ACNIS reView #30, 2019_Ազատ ամբիոն_Սորոսի հիմնադրամը եւ Հայաստանի «մեղքը»

Ազատ ամբիոն   

 

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13 2019   

Սեպտեմբերի 6-ին Eurasia Daily (EADaily)-ի ռուսաստանյան տեղեկատվական գործակալության անդրկովկասյան խմբագրությունը զետեղել էր մի հոդված՝ «Հայաստանում «փոթորկոտ աշնանից» առաջ Փաշինյանը պատրաստվում է ցանկացած դիպաշարի» վերնագրով: Վերլուծելով վերջին 20-25 օրերի ընթացքում Փաշինյանի կատարած գործողությունները, խմբագրությունը հանգում է եզրակացության, որ վարչապետն արել է մի շարք քայլել, որոնք, ինչպես ակնարկում է հրատարակությունը, խիստ հակառուսական են: Լրատվականին դուր չէր եկել, որ Փաշինյանը, նրա համոզմամբ, «ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ կապված արեւմտամետ երկու ոչ կառավարական կազմակերպությունների հանձնարարել է կառավարության ֆոնդից հատկացնել բավական տպավորիչ ֆինանսական միջոցներ չճանաչված Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտարկում անցկացնելու համար»: Իսկ նախօրեին՝ սեպտեմբերի 5-ին, վարչապետը, հոդվածագրի խոսքով, «նորից զարմացրեց բոլորին՝ հանդիպում ունենալով քաղաքական լուսանցքում գտնվող «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարության հետ: Վերջինս ծայրահեղ ռուսատյաց քաղաքական միավորում է…»:

Արդեն որերորդ անգամ բոլոր ռուսամետ համացանցային կայքերն ու թերթերը Հայաստանին մեղադրում են, թե Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, իբր, մեզանում ունեն խիստ ընդգծված հակառուսական ուղղվածություն: Անտեղյակներին հիշեցնենք, որ Սորոսի հիմնադրամը՝ պաշտոնական անվանումը՝ «Բաց հասարակություն» հիմնադրամ (Open Society Foundations, OSF), բարեգործական կազմակերպությունների ու դրամաշնորհային ծրագրերի ցանց է, որը հիմնադրել է ամերիկացի բարերար Ջորջ Սորոսը:

ՀՀ-ում Սորոսի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների մանրամասն ցանկը հրապարակել է հետեւյալ կայքը. https://ru.armeniasputnik.am/analytics/20171030/9257137/blagimi-namereniyami-kogo-v-armenii-finansiruet-fond-sorosa.html: Նրանք, ովքեր ցանկություն ունեն ծանոթանալու Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող գործունեության ուղղվածությանը, կարող են համոզվել, որ այդ կազմակերպությունների հիմնական նպատակը մեզանում մարդու իրավունքների եւ ազատությունների զարգացումն ու ամրապնդումն է, կոռուպցիայի դեմ պայքարը, տեղական եւ պետական մակարդակի մարմինների ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացումը, բոլորի առջեւ օրենքի հավասարության պահպանումը: Այլ խոսքով՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդումը: Ոչ մի կետում ոչ մի բառով այնտեղ չի ասվում, թե հիմնադրամի նպատակը Հայաստանում հակառուսական տրամադրությունների ֆինանսավորումն է, հակառուսական քարոզչությունը կամ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ ազգամիջյան գժտությունների սերմանումը:

Այնուհետեւ նույն գործակալությունը պնդում է, թե «նրա (Սորոսի-Կ.Կ.) ֆոնդերը բազմիցս մեղադրվել են մի շարք պետություններում իշխանափոխություն կազմակերպելու եւ նրանց ներքին գործերին միջամտելու համար: Վերջին երկիրը, որտեղ Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը, Թուրքիան է՝ այն բանից հետո, երբ նախագահ Էրդողանը միլիարդատիրոջը մեղադրեց 2013 թվականին իր կառավարության դեմ բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ»: Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե «Սորոսի կազմակերպությունները սպառնալիք են ՌԴ սահմանադրական կարգի եւ պետության անվտանգության համար»: Ավելին, clever-news.ru-ի կարծիքով, Սորոսի հիմնադրամը մտադիր էր իրականացներ մի պլան, «համաձայն որի՝ իսկական ռուսական արժեքները պետք է փոխարինվեին «լիբերալ» արժեքներով»: Այդ առնչությամբ հիմնադրամը Ռուսաստանում օրենքից դուրս է: Ինչ վերաբերվում է Էրդողանին, ապա նա վերջին տարիներս զգալիորեն սահմանափակել է թուրք ժողովրդի իրավունքներն ու ազատությունները: Դրա վառ օրինակը Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրությունների բռնի անցկացումն էր, քանի որ ընտրված քաղաքագլուխը չէր ներկայացնում Էրդողանի շահերը: Բայց ի՞նչ կապ ունի այստեղ Սորոսը: 

Միանգամայն ակնհայտ է, որ ռուսական լրատվամիջոցի այս ողջ քարոզչությունն ուղղված է հայ հանրության մեջ տպավորություն ստեղծելու, թե տեղի ունեցած իշխանափոխությունը ֆինանսավորվել է Սորոսի հիմնադրամի կողմից: Հայաստանի ժողովուրդը լավ գիտի, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» բացարձակապես որեւէ կապ չունի սորոսյան փողերի հետ: Ի դեպ, հետագայում Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն անձանց ցուցակը, ովքեր իսկապես հովանավորել են այդ հեղափոխությունը: Բայց այդ ցուցակում Սորոսի հետքն անգամ չկա: Այո, հեղափոխությունն ուղղված էր իշխանությունը բռնազավթած ամբողջատիրական կոռումպացված վարչակարգի տապալմանը, որը կառավարում էր երկիրը: Եվ երկրորդ՝ մարտիմեկյան դեպքերից հետո մեր ժողովուրդն արդեն առանց ուժային միջոցների բողոքի գործողություններ անցկացնելու որոշակի փորձ ուներ՝ դա «Մաշտոցի պուրակն» էր, «Էլեկտրիկ Երեւանը», «100 դրամը» եւ այլն: Միգուցե այդ ամենը Սորոսի փողերո՞վ էր կազմակերպվել… Եթե ինչ-որ մեկը Երեւանում նման հայտարարություն անի, նրան ուղղակի ծիծաղի առարկա կդարձնեն:

Ի տարբերություն Ռուսաստանի՝ Հայաստանը փոքր երկիր է, եւ նախկին կառավարող կոռումպացված վերնախավի գործունեությունը բոլորի աչքի դեմն էր: Այդ հեղափոխությունը մեր ժողովրդի զուտ ներքին գործն էր: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան եւ ո՛չ Ռուսաստանը դրա հետ ոչ մի առնչություն չունեն: Բոլորն այդ մասին հրաշալի գիտեն: Ուրեմն ինչո՞ւ տեղի-անտեղի աղմկել, թե ամեն ինչում մեղավորը Սորոսն է, որը ֆինանսավորում է այդ ամենը:

Գալով իշխանության, նոր ղեկավարությունն իսկույն հայտարարեց, որ Ռուսաստանի հետ Հայաստանի գործընկերային ու ռազմավարական հարաբերություններն անփոփոխ են եւ կամրապնդվեն ավելի ինտենսիվ կերպով: Մենք լիովին կատարում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի մյուս երկրների հանդեպ մեր գործընկերային պարտավորությունները: Մենք փորձում ենք Ռուսաստանի հետ ուղղահայաց հարաբերությունները, որ կային հեղափոխությունից առաջ, տեղափոխել հորիզոնական հարթություն՝ պահպանելով Ռուսաստանի եւ Հայաստանի շահերը: Թե՛ Ռուսաստանում եւ թե՛ Հայաստանում այս հայեցակարգի հակառակորդները շատ են, բայց մենք հետեւողականորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, եւ երկու կողմում էլ հետզհետե ավելանում է այն քաղաքական գործիչների ու փորձագետների թիվը, որոնք հասկանում են այդ ուղու հեռանկարայնությունը եւ շահավետությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի շահերի առումով: 

Բայց մի՞թե Սորոսը կապ ունի այս ամենի հետ:

 

Կարապետ Կալենչյան