ACNIS reView #25, 2019: Ազատ ամբիոն

Ազատ ամբիոն     

ՕԳՈՍՏՈՍԻ 09 2019 
 Անկախ Հայաստանի ձեւավորումից ի վեր մենք գտնվում ենք տոտալ շրջափակման մեջ: Միայն Վրաստանն ու Իրանն են մեզ հնարավորություն տալիս շփվելու արտաքին աշխարհի հետ: Ադրբեջանն ու Թուրքիան հետեւողականորեն եւ նպատակամետ կերպով անում են ամեն ինչ` մեզ հնարավորինս մեկուսացնելու համար: Բնական է, որ մեր կառավարությունն անընդհատ ուղիներ է փնտրում երկու հարեւան պետությունների կողմից շրջափակումը հաղթահարելու եւ դրա հետեւանքները մեղմելու համար: Այս հարցում առաջնային դիրք են գրավում մի կողմից Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող տրանսպորտային երակները, մյուս կողմից՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ու ինքնաբավությունը: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի անցկացումը, ինչպես նաեւ Հայաստանի ու Իրանի շատ գործողությունների համաժամանակացումը կարող են մեծապես նպաստել հայկական էլեկտրական ցանցերի անվտանգության բարձրացմանը` կանխելու համար այնպիսի գլոբալ վթարներ, ինչպիսին եղավ այս ամռան ընթացքում: Նոր ատոմակայանի կառուցումը նույնպես կարեւոր ռազմավարական խնդիր է, քանի որ դրա առկայությունը ոչ միայն մեծացնում է էներգետիկ անվտանգությունը, այլեւ էապես բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկանիշը:

Պետք է նշել, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստում: Այսպես՝ շուտով Սոչիում կանցկացվի Բաքվի, Թեհրանի եւ Մոսկվայի եռակողմ գագաթաժողովը, որի օրակարգում ներառված է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կառուցումը, որը պետք է ապահովի Իրանի եւ Ռուսաստանի միջեւ էներգետիկ համակարգերի համաժամանակացումը ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով: Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը կարծում է, որ իրադարձությունների այդպիսի զարգացումը վնաս կհասցնի Հայաստանի շահերին, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, որի դեպքում Հայաստանի մասնակցությամբ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի նախագիծը պարզապես կարող է կորցնել իր հրատապությունը: «Իմ կարծիքով, այս քաղաքականությանը կարող է դիմագրավել վերոհիշյալ Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի նախագիծը, որը թույլ կտա Հայաստանին հանդես գալ որպես էլեկտրաէներգիայի խոշոր արտահանող եւ էլեկտրաէներգիայի կարեւոր տարանցիկ գոտի: Այդպիսով՝ Հյուսիս-հարավը Հայաստանի համար ինտեգրացիոն մարտահրավեր է, եւ դրա նկատմամբ ցուցաբերվող կրավորական պահվածքն անընդունելի ու ծայրաստիճան վտանգավոր է»,- ասել է փորձագետը:

Հայաստանի անվտանգության առումով հավասարապես կարեւոր է նաեւ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը: Տրանսպորտային այդ միջանցքը կարեւորագույն ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: 550 կմ երկարությամբ ճանապարհը կապահովի մուտք դեպի Սեւ ծով եւ եվրոպական երկրներ՝ կապ ապահովելով Իրանի եւ Վրաստանի հետ: Ավելին՝ այս ճանապարհը կիսով չափ կնվազեցնի Ասիայի արդյունաբերական զարգացած երկրներից` Չինաստանից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից բեռնափոխադրողների ծովային երթուղին՝ պայմանով, որ բեռնարկղային նավերն անցնեն Սուեզի ջրանցքով, որի թողունակությունը խիստ սահմանափակ է: Եթե հաշվենք այդ երկրներից մինչեւ վրացական Փոթիի նավահանգիստ բեռնարկղերի առաքման ավանդական ճանապարհը (շրջանցելով աֆրիկյան մայրցամաքը), ապա այն կրճատվում է 3,5 անգամ: Սրանում համոզվելու համար պարզապես նայեք քարտեզին: Մեր տնտեսության զարգացմամբ 2-3 անգամ կնվազեն բեռնափոխադրումներն Իրանով եւ Պարսից ծոցով, ինչն էապես կիջեցնի հայկական ապրանքների գինը ինչպես մեր երկրում, այնպես էլ արտերկրում: Մենք կարող ենք տարանցիկ երկիր դառնալ Ասիայի երկրներից Եվրոպա վրացական նավահանգիստներով ապրանքների տեղափոխման համար՝ զգալիորեն կրճատելով դրանց առաքման ուղին: Այս հարթությունում է ընկած նաեւ Հայաստանն ու Իրանը իրար կապող երկաթուղի կառուցելու խնդիրը: Մեր հարեւանները, որ տեղյակ էին Ադրբեջանից Վրաստան երկաթուղային գծի ոչ շահավետության մասին, այս քայլին գնացին՝ իմանալով, որ դա ավելի կմեկուսացնի Հայաստանը, ճնշման լծակ կլինի Վրաստանի վրա եւ կանցնի Վրաստանի հայաբնակ տարածքներով՝ դրանով իսկ արդարացնելով թուրքական զորքերի ներկայությունը՝ պաշպանելու երկաթուղին այնտեղ, որտեղ բնակվում են հայերը:

Որոշ մեր «փորձագետների» հայտարարությունները, թե այդ նախագծերը հավակնոտ են եւ ձեռնտու չեն, մտահոգիչ են: Բայց նույնիսկ եթե այդ նախագծերի իրականացումը չծախսածածկվի, մենք, միեւնույն է, պարտավոր ենք դրանք իրականացնել, քանի որ էներգետիկ եւ տրանսպորտային միջանցքների առկայությունը լիովին ապահովում է ոչ միայն Հայաստանի տնտեսական, այլեւ քաղաքական անվտանգությունը:

 

Կարապետ Կալենչյան