ՀՀ կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» բանակցությունների նոր փուլ են մեկնարկում

  • 08.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

1
 18

Հայաստանի կառավարությունն ու «Գազպրոմ Արմենիան» այսօրվանից բանակցությունների նոր փուլ են սկսում:


Օրակարգում՝ հունվարի 1-ից սահմանին թանկացած ռուսական գազի թեման է ու դրա ազդեցությունը հայաստանցի սպառողներին գրպանի վրա։ Երկկողմ քննարկումները կարող են ամիսներ տևել՝ «Ազատության» հետ զրույցում կանխատեսեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ Գործադիրի անունից բանակցող Գրիգորյանը նաև նշեց՝ քանի դեռ չկա հստակ որոշում, «Գազպրոմը» չի դիմի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ սակագները վերանայելու հարցով։


«Հստակ պայմանավորվածություն կա, որ հարցը պետք է մանրամասն ուսումնասիրվի: Եվ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի սակագինը չբարձրանա»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Մհեր Գրիգորյանը:


Մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանը թանկացրեց Հայաստանին մատակարարվող գազի գինը, դեկտեմբերի 31-ին հայտարարելով՝ 2019-ին 1000 խմ դիմաց այն 150 դոլարից դառնում է 165 դոլար։ Թե ով է կրելու այդ 15 դոլարի տարբերության բեռը, առայժմ անհայտ է, սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը կարծում է՝ ամեն ինչ պետք է արվի, որ սպառողի համար սակագինը չբարձրանա։ Այժմ հայաստանցի սպառողները 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 286 դոլար: Ըստ Մհեր Գրիգորյանի՝ բանակցությունների այս փուլում քննարկվելու են «Գազպրոմ Արմենիայի» աշխատանքների արդյունավետությունն ու ծախսերի կառուցվածքը, ռուսական ընկերությունում կատարվելու են ուսումնասիրություններ։


«Ընկերության ավելի էֆեկտիվ աշխատանքը և ավելորդ ծախսերի կրճատումը բխում է նաև հայկական «Գազպրոմի» շահերից: Ըստ այդմ՝ պատրաստակամություն հայտնվել է նման», – նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը:


Երկարատև ուսումնասիրությունների արդյունքում նախատեսում են հետազոտել նաև «Գազպրոմի» կրած վնասների չափը։ «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Հրանտ Թադևոսյանը անցած տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ արդեն երկու տարի ռուսաստանյան մոնոպոլիստ ընկերությունը տարեկան 13,4 միլիարդ դրամի վնասներ է կրում:


«Ազատությունը» Գրիգորյանից հետաքրքրվեց՝ փաստորեն չնայած այդ վնասներին և սահմանին գազի գնի բարձրացմանը «Գազպրոմ Արմենիան» պատրա՞ստ է անփոփոխ թողնել գազի սակագինը: Փոխվարչապետի պաշտոնակատարը արձագանքեց․ – «Վնասների կառուցվածքն ու վնասների պատճառն էլ պետք է խորը ուսումնասիրվի, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ օպտիմիզացիոն ճիշտ ճանապարհներ կան, որպեսզի վնասներ չգեներացվեն: Կարծում եմ դա հնարավոր է անել, ի վերջո միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից: Ըստ այդ, կարծում եմ, որ մարժայի մեջ տեղավորվելու հնարավորություններ կան»:


Եթե գնագոյացման հարցում «Գազպրոմը» խնդիրներ ունենա, հնարավոր է և դիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սակագինը բարձրացնելու համար՝ զարգացման այս սցենարն էլ չի բացառում տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Տնտեսական հարցերով վարչապետի խորհրդականը պնդում է՝ անցանկալի հետևանքները կանխելու համար երկարաժամկետ լուծումներ են պետք․ – «Պետք է արձանագրել, որ արդյունավետության բարձրացման ուղիներ «Գազպրոմ Արմենիայում» կան՝ դրանք են կորուստները, այնտեղ բավականաչափ ներդրումների արդյունավետության ուղղություններ կան, գնումների հետ կապված: Այս բոլորը ազդող գործոններ են, որպեսզի կարճաժամկետ հատվածում փոխհատուցեն այդ հնարավոր գազի գնի բարձրացումը սահմանին: Այդուհանդերձ, պետք է փնտրել ավելի ռազմավարական և երկարաժամկետ լուծումներ»:


Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ համոզված է՝ երկրի ներսում գազի գործող սակագները հնարավոր է նվազեցնել 25 տոկոսով, սակայն մինչև դա՝ նա մտավախություն է հայտնում, որ կկրկնվի 2013-ի սցենարն ու սակագինը չբարձրացնելու հաշվին պետությունը պարտքեր կկուտակի։ 2013-ին այդ պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց պետության 20 տոկոս բաժնեմասն ու «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»։


«Ռիսկերը կարող են նախևառաջ արտահայտվել նրանում, որ գոյացող նոր պարտքը մարելու նպատակով որոշակի ենթակառուցվածքներ կամ գեներացնող օբյեկտներ ևս փոխանցվեն ռուսական կողմին կամ որոշակի քաղաքական զիջումների տեսքով դրանք տեղի ունենան», – մեկնաբանեց Դավթյանը: