Նոյեմբեր 20, 2026
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերին:
Սեպտեմբերյան մարտերի դադարեցման գործոնները՝ ըստ Արմեն Գրիգորյանի. Ի՞նչ է նախորդել և հաջորդել դրանց
Նա ներկայացրել է այն կարևոր և իրար հետ փոխկապակցված երեք գործոնները, որոնց շնորհիվ մարտական գործողությունները դադարեցվել են, և առաջինը նշել է ՀՀ զինված ուժերի դիմադրությունը, թեև ծանր կորուստներ են եղել:
«Դա եղել է կարևոր գործոն, որպեսզի դիվանագիտության համար ժամանակի առումով բլիցկրիգ չլինի, և տարածք բացվի դիվանագիտության համար: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն է զանգել Բաքու: Միևնույն ժամանակ Իրանը զորքեր է շարժել դեպի հյուսիս: Այս երեք փոխկապակցված գործոնները ՀՀ անվտանգության համար շատ կարևոր են եղել:
Այսինքն, նույնիսկ իրար հակասող երկրների համար Հայաստանը միշտ դաշտ պիտի բացի, որ իրենց շահերը նաև հետապնդելով ՀՀ անվտանգությունը՝ ներդրում ունենա: Մենք չպետք է դառնանք միակողմանի: Անվտանգության առումով, իհարկե, կարևոր են ֆինանսական ներդրումները, բայց միայն ֆինանսական ներդրում անելով քո պաշտպանության մեջ, Հայաստանի նման երկիրը չի կարողանալու ապահովել իր պաշտպանությունը:
Ասում են՝ ո՞նց ենք պայքարելու մեծերի դեմ, նման խնդիր չպետք է դնենք, մենք ուզում ենք խաչմերուկ դառնալ: Մենք պետք է այնպես անենք, որ այդ փոխկապակցված շահերը սպասարկեն ՀՀ պետական ռազմավարական շահերը:
Եվ եթե մենք արտադաշինքային ենք, մենք դրա հնարավորությունը շատ մեծ ունենք, եթե արտադաշինքային չենք, այդ հնարավորությունը չունենք»,– մանրամասնել է ԱԽ նախկին քարտուղարը:
Նշենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի ուղղությամբ 4 ուղղություններով, հետագայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանը կիրառել է խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր:
Այս մարտերի ժամանակ, մասնավորապես, Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է եղել:
Ընդ որում, մի առիթով Ալիևը հայտարարել է, որ եթե ցանկանային, կմտնեին ու կգնային մինչև վերջ, բայց նման մտադրություն չեն ունեցել, նպատակը եղել է այնպիսի բարձունքներ վերցնելը, որ թույլ կտար վերահսկել հայերի պլանավորումները: Իրականում, մեր տեղեկություններով, մենք կանգնած ենք եղել ամբողջ Ջերմուկը կորցնելու վտանգի առաջ, սակայն որոշակի դիմադրություն է եղել, և ադրբեջանական կողմը նույնիսկ «թանկարժեք» զինծառայողներ է կորցրել:
Բայց քանի դեռ Ջերմուկի ռազմավարական բարձունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են, այս վտանգները չեզոքացված չեն: Իսկ, ընդհանուր առմամբ, 2022 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ ՀՀ-ից օկուպացվել է մոտ 150 քկմ տարածք, և հայկական կողմն ունեցել է 225 զոհ: Բաքվի ռազմական այս ագրեսիայից հետո մենք գրել ենք, թե ինչ հարցեր լուծեցին Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով:
Սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսիի, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
Նույն օրը Փաշինյանը հրավիրել էր նաև ԱԽ նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:
2022 թ. սեպտեմբերի 13-ին նա նաև հեռավար մասնակցել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին և ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Ավելի ուշ ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբն էր ժամանել Հայաստան և հանդիպել Սուրեն Պապիկյանին: Չմոռանանք, որ ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունները հենց այս ֆոնին վատացան, թեև Հայաստանի ղեկավարությունն այդ օրերին անգամ արտակարգ դրություն չի հայտարարել:
Ինչևէ, Փաշինյանը Շառլ Միշելի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև 2002թ. սեպտեմբերի 17-ին, իսկ սեպտեմբերի 23-ին արդեն Նյու Յորքում հանդիպել նրա հետ: Սեպտեմբերյան այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Փաշինյանի բրյուսելյան այցը՝ 2022 թվականի օգոստոսի 30-ին, իսկ օգոստոսի 31-ին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այն տևել էր մոտ չորս ժամ՝ փակ դռների հետևում։ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Փաշինյանի հեռախոսազրույցը ևս տեղի էր ունեցել սեպտեմբերյան մարտերից առաջ:
Եվ հենց այստեղ է, որ պետք է հիշատակել «Ալիևի «հաղորդումը»` Փաշինյանի դեմ․ ինչի՞ համար է նա պատասխանատվության «կանչվում»» վերտառությամբ մեր հոդվածը, որտեղ ներկայացրել ենք Ալիևի՝ սեպտեմբերյան մարտերի նպատակների նոր գաղտնազերծումը:
«Հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղի ունեցող գործընթացները փաստացի ստեղծեցին Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության լիարժեք ճանաչման հիմնական հիմքը։
Դրա արդյունքում 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դրանով, հնարավոր է՝ ինքն էլ չգիտակցելով, ճանաչեց, որ այդ ժամանակ Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումներն օկուպացիոն ուժեր են։ Դրանից հետո էլ ավելի ամրապնդվեց այս տարածաշրջանը լիակատար վերահսկողության տակ վերցնելու, անօրինական զինված կազմավորումները չեզոքացնելու և զինաթափելու իրավական հիմքը»,- մոտ մեկ ամիս առաջ մանրամասնել է Ալիևը:
ՀԱՊԿ-ին փոխարինող ռազմական այլ դաշինք Հայաստանը չպետք է փնտրի
Իսկ ԱԽ նախկին քարտուղարը Factor TV-ին տված հարցազրույցում չի անտեսել նաև ՀՀ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան, և այս առումով կարևոր համարել, որ այլևս ՀԱՊԿ-ից կախվածություն չունենք, բայց նաև շեշտել՝ «եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, չպետք է որևէ տեղ մտնենք, նոր դաշինք չպետք է փնտրենք»:
«ՀՀ ռազմատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիան ամենածանր գործերից մեկն է եղել: Եվ դրա դեմ տարբեր տեղերից լուրջ դիմադրություն է եղել, երբեմն՝ անիմաստ տեղը ստեղծված»,- շեշտել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ եղել են հրապարակումներ ինչ-որ տեղերից զենքի գնումների մասին, և ինքը ստիպված էր թռիչքներ կատարել և «կրակները» հանգցնել:
«Հատկապես բարդ է եղել Արևմուտքի հետ: Բիզնեսի հետ գրեթե համաձայնության շեմին լինես, մեկ էլ ասեն՝ կառավարությունը թույլ չի տալիս»,- նշել է նա՝ ընդգծելով, որ Հայաստանին սպառազինության մատակարարման առումով առաջինը դռները բացել է Հնդկաստանը, բայցև հավելել՝ Արևմուտքը կարևոր գործընկեր է սպառազինության մատակարարման հարցում:
Արմեն Գրիգորյանի՝ ռազմական որևէ անդամ չլինելու առաջարկի համատեքստում հիշեցնենք, որ 2024 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանին նման առաջարկ էր արել նաև Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պահանջելով.
«Հայաստանի ռազմական շինարարությունը պետք է լինի «չափաբաժնով»: Երևանը կարող է կրկին հարձակվել ադրբեջանական քաղաքների վրա հեռահար հրթիռներով և հրետանային համակարգերով, որոնք ստանում է Ֆրանսիայից։ Հայաստանի համար լավագույն լուծումը չեզոքությունն է, այլ ոչ թե Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող ռազմական դաշինքները»:
Գրեթե նույն միտքը Հաջիևն ասել էր 2024թ. սեպտեմբերի սկզբին՝ սրանից օրեր առաջ, որ պետք է սահմանափակումներ կիրառվեն Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:
«Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմից հետո որոշակի սահմանափակումներ կիրառվեցին՝ կապված Իրաքի զինված ուժերի զարգացման հետ: Մենք կարծում ենք, որ նման սահմանափակումներ պետք է կիրառվեն ՀՀ զինված ուժերի նկատմամբ»,– ընդգծել էր Ալիևի օգնականը:
Իսկ արտադաշինքային պետության մասին Արմեն Գրիգորյանը խոսել է դեռ 2023 թվականին:
«Հայաստանում, իհարկե, կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև արտադաշինքային պետություն դառնալու գաղափար»,- մի հանդիպմանը հայտարարել էր նա:
Առաջիկայում ԱԽ նախկին քարտուղարը հրապարակելու է իր հոդվածի շարունակությունը, որը նվիրված է լինելու Հայաստանի արտադաշինքային (ոչ բլոկային) կարգավիճակի կոնցեպտին։
Թե որքանով է արտադաշինքային պետությունը կամ որևէ ռազմական դաշինքի անդամ չլինելը Հայաստանի համար ձեռնտու կամ ոչ ձեռնտու, այս օրերին բավականին տեսակետներ ենք լսել: Բայց երբ որևէ ռազմական դաշինքի անդամ չլինելու համատեքստում համեմատություն ենք անցկացնում Ադրբեջանի հետ, չպետք է մոռանանք, որ Ադրբեջանի կողքին կա Թուրքիա, նրանց բանակների ներդաշնակ և միասնական փոխգործակցության փաստը: Դեռ մի կողմ ենք դնում Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական երկար տարիների համագործակցությունը:
Ի դեպ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ևս կողմ է, որ Հայաստանը որևէ դաշինքի անդամ չլինի:
—