Ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերությունները Երևանին կներկայացնեն շահավետ առաջարկներ

  • 07.02.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

3
 66

Երևանի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրատնտեսական կապերի խորացման նոր հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ու ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:


Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ընդգծելով ակտիվ փոխգործակցությունը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, նաև ռուսաստանյան այլ քաղաքների հետ՝ Հրաչյա Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն առավել արդյունավետ կդառնա:

«Մեր քաղաքականությունն այսօր ուղղված է քաղաքային տնտեսության հավասար և կայուն զարգացմանը: Այս փուլում մեզ համար առաջնային է հասարակական տրանսպորտի և աղբահանության խնդրի կարգավորումը: Պատրաստ ենք լսելու նաև Ձեր առաջարկները», – նշել է Հրաչյա Սարգսյանը: 

Խոսելով տրանսպորտի բարեփոխումների ծրագրի մասին՝ Անդրեյ Բաբկոն նշել է, որ ավտոբուսներ արտադրող ռուսական ընկերությունները պատրաստ են Երևանին ներկայացնել շահավետ առաջարկներ: Բացի այդ, ռուսական կազմակերպությունները հետաքրքրված են վերելակային տնտեսության, աղբահանության, այդ թվում աղբի վերամշակման ծրագրերով: 

«Մեր գործընկերությունն ունի երկարամյա պատմություն: Պատրաստ ենք քննարկել և աջակցել տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններին, որոնք կլինեն Ձեզ համար ընդունելի և շահավետ», – նկատել է Անդրեյ Բաբկոն: 

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել տեղեկատվության և համագործակցության ընդլայնման գործում աջակցության պատրաստակամության համար: Նա նաև հավելել է, որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը վերջերս 9 նոր հատուկ տեխնիկա էր ձեռք բերել մրցույթում հաղթած «ԿամԱԶ» ընկերությունից, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է համագործակցության ընդլայնման հնարավորությունները: