն ամեն դեպքում նախապատվությունը տալու է գնաճին և թույլ է տալու, որ փոխարժեքն արժևորվի։
- Երբ ասում են, թե հասարակության բարեկեցությունը բարձրացել է, ես համաձայն չեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև պետք է դիմել թվերին և հասկանալ՝ ինչ ենք հասկանում՝ «բարեկեցության բարձրացում» ասելով։
Տնտեսագիտորեն շատ պարզ է բացատրվում. եթե նախկինում իմ եկամուտները թույլ էին տալիս գնել 10 աթոռ ու 10 սեղան, իսկ հիմա՝ 20-ական, ապա լրացուցիչ տասականներն իմ բարեկեցության աճն են։ Լավ, եթե այս տեսանկյունից նայենք, տեսեք՝ տնային տնտեսությունները եկամուտ են ստանում երեք աղբյուրից. կապիտալի սեփականատերեր (ֆիզիկական կապիտալ կամ ֆինանսական), բայց սրանք մեծահարուստներն են։
Աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (երբ վաճառում ես աշխատուժը). սա մեր հասարակության գերակշիռ մասն է։
Սոցիալապես անապահովներ, որոնք տրանսֆերտներ են ստանում (այդ թվում՝ դրսից):
Եթե նայենք 3-րդ կետին, ապա տնտեսական կյանքում՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հատվածից, տրանսֆերտների էական թռիչք չունենք։
Ակադեմիական աշխարհում կա աքսիոմատիկ ճշմարտություն. միավոր տնտեսական աճից շատ ավելի շատ օգտվում են միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ, քան հակառակը։ Հենց դրա համար գոյություն ունի հարկաբյուջետային քաղաքականություն, որպեսզի պետությունը միջամտի, և եկամուտների ու հարստության բևեռվածություն չառաջանա։ Դա ամենավտանգավոր ելքն է։
Ի՞նչ է տեղի ունեցել մեր ազգաբնակչության հետ 2018 թվականից այս կողմ։ Ճիշտ է, անվանական աշխատավարձերն աճել են։ Ես մի վարժություն եմ արել՝ բազային ընդունելով 2018 թվականը մինչև 2025 թվականի ավարտը և 2026 թվականի առաջին կիսամյակը։ Գնաճը հանելուց հետո մենք ունենք իրական աշխատավարձերի շուրջ 30 տոկոսանոց աճ։ Ընդ որում, հաշվի եմ առել նաև այն, որ ստվերային որոշ աշխատավարձեր դարձել են լեգալ, ինչը ևս բերել է անվանական աշխատավարձի թղթի վրա գրված աճի։
Ասել, թե հոյակապ է, և կառավարությունը թմբկահարում է միայն այս 30 տոկոս աճը, բավական չէ։ Իսկ նայե՞լ ենք, թե ինչպես են փոխվել տնային տնտեսությունների պարտավորությունները (պասիվային մասը)։
Հիշենք այն աղմուկը, որ երբ Կենտրոնական բանկը տոկոսադրույքը բարձրացրեց ընդամենը 0.25 տոկոսային կետով, բոլորը՝ մամուլը և հասարակությունը, միանգամից ահազանգեցին։ Բայց չէ՞ որ նման իրավիճակ ունեինք դեռ 2021 թվականի կեսերից, երբ ԿԲ-ն սկսեց աստիճանաբար բարձրացնել տոկոսադրույքները՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի մյուս կենտրոնական բանկերը։
Այն ժամանակ դեռևս այսպիսի աժոտաժ չկար, իսկ հիմա կա, որովհետև մեր հասարակության բավականին լուրջ զանգվածը ծանրաբեռնված է սպառողական վարկերով։ Այսօր վարկային պորտֆելի գերակշիռ մասը՝ 2 տրիլիոնից ավելին (շուրջ 5 միլիարդ դոլարից ավելի), կազմում են սպառողական վարկերը, որոնք տրվել են բանկային համակարգից մեր ազգաբնակչությանը։
Հարց է առաջանում՝ ովքե՞ր են սպառողական վարկ վերցնողները։ Սոցիալապես անապահովները և նրանք, ովքեր ստանում են միջին կամ դրան մոտ աշխատավարձ և խնամքին ունեն առնվազն երկու հոգի։ Նրանք փոքր սպառողական վարկեր են վերցնում, որպեսզի հոգան ընտանիքի ընթացիկ հոգսերը և կերակրեն իրենց։ Եթե, օրինակ, սառնարանը կամ հեռուստացույցը փչանում է, նրանք չունեն խնայողություններ և ստիպված են սպառողական վարկ վերցնել։
- Չեմ կարծում, թե 0.25 տոկոսային կետն էապես փոխելու է վարկային պորտֆելի գինը, բացառությամբ լողացող տոկոսադրույքով վարկերի, որոնք հիմնականում հիփոթեքներն են (սպառողական վարկերը տրվում են ֆիքսվածով)։
Բայց նաև հասկանում եմ և կարծում եմ, որ Կենտրոնական բանկի ճիշտ քաղաքականությունը տոկոսադրույքների բարձրացման այս գիծը հետագայում ևս շարունակելն է։ Ինչո՞ւ։ Որովհետև տնտեսությունում փող է լցվում, և այս պարագայում կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը նորից ընդլայնողական է։ Փոխարենը զսպող լինելու՝ հարկաբյուջետային քաղաքականությունն ընդլայնող է, և որքան այն ավելի ընդլայնող լինի, այնքան Կենտրոնական բանկն ավելի ագրեսիվ է բարձրացնելու տոկոսադրույքները, քանի որ այլ գործիք չունի։ Եվ սա շատ նորմալ է։
- Եթե նայենք Ֆինանսների նախարարության հրապարակումներին (օրինակ՝ նախորդ տարվա հունվար-հուլիսի կամ հունվար-օգոստոսի տվյալներին), ինչն էականորեն փոխված չէ, կտեսնենք, որ եկամտային մասն աճել է շուրջ 240 միլիարդ դրամով, հիմնականում՝ լավ հավաքագրվող հարկերի հաշվին (հարկերն աճել են մոտ 230 միլիարդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։
Նայում ենք նաև, որ հարկաբյուջետային քաղաքականությունն այդ 7 ամսվա ընթացքում ունեցել է շուրջ 32 միլիարդ դրամի հավելուրդ (պրոֆիցիտ)։ Մի պահ կարող ենք ուրախանալ՝ մտածելով, թե կոնսոլիդացիա է տեղի ունենում, բայց այդպես չէ։ Երբ նայում ենք ծախսերի կառուցվածքին, պարզվում է, որ այդ պրոֆիցիտը հիմնականում գոյացել է կապիտալ ծախսերի թերակատարման հաշվին։ Կապիտալ ծախսերը թերակատարվել են շուրջ 82 միլիարդ դրամով, ինչը հարվածում է երկրի տնտեսական պոտենցիալին։
Երկրորդը՝ ընթացիկ ծախսերն ունեն մի հատկություն. նրանք միշտ աճելու հակվածություն ունեն։ Եթե մի անգամ բարձրացրել ես դրանք, իսկ վաղը տնտեսական հնարավորությունները չբավարարեն հարկեր գեներացնելու համար, դու չես կարող գնալ ու ասել՝ «գիտեք ինչ, հիմա կրճատում եմ ձեր աշխատավարձերը», «հիմա պետք է հետ վերցնեմ ապահովագրական փոխհատուցումները», կամ՝ «բարձրացրած թոշակները հետ եմ տալիս»։
- Ամբողջ աշխարհում ապահովագրական ծառայությունները հիմնականում ֆինանսական շուկաներում որպես ներդրող են հանդես գալիս։ Նրանք գումարները հավաքում են և նաև ներդրումներից են եկամուտներ ստանում. եթե պարզապես փողը վերցնես ու բաշխես, դա տրադիցիոն ապահովագրություն չէ, այլ պարզապես փողերի վերաբաշխում։
Հիմա նայենք Հայաստանում առողջապահական ապահովագրության մասով բյուջեի վրա դրված բեռին։ Առաջին բեռն այսօրվա դրությամբ մինչև 200,000-500,000 դրամ աշխատավարձ ստացողների 6000 դրամանոց փոխհատուցումներն են։ Մնացած մասը (կամ մի մասը), եթե հիշողությունս չի դավաճանում, տրվում է զինվորի հիմնադրամից, իսկ 300 դրամները թողնված են անհատների վրա։ Դրանք շուրջ 300,000 հոգի են, և նրանց փոխհատուցումը բյուջեի հաշվին կազմում է շուրջ 26 միլիարդ դրամ։
Դրան պետք է ավելանան 200,000 դրամից քիչ ստացողները (շուրջ 330,000 աշխատող). եթե նույն 6000 դրամը կիրառենք այստեղ, ևս 23 միլիարդ դրամ է ավելանում։ Ենթադրում եմ, որ կառավարությունը հետագայում կգնա այն քայլին, որ կնվազեցնի պետական փոխհատուցման մասը (օրինակ՝ 6000-ը դարձնելով 3000 կամ 2000 դրամ), որպեսզի բեռը թեթևացնի, և այդ դեպքում 10,800 դրամ ապահովագրական վճարի մեծ մասն ընկնելու է ազգաբնակչության վրա։
Հաջորդը՝ ուշադրություն չենք դարձնում, որ 500,000-ից մինչև 1 միլիոն դրամ և ավելի ստացողներն էլ 2027 թվականին հայտարարագրման միջոցով իրավունք են ունենալու հետ ստանալու իրենց 3000-4000 դրամները, ինչը ևս մոտավորապես 6.7 միլիարդ դրամի բեռ է բյուջեի վրա։
Ունենք նաև սոցիալապես անապահով խմբեր՝ թոշակառուներ (որոնց փոխարեն պետությունն է վճարում), հաշմանդամներ (շուրջ 195,000 հոգի, որոնց համար պետությունը վճարում է 10,800 դրամը), միակողմանի ծնողազուրկներ, կերակրողին կորցրածներ և այլն։ Այս ամենը միասին գումարելով՝ պոտենցիալ ծախսը կազմում է շուրջ 100 միլիարդ դրամ։ Եթե բոլորն անխտիր օգտվեն իրենց իրավունքից, բյուջեն պետք է վճարի այդ 100 միլիարդը (կամ 50%-ի դեպքում՝ 50 միլիարդը)։
Ամբողջական պոտենցիալ ծախսը, եթե 200,000 դրամ և դրանից ներքև գտնվողներն էլ պահպանվեն ստատուս-քվոյում, հասնում է շուրջ 150 միլիարդ դրամի։ Ես ենթադրում եմ, որ կառավարությունը գնալու է որոշակի վերաճշգրտումների և շրջանակը փոքրացնելու։ Հիվանդանոցներից արդեն հետ են ուզում, պահուստային ֆոնդից նորից գումար են ներարկելու, որպեսզի համակարգը չպայթի։
Ինձ ավելի շատ անհանգստացնում է այս ամենի կյանքի տևողությունը։ 2027 թվականի բյուջեն պարզ ցույց կտա, որ ցանկացած կառավարությունում կան պրագմատիկ բլոկներ (ինչպես Ֆինանսների նախարարությունը կամ Կենտրոնական բանկը), որոնք ավելի պրոֆեսիոնալ ու պրագմատիկ են, և կան պոպուլիստները՝ ի դեմս Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների։ Ցավոք, գործող կառավարության մեջ պոպուլիզմն ավելի շատ է։
- Սովորական հարկատուն և միջին վիճակագրական քաղաքացին նայում է՝ ովքեր են աշխատավարձ ստանում և ինչի դիմաց: Եթե Ազգային ժողովի պատգամավորը ասում է «մացեմածիկա» ու ելույթում 30 վայրկյանում 4 սխալ է անում, մարդկանց մոտ դա է տպավորվում, ու նրանք իսկապես մտահոգ են՝ ինչո՞ւ և ո՞ւմ հաշվին են բարձրացվում նրանց աշխատավարձերը: Եթե լինեին կիրթ, գրագետ, բեքգրաունդ ունեցող մարդիկ, հարցերն այդքան շատ չէին լինի: Իսկ որտեղի՞ց է դա ֆինանսավորվելու: Ամենակարևոր աղբյուրը ներքին տնտեսական աճն է լինում, սակայն մենք այս առումով խնդիր ունենք:
- Երկրի վարկային պորտֆելի 23 %-ը սպառողական վարկերն են։ Իսկ արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը միասին վերցրած, գիտե՞ք, քանի տոկոսն են կազմում պորտֆելում՝ մոտ 10-13 %։ Պատկերացնո՞ւմ եք՝ միայն սպառողական վարկերը գրեթե կրկնակի գերազանցում են այս երկու արտահանելի հատվածին, որոնք քո տնտեսության ողնաշարն են և պետք է գեներացնեն այն պոտենցիալը, որից հարկեր պետք է հավաքես։ Եթե վաղը կամ մյուս օրը քաղաքական քարտերում գլոբալ վերադասավորումներ լինեն, մենք հասկանում ենք, չէ՞, որ այսօրվա ֆինանսական ներհոսքի հետևում կանգնած են աշխարհաքաղաքական զարգացումները՝ Ուկրաինայի պատերազմը, Մերձավոր Արևելքում նոր հակամարտությունների բացվելը։ Դրա հետևանքով գումարները տարբեր խողովակներով և մոտիվացիայով ուղղվեցին Վրաստան ու Հայաստան՝ խթանելով մեր տնտեսության աճը։ Բայց եթե վաղը որոշակի փոփոխություններ լինեն, ի՞նչ է անելու Հայաստանի տնտեսությունը։ Մի՞թե ունենալու է բարձր աճ, թե՞ հույսներն այն է, թե Եվրոպան ինչ-որ բանով կօգնի։ Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում դրան, որովհետև խոսում եմ փաստերով, այլ ոչ թե խոստումներով։ Խոստումներն ինձ համար ոչինչ են, եթե համեմված չեն թվերով։
Օրինակ՝ Եվրամիությունը 2023 թվականին խոստացավ 270 միլիոն եվրո (որը պետք է ստանանք 4 տարվա ընթացքում, այսինքն՝ տարեկան մոտ 60-70 միլիոն եվրո)։ Բայց դրա միայն կեսն ենք ստացել, ընդ որում՝ ոչ ամբողջը կանխիկ։ Համեմատության համար նշեմ, որ միայն ռուսական գազի սակագնի մասով Հայաստանը տարեկան կես միլիարդ դոլարի օգուտ է ստանում։
- 2022թ.-ից այս կողմ եկած ռուսներից 160 000 մարդ մնացել է: Բնական է, որ գումար ունեն, ու երկար մնալու արդյունքում դրանք այստեղ ծախսվում են: Ֆիզիկական անձինք ակտիվների դիվերսիֆիկացման ձև են դիտարկում նաև անշարժ գույքը. մարդիկ անշարժ գույք են ձեռք բերում ոչ միայն իրենց երկրում, այլև այլ ապահով երկրներում: Նախկինում դա Դուբայն էր: Հիմա այնտեղ անվտանգ չէ, գումարները գալիս են Հայաստան և Վրաստան: Բացի դրանից, երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներն են այստեղ գույք ձեռք բերում: Մնացած փողը կարող է ունենալ արտաքին հետք: Եթե ես Թուրքիայի կամ Ադրբեջանի տեղը լինեի, ի՞նչ կանեի, եթե տեսնեի՝ Հայաստանն անդադար ամեն ինչ զիջում է: ես կկիրառեի փափուկ ուժը ու գույք ձեռք կբերեի:
- Կապիտալ շինարարությունում քաոսային իրավիճակ է, որովհետև «Արարատցեմենտի» խլման արդյունքում մարդիկ ցեմենտի խնդիր ունեն: Մարդիկ ստիպված են ներմուծել: Արդեն Վրաստանն է մեզ ցեմենտ մատակարարում: Ստեղծված է մի իրավիճակ, որը մեզ է խփում:
- Ես տանել չեմ կարողանում, երբ ասում են՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես էլ քաղաքական բանավեճերի չեմ գնում, բայց որպես քաղաքացի՝ դու չես կարող քեզ կույրի կամ խուլի տեղ դնել: Ես չեմ կարող լռել, երբ Հաջիևը ծաղրում է իմ կրոնը, եկեղեցիներն ու դրանք ներկայացնում՝ որպես ալբանական: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ գործող կառավարությունը պարզապես սսկեցնում է տնտեսվարողին: Եթե նա տեսնում է՝ Գագիկ Ծառուկյանի նման գործարարի հետ ինչպես են վարվում, ինքն արդեն զգուշանում է:
- Արտաքին ներդրողները պահանջում են խաղի հստակ կանոններ։ Այսպիսի իրավիճակում ոչ միայն արտաքին, այլև ներքին ներդրողներն ու բիզնեսմեններն են ասում, որ նման պայմաններում հնարավոր չէ նորմալ աշխատել։
Մարդիկ հասկանում են խնդիրը։ Եթե խոսենք արժեհամակարգի կամ Արցախի մասին, դա հետևանքներ է ունենալու։ Որպես օրինակ՝ կարող եք հարցում անել ռեեստրին՝ տեսնելու համար, թե օտարերկրյա կապիտալով քանի ընկերություն է ստեղծվել 2025 և 2026 թվականներին։ Արդյունքը պարզ ցույց կտա իմ ասած տնտեսագիտական թեզի ճշմարտացիությունը. օտարերկրյա ներդրողները չեն շտապելու այստեղ ներդրումներ կատարել, եթե տեսնում են այսպիսի իրավիճակ։
- Նույնիսկ միջազգային պայմանագրերի դեպքում (օրինակ՝ Հայաստան-Կիպրոս) սևը սպիտակի վրա գրված դրույթները կամ արբիտրաժի որոշումները երբեմն պատշաճ չեն կատարվում։
Եթե նայենք 2026–2031 թվականների կառավարության ծրագրին, այնտեղ կան շատ հոյակապ գրված դրույթներ, բայց կան նաև միջակ մակարդակի ձևակերպումներ։ Օրինակ՝ ներդրումների պաշտպանության մասով ֆանտաստիկ բաներ են գրված, թե իբր մեծացնելու ենք համաձայնագրերի աշխարհագրությունը։ Բայց եթե դուք արդեն ստորագրած մի քանի տասնյակ համաձայնագրերով գրվածը չեք կատարում, ի՞նչ տարբերություն՝ դարձնեք դրանք 140, թե ոչ։ Արտաքին ներդրողն արձագանքելու է՝ ըստ փաստերի։
Ներդրումների պաշտպանության համար գործում է երեք հիմնական պայման.
ոչ խտրական մոտեցում. դու չես կարող թիրախավորել միայն կոնկրետ ընկերություններ (ինչպես, օրինակ՝ «Վիոլիա ջրի» պարագայում), երբ կան հանրային կամ առողջապահական այլ ռիսկեր։
Հանրային շահին էական վտանգ. գործողությունները պետք է բխեն հանրության համար իրական ու հիմնավորված վտանգների կանխարգելումից, այլ ոչ թե թևավոր խոսքերից։
Շուկայական փոխհատուցում. մինչև հանրությանը տեղեկացնելը կամ որևէ գույքային միջամտություն անելը պետք է տրվի համարժեք շուկայական փոխհատուցում։
Հակառակ դեպքում, փոքրիկ գումարների վեճերի համար անգամ ստիպված ենք լինում գնալ Ստոկհոլմի արբիտրաժ, որտեղ միջազգային կանոնները պարտադիր են բոլորի համար։ Իսկ այստեղ ՀԷՑ-ի մասով արբիտրաժի որոշումները չեն կատարվում: Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ո՞վ է գալու ու ներդրում անելու մեր երկրում։
- Ենթադրենք՝ ՀԷՑ-ը որոշակի տեղեր հավելագրումներ է արել, որոշակի տեղեր թերագրումներ են, լավ, իսկ դա ինչի՞ է հանգեցրել, հանրության մոտ ի՞նչ ռիսկի է հանգեցրել։ Եթե տվյալներ են ջնջվել, լավ, ջնջվել են, դա ինչի՞ է հանգեցրել, ի՞նչ վտանգներ են էական ստեղծել։ Կամ, ենթադրենք, երաշխիք է տվել, լավ, տվել է, բայց չէ՞ որ, ասենք, դրանից ռեյտինգավորող ընկերությունները չեն փոխվել, ռիսկեր չեն առաջացել ՀԷՑ-ի նկատմամբ։
- Դատա-կենտրոնները (data center) տնտեսական առումով, ըստ միջազգային վերլուծաբանների, մեծ ներառականություն չունեն. աղմուկն ավելի շատ-շատ է, քան օգուտը: Դրանք մեծ էներգետիկ ու ջրային ծախքեր են պահանջում երկրից:
- Կյանքն այնպիսին է, որ հզոր է այն երկիրը, որն ավելի շատ է թվայնացված, բայց մյուս կողմից՝ ամբողջ աշխարհում IT ոլորտը ներկայացնողները գլոբալիստներ են, թքած ունեն քո երկրի արժեքների վրա, կպած չեն քո հողին: Այդպիսին է այդ ոլորտը: Հենց վտանգ զգաց, իր համակարգիչը վերցնելու է, գնա: Այո՛, նրանք կարևոր են, բայց ոչ քո ազգային բիզնեսի հաշվին:
- Ես համաձայն եմ այն թեզի հետ, որ Ռուսաստանն իր պատժամիջոցների արսենալի մի չնչին մասն է կիրառել: Փաստեր կան, և դրանց հետ պետք է հաշվի առնես: Տարակուսելի է, երբ մտնում ես բոքսի ռինգ՝ առանց հաշվի առնելու քո ու դիմացինիդ քաշային կարգերը: Նայենք թվերին: 2018թ. շուրջ 680 միլիոնի չափ արտահանում եղել է դեպի Եվրամիություն, 660 միլիոն՝ Ռուսաստան: Անգամ 2015թ. ԵԱՏՄ մտնելուց հետո շուրջ 50%-ով արտահանումը դեպի ԵՄ ավելացել է: Հիմա դեպի Ռուսաստան արտահանման կշիռն անգամներով է աճել, ԵՄ-ի դեպքում թվերն ընկել են՝ 666 միլիոնի կարգի, իսկ դեպի Ռուսաստան արտահանման 660 միլիոնը դարձել է 2.9 միլիարդ դոլար, ներառյալ՝ վերաարտահանումը: Ռուսաստանն ամբողջությամբ դեռ չի փակել արտահանումը: Տեքստիլի արտահանումը չի փակվել: Եթե դա փակվի, օրինակ, Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» լուրջ խնդիրներ է ունենալու, իսկ դա աշխատատեղ է: Այն դեպքում, երբ Ռուսաստան է գնում հայկական տեքստիլ արտադրանքի շուրջ 90%-ը: Մենք հաշվի չենք առնում, որ մեր այս ծաղկուն կյանքի «մեղավորը» ռուսներն են: Ինչպես ասացինք, 160 000 ռուս մնացել ու ապրում է այստեղ: Եթե լինեն միգրացիայի սահմանափակումներ, դա ևս լուրջ խնդիր է:
- Այլևս գաղտնիք չէ, որ ադրբեջանական գազի քողի տակ փաթեթավորված ռուսական գազն է մտնում Եվրոպա: Ադրբեջանն այդքան գազ չունի: Ես չեմ կարծում, որ կարելի է խոսել խաղաղության մասին, երբ դիմացինդ խոսում է քո մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց, երբ Ադրբեջանը բանտերում պահում է մեր հայրենակիցներին… Ռուբեն Վարդանյանի վրա դրված հոդվածներից մեկը սահմանի ապօրինի հատումն է: Այդ դամոկլյան սուրը, փաստորեն, բոլորիս գլխին է կախված, որովհետև բոլորս էլ գնացել ենք Արցախ: Ու այս ամենից հետո գազ ակնկալել Ադրբեջանից՝ առնվազն տարօրինակ է:
- ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը մի անգամ մի թեզ հնչեցրեց՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացը լուրջ վահան է, և ես համաձայն եմ նրա հետ: Եթե մենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը չեղարկում ենք, Թուրքիան ավելի սանձարձակ է դառնալու, իսկ այլ երկրներ Թուրքիայի վրա իրենց ճնշման գործիքը փոխելու են. դա այլևս չի լինելու Հայոց ցեղասպանության ճանաչումը:
- Դուք չեք գտնի երկիր, ուր կան անվտանգային ռիսկեր, և այդտեղ կգան ու ներդրում կկատարեն: Կայունության և տնտեսական կյանքի բարելավման համար անվտանգությունն առաջին խնդիրն է:
- Ադրբեջանը մեծ հաջողությամբ առաջ է տանում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը: Նրանց վարած քաղաքականության համաձայն՝ ողջ Հայաստանը, Երևանն էլ հետը՝ Ադրբեջան է: Ալիևն աշխատանքային խումբ է ստեղծել՝ Հայաստանի տարածքում (հատկապես Սյունիքում, Վայոց ձորում և Սևանա լճի ավազանում) գտնվող պատմական հուշարձանների, վանքերի և եկեղեցիների «ուսումնասիրության» համար… Ու սրան զուգահեռ՝ մենք ասում ենք՝ ոչինչ, որ Ռուսաստանի հետ վատ լինենք, ու գազ չկա: Սա տարօրինակ է: Փոքր երկրները կոալիցիաների մեջ պետք է լինեն:
- Սպեկուլյացիա է ու կեղծ այն թեզը, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի օրոք մի գիշերվա մեջ է մտել Մաքսային միություն, ԵԱՏՄ: Ես եղել եմ այն մարդը, ով Համաշխարհային բանկի թիմի հետ բազմաթիվ վերլուծություններ ու հաշվարկներ է կատարել, թե չմտնելու դեպքում տնտեսական հետևանքն ինչ կլինի: 11 000 ապրանքային տողերից վերցրել ենք 723-ը, և այդ 723 ապրանքատեսակները փակում էին մեր ապագա ներմուծման 51%-ը: Այսինքն՝ մենք դուռը չենք շրխկացրել ԵՄ-ի երեսին, դրանից հետո ԵՄ-ի հետ քաղաքական փաստաթուղթ՝ CEPA ենք կնքել՝ հանած տնտեսական բաղադրիչը: ԵԱՏՄ-ից առաջ եղել է ԵվրԱզԷՍ-ը, բայց մենք դրան չանդամակցեցինք, որովհետև տնտեսական հաշվարկները բարենպաստ չէին:
- Եթե մենք դուռը շրխակցնենք Ռուսաստանի երեսին, միայն առևտրի, Ռուսաստան արտահանման մասով, նույնիսկ այսօրվա ստատուս-քվոյի պարագայում տնտեսական կորուստը 1.5-2% է լինելու: Տրանսֆերտներ, ռուսների գալ, գազ եթե դրան գումարենք, ես ձեզ ասում եմ՝ ձեր կյանքը, մարդիկ, հեշտ չի լինելու: Ունենալու ենք աշխատատեղերի կորուստ և փակվող բիզնեսներ, տնտեսական խնդիրներ, որոնք մտնելու են քո քաղաքացու սոցիալական կյանք:
- Որպեսզի հայ-ադրբեջանական թշնամանքն անցնի, առնվազն 3-4 սերունդ պետք է փոխվի: Ես չեմ հավատում խաղաղությանը: Ովքեր հավատում են, մոռացկոտության և կարճատեսության լուրջ սինդրոմ ունեն: Ընդամենը 4 տարի առաջ նրանք մեր զինվորներին էին մորթում…
Մանրամասները՝ տեսանյութում։
—