Verelq: Տնտեսությունը Փաշինյանի թիմի «աքիլեսյան գարշապար»

  • 15.04.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 45

«Արարատցեմենտ» ՓԲԸ աշխատողները գործադուլ են անում. նրանց օրեր առաջ հայտնել են, երկու ամսից գործարանը փակվում է ու մի քանի հարյուր աշխատակիցներ գործազուրկ են դառնալու:


ՀՀ-ի նոր կառավարությունը գրեթե ամեն օր բախվում է տնտեսական խնդիրների, որոնք լուծում չեն ստանում ու ստիպում են մարդկանց դուրս գալ փողոցներ: Պետական ապարատի կրճատումը, բիզնեսի շուրջ տարբեր իրադարձություններն ազդում են Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշի վրա:


Սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնք բաժին են հասել Փաշինյանին նախորդ իշխանություններից և կուտակվել են վերջին 20 տարվա ընթացքում, այժմ գեներացնում են նոր կառավարությունից դժգոհողների մի մեծ զանգված՝ Նիկոլ Փաշինյանի դեմ քվեարկողների ապագա էլեկտորատը:


Չմոռանանք, որ հաջորդ ընտրությունների պայմաններում Փաշինյանի դեմ են միավորվելու արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, որոնք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի թիմերից են լինելու, ինչպես նաև բազմաթիվ այլ նոր ստեղծված սփոյլեր կուսակցություններ, որոնց նպատակն է լինելու քննադատել Փաշինյանին ու ձայներ փախցնել:


5 տարի անց չի լինելու հեղափոխական էյֆորիա և ընտրողները ձայն են տալու կոնկրետ քայլերի ու ռեալ տնտեսական արդյունքներին, որոնց բացակայության դեպքում էլեկտորատի մի հատվածը կա՛մ արտագաղթելու է, կա՛մ ձայնը տալու է ինչ-որ պոպուլիստական կուսակցությունների:


Փաշինյանը պետք է օպերատիվ կերպով զբաղվի տնտեսությամբ, որը նրա թիմի աքիլեսյան գարշապարն է. նրա անձնական վարկանիշը բարձր է, մարդիկ հավատում են նրան, սակայն չտեսնելով տնտեսական արդյունքներ և սոցիալական կյանքի բարելավում, նրանք թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարական ընդդիմության ակտիվ աշխատանքի դեպքում կարող են հիասթափության ֆոնին վերածվել կառավարությունից դժգոհողների կրիտիկական զանգվածի, ինչը ՀՀ-ի դեպքում հղի է նոր ցույցերով, երթերով ու բախումներով:


Փաշինյանին բողոքի ցույցերի կրիտիկական զանգվածից փրկում է այն հանգամանքը, որ հասարակության մեծամասնությունը չի ցանկանում նախկին իշխանությունների վերադարձ: Դա միակ զսպող գործոնն է, որ հասարակությունը մասայաբար դուրս չի գալիս փողոց, սակայն լատենտային դժգոհությունն ՀՀ-ի պես երկրի համար էլ ավելի վտանգավոր է, քանի որ այն ի վերջո հանգեցնելու է ոտքերով քվեարկության՝ թավշյա հեղափոխության օրերին փողոցները փակող հասարակության այն հատվածը, որը չի օգտվում իշխանական պաշտոններից, ուղղակի արտագաղթելու է՝ նոր իշխանություններից խորը հիասթափության պատճառով:


Տնտեսական օրակարգը ՀՀ-ում այնքան կարևոր է, ինչքան անվտանգության ու Ղարաբաղի հետ կապված օրակարգերը:

Leave a Reply