Սեպտեմբեր 26, 2026
2022թ. հետո, առաջին անգամ Կենտրոնական բանկն օրերս բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նախկին 6.5-ի փոխարեն՝ սահմանեց 6.75 տոկոս։
Ճիշտ է, 0.25 տոկոսային կետի ավելացումն ավելի շատ սիմվոլիկ բնույթ ունի և դրանից աշխարհացունց երևույթներ չպետք է սպասել, բայց սա զգուշացում է՝ առաջիկայում սպասվող հնարավոր գնաճային դրսևորումներից առաջ։
Այսօր էլ Հայաստանում նկատվում են գնաճային դրսևորումներ, բայց Կենտրոնական բանկի այս քայլն ուղղված է ապագային։ Թանկացումների նոր ալիք է սպասվում Հայաստանում հատկապես հաջորդ տարվա սկզբից։ Ուստի՝ Կենտրոնական բանկն այժմվանից նախապատրաստվում է դրան։
Չնայած այնպես չէ, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը շատ մեծ ազդեցություններ ունի թանկացումների վրա։ Վերջին տարիներին այն զգալիորեն նվազել է, սակայն դրանից ապրելն ավելի մատչելի չի դարձել։ Այդ պայմաններում էլ համատարած թանկացումները շարունակվել են ու այնպես է ստացվել, որ այսօր Հայաստանը թանկությամբ դարձել է առաջատար երկրներից մեկը ոչ միայն տարածաշրջանում, այլև տարածաշրջանից դուրս։ Քաղաքացիներն ամեն քայլափոխի բախվում են գների բարձրացումների հետ, որոնք երբեմն նաև սպեկուլյատիվ բնույթ են կրում, բայց դրանց նկատմամբ առկա է իշխանությունների բացարձակ անտարբերությունը։ Հաճախ էլ իրենք են խրախուսում թանկացումները։
Թանկացումների ալիքը Հայաստանում վերջին տարիներին երբեք էլ չի դադարել, բայց առաջիկայում մեզ շատ ավելի մեծ անակնկալներ են սպասվում։ Եթե մի շարք ուղղություններից թելադրված ռիսկերն առարկայանան, Կենտրոնական բանկը շուտով ստիպված է լինելու շատ ավելի կտրուկ քայլերի գնալ։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի այս բարձրացումն ընդամենը նախազգուշացնող միջոցառում էր՝ առ այն, որ քաղաքականության փոփոխություն է սպասվում ու պետք է պատրաստվել դրան։
Կենտրոնական բանկի նախագահի «ապոկալիպտիկ» բնորոշումը հենց այդ ռիսկերի առարկայացմանն էր վերաբերում։ Դա կարող է լինել հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանը բախվի գազի թանկացման։ Այս պահին կան գազի հնարավոր թանկացման հետ կապված ռիսկեր, բայց դրանք առայժմ խոսակցությունների մակարդակում են։ Այդ խոսակցությունները կարող են իրականանալ տարեվերջին, երբ ավարտվի գազի գնի վերաբերյալ ամենամյա համաձայնագրի գործողության ժամկետը։
Գազի թանկացման դեպքում՝ Հայաստանը ստիպված կլինի բախվել բոլորովին այլ իրականության հետ։ Գազը մի ապրանք է, որի թանկացումից կտուժի ոչ միայն քաղաքացին, այլև գրեթե ամբողջ տնտեսությունը։ Դա բերելու է տնտեսության համատարած թանկացման։ Այն ներքին սպառման ապրանքների միջոցով էլի փոխանցվելու է քաղաքացիներին։ Բայց դա չի լինելու փրկություն տնտեսության համար։ Գազի թանկացումից հետո, տնտեսությունը բախվելու է արտաքին էքսպանսիայի շատ ավելի ուժեղ ճնշման հետ։
Այսօր էլ այդ ճնշումը կա, բայց այն անհամեմատ ահագնանալու է՝ գազի թանկացման դեպքում։ Ներքին շուկայում հայկական ապրանքները շատ արագ կորցնելու են մրցունակությունը՝ ներմուծվողների նկատմամբ, որոնց դիրքերն, առանց այդ էլ՝ բավական ամրապնդվել են հատկապես ազգային արժույթի վերջին տարիների ուժեղացման հետևանքով։
Գազի թանկացումը շատ մեծ ռիսկ է լինելու տնտեսության համար։ Զարմանում ես, որ այս պայմաններում մտադիր են օր առաջ բացել հայ-թուրքական սահմանը, գործարար համաժողովներ են կազմակերպում ու կոչեր հնչեցնում՝ սահմանի շուտափույթ բացման վերաբերյալ։ Գազի հնարավոր թանկացման պայմաններում սահմանի բացումը բերելու է Հայաստանի տնտեսության արագացված տեմպերով թուրքացման։ Հայկական ապրանքների մրցունակության կորստի պայմաններում, դրանց տեղը շատ արագ լրացնելու են թուրքական, ինչո՞ւ չէ, նաև ադրբեջանական ապրանքները։
Դեռ չենք խոսում այն մասին, թե ի՞նչ տեղի կունենա արտաքին շուկաներում, եթե տնտեսությունը զրկվի գազի այսօրվա շատ ավելի արտոնյալ գնից։
Գազի թանկացումը միայն այն չէ, որ քաղաքացին ստիպված է լինելու ավելի շատ վճարել իր սպառած գազի դիմաց։ Դա թանկացնելու է ամբողջ սպառողական շուկան՝ ապրանքներից սկսած, վերջացրած ծառայություններով։ Սա բերելու է համատարած գնաճի՝ իր ամբողջ սոցիալական հետևանքներով։
Գնաճային ճնշման ակտիվություն սպառողական շուկաներում, իհարկե, այսօր էլ կա։ Մեծապես թանկացել են էներգակիրները։ Բենզինի գինը Հայաստանում հասել է պատմական առավելագույնի։ Երբևէ նման գներ չեն եղել բենզալցակայաններում՝ չնայած դրա մասին իշխանությունները խուսափում են խոսել։ Մինչդեռ, մեծ իրարանցում էին սարքել, երբ ընտրություններից առաջ ադրբեջանական բենզինի ու դիզելի ներմուծումից հետ, կարճ ժամանակ վառելիքի գները որոշ չափով նվազեցին։ Նվազեցրին, որ հետո ավելի մեծ տեմպերով բարձրացնեին։ Այսօր վառելքի շուկայում ռեկորդային գներ են ,ու դրանք սկսել են թողնել իրենց ազդեցությունը։
Արդեն խոսում են քաղաքային տրանսպորտի ուղեվարձերը բարձրացնելու մասին։ Դա սպասվում է հաջորդ տարվա սկզբից։ Դեռ այս տարվա սկզբին էին մտադիր բարձրացնել տրանսպորտի ուղեվարձը, բայց ընտրությունների պատճառով հետաձգեցին։ Կանեն հաջորդ տարվա սկզբից՝ հատկապես որ, վառելիքի թանկացումը լավ առիթ է դրա համար։
Ցեմենտն է վերջին շրջանում զգալի թանկացել։ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտը» խլելուց հետո, շուկայում դեֆիցիտ է։ Ինչքան էլ փորձում են սա պայմանավորել իրանական ցեմենտի ներմուծումների կրճատումով, այն ուղիղ կապ ունի նաև «Արարարտցեմենտի» հետ։ Երբ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում կապարակնքում ու հարկադիր պարապուրդի էին մատնում գործարանը, այն ժամանակ էր պետք մտածել այսօրվա մասին։
Ցեմենտի թանկացումը միայն ցեմենտի թանկացում չէ։ Այն ավելացնելու է ճնշում շինարարության ու անշարժ գույքի շուկայի գների վրա։
Թանկացումներ կան նաև սպառողական շուկայի այլ սեգմենտներում, գնաճը գերազանցում է ԿԲ թիրախային մակարդակը, առավել բարձր է սննդամթերքի պարագայում։ Դա էլ քիչ է՝ Կենտրոնական բանկը գնաճային ռիսկերի ակտիվացում է տեսնում։ Բայց այդ ամենի գագաթնակետը լինելու է գազի գնի բարձրացումը, որը ոչ միայն հանգեցնելու է համատարած ամեն ինչի թանկացման ու քաղաքացիների ֆինանսական բեռի կտրուկ ավելացման, այլև տնտեսության անկման, տնտեսության մեջ ձևավորվող եկամուտների, այդ թվում՝ այստեղ զբաղված քաղաքացիների եկամուտների կրճատման։
Մի կողմից՝ ամեն ինչ կթանկանա, մյուս կողմից՝ կնվազի քաղաքացիների եկամուտը։ Սա լուրջ ռիսկ է նաև ֆինանսական համակարգի համար, որը վերջին տարիներին հասցրել է վարկային ծանր բեռի տակ ներքաշել բազմահազար քաղաքացիների։ Հատկապես որ, սպասվում է նաև վարկային տոկոսադրույքների բարձրացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
—