X
    Categories: News

2020-2022թթ. հայ-ադրբեջանական կարգավորման մշակումներն արդիական են. Զախարովայի

Նոյեմբեր 20, 2026

«Ռուսաստանը նախկինի պես պատրաստ է աջակցություն ցուցաբերել գործընկերներին ամենատարբեր հարցերում, եթե նման անհրաժեշտություն առաջանա»,- այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք, անշուշտ, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկն է։ Դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան»,-նշել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկա փուլը սկսվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ 2020 թվականին։ Այս ընթացքում Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է զգալի արդյունքների հասնել։

Զախարովայի խոսքով՝ այժմ Բաքուն ու Երևանը նախապատվությունը տալիս են ուղիղ երկխոսությանը, և Մոսկվան հարգանքով է վերաբերվում այդ ընտրությանը։ Նրա վստահեցմամբ, 2020-2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված մշակումներն արդիական են նաև այսօր, կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել դրանց տակ դրված իր ստորագրությունը։ Երևանն ու Բաքուն արդեն տևական ժամանակ բանակցում են ուղիղ կամ արևմտյան հարթակներում, տևական ժամանակ է, ինչ Մոսկվան, որպես միջնորդ, չունի որևէ դերակատարություն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում:

Կարդացեք նաև

  • Արմեն Գրիգորյանը՝ սեպտեմբերյան մարտերի դադարեցման գործոնների մասին․ ի՞նչ «կրակներ» է նա մարել, և որտե՞ղ են համընկնում նրա ու Հաջիևի առաջարկները
  • Խաղաղությունն Ալիևի նման կոմպլեքսավորված ճիճուից թուղթ մուրալը չէ. Տիգրան Թորոսյան
  • Պուտին-Թրամփ-Սի Ծինփին եռակողմ հանդիպում․ միջուկային տերությունների երկխոսությունը և աշխարհաքաղաքական նոր պայմանավորվածությունների հեռանկարը

Այս համատեքստում ուշագրավ է, որ Մոսկվան չի դադարում անդրադառնալ հարցին, թե Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և կարգավորման ռուսական ճանապարհային քարտեզը  շարունակում է ակտուալ մնալ:

Մոսկվայի կողմից այս թեմային պարբերաբար անդրադառնալը և 2020-2022 թվականներին ձևավորված բանակցային հիմքի արդիականությունը շեշտելը թերևս պատահական չէ։ Սա կարծես ոչ միայն նախկին միջնորդական դերակատարության հիշեցում է, այլև Հարավային Կովկասում ձևավորված և ձևավորվող  նոր ճարտարապետության պայմաններում սեփական ազդեցության պահպանման ռազմավարության մաս։

Ռուսաստանը փորձում է թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի պատմությունը, քաղաքական հիմքերն ամբողջությամբ վերագրվեն արևմտյան միջնորդությամբ կամ երկկողմ ձևաչափերով ընթացող գործընթացներին՝ հաշվից լիովին դուրս թողնելով Ռուսաստանին։ Մոսկվայի համար սկզբունքային է դարձել  արձանագրելը, որ կարգավորման ներկայիս փուլը ոչ թե զրոյից է սկսվել, այլ ունի որոշակի բանակցային ժառանգություն, որի ձևավորման գործում Ռուսաստանն ունեցել է առանցքային դեր։

Այս համատեքստում հատկապես ուշագրավ է Զախարովայի շեշտադրումը, թե 2020-2022 թվականներին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում կողմերը չեն հրաժարվել իրենց ստորագրություններից։ Սա քաղաքական ուղերձ է՝ ուղղված միաժամանակ Երևանին, Բաքվին և գործընթացում ներգրավված արտաքին դերակատարներին. Մոսկվան ցույց է տալիս, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կորցրել իրենց իրավաքաղաքական նշանակությունը՝ անկախ բանակցային ձևաչափերի փոփոխությունից կամ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վերափոխումից։

Այսպիսով, ռուսական կողմը պահպանում է իր օրակարգը՝ փորձելով այն դարձնել կարգավորման հետագա հնարավոր զարգացումների համար կարևոր հենակետ։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի այս ակտիվությունը պայմանավորված է նաև իր միջնորդության զրոյացման քաղաքական իրողությամբ։ Երևանն ու Բաքուն, տևական ժամանակ է, ինչ ավելի մեծ նախապատվություն են տալիս ուղիղ բանակցություններին, իսկ կարգավորման գործընթացում ռուսական միջնորդական ներգրավվածությունը, ըստ էության, սահմանափակվել է։ Սա Ռուսաստանի համար ոչ միայն դիվանագիտական ազդեցության նվազման, այլև տարածաշրջանային գործընթացների վերահսկելիության կորուստ է։

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի և արտաքին դերակատարների ներգրավման շուրջ ձևավորվող նոր օրակարգը վերակազմավորում է տարածաշրջանային համակարգը՝ Ռուսաստանին դուրս թողնելով առանցքային գործընթացից։

Հետևաբար, նախկին պայմանավորվածությունների հիշեցումը նաև քաղաքական դիրքորոշման վերահաստատում է՝ Մոսկվան չի համարում, որ իր դերակատարությունն ավարտված է, և պատրաստ է անհրաժեշտության դեպքում վերադառնալ գործընթացին։

Սակայն այստեղ կա նաև ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկ։ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, որոնց Զախարովան առանձնացնում է՝ որպես տարածաշրջանի անմիջական հարևաններ և խաղաղության գործընթացում շահագրգիռ կողմեր, Հարավային Կովկասի ապագա հաղորդակցությունների, անվտանգության և տնտեսական կապերի հարցում ունեն ոչ միայն համընկնող, այլև մրցակցող շահեր։

Խաղաղության գործընթացի՝ առանց ռուսական միջնորդության շարունակվելը Մոսկվայի համար կարող է նշանակել նաև տարածաշրջանում նոր ազդեցության կենտրոնների ամրապնդում, հատկապես, եթե գործընթացի տնտեսական և ենթակառուցվածքային բաղադրիչները կապվում են  արևմտյան կամ այլ արտաքին նախաձեռնությունների հետ։

Ուստի ռուսական հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն որպես նախկին միջնորդական աշխատանքի գնահատական, այլև որպես ազդակ, որ Մոսկվան շարունակում է Հարավային Կովկասի կարգավորման գործընթացը դիտարկել իր ռազմավարական շահերի շրջանակում և չի պատրաստվում հրաժարվել այդ գործընթացում դերակատար լինելու դիրքից:

—

Alex Nanijanian:
Related Post