Մամուլ. ԵՄ անդամ երկրներում ՀՀ-ի հետ պայմանագրի վավերացման գործընթացը կարող է ձգձգվել

  • 03.02.2018
  •  

  • Հայաստան
  •  

2
 206

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում երրորդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:


Հարավօսական ինքնահռչակ հանրապետության ԱԳՆ-ն, ըստ էության, հայտարարել է, որ այդ պայմանագրում իրենք չկան, ու քանի որ իրենք չկան, պայմանագիրը չի կարող ունենալ հաջողություն: Այլ կերպ ասած՝ հարավօսական այդ հայտարարությունը գործնականում խաչ է քաշում Վերին Լարսին այլընտրանք ունենալու Հայաստանի հույսերի կամ սպասումների վրա, որոնց վերաբերյալ պարբերաբար հայտարարում էր Հայաստանի կառավարությունը՝ սկսած նախորդ տարվա հունվարից: Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ նախորդ տարի հունվարին թե՛ վրացական, թե՛ ռուսական կողմերը հայտարարում էին, որ այդ պայմանագրի իրականացման հարցում կա առաջընթաց. եւ մոտ են իրականացման համաձայնության հասնելուն: Մեկ տարի անց պատկերը կարծես թե լիովին փոխվել է:


Անկասկած է, որ հարավօսական հայտարարությունը չէր կարող լինել առանց Ռուսաստանի: Ի վերջո, ինչու այն ժամանակ՝ մեկ տարի առաջ, չկար այդպիսի հայտարարություն, իսկ հիմա կա: Այն հնչում է վրաց-ռուսական բանակցության հերթական ռաունդից հետո, որ օրերս տեղի ունեցավ Պրահայում: Դրանից առաջ ՌԴ փոխարտգործնախարար, բանակցող Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Հայաստանը դիմել է այլընտրանքից օգտվելու համար, սակայն պայմանագրում երրորդ երկրի մասին խոսք չկա՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Աբխազիայի եւ Օսիայի: Ակնառու էր, որ ՌԴ փոխարտգործնախարարը ուղղակի պայման է դնում, որ Հայաստանը կարող է օգտվել, եթե Վրաստանը համաձայնի գործ ունենալ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Թե ինչու է ռուսական կողմը նման կտրուկ կերպով դնում հարցը, ըստ էության, մնում է միայն գուշակել:


Ի՞նչ է փոխվել անցնող մեկ տարվա ընթացքում, որ այդպես փոխվել է ՌԴ դիրքորոշումը: Արդյո՞ք Մոսկվային մտահոգել կամ զայրացրել է Վրաստանին ամերիկյան հակատանկային սպառազինության տրամադրումը կամ Վրաստան-ՆԱՏՕ հարաբերության խորացման հեռանկարը: Բայց չէ՞ որ Վրաստանի եվրատլանտյան կուրսը նորություն չէր նաեւ մեկ տարի առաջ: Ներկայումս ՌԴ պահվածքը նշանակո՞ւմ է, որ այդ հարցում խմորվել են նոր եւ առավել լուրջ զարգացումներ:


Դեկտեմբերի 25-ին Վրաստան էր մեկնել Սերժ Սարգսյանը, որը հայտարարեց Թբիլիսիում, որ քննարկել են տրանսպորտային տարանցիկ կարողությունները փոխադարձաբար զարգացնելու հարցը: Դրանից անմիջապես հետո, հաջորդ օրը, Սարգսյանը մեկնեց Մոսկվա ԱՊՀ երկրների գագաթնաժողովին մասնակցելու: Ի՞նչ տրանսպորտային տարանցիկ կարողություն զարգացնելու մասին է խոսքը, եթե չկա այլընտրանք Վերին Լարսին: Կարո՞ղ է ինչ-որ բան փոխել Հայաստանը եւ ազդել ՌԴ դիրքորոշման ու պահվածքի վրա: Հազիվ թե:


Բայց, մյուս կողմից, իսկ պե՞տք է դա ի վերջո Հայաստանին, թե՞ վերջապես պետք է հրաժարվել այդ պատրանքներից եւ զբաղվել իրական ու առավել խորքային այլընտրանքների որոնումով, այսինքն՝ այլընտրանքային ճանապարհների փոխարեն, այլընտրանքային շուկաների: Ո՞րն է ավելի հասանելի եւ իրատեսական, ու որն է ավելի ռազմավարական»:


«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որեւէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ եւ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան եւս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում: Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով` համաձայնագիրը ստորագրվել է, դրանից ետդարձ չեմ կանխատեսում, ամեն բան, կարծում եմ, տեղի կունենա ժամանակին»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել եվրոպացի պատգամավոր Չարլզ Թեննոքը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ժամկետներին:


Նա նշել է, որ չնայած Հայաստանը հրաժարվել էր ստորագրել Ասոցացման համաձայնագիր Եվրամիության հետ, շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի նոր համաձայնագիր ստորագրվի: «Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար»,- ասել է պատգամավորը: Իսկ լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտնասել է, որ նման համաձայնագրի վավերացման գործընթացները թե՛ ԵՄ-ում, թե՛ մյուս կողմում սովորաբար այնքան են երկարաձգվում, որ դժվար է ասել, թե ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետն ո՞ւշ է, թե՞ ոչ: Ըստ նրա, բնականաբար, ցանկության եւ քաղաքական նպատակահարմարության դեպքում հնարավոր էր ավելի շուտ սկսել վավերացման գործընթացը:


«Սակայն հայկական կողմը, ինչպես երեւում է, հաշվի է առնում, որ ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը կարող է ձգձգվել, ուստի առանց շտապողականության կենտրոնանում է ներքաղաքական փոփոխությունների վրա, որին ԵՄ-ն դեմ չէ, կարծես այս հարցի վերաբերյալ կողմերը կոնսենսուս ունեն: ԵՄ-ն հասկանում է, որ միայն փոփոխություններից հետո Հայաստանը կկարողանա իրականացնել ստանձնած պարտավորությունները, հավելյալ ճնշումներ ԵՄ-ն կիրառել չի ցանկանում, գլխավոր որոշումները թողել է Հայաստանի հայեցողությանը»,- ասել է նա: Զաշտովտի կարծիքով՝ իրերի նման դրությունը ձեռնտու է նաեւ ԵՄ-ին, որը ժամանակ է շահում, որպեսզի ԵՄ մյուս երկրները եւս հասցնեն վավերացնել համաձայնագիրը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում արտադրվել է 9 մլն լիտր գինի՝ 2016–ի 7 մլն–ի փոխարեն, իսկ արտահանումն աճել է 30%–ով: Վիճակագրական տվյալներն են փաստում: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը«Փաստ»–ի հետ զրույցում հայտնեց, որ գինեգործության ոլորտում մեծ աճ կա, ինչը մեծապես պայմանավորված է արտադրության որակի բարձրացմամբ: Ըստ Հարությունյանի՝ այստեղ 3 գործոն դեր ունի:


«Գինու շուկա մտան անծանոթ, բայց հարուստ խաղացողներ՝ ստեղծելով նոր, բարձր որակի գինիներ: Դրանք են՝ «Կարաս», «Կուր», «Ձորափ», «Արմենիա» եւ այլն: Սա ստիպեց, որ կոնյակ եւ ավանդական գինի արտադրողները ներդրումներ անեն: 6–7 ընկերություններ վերազինվեցին: Ավանդական, էժան գինի արտադրողները թեքվեցին դեպի ավելի լուրջ արտադրանքների»,– ներկայացրեց միության նախագահը: Փոքր արտադրողները, տեսնելով, որ շուկայում լուրջ մրցակցություն է, իրենք եւս սկսեցին ապրանքի որակին ուշադրություն դարձնել: «Արտադրանքի քանակը չէին կարող փոխել, աշխատեցին որակի վրա: 15–16 ընկերություններ լուրջ քայլերով առաջ են գնում»,– մատնանշեց Ավագ Հարությունյանը: Ձեռքբերումների կողքին գինեգործը շտապում է նաեւ անհանգստությունը հայտնել՝ հանրապետությունում խաղողի արտադրության ծավալներն են քիչ: Այս տարի խաղողը քիչ կլինի: Հարությունյանը նկատեց, որ խաղողի ծավալներից ելնելով՝ հավելագրումներ այլեւս չեն լինի»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ղազախստանի Ալմաթի քաղաք է մեկնել՝ մասնակցելով ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:


«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ ընթացքում վարչապետը հանգրվանել էր «Rixos Almaty» հյուրանոցում: Լինելով հինգաստղանի հյուրանոցային ցանց եւ գտնվելով քաղաքի կենտրոնում` այստեղ ծառայությունները բավական թանկարժեք են. ամենամատչելի սենյակի արժեքը սկսվում է 200 դոլարից: Բայց, դե, բնական է, որ Կարապետյանը հասարակ համարում չէր մնա: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. «Rixos Almaty»-ը աշխարհում բավական հայտնի թուրքական հյուրանոցների ցանց է: Ու մինչ Սերժ Սարգսյանը պատրաստվում է գարնանը չեղարկել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, վարչապետը հանգրվանում է թուրքական հյուրանոցում: Մեկ հիշեցում էլ. նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանըժամանակին արգելել էր կառավարության անդամներին, պաշտոնյաներին հանգստանալ Թուրքիայում»:

Emil Lazarian

“I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS