X
    Categories: News

Ի՞նչ ցույց տվեց Փաշինյան-Էրդողան հերթական հանդիպումը

Սեպտեմբեր 26, 2026

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը, ինչի համատեքստում անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական կապերի խթանումը, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացումը և Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանն ուղղված աշխատանքների հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց ընթացքում շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։

Այս հանդիպմանը նախորդել էին Անկարայի բարձրաստիճան պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները, որոնք լրացնում են ընդհանուր և ավելի լայն աշխարհաքաղաքական պատկերը։ Մասնավորապես, Նյու Յորքում՝ «Թուրքիա-Միացյալ Նահանգներ հարաբերությունները մտնում են իրենց 100-րդ տարին» խորագրով պանելի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, թե Թուրքիան և ԱՄՆ-ը ակտիվորեն աջակցում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և սերտորեն համակարգում են իրենց քայլերը Հարավային Կովկասի հարցում։ Ֆիդանի այս շեշտադրումը բացահայտում է Անկարայի իրական հավակնությունները. Վաշինգտոնի հետ երկխոսությունում Թուրքիան ձգտում է ամրագրել իր՝ Հարավային Կովկասի գլխավոր համակարգողի և Արևմուտքի անվտանգային գործընկերոջ կարգավիճակը՝ փաստացի փորձելով նվազեցնել կամ դուրս մղել այլ խաղացողների ազդեցությունը։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից հնչեցրած ելույթում Ռեջեփ Թայիբ Էրդողանը ևս հատուկ անդրադարձել էր հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ նշելով. «Մենք հույս ունենք, որ տևական խաղաղություն կհաստատվի Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք բարձր ենք գնահատում և աջակցում ենք պարոն Ալիևի և պարոն Փաշինյանի դրսևորած վճռականությանը հարցի լուծման հարցում»: Թուրքական կողմի այս հռետորաբանությունը միտված է միջազգային հանրությանը ցույց տալու Անկարայի «կառուցողականությունն» ու, այսպես կոչված, խաղաղության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, մինչդեռ դրա խորքում շարունակում են գործել խիստ պրագմատիկ և կոշտ աշխարհաքաղաքական հաշվարկներ:

Կարդացեք նաև

  • Փաշինյանը պատրաստվում է գրոհի․ կանխելու միակ շանսը  
  • Հաշվարկով գաղութացում. ամերիկյան ԱԲ գործարաններ՝ Հայաստանում և Ղազախստանում
  • Այն, ինչն Ադրբեջանը պատկերացնում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հարցում, սրանք իրականացնում են․ Աննա Գրիգորյան

Հայտարարությունների, դիվանագիտական արարողակարգային ժպիտների և նյույորքյան հանդիպումների ետնաբեմում իրականությունը մնում է խիստ հակասական և մտահոգիչ։ Ըստ էության, չնայած պաշտոնական Երևանը դարձել է հարմարավետ գործընկեր Անկարայի ու Բաքվի համար, ետին պլան մղելով Հայոց ցեղասպանության, արցախյան հարցերը, գործնականում Թուրքիան շարունակում է բավարար քաղաքական կամք չդրսևորել երկկողմ հարաբերություններում որակական բեկում գրանցելու և Հայաստանի հետ փակ սահմանները բացելու ուղղությամբ։ Անկարան շարունակում է խուսափել փաստացի քայլերից՝ դրանք սահմանափակելով միայն զուտ խորհրդանշական կամ հումանիտար բնույթի մանր քայլերով, ինչպիսին շրջանառվող Անիի կամրջի վերականգնման մասին հերթական հայտարարությունն է։

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է պահել ձգձգվող և կառավարվող ճնշման ներքո՝ Անկարան մի կողմից՝ պահպանում է երկխոսության իմիտացիան և միջազգային գործընկերներին հավաստիացնում իր «խաղաղասեր» մտադրությունների մասին, մյուս կողմից՝ գործընթացի տեմպերն ու սահմանների բացման հարցը միտումնավոր սառեցնում է։ TRIPP նախագծի և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսույթում Թուրքիան առաջնորդվում է բացառապես սեփական և դաշնակից Ադրբեջանի լոգիստիկ շահերով՝ առանց Հայաստանի հետ սահմանի իրական բացման փորձելով ստանալ տրանսպորտային միջանցքների վերահսկողության առավելություններ, ինչը Հայաստանին կարող է թողնել երկարաժամկետ փակուղային վիճակում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Անկարան շարունակում է հետևել Բաքվի հետ համաձայնեցվածության տրամաբանությանը՝ փաստացի վետո դնելով Երևանի հետ նորմալացման գործընթացի վրա, քանի դեռ Ադրբեջանը չի հասել իր առավելապաշտական բոլոր նպատակների իրագործմանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը ՄԱԿ-ի հարթակում ավելի շատ տեղավորվում է դիվանագիտական մանևրների և գործընթացը լիակատար փակվելու վտանգից ժամանակավորապես փրկելու տրամաբանության մեջ, քան թե իրական բեկման նախանշան է: Քանի դեռ Թուրքիան շարունակում է առաջնորդվել Բաքվի կողմից թելադրվող նախապայմաններով, իսկ Արևմուտքի հետ գործարքներում Հայաստանն օգտագործվում է միայն որպես մանրադրամ, հայ-թուրքական սահմանների բացումն ու լիարժեք հարաբերությունների հաստատումը կմնան միայն դիվանագիտական կարգախոսների մակարդակում:

Պաշտոնական Երևանի կողմից շրջանառվող «խաղաղության դարաշրջանի» մասին թեզերը չեն արտացոլում տարածաշրջանային իրականությունը։ Դրանք չեն փոխում աշխարհաքաղաքական ուժերի դասավորվածությունը և միայն քողարկում են Անկարայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման ու քաղաքական ճնշման անփոփոխ ռազմավարությունը։

—

Albert Nalbandian:
Related Post