Փաշինյանի վարչախումբն ավելի վտանգավոր է Արցախի համար, քան Ադրբեջանը. Շահնազարյան

  • 27.11.2018
  •  

  • Հայաստան
  •  

     

558
 688

Այն, ինչ երեկ հայտարարեց Սասուն Միքայելյանը, քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը՝ իշխանությունն Արցախի փոխարեն: Սասուն Միքայելյանը ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկա իշխանությունների քաղաքականությունը: Ներկայիս իշխանությունների քաղաքականությունն է նաև հետևողականորեն թուլացնել բանակը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը:


Հիշեցնենք, Սասուն Միքայելյանը իր ելույթում երեկ ասել էր. «Չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան՝ արցախյան ազատամարտը»:


Շահնազարյանի խոսքով, այս ամենը վկայում է, որ ներկայիս իշխանությունները վտանգավոր են.


«Այսօրվա իշխանությունը Արցախի համար շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը: Պետք է օր առաջ ազատվել այս վարչախմբից», – ընդգծեց բանախոսը:


Նա վստահ է, որ բանակը թուլացվում է, ընդ որում այդ գործընթացը կատարվում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով.


«Բանակի մասին հենց ՀՀԿ-ն է, որ պետք է խոսի, բանակի նկատմամբ առաջին օրվանից հարձակումներ են գնում: Իշխանությունը բանակը դարձրել է իր թիրախը», – ասաց նա: 


Ըստ նրա, երբ առաջնագծից գեներալներին կանչում են ՀՔԾ, սպասեցնում ժամերով, ապա դա ուղղված է բանակի դեմ, դրա նպատակն է բանակը բերել այն վիճակին, ինչ վիճակում այսօր ոստիկանությունն է գտնվում», – ասաց նա:


«Բանակն այնքան նուրբ օրգանիզմ է, որ պետք է հասկանալ՝ ինչ ես անում դրա հետ: Իսկ այս դասալիքների կառավարությունը դա չի կարող դա հասկանալ. բանակի թուլացումը կատարվում է ուղղակի վարչապետի հրահանգով», – ավելացրեց Դավիթ Շահնազարյանը:


Պատգամավորի թեկնածուն, ի դեպ, որևէ լավ բան սպասվելիք ընտրություններից չի ակնկալում: Շահնազարյանի խոսքով, ընտրությունների արդյունքում Հայաստանում չի հաստատվելու ներքաղաքական կայունություն, իսկ արդյունքներն արձանագրելու են այն խճանկարը, որ ունենք այսօր, մինչդեռ երկու-երեք ամիս անց ամեն բան փոխվելու է: 


«ՀՀԿ-ն կարևոր քայլ է արել ի շահ պետության: Նախ այն, որ այսօր իշխող վարչախումբն անընդհատ շեշտում է, որ եղել է խաղաղ, թավշյա հեղափոխություն: Դա եղել է բացառապես նախկին իշխանությունների որոշումը և առնվազն հարգանիք է արժանի ՀՀԿ այս քայլը», – հավելեց Շահնազարյանը: