Նոյեմբեր 27, 2026
Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողները ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել են, թե ինչպես է վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին հնչեցրած գնահատականներին, թե ինքը «հանցագործ» է։
«Դատարանում երևում է, թե ով է հանցագործ, ով է մարդկանց պարտադրում»,- պատասխանել է Սերժ Սարգսյանը։
Անդրադառնալով իրեն «թալանչի» որակելուն՝ ՀՀ երրորդ նախագահն ասել է.
«Կերևա, թե մեզնից ով է թալանչի»։
Սերժ Սարգսյանը Սահմանադրության նախագիծը շատ վատ փաստաթուղթ է համարում։
Լրագրողների հետ զրույցում նա վկայակոչեց հայտնի իրավագետ, գործող Սահմանադրության հեղինակներից Վարդան Պողոսյանի կարծիքը. վերջինս ավելի վաղ ասել էր, որ փաստաթղթի սկիզբն ալիևյան է, իսկ շարունակությունը՝ նիկոլական։ Սարգսյանի խոսքով՝ այս ձևակերպումը լավագույնս արտացոլում է փաստաթղթի էությունը։
Նախագծից, ինչպես հայտնի է, հանել են Անկախության հռչակագրի հղումը (դրանում հիշատակվում են Լեռնային Ղարաբաղն ու Հայոց ցեղասպանությունը)։
«Ընդդիմության անելիքը պետք է լինի հասարակությանը բացատրել, թե ինչքան վատն է այդ նախագիծը, ինչքան մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»,- կարծում է ՀՀ 3–րդ նախագահը:
—