Թավշյա՞, թե՞ անաչառ. «Ազատությունը» պետք է պահպանի օբյեկտիվությունն ու քաղաքական բալանսը

  • 15.04.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 75

ՀՀ-ում «Ազատություն» ռադիոկայանը, որը տարիներ շարունակ ու, մասնավորապես, նախկին իշխանությունների օրոք համարվել է այլընտրանքային ինֆորմացիայի և կարծիքի արտահայտման հարթակ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կարծես թե տրանսֆորմացվում է և սկսում է միակողմանի տեղակատվություն տրամադրել՝ իշխանություններին ներկայացնելով միայն դրական լույսի ներքո:


Նախկին իշխանությունների օրոք, երբ ԶԼՄ-ների մեծամասնությունը գտնվում էր հսկողության տակ և առկա էին որոշակի ցենզուրայի էլեմենտներ, «Ազատություն» ռադիոկայանի եթերն ու հարթակը տրամադրվում էր ընդդիմադիր քաղաքական գործիչների ու փորձագետների, որոնք խիստ քննադատության էին ենթարկում Սերժ Սարգսյանին ու նրա թիմին:


Թավշյա հեղափոխության օրերին «Ազատություն» ռադիոկայանը դարձել էր հեղափոխության օնլայն հեռարձակման հարթակ, որն ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնում էր որպես ժողովրդավարության հաղթանակ և հասարակության արդարացի պահանջների կյանքի կոչում: Չմոռանանք, որ «Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից:


Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո «Ազատության» եթերում հիմնականում հայտնվում են իշխանության ներկայացուցիչները, որոնք գովերգում են Նիկոլ Փաշինյանին, թավշյա հեղափոխությունն ու ցանկացած առիթ բաց չեն թողնում մեղադրելու նախկին իշխանություններին բոլոր մեղքերի համար՝ սոցիալ-տնտեսականից մինչև քաղաքական բացթողումներ:


Ցանկացած ԶԼՄ-ի թիվ մեկ առաքելությունն օբյեկտիվ լուսաբանումն է և խոսքի ազատության հարթակի տրամադրումը բոլոր ուժերին՝ թե՛ ընդդիմադիր, որոնց դերում այժմ հանդես են գալիս Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն, թե՛ իշխանական թիմի անդամներին բալանսը պահելու համար:


Վերջին շրջանում «Ազատությունը», կարծես, վերածվել է Նիկոլ Փաշինյանի անձնական PR-ով զբաղվող հարթակի, որտեղ ՀՀ կառավարության գործողությունները ներկայացվում են միայն դրական լույսի ներքո և բացակայում է Փաշինյանի խիստ քննադատությունը:


«Ազատության» տրանսֆորմացիան կարող է կապված լինել մի քանի պատճառների հետ: Առաջինը. Նիկոլ Փաշինյանին չքննադատելը կարող է լինել ԱՄՆ-ի ուղիղ ցուցումով, որպեսզի «Ազատության» հարթակը նոր կառավարության կողմից համարվի նրանց նկատմամբ լոյալ հարթակ, որը կզբաղվի նաև նրանց անթաքույց փիառով:


Երկրորդ. Նիկոլ Փաշինյանին քննադատելը կարող է համարվել նախկին իշխանություններին օգնելու կամ լատենտային տեսքով աջակցելու քայլ, ինչը նույնպես կարող է օվկիանոսից այն կողմ սխալ հասկացվել, ինչն էլ կազդի «Ազատության» ֆինանսավորման վրա:


Բացի այդ, Փաշինյանին քննադատելը կարող է ազդել նաև «Ազատության» ռադիոկայանի վարկանիշի ու դիտումների վրա: Այլ կերպ ասած, ԶԼՄ-ն կկորցնի իր լսարանը, քանի որ այսօր ՀՀ-ի կառավարությանն ու նրա առաջնորդին քննադատելը մեյնսթրիմ չի: