X
    Categories: News

Լոնդոնի շահերն Ադրբեջանում՝ պաշտպանություն, էներգետիկա, Նախիջևան և TRIPP․ ի՞ն

Նոյեմբեր 18, 2026

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինից վերադարձել է Բաքու ոչ միայն ջրային ռեսուրսների հետ կապված Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությամբ, ինչը փաստաթղթային ձևակերպում է ստանալու, այլև՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Էնդի Բըրնհեմի հետ ստորագրած փաստաթղթով՝ «Ադրբեջանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագրով:

Կողմերն ընդգծել են, որ հռչակագրի ընդունմամբ երկկողմ հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են որակապես նոր մակարդակի, թեև Ադրբեջանի և Միացյալ Թագավորության հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրել մինչև այդ փաստաթղթի ընդունումը։

Իլհամ Ալիևը, մասնավորապես, անդրադառնալով երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում ավելի քան 30 տարվա հաջող համագործակցությանը՝ նշել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի խոշորագույն եվրոպական ներդրողն է։

Իսկ փաստաթուղթն ընդգրկում է ռազմավարական նշանակություն ներկայացնող ոլորտներ՝ պաշտպանություն և անվտանգություն, էներգետիկա, տնտեսություն, ենթակառուցվածքներ և այլն:

Կարդացեք նաև

  • Հայաստանի ծամվող հանրապետություն
  • Աուո՜ւ… կեղծ արևմտամետնե՛ր… Լա՞վ եք… Գրպանային ընդդիմություն են սարքում՝ Աննա Հակոբյանով… մեկ էլ  հո՜պ, կհայտնվի Տիգրան Ավինյանը. Անուշ Սեդրակյան
  • Լափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը

Բայց նախ անդրադառնանք պաշտպանության և անվտանգության ոլորտին, որը ևս համարվել է Ադրբեջան-Բրիտանիա գործընկերության առաջնահերթ նշանակություն ունեցող ուղղություն։

Պաշտպանության ոլորտում համագործակցությունը կկենտրոնանա կադրերի պատրաստման, կարողությունների զարգացման և օպերատիվ համատեղելիության բարձրացման վրա։ Բացի այս, կողմերը կուսումնասիրեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները, այդ թվում՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Անվտանգության ոլորտում աճող մարտահրավերների համատեքստում Բաքուն և Լոնդոնը կամրապնդեն նաև իրավապահ մարմինների միջև գործընկերությունը, սահմանների կառավարման և դատաիրավական համագործակցությունը՝ միաժամանակ կհամագործակցեն բազմակողմ ձևաչափերում, երբ լինի շահերի համընկնում:

Այս համատեքստում չեն անտեսվել Ադրբեջան-Հայաստան վաշինգտոնյան փաստաթղթերը: Եվ Ալիևն ու Էնդի Բըրնհեմը Դուբլինում իրենց հանդիպմանը նշել են, որ իրենց երկրները երկարաժամկետ հանձնառություն ունեն ամրապնդելու համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև՝ բարձրացնելու ընդհանուր սպառնալիքները զսպելու, կանխելու և դրանց արձագանքելու իրենց կարողությունները, ուստի բարձր մակարդակի փոխգործակցության շարունակականությունը կպահպանվի և տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ գործակցությունը կխորացվի:

Բաքու-Լոնդոն պաշտպանական համագործակցության ֆոնին հիշեցնենք, որ 2025 թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ Մեծ Բրիտանիան ավելի քան 30 տարի անց կվերացնի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն, քանի որ սահմանափակումների ելակետային պատճառները կորցրել են արդիականությունը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում զգալի առաջընթացի, ինչպես նաև Վաշինգտոնում 2025 թ. օգոստոսին արձանագրված արդյունքների պայմաններում:

Էմբարգոն սահմանվել էր 1992 թվականին ԵԱՀԿ-ի առաջարկությամբ և վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողություններին մասնակցած ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումներին:

Այս տեղեկությունից անմիջապես հետո հրապարակել ենք «Ադրբեջանին և Հայաստանին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկման որոշման նպատակները. Ով է շահելու, ում դեմ է այն ուղղված» վերտառությամբ հոդված: Իհարկե, այս պահին Բաքու-Լոնդոն ռազմատեխնիկական պայմանավորվածությունների վերաբերյալ հստակ փաստեր չկան:

Ի դեպ, էմբարգոյի չեղարկումից առաջ այլ պատմական իրադարձություն էր տեղի ունեցել. Մեծ Բրիտանիան Ադրբեջանում առաջին անգամ մշտական ռազմական կցորդ էր նշանակել:

2023 թվականին էլ հայտարարվել էր Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին: Արդեն 2024 թվականի ապրիլին հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարությունը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանելու որոշում է կայացրել, և, որ ռազմական կցորդն իր պարտականությունների կատարմանը պիտի անցնի 2025 թվականի հունվարի 1-ից։ Իսկ 2025 թվականի դեկտեմբերին Բրիտանիան դարձյալ առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ էր նշանակել:

Այս տարվա մայիսին էլ Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր էին ստորագրել: Թե գործնականում դրա իրականացումն ինչ փուլում է, դեռ առիթ կլինի անդրադառնալու:

Բնականաբար, չենք կարող ասել, որ միայն վերը նշված իրադարձություններից հետո Մեծ Բրիտանիան մտավ Հարավային Կովկաս կամ դարձավ Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, այդպես չէ. բավական է միայն հիշել British Petroleum-ի ներկայացվածությունն Ադրբեջանում:

168.am-ը գրել է, որ 2020թ. հուլիսյան մարտերի օրերին Փաշինյանի իշխանությունը հրաման էր իջեցրել ՀՀ ԶՈՒ-ին, Արցախի ՊԲ-ին՝ չթիրախավորել Ադրբեջանի կամ այնտեղի օտարերկրյա ենթակառուցվածքները: 44-օրյա պատերազմից հետո էլ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն ԱԺ-ում «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ ակնարկել էր. 

«1994 թվականին Ադրբեջանը կորցրեց տարածքներ, բայց իր մեջ գտավ ուժ, կարողություն՝ իր էներգառեսուրսները արևմտյան ընկերությունների հետ, Արևմուտքի հետ զարգացնելու, ուժ ստանալու իր տարածքները հետ բերելու համար»:

Կարո՞ղ ենք սրանից ենթադրել, որ Արևմուտքի հետ «համագործակցությամբ» է նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահովվել:

Հենց այստեղից էլ վերադառնանք Դուբլինում Ալիևի՝ բրիտանական կողմի հետ ստորագրած փաստաթղթին: Ինչպես արդեն վերևում նշեցինք, կողմերը չեն անտեսել Էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտները և պատրաստակամություն են հայտնել աջակցել «Միջին միջանցք»-ի զարգացմանը, նաև՝ միջսահմանային առևտուրը դյուրացնող տրանսպորտային, լոգիստիկ և ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։

«Միացյալ Թագավորության համար Ադրբեջանն առանցքային գործընկեր է Կասպից ծովի տարածաշրջանում և Եվրոպան ու Ասիան կապող երթուղիներում»,- ընդգծում է Բաքուն:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դունկան Նորմանն ասվածը հաստատել է, որ Բրիտանիան շահագրգռված է Նախիջևանի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացմամբ, որը կարող է դառնալ «Միջին միջանցք»-ի կարևոր լոգիստիկ հանգույց։

«Նախիջևանն իրական ներուժ ունի՝ «Միջին միջանցք»-ի լոգիստիկ հանգույց դառնալու համար»,- նշել է նա՝ հավելելով, որ բրիտանական ընկերություններն ունեն երկաթուղային ենթակառուցվածքների արդիականացման, նախագծերի կառավարման և ազդանշանային համակարգերի ոլորտներում զգալի փորձ։

Ըստ էության, Նախիջևանի՝ որպես «Միջին միջանցք»-ի լոգիստիկ հանգույցի զարգացման հեռանկարը պետք է դիտարկել նաև TRIPP-ի համատեքստում։

Իսկ մենք գրել ենք նաև, որ Ալիևը Նախիջևանում հանքավայրեր է փնտրում, նաև՝ գործընկերներ: Օրինակ, ամիսներ առաջ Ադրբեջանի պետական «AzerGold» ընկերությունը և ԱՄԷ-ի «Terra Mining» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Նախիջևանի հանքավայրերի և հանքային ներուժի համատեղ ուսումնասիրության վերաբերյալ։ Կարո՞ղ է բրիտանական կողմի հետ Բաքուն Նախիջևանում հանքարդյունաբերության ոլորտին առնչվող համագործակցություն ունենալ, իհարկե՝ այո, հատկապես, երբ նմանօրինակ համագործակցության փորձ կա:

Ի դեպ, ամիսներ առաջ Ադրբեջանի էներգետիկայի նախարարի տեղակալ Օրհան Զեյնալովը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության խոշորագույն օտարերկրյա ներդրողն է, և, որ ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցում է 39,9 միլիարդ դոլարը, որից 37 միլիարդ դոլարն ուղղվել է էներգետիկ ոլորտին: Ադրբեջանում գործում է 200-300 բրիտանական ընկերություն:

Այնպես որ, Բաքվի և Լոնդոնի ռազմավարական հարաբերությունների մասին երկար կարելի է խոսել, իսկ ստորագրված հռչակագիրն ընդամենը փաստաթղթային ձևակերպում է տվել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով նոր մակարդակի։

Հարցն այն է, թե այդ համագործակցությունն ինչ գործնական բովանդակություն կստանա՝ հատկապես պաշտպանական, ենթակառուցվածքային և հանքարդյունաբերական ոլորտներում, և ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանային ուժերի հարաբերակցության վրա։ Մասնավորապես, եթե Մեծ Բրիտանիան ներգրավվի նաև Նախիջևանի հանքային ներուժի ուսումնասիրության կամ հետագա յուրացման գործընթացում, դա չի կարող անտեսվել Իրանի կողմից՝ հաշվի առնելով Նախիջևանի աշխարհագրական դիրքն ու տարածաշրջանային հաղորդակցությունների նկատմամբ Թեհրանի զգայունությունը։

Այսպիսով, Դուբլինում ստորագրված հռչակագիրը պետք է դիտարկել ոչ միայն որպես Բաքու-Լոնդոն երկկողմ հարաբերությունների նոր փուլ, այլև որպես փաստաթուղթ, որի գործնական իրագործումը կարող է նշանակություն ունենալ Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանի համար։

2FlbQIxMQBwZG9mAXNydGMGYXBwX2lkEDIyMjAzOTE3ODgyMDA4OTIAAR8rSYfPaGXRAPz_RKbMZZoNmrRYotqvNYPka-vOlbILzAFgRYkuxgjmvT7EDA_aem_9ROqr2ego2XHVvznPnEbhg

—

Tambiyan Samvel:
Related Post