Verelq: Ադրբեջանը casus belli է փնտրում Արցախի դեմ պատերազմ սկսելու համար

  • 01.03.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

 92

Բաքուն Հայաստանի իշխանություններին ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները տապալելու փորձի մեջ է մեղադրել։ Ադրբեջանական կողմի վրդովմունքն են առաջացրել Արցախին բանակցությունների գործընթացում ներգրավելու անհրաժեշտության մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Նախօրեին, ելույթ ունենալով Իրանի հայ համայնքի հետ հանդիպմանը, Փաշինյանը հայտնել էր, որ ինքը պետք է հանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։ «Դա կլինի առանց օրակարգի հանդիպում, սակայն դրա կարեւոր ուղղություններից մեկը կլինի բանակցությունների ձեւաչափի քննարկումը։ Դեռեւս ձեւաչափի շուրջ պայմանավորվածություն չկա, շփումները չի կարելի պաշտոնական բանակցություններ համարել»,- ասել է Փաշինյանը՝ հերթական անգամ կրկնելով, որ ինքը խոսում է Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից բանակցություններ պետք է վարեն այդ հանրապետության իշխանությունները։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Գաջիեւը նշել է, որ «բանակցությունների ձեւաչափը փոխելու մասին Հայաստանի ղեկավարության հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան բանակցային գործընթացը նպատակադրված դեպի փակուղի եւ տապալում տանելու փորձեր։ Դրա պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է հայկական կողմի վրա»:
Ադրբեջանը հերթական անգամ Երևանին հասկացնում է, որ չի պատրաստվում նստել բանակցային սեղանի շուրջ Արցախի հետ՝դա նրանց համար կարմիր գիծ է, որ նրանք չեն պատրաստվում անցնել: 

Բաքուն բանակցային գործընթացի ապագա տապալման համար արդեն իսկ մեղադրում է Երևանին՝ դրանով նաև հիմնավորում է իր հնարավոր ռազմական ագրեսիան Արցախի դեմ:

Ադրբեջանը միջազգային հանրությանը դեստրուկտիվ կողմ կփորձի ներկայացնել ՀՀ-ին, որը ցանկանում է փոխել տարիներ շարունակ ձևավորված բանակցային ֆորմատը:

Բաքուն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ բանակցություններին այլընտրանքը  պատերազմն է և իրենք պատրաստ են դիմելու այդ քայլին: 2016թ.-ի ապրիլյան քառօրյան դրա վառ ապացույցն է, որ Ադրբեջանը կարողանում է իրականացնել նաև հարձակողական գործողությունները՝ այդ երկրի բանակն արդեն 1990-ական թվականների բանակ չէ ՝ ռազմական, տեխնիկական, կադրային հագեցվածությամբ:

Գաջիևի կարծիքով, Երեւանում իշխանափոխությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեք շփումները, ինչպես նաեւ երկու երկրների ԱԳ նախարարների միջեւ անցկացված չորս հանդիպումները բանակցությունների գոյություն ունեցող ձեւաչափի ակներեւ օրինակ են հանդիսանում։

Հայկական կողմը փորձում է բանակցային գործընթաց վերադարձնել Արցախը, ինչը ողջունելի է, սակայն Բաքուն դրան չի համաձայնվում: Եթե հայկական կողմը, որպես  հետագա բանակցությունների նախապայման դնի Արցախի վերադարձն ու Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցությունները, ապա Ադրբեջանը դա կարող է ընկալել, որպես casus belli և ռազմական գործողություններ սկսի: Մանավանդ, որ գարնանային պայմանները թույլ են տալիս լայնածավալ պատերազմ մղել ղարաբաղյան ճակատում:


ՀՀ-ն ու Արցախը պետք է ամրապնդեն տնտեսությունն ու հզորացնեն բանակը, քանի որ Բաքուն երբեք չի ճանաչելու Արցախի անկախությունը՝ դա քաղաքական ինքնասպանություն է Իլհամ Ալիևի համար: Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է և Ադրբեջանն ամեն օր ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են հարցը լուծել ռազմական ճանապարհով: Ինչքանով կկարողանա Մինսկի խումբը զսպել Բաքվին՝ մեծ հարցական է, քանի որ 2016թ.-ի ապրիլին նրանք չկարողացան զսպել Բաքվի ռազմական քառօրյա ագրեսիան Արցախի դեմ: