ACNIS reView #26, 2019_Խմբագրական_Մարտեր պատմության վերաշարադրման համար

Խմբագրական    

 

ՕԳՈՍՏՈՍԻ 16 2019  

Անգլիացի հայտնի գրող Ջորջ Օրուելի կարծիքով` ով վերահսկում է պատմությունը` նա վերահսկում է ապագան։ Օրուելը նկատի ուներ այն, որ պատմության շարադրումն իր մեջ քաղաքական ենթատեքստ է պարունակում. ով շարադրում է պատմությունը` նա ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը կամ, ինչպես ընդունված է ասել, լեգիտիմությունը։

Քաղաքականության մեջ պատմության շարադրումը կարեւորագույն նշանակություն ունի։ Անկախության համար պայքարող ազգերի էլիտան հիմնավորում է անկախության համար պայքարի պատմական իրավունքը, խորհրդային շրջանում պատմությունը շարադրվում էր դասակարգային պայքարի «պատմական» հիմնավորումներով, մեր հարեւան Ադբեջանում պատմությունը գրվում է` հիմնավորելու համար, որ իրենք ետեւում մի քանի հազար տարվա պատմություն թողած ժողովուրդ են եւ պատմական իրավունքներ ունեն այս տարածաշրջանում։

Պատմության վերաշարադրումը քաղաքական գործունեության կարեւոր հատվածներից մեկն է։ Պատմությունն այս կամ այն կերպ շարադրելու հետեւանքով ծնվել են նոր ազգեր ու նոր պետություններ։ Այդ վերաշարադրումը բերում է նաեւ այլ երանգներ. օրինակ` երբ քաղաքական էլիտան ճեղքվում է, եւ մի մասը իշխելու իր իրավունքը հիմնավորելու համար վարկաբեկում է մրցակիցներին։

Հայաստանի նոր իշխանությունը փորձում է շարադրել ոչ վաղ անցյալի պատմության իր տարբերակը. ով շարադրում է պատմությունը, ապագան նրանն է՝ նա կլինի «սպիտակը», իսկ մնացածը՝ «սեւերը»։ Դա իշխանության համար ներկայումս ծավալված պայքարի գլխավոր թատերաբեմն է դարձել։

Հայաստանում պատմության դիսկուրսի շարադրման համար պայքարը սկսվեց «Մարտի 1»-ի գործի դատավարությունից, եւ պատահական չէ, որ այդ դատավարությունը դարձավ քաղաքական պայքարի կիզակետային հանգույցը։ Փաստորեն պայքարն ընթանում է ոչ թե պետության զարգացման նոր սկզբունքների շուրջը, որը պետք է բերեր հեղափոխությունը, այլ հանուն քաղաքական էլիտայի մի մասի իրավացիության` ի հաշիվ մյուսի։ Իրականում իշխանության լեգիտիմությունը կառուցվում է ոչ թե նոր արժեքների, «Նոր Հայաստանի» խարսխի վրա, այլ` 2008-ի ողբերգական դեպքերի։

«Նոր Հայաստանի» թեզը պետք էր հասկանալ հետեւյալ կերպ. մենք շրջում ենք պատմության էջը եւ նոր հարաբերություններ ենք ձեւավորում, սակայն` ողջ քաղաքականության հիմքում դնելով 2008-ի դեպքերը, նոր իշխանությունը մեզ վերադարձրեց Հին Հայաստան, իսկ ինքը դարձավ հակամարտող կողմերից մեկը։

Իշխանության ողջ քարոզչամեքենան լծվել է «Հին Հայաստանի» մարտնչող կողմերից մեկի իրավացիությունն ապացուցելուն, պատմությունը վերաշարադրելուն եւ մյուս կողմին պատժելուն։ Դա կասկածի տակ է դնում գործող իշխանության լեգիտիմությունը, որովհետեւ մարդիկ քվեարկել են «Նոր Հայաստանի» համար, այլ ոչ թե «Հին Հայաստանի» քաղաքական գոյապայքարի կողմերից մեկի օգտին։ Ստացվում է, որ «Նոր Հայաստանի» համար քվեարկած մարդկանց թյուրիմացության մեջ են գցել։

Թե ուր կհասցնի մեզ այդ թյուրիմացությունը` ցույց կտա ժամանակը: