Սեպտեմբեր 23, 2026
Երևանում մեկնարկեց ԱՊՐԻ Արմենիա վերլուծական կենտրոնի տարեկան համաժողովը՝ «Ուրվագծելով փոփոխության ճարտարապետությունը» խորագրի ներքո։ Միջոցառման քննարկումների առանցքում Հայաստանի արտաքին քաղաքականության ամենաակտուալ ուղղություններն են:
Համաժողովի առաջին հատվածում «Հայաստան-Իրան հարաբերությունների վերափոխումը փոփոխվող ռազմավարական միջավայրում» վերտառությամբ պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին և Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի (IPIS) գլխավոր տնօրեն, իրանցի վերլուծաբան Ալիրեզա Խոդա Ղոլիպուրը՝ APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի համակարգմամբ: Բանախոսներն անդրադարձան Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերին, իրանական կողմի դիրքորոշմանը և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին:
Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ Մերձավոր Արևելքում անվտանգային ճարտարապետությունը փոխվում է, և այս գործընթացը դեռևս ավարտված չէ: «Եվ մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներն ունեն Մերձավոր Արևելքում իրենց ներկայությունը կրճատելու մտադրություն: Ի հայտ է եկել Մեքքայի դաշինքը (Mecca Alliance): Այսպիսով, ի՞նչ տեղ է տեսնում Իրանն իր համար այս նոր կոնֆիգուրացիայում, և արդյո՞ք Իրանի և նրա հարևանների միջև հարաբերությունների կարգավորումն այժմ առաջնահերթություն է»,- նման հարց ձևակերպեց վերլուծաբանը:
Ալիրեզա Խոդա Ղոլիփուրը պատասխանեց, որ ԱՄՆ-ի անօրինական, չհրահրված հարձակումից, Իրանի դեմ սանձազերծված ագրեսիայից հետո Իրանը փորձել է ոչ միայն պաշտպանվել, այլև կանխել ապագայում Իրանի դեմ նմանատիպ ագրեսիաների կրկնությունը:
Նրա որակմամբ, Իրանի դեմ ագրեսիան եղել է կործանարար, եղել է տրանսֆորմացնող, եղել է տեղեկատվական և ձևավորող։ «Ակնհայտ է, որ այն կործանարար էր ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի և Միացյալ Նահանգների համար: Այն տրանսֆորմացնող էր, քանի որ փոխում է շատ ու շատ պատկերացումներ, շատ ընկալումներ Իրանի, տարածաշրջանի վերաբերյալ: Այն ինֆորմատիվ էր մեր հարևանների համար այն առումով, որ հնարավոր չէ ձեր անվտանգությունը արտապատվիրակել (outsource) արտաքին ուժերին: Դուք պետք է ավելի շատ կենտրոնացած լինեք տարածաշրջանի, տարածաշրջանային դերակատարների դերի վրա, և սա եղել է ձևավորող:
Փաստորեն, սա շատ կարևոր շրջադարձային կետ է մեր տարածաշրջանում՝ պարզապես սկսելու տարածաշրջանում անվտանգության նոր կարգավորումների գործընթացը: Մենք կապի մեջ ենք եղել մեր հարևանների հետ: Մենք նրանց հետ շատ ուղղակիորեն խոսում ենք տարածաշրջանում ապագա անվտանգային կարգավորումների մասին: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում ամեն ինչ փոխվել է, և ընդհանրապես հնարավոր չէ վերադառնալ նախապատերազմական իրավիճակին որևէ ճակատում: Այսպիսով, Իրանի դեմ ագրեսիայի այս ձևավորող կողմը շատ կարևոր է։
Կարծում եմ՝ սա կարող է լինել շատ կարևոր և վճռորոշ պահ տարածաշրջանի համար: Մենք հավատում ենք, որ սա տարածաշրջանի ներսում ճշմարտության պահն է, և բոլորը պետք է առերեսվեն այն ամենին, ինչ արել են տասնամյակներ շարունակ տարածաշրջանում: Այսպիսով, սա, ինչպես ասացի, շատ կրիտիկական պահ է, և մենք հավատում ենք, որ այն կարող է մեկնարկային կետ հանդիսանալ տարածաշրջանային դերակատարների համար՝ այս հարցում կառուցողական դեր խաղալու համար»,- մեկնաբանեց իրանցի վերլուծաբանը:
Նրա խոսքով, Իրանը միշտ էլ կարևորել է Հարավային Կովկասը և իր հարևաններին Իրանի հյուսիսային հատվածում: Սակայն, նրա խոսքով, տարիներ շարունակ եղել է որոշակի թյուրըմբռնում, որ Հարավային Կովկասն այս տարածաշրջանի միջտարածաշրջանային մի մասն է, ինչը ճիշտ ըմբռնում չէ: Նրա պնդմամբ, ռեգիոնի, Հայաստանի կարևորությունն աճել է Իրանի դեմ վերջին ագրեսիայից հետո: «Դա նշանակում է, որ Իրանի կենտրոնացումը Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի վրա այժմ ավելին է, քան նախկինում, և դա պայմանավորված է ոչ միայն Իրանի դեմ վերջին ագրեսիայով, այլև սկսվել է մի քանի տարի առաջ՝ ղարաբաղյան Երկրորդ պատերազմից և դրա հետևանքներից հետո:
Ռուսաստանի ազդեցության նվազումը՝ Ուկրաինային ներգրավվածության պատճառով, Թուրքիայի ազդեցության աճը՝ նոր դերի շնորհիվ, որը Թուրքիան սահմանում է իր համար, ինչպես նաև Արևմուտքի ավելի մեծ ներգրավվածությունն այս տարածաշրջանում: Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ այս ողջ տարածաշրջանային դինամիկան՝ Հարավային Կովկասի նկատմամբ Իրանի քաղաքականության ճիշտ և ավելի լավ ըմբռնում ունենալու համար»,- ասաց նա:
Սերգեյ Մելքոնյանը հարց ուղղեց նաև դեսպան Շիրղոլամիին, ասելով, թե ինչպե՞ս փոխվեց Իրանի դիրքորոշումը ԹՐԻՓՓ նախագծի նկատմամբ, հատկապես նոր լայնածավալ պատերազմից հետո, որը դեռևս չի ավարտվել: ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ասաց, որ Իրանի տեսլականի հիմնական հայեցակարգերն այս կոնկրետ տարածաշրջանում հետևյալն են. առաջինը՝ Իրանը կարծում է, որ ստատուս-քվոն, տարածաշրջանում առկա իրավիճակը պետք է հիմք հանդիսանա տարածաշրջանում ցանկացած խաղաղության համար: Նրա խոսքով, ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն, ոչ մի հետագա աշխարհաքաղաքական փոփոխություն հանդուրժելի չէ:
Դեսպանի խոսքով, սա Իրանի շատ հիմնարար դիրքորոշում է, որ այս ստատուս-քվոն՝ տարածքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության առումով, պետք է պահպանվի: Երկրորդ կետն, ըստ դեսպանի, այն է, որ Իրանին անհրաժեշտ է նոր հավասարակշռություն տարածաշրջանում:
«Խաղաղության նարատիվը լավն է, խաղաղության նարատիվն օգտակար է: Բայց խաղաղության նարատիվը միայնակ բավարար չէ տարածաշրջանում խաղաղություն բերելու և խաղաղություն պահպանելու համար: Իրատեսական մոտեցումների տեսանկյունից տարածաշրջանում պետք է լինի ուժերի իրական հավասարակշռություն, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև, եթե մենք իրոք ձգտում ենք տարածաշրջանում իրական և տևական խաղաղության: Սա շատ կարևոր և նշանակալի է: Եվ դա այն է, ինչ Իրանը նույնպես փնտրում է այս տարածաշրջանում՝ ուժերի նոր հավասարակշռություն, որը տարածաշրջանում տևական, մշտական խաղաղության իրական երաշխիքն է: Եվ եթե չկա հավասարակշռություն, իրավիճակը կլինի փխրուն, թեև զրուցակիցների մտադրությունները դրական են կամ լավ, բայց դա բավարար չէ խաղաղություն բերելու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղությունը պահելու և պահպանելու համար»,- մեկնաբանեց իրանցի դիվանագետը:
Ըստ դեսպանի, երրորդ կետը հետևյալն է՝ Իրանում կարծում են, որ միջտարածաշրջանային դինամիկան և շրջանակներն ավելի դիմացկուն են և ավելի արդյունավետ տարածաշրջանում մշտական ու տևական խաղաղության, կայունության և զարգացման համար: «Իհարկե, մյուս տերությունների լեգիտիմ շահերը, որոնք այս տարածաշրջանի մաս չեն, ընդունելի են, հասկանալի են, նրանք ունեն որոշակի լեգիտիմ շահեր, դա բնական է: Միևնույն ժամանակ, եթե նրանք փորձում են այս տարածաշրջանը վերածել բացասական մրցակցության կամ հակամարտության մարտադաշտի, դա դրական չի լինի տարածաշրջանի համար, և դա երկարաժամկետ հեռանկարում մեծ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար, ինչը կործանարար կլինի այս տարածաշրջանի կայունության և զարգացման համար:
Չորրորդ կետը՝ կապակցվածության (connectivity) տեսանկյունից. մենք աջակցել ենք կապակցվածության վերաբերյալ գաղափարներին: Մենք աջակցել ենք վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» գաղափարին ու պլանին: Եվ մենք կարծում ենք, որ խաչմերուկն ունի տարբեր ուղղություններ՝ արևելք-արևմուտք, արևմուտք-արևելք, հյուսիս-հարավ, հարավ-հյուսիս: Եվ եթե այս տարածաշրջանում գործելու համար կապակցվածության որևէ պլան գոյություն ունի, ապա յուրաքանչյուր հնարավորություն և յուրաքանչյուր պոտենցիալ պետք է օգտագործվի ու իրականացվի»,- ասաց դեսպանը:
Խոսելով ԹՐԻՓՓ-ից, դեսպան Շիրղոլամին ասաց, որ եթե TRIPP նախագիծը բավարարի որոշ նախապայմանների, դա դրական կլինի տարածաշրջանում զարգացման և խաղաղության համար, մինչդեռ, ըստ նրա, Իրանը նաև կարծում է, որ Հայաստանը շատ այլ հնարավորություններ ունի՝ որպես Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի միջև կապող հանգույց, որը նույնպես պետք է օգտագործվի և իրականացվի: Դեսպանի խոսքով, մենք հասկանում ենք Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը, և պատմականորեն որպես ցամաքային երկիր՝ Հայաստանը ունեցել է բազմաթիվ խնդիրներ և խոչընդոտներ աշխարհին բաց լինելու առումով: Իրանի նախապայմաններն են, նրա խոսքով, չպետք է վտանգվի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են խոսել Զանգեզուրի միջանցքի մասին բաց կերպով: Ոչ մի աշխարհաքաղաքական փոփոխություն ու վնաս ՀՀ տարածքային ամբողջականությանը, սա առաջին նախապայմանն է, երկրորդ սկզբունքային Իրանի դիրքավորումը՝ ռեգիոնում ԱՄՆ ռազմական ներկայությունն անհանդուրժելի է, քանի որ ամերիկյան թշնամանքն Իրանի նկատմամբ ապացուցվել է բազմաթիվ անգամներ»,- ասաց դեսպանը:
Ինչ վերաբերում է իրանա-հայկական հարաբերություններին, ապա դեսպանն ասաց, որ որպես երկու կարևոր ավանդական գործընկերներ՝ շատ կարևոր է կարողանալ նավարկել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների շրջանակներում: Դեսպանը նշեց, որ Հայաստանում գործող վարչակազմի արևմտամետ արտաքին քաղաքականությունը, մոտեցումը Եվրամիությանը և Միացյալ Նահանգներին, և միաժամանակ ունակությունը՝ պահպանել գործընկերության նույն մակարդակն Իրանի և Հայաստանի միջև, սա ամենակարևոր մարտահրավերն է:
«Բայց ներսում կան բազմաթիվ հնարավորություններ, քանի որ մենք կարծում ենք, որ մենք, առնվազն Եվրամիության և եվրոպական երկրների հետ, ունենք բազմաթիվ ընդհանրություններ՝ այս տարածաշրջանում և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև խաղաղությունն ու կայունությունը պահպանելու վերաբերյալ գաղափարների առումով: Այսպիսով, սա միգուցե առաջին հայացքից մարտահրավեր է Իրանի և Հայաստանի միջև՝ ինչպես հաղթահարել սա, մինչդեռ կան նաև բազմաթիվ հնարավորություններ, և մենք հավատում ենք, որ Հայաստանի և Իրանի ղեկավարների միջև փոխադարձ, խորը փոխադարձ վստահության հիման վրա մենք կկարողանանք հաղթահարել այս մարտահրավերը և ոչ միայն պահպանել համագործակցության նույն մակարդակը՝ նկատի ունեմ ընթացիկ մակարդակը, այլև բարելավել այն, քանի որ մենք մտածում ենք և ծրագրում ենք Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերություն և ապագայում ծրագրում ինստիտուցիոնալացնել մեր գործընկերությունը: Սա Իրանի և Հայաստանի ղեկավարների միջև կոնսենսուսի հարց է»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:
—