X
    Categories: News

Դա կարող է Հայաստանը վերածել մարտադաշտի և չափազանց կործանարար լինել Հայաստանի

Սեպտեմբեր 24, 2026

168TV-ի «Դիպլոմատ» հաղորդման հյուրն Իրանի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալիռեզա Խոդա Ղոլիփուրն է:

– Պարոն Ղոլիփուր, Իրանը հետևողականորեն դեմ է արտահայտվում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը տարածաշրջանում: Այնուամենայնիվ, այստեղ՝ Հայաստանում, մենք տեսնում ենք ԵՄ դիտորդական ընդլայնված առաքելություն և ամերիկյան բազմաթիվ ծրագրեր: Ինչպե՞ս է Իրանն ընկալում այս իրավիճակը:

– Գիտե՞ք, Իրանն ինքնին հարաբերություններ և գործընկերություն ունի ԵՄ-ի, եվրոպական երկրների հետ, սակայն մեր սահմանի երկրներում մեր հակառակորդների ներկայությունը մտահոգության տեղիք է տալիս Իրանին և այն հիմնված է այն սպառնալիքների ընկալման վրա, որոնք Իրանն ունեցել է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Դա նույնիսկ ամրապնդվել է Իրանի դեմ այս նոր ագրեսիաներից հետո: Եվ կարծում եմ՝ սպառնալիքների այս ընկալումը լիովին հասկանալի է մեր հարևանների, այդ թվում՝ Երևանում մեր ընկերների համար: Նրանք նույնպես պետք է հաշվի առնեն Իրանի անվտանգային մտահոգությունները: Նկատի ունեմ՝ պետք է հաշվի առնվեն տարածաշրջանային երկրների զարգացման հավասարակշռությունը և մյուս տարածաշրջանային երկրների անվտանգային մտահոգությունները:

Արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը նորմալ է, եթե այն ուղղված չէ այլ տարածաշրջանային երկրների դեմ: Եվ այն, ինչի վրա մենք շեշտը դնում ենք, իրականում ուղղված է տարածաշրջանային երկրների վրա արտատարածաշրջանային ուժերի գերիշխանության դեմ: Եթե այդ գերիշխանությունը չկա, եթե դա միայն գեոտնտեսական նկրտումների, գեոտնտեսական օրակարգի շուրջ գործընկերություն է, այո՛, դա նորմալ է, բայց, դժբախտաբար, այսօր մենք ականատես ենք լինում, որ նրանք հետապնդում են այլ օրակարգ՝ փաստացի չարամիտ օրակարգ՝ ընդդեմ Իրանի և որոշ այլ երկրների: Ինչպես արդեն ասացի, հարևանները չպետք է թույլ տան, որ իրենց տարածքը վերածվի տարբեր ուժերի բախման մարտադաշտի:

Կարդացեք նաև

  • Ուժայիններով գրոհելու են. ՉՊԵՏՔ Է թույլ տանք՝ հասնեն Մայր Աթոռի պատերին. վճռական ճակատամարտը՝ Բաղրամյան փողոցում կամ կառավարության առջև. Սուրեն Սուրենյանց
  • ԱՄՆ-ը՝ ընդդեմ Իրանի. ռազմավարական փակուղի
  • ՀՀ-ն Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի. իրագործվում է միջին միջանցքի գաղափարը. Ալեն Սիմոնյան

– Տեսնո՞ւմ եք արդյոք լուրջ վտանգ, որ Հայաստանը, անկախ իր հայտարարված մտադրություններից, դառնա հակաիրանական հարթակ:

– Կարծում եմ՝ ոչ, գիտեք, որովհետև մենք սերում ենք նույն քաղաքակրթությունից, մենք ունենք և վայելում ենք այնքան շատ ընդհանուր մշակութային, քաղաքակրթական հիմքեր: Հետևաբար՝ այն, ինչ մենք տեսնում ենք երկու ազգերի միջև, և այն, ինչ տեսնում ենք Իրանի ու Հայաստանի ժողովուրդների միջև, շատ խորը բարեկամություն է, որին այլ արտաքին ուժեր չեն կարող վնասել: Եվ սովորաբար կառավարությունները հետապնդում են իրենց սեփական ազգերի ամբիցիաները, այնպես որ, ես որևէ հավանականություն չեմ տեսնում, որ մեր երկկողմ, մեր բարեկամական ու եղբայրական երկկողմ հարաբերությունները կարող են թուլանալ:

– Պարոն Ղոլիփուր, Թեհրանն անընդհատ հայտարարում է, որ տարածաշրջանում ցանկացած միջանցքային տրամաբանություն կամ աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է: Սակայն մենք լսում և տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին, և մենք տեսնում ենք, որ հայկական իշխանությունները շատ ակտիվորեն զարգացնում են ԱՄՆ-ի հետ համագործակցությունը TRIPP նախագծի շուրջ: Ի՞նչ եք մտածում TRIPP-ի, այս նախագծի շուրջ Իրանի դիրքորոշման և այս նախագծի շուրջ Երևանի ու Թեհրանի համագործակցության մասին:

– Գիտեք, կապակցվածության նախագծերը շատ կարևոր են: Իրանի մեծ ռազմավարությունն ամբողջ տարածաշրջանի նկատմամբ հիմնված է տարածաշրջանում զարգացման և անվտանգության խթանման վրա: Մենք հավատում ենք, որ անվտանգությունը զարգացման հիմքն է, և առանց զարգացման հնարավոր չէ պահպանել անվտանգությունը: Հետևաբար, շատ կարևոր է հասկանալ Իրանի այս մեծ ռազմավարության հիմքը: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային կապակցվածությունը կարող է զարգացում բերել, և դա անհրաժեշտ է տարածաշրջանին: Բայց այն, ինչի վրա մենք շեշտը դնում ենք, փոխլրացումն է, այլ ոչ թե մեկ կապակցվածության նախագծի բացառիկությունն ու մենաշնորհը:

Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային երկրների միջև տասնամյակներ շարունակ, որոշների դեպքում՝ նույնիսկ դարեր շարունակ, եղել են բազմաթիվ կապեր, և դրանք պետք է մնան ու շարունակեն խաղալ իրենց դերը: Բայց եթե այս նոր TRIPP-ը կամ, ինչպես որ այն կոչվում է, այսպես կոչված՝ Զանգեզուրը կամ, ինչևէ, միտված է միայն տարածաշրջանի առավել զարգացման ու բարգավաճման հնարավորության ավելացմանը, դա նորմալ է: Մենք չենք առարկում նման նախագծերի տնտեսական հետևանքների դեմ: Բայց այն, ինչ մեզ մտահոգում է, դրա վնասակար կողմն է, որոշ այլ, որոշ ուլտրատարածաշրջանային դերակատարների նկրտումները՝ տարածաշրջանի հավասարումներից բացառելու Իրանին, ինչն ընդհանրապես ընդունելի չէ Իրանի համար:

– Օրեր առաջ հեղինակավոր The Hill ամսագրում մի հոդված կար, որտեղ ամերիկացի փորձագետը վերլուծում էր իրավիճակը մեր տարածաշրջանում և TRIPP նախագիծը նկարագրում՝ որպես Թրամփի ձեռքում խաղաքարտ՝ ընդդեմ Իրանի: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Սա հենց այն մտահոգությունն է, որի մասին խոսում է Իրանը: Իհարկե, մեզ մի քանի անգամ հավաստիացրել են Երևանում մեր գործընկերներն ու ընկերները և Հայաստանի կառավարությունը, որ այն ուղղված չէ Իրանի դեմ, և, որ նրանք թույլ չեն տա, որ հայկական տարածքն օգտագործվի որևէ երրորդ կողմի, որևէ հարևանի դեմ որևէ երրորդ կողմի կողմից: Սա, անշուշտ, հարգանքի է արժանի, և մենք վստահում ենք Երևանում մեր գործընկերներին ու ընկերներին, բայց կարծում եմ՝ այդ վերլուծության մեջ կան որոշակի իրողություններ: Մենք ունենք բազմաթիվ ցուցիչներ, որ դա տեղի է ունենում: Տարիներ շարունակ նրանք փորձել են բացառել Իրանին բոլոր կապակցվածության նախագծերից, և նրանք փորձել են շրջանցել Իրանին տարբեր նախագծերում: Հետևաբար՝ սա հիմնավոր մտահոգություն է Իրանի համար, որ այն կարող է օգտագործվել որպես պատրվակ, որպես նախագիծ՝ Իրանին կրկին շրջանցելու համար, և դա բոլորովին ընդունելի չէ Իրանի համար:

– Ի՞նչ եք կարծում, Իրանը ստացե՞լ է երաշխիքներ հայկական իշխանություններից:

– Իհարկե, մենք այդ երաշխիքի կարիքն ունենք հայկական կառավարությունից: Նրանք միշտ կրկնել են, որ մենք շուտով մեր երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու շեմին ենք: Մենք շատ լավ և բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի կառավարության հետ: Մենք սերտ կապի մեջ ենք և լսում ենք միմյանց: Մենք հասկանում ենք նրանց, նրանք հասկանում են մեզ: Միևնույն ժամանակ, Իրանում, ինչպես նաև որոշ այլ տարածաշրջանային դերակատարների մոտ կան մտահոգություններ, որ սա կարող է օգտագործվել նրանց դեմ այս տարածաշրջանում: Ես կարծում եմ, ինչպես արդեն ասացի, պետք է հաշվի առնվի տարածաշրջանային երկրների զարգացման հավասարակշռությունը և մյուս տարածաշրջանային երկրների անվտանգային մտահոգությունները:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում:




—

Emma Nadirian:
Related Post