Verelq: Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքով ՌՈ-ում հարուցվել է քրգործ

  • 09.01.2019
  •  

  • Հայաստան
  •  

     

2
 60

Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված դեպքի առթիվ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։


Ռազմական ոստիկանությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից); Դատախազական հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը։


ՀՀ ոստիկանությունը ևս պարզաբանում է տարածել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը միջադեպի առնչությամբ՝ նշելով, որ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը:


«Այսօր ԶԼՄ-ներում տեսանյութ է տարածվել, թե ինչպես մի խումբ երիտասարդներ կանգնեցրել են զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը և քաշքշուկ սկսել։


Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տեսանյութի հրապարակումից հետո շտապել են մեղադրել ոստիկանությանը, թե ինչու ավտոբուսը չի ուղեկցվել ոստիկանական կարգախմբի կողմից։


Հայտնում ենք, որ ՀՀ Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը․․․


Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն` կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։


Ավելացնենք նաև, որ միջադեպով ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, և տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ ոստիկանությունը ռազմական ոստիկանության գործընկերների հետ համագործակցում է միջադեպի մասնակիցների ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ»։


Armtimes.com կայքը տեսանյութ էր տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել: