X
    Categories: News

168: Չկասկածե՛ք. եթե Փաշինյանը չի ուզում քաղաքական առումով ինքնասպան լինել, բ

Նոյեմբեր 17, 2026

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հատկապես վերջին շրջանում Փաշինյանը կարծես թե սկսել է գիտակցել, թե որքան ոչ հեռանկարային է այն քաղաքականությունը, որը պայմանավորված էր Եվրամիությանն անդամակցության մեկնարկի օրենքի ընդունմամբ, այսինքն ՝ հակառուսականությամբ: Դա վկայող ցուցիչները կան՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի, «Հարավկովկասյան երկաթուղիների» տնօրենի՝ Երևան այցերի արդյունքում հռետորաբանության փոփոխություն, մեզ համար կարևորագույն հարցերում կոմպրոմիսային լուծումների ընդունում…
  • Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական հավաքն էր, որտեղ Մակրոնի՝ Ռուսաստանի դեմ նախաձեռնած փաստաթղթին չմիացավ Նիկոլ Փաշինյանը: Հավանակա՞ն եմ համարում, որ Ալիևը թույլ տված չլինի կողմ քվեարկել այդ փաստաթղթին, այո՛, բայց նման տեղեկություն ես չունեմ: 
  • Եվրոպական միության կազմում կարող են լինել տեղաշարժեր, որոնք տնտեսապես ի վնաս կարող են լինել Հայաստանին: Պուտինի պահանջը՝ կողմնորոշվե՛ք՝ դուք ո՞ւմ հետ եք, ԵԱՏՄ-ո՞ւմ եք մնում, թե՞ ԵՄ եք գնում, հիմա ավելի սուր է դրված: Դե ֆակտո Ռուսաստանը պայքարում է ոչ միայն և ոչ այնքան՝ Ուկրաինայի, որքան ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների դեմ: Նրանք դա չեն էլ էլ հերքում: 
  • Նույնիսկ սառը պատերազմի խառը տարիներին ոչ մի պետության մտքով չի անցել հատել գերտերության պետական սահմանները: Դա չի եղել ո՛չ ԽՍՀՄ-ի ժամանակ Հունգարիայի, ո՛չ Պրահայի դեպքերի ժամանակ: Դա կարմիր գիծ էր: 2024թ. դա տեղի ունեցավ: Ռուսաստան-Արևմուտք առճակատումն այդ պահից սկսած՝ այլ գալարի վրա բարձրացավ:

Կարդացեք նաև

  • Հայկական երկաթուղու կոնցեսիան՝ Երևանի և Մոսկվայի բանակցությունների առանցքում․ աշխատանքային խմբի բանակցությունները մեկնարկել են
  • ՌԴ-ն կարող է ընդունել նոր ճանապարհների գոյությունը, բայց դժվար անտարբեր մնա, թե ով է այդ ճանապարհներով ձեռք բերելու ռազմավարական ազդեցություն. Շիրազ Խաչատրյան
  • Վիճակը վատանում է՝ արտահանումը համատարած նվազել է
  • Ռուսաստանը շատ պարզ բան է ասում. ասում է՝ Եվրամիությունն իմ թշնամին է, ոչ մեկս դա չենք էլ քողարկում: Եվ այո՛, իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է: Իսկ Հայաստանն ունի՞ այնքան ռեսուրսներ, որ Ռուսաստանին համարի ոչ բարեկամ երկիր:
  • Եվրոպական շուկան մեզ համար մատչելի չէ, ոչ թե՝ որովհետև մեր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձր են, այլ՝ որովհետև մեր ապրանքի որակական ցուցանիշները չեն բավարարում իրենց՝ չափազանց բարձր պահանջներին:
  • Ինչի՞ մասին էր Փաշինյանի պրետենզիան ՀԱՊԿ-ից՝ 2022թ.-ին, երբ Ադրբեջանը կոպտորեն, ռազմական միջամտությամբ խախտեց մեր սահմանը, ՀԱՊԿ-ը չարձագանքեց: Հիշենք՝ այդ ժամանակ ՀԱՊԿ նախագահող պետությունը Հայաստանն էր, իսկ ՀԱՊԿ նախագահող խորհրդի նախագահը՝ հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ում աջակցությամբ 2022թ. հունվարին ՀԱՊԿ զորքերն ուղարկվեցին Ղազախստան: Հարց՝ ինչո՞ւ ջերմուկյան դեպքերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նույնպիսի ջանասիրությամբ չնախաձեռնեց նմանատիպ հավաք, որ որոշում կորզի ՀԱՊԿ-ից, ինչպես Ղազախստանի դեպքում եղավ: Եթե Դուք պատրաստ էիք օգնել Ղազախստանին, ինչո՞ւ նույն ջերմեռանդությամբ օգնություն չնախաձեռնեցիք Հայաստանի համար: Փաշինյանը փորձում էր ՀԱՊԿ անդամ պետություններին մեղադրել, որ իրենք անհաղորդ մնացին այն իրավիճակին, որ Ադրբեջանը խախտում է մեր սահմանները: Ի պատասխան՝ Ռուսաստանն ասաց՝ բայց դուք ասում եք՝ դուք սահման չունեք: Հիմա եթե Փաշինյանը հայտարարում է, որ մեր սահմանը խախտվել է, ուրեմն այդտեղ սահման կա. այդ դեպքում ինչի՞ եք դուք սահմանագծում ու սահմանազատում անում: Փաշինյանը հաճախ է մեջբերում Ալմա Աթայի հռչակագիրը, բայց բանն այն է, որ դրա ընդունման ժամանակ՝ 1992թ. դեկտեմբերի 21-ին, եթե գոյություն ուներ վարչական սահման Հայկական ու Ադրբեջանական ԽՍՀ միջև, ապա այն պետք է ընդունվեր որպես պետական սահման: Այդպիսի սահման կար՝ 1984-1988թթ. ձևավորված սահմանը վերասահմանանշման արդյունքում: Ավելին, այդ փաստաթուղթը 1988թ. ընդունվել է թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի կառավարության կողմից: Պաշտոնապես այդ սահմանները ճանաչվել են: Դա եղել է նկարագրություն, 938 կմ սահման, որտեղ նաև սահմանային սյուներ կան տեղադրված: Ճանաչե՛ք այդ սահմանը, թո՛ւյլ մի տվեք, որ Ադրբեջանը սողացող օկուպացիայի քաղաքականություն վարի:

  • ՀԱՊԿ-ը բարդ կառույց է: Այնտեղ անվտանգային ամենաշարքային խնդիրները լուծելիս պետությունները հաճախ մեծ խնդիրների առաջ են կանգնում: Բայց եթե դուք դեմ եք ՀԱՊԿ-ին, ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀԱՊԿ-ից: Ասում եք՝ ՀԱՊԿ-ը մեր անվտանգության համար սպառնալիք է, ուրեմն ինչո՞ւ դուրս չեք գալիս ՀԱՊԿ-ից, որովհետև եթե դուրս գաք ՀԱՊԿ-ից, դա կվերաբերի նախևառաջ հայ-ռուսական հարաբերություններին անվտանգության ոլորտում:
  • Զենքի առկայությունը բացարձակապես չի նշանակում անվտանգության երաշխիքներ: Ոչ մեկը Եվրամիությունից երբևէ չի հայտարարել, որ պատրաստ են դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը: Ընդհակառակը, Ադրբեջանի հետ շատ ավելի պարզ ու շիտակ են նրանք եղել: Ինչպես նրանց չի հետաքրքրում մինչև վերջին ուկրաինացին զոհվող Ուկրաինայի ճակատագիրը, նույն վերաբերմունքն ունեն մեր նկատմամբ:
  • Սյունիքի նկատմամբ տարածքային նկրտումների առումով Թուրքիան երբեք չի խորշել իրերն իրենց անուններով կոչել: Եթե Թուրքիայի համար այդքան կարևոր է այդ տարածաշրջանն իր ընդերքով, ի՞նչն է խանգարում կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի հետ վերցնել Սյունիքը: Պատճառը 102-րդ ռուսական ռազմաբազան է: Միայն այդ ռազմաբազայի առկայությունն է կաշկանդում թուրքերին և ադրբեջանցիներին, որպեսզի չհարձակվեն: Իհարկե, կա նաև Իրանի գործոնը: Եվ սա չգնահատել, չհասկանալ ու չօգտագործել այդ գործոնը՝ ավելի վստահ լինելու համար արտաքին սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից, նշանակում է ուղղակի փորձել սեփական պետության անվտանգությունը զիջել ուրիշներին:
  • Ռուսական ռազմաբազայի հետ կապված Պուտինի արձագանքը այսրոպեական արձագանք էր: Ես չեմ կարծում՝ Ռուսաստանը պատրաստ է հրաժարվել 102-րդ ռազմաբազայից: Նաև այն կարծիքին չեմ, որ դեկտեմբերին գազի գինը կբարձրանա, որովհետև դա անվերականգնելի խզում կառաջացնի երկու երկրների միջև: Կարծում եմ՝ կօգտագործվեն դիվանագիտական կարողությունները: Փաշինյանի վարքագիծը դրա մասին է խոսում: Կարծում եմ՝ հասկանում են, որ Ռուսաստանի հետ առճակատվելը ոչ մի լավ բանի չի բերելու:
  • Փաշինյանն է ասում, որ Եվրամիությանն անդամակցությունը 20 տարի հետո թերևս կարող է լինել, եթե լինի: Բա եթե, մի բանի համար, որը 20 տարի հետո կարող է լինել, բզի գլխին ինչո՞ւ եք բաց ձեռքով խփում: Եթե Փաշինյանը քաղաքական առումով ինքնասպան չի ուզում լինել, նա կընտրի 102-րդ ռուսական ռազմաբազան բինոկլներով եվրադիտորդների փոխարեն… Չկասկածե՛ք:

  • Սերժ Սարգսյանն էլ ստորագրեց CEPA 2017-ին, բայց այնտեղ խոսք չէր գնում կա՛մ-կա՛մ-ի մասին: Այնտեղ խոսվում էր և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու մասին: Ես վստահ եմ, որ Փաշինյանը վաղ թե ուշ վերադառնալու է օրենքի ուժ ունեցող CEPA-ին: 
  • Երբ Եվրամիությունը համանման պայմանագիր էր կնքում Ադրբեջանի հետ, ու այնտեղ Արցախի վերաբերյալ այլ դիրքորոշում էր ընդգրկված, Սերժ Սարգսյանին հաջողվեց Էդուարդ Նալբանդյանի և Արմեն Աշոտյանի ջանքերով Եվրոպա-Ադրբեջան փաստաթղթից հանել այն կետերը, որոնք հակասության մեջ էին Արցախի հակամարտության կարգավորման դրույթների հետ: Եվրամիությունը Հարավային կովկասում բավականին լուրջ դերակատարում էր վերապահում Հայաստանի համար: Այսօր էլ կա հնարավորություն՝ Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնել CEPA-ի շրջանակում, առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու:
  • Եթե Լավրովները և մնացյալները հասկանային, որ 2018թ. գունավոր հեղափոխությունը ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ էր, այլ Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում չեզոքացնելու համար, այսօր այլ իրավիճակ կլիներ: 
  • Հայ-ռուսական հարաբերությունները նոր պայմաններում վերաիմաստավորման կարիք ունեն:
  • Իրանի նախկին արտգործնախարար Վելայաթիի բանաձևումները պայմանավորված են մի շատ կարևոր հանգամանքով. Իրանն իրեն տեսնում է տարածաշրջանի ամենաազդեցիկ պետությունը, և դա անհիմն չէ: Արաբական աշխարհն այլևս հասկանում է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը չապահովեց այն անվտանգությունը, որն իրենք ակնկալում էին: Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ առճակատման արդյունքում ապացուցել է իր պետական կենսունակությունը, և դրա հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Իրանը շատ հստակ է իր պահանջները դրել: Հետևաբար՝ Իրանի ազդեցիկությունը ոչ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում: Վելայաթին կոնկրետություն է պահանջում մեզնից՝ արդյոք հայաստանյան իշխանությունները գիտակցո՞ւմ են, որ Հայաստանի իշխանությունները չեն կարող այնպիսի քայլեր անել, որոնք կսպառնան Իրանի անվտանգությանը: Բոլորի հակահետախուզական կառույցներն աշխատում են, և վստահաբար Իրանն ունի ինֆորմացիա, որը ստիպել է Վելայաթիին գրել այդ հոդվածը: Բոլորիս համար անհայտ TRIPP-ի համաձայնագրից թերևս տեղեկացված են Վելայաթին և Իրանի ղեկավարությունը: Պետք է նկատի ունենալ, որ Վելայաթիի շուրթերով խոսում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

  • TRIPP-ի գինն ինչ-որ փաստաթուղթ ստանալն է, որի անունն է Խաղաղության պայմանագիր: Այս տարածաշրջանում եթե կա մի պետություն, որը ոչ պայմանագրաունակ է, Ադրբեջանն է: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ Ալիևի ստորագրությունն էլ կա: Դրանից մի կետ կատարվե՞լ է Ալիևի կողմից: Կույր պետք լինել մտոք, ինֆանտիլ, որ հույս դնես մի բանի վրա, որը գրոշի արժեք չի ունենալու:
  • 1920թ. Նախիջևանում հայությունն ամենամեծ էթնիկ խումբն էր, իսկ 1988թ. Նախիջևանը լքեց վերջին հայը: Դա ցեղասպանություն, էթնիկ զտո՞ւմ էր, թե՞ ոչ: Սումգայիթյան ջարդերը ցեղասպանություն չէի՞ն: Ղարաբաղյան հարցի բարձրացումն ու 1989թ. դեկտեմբերի 1-ի փաստաթղթի ընդունումը 25 տարով կանխեց Արցախի հայերի հնարավոր ցեղասպանությունը: Մերժել այդ փաստաթուղթը՝ նշանակում է բացել քաղաքական շլյուզներն Ադրբեջանի ղեկավարության համար, ինչը եղավ 2023 թվականին:
  • Արմեն Գրիգորյան, եթե էդքան սկզբունքային էիք, հրաժարական տայիք Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Ինչ ասում է ինքը, վաղուց բոլորն ասում են: Ինչի՞ ես պիտի վստահեմ նրան: Արմեն Գրիգորյանի հոդվածը քաղաքական առումով զրո արժեք ունի: Աբիժնիկի կերպարով հանդես եկողներին առաջին անգամ չենք տեսնում:
  • Ակնհայտ է, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար Նիկոլ Փաշինյանը վստահելի գործընկեր չէ: Երբ դու կարևորագույն հարցերի վերաբերյալ ամեն անգամ տարբերվող կարծիք ես հայտնում, քեզ չեն կարող լուրջ վերաբերվել:
  • Ռուսաստանին քաղաքական ու տնտեսական առումով չհաջողվեց ծնկի բերել: Այսօր Ռուսաստանի ռազմական պոտենցիալն անհամեմատ ավելի մեծ է, քան 2022թ. փետրվարի 24-ին: Այսօր Ռուսաստանի բանակը դարձել է աշխարհի ամենամարտունակ բանակը: Մարտունակ է դարձել նաև ուկրաինական բանակը: Ռուսաստանին չի կարելի համարել թշնամի ու մեջքով շուռ գալ դեպի նա: Դա վերին աստիճանի վտանգավոր կարող է լինել: Ռուսաստանի հետ պետք է խոսել:
  • Եկեղեցու դեմ հարձակման նոր ալիքով, Վեհափառի դեմ նոր հարձակումներով փորձում են քողարկել այն խնդիրները, որոնք կապված են իշխանությունների աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ: Ժողովուրդը չի ընդվզում Վեհափառի դեմ, որքան էլ իշխանությունը սևացրեց նրան: Եթե ցանկացած անգամ ժողովրդի չըմբոստանալը դուք ընդունում եք որպես իշխանության հետ հաշտվելու նշան, ինչո՞ւ ժողովրդի չըմբոստանալը Վեհափառի դեմ չեք ընդունում նույն կերպ:

  • Ժիրայր Լիպարիտյան, երբ ասում եք՝ Թուրքիան երբևէ Հայաստանի վրա հարձակվե՞լ է, Ալեքսանդրապոլի պայմանագիրը կամ Սարդարապատի հերոսամարտն ինչի՞ արդյունքն էր: 44-օրյա պատերազմին Թուրքիան չէ՞ր մասնակցում…
  • Ես վարչապետ եմ նշանակվել 1992թ. օգոստոսի 1-ին. 1992թ. օգոստոսի 4-ին Աբխազիայի երկաթգիծը, որ միջոցով մենք ստանում էինք մեզ անհրաժեշտ ապրանքները, վերջնականապես փակվեց, և մենք հայտնվեցինք խուլ շրջափակման մեջ: Ապրանք բերելու միակ տարբերակն օդն էր, բայց այդ կերպ ցորեն, հացահատիկ հնարավոր չէր բերել: Մենք փորձ արեցինք Նովոռոսիյսկից նավով Վրաստանով հացահատիկ բերել Փոթի, բայց այդ ժամանակ այդ հացահատիկը մեզ չհասավ, որովհետև Վրաստանում կրիմինալ իրավիճակը սուր էր, գողացան ոչ միայն այդ ցորենը, այլև նավթամթերք և այլ մթերքներ, որոնք կուտակված էին Վրաստանում, իսկ Վրաստանի իշխանությունն իրավիճակին չէր տիրապետում, չէր կարողանում վերահսկել այդ կրիմինալը… Ու ես՝ որպես վարչապետ, հասկացա, որ վերգետնյա ճանապարհով ցորեն հնարավոր չէր բերել: Իրանին դիմեցի, բայց այնտեղից նույնպես հնարավոր չեղավ ցորեն բերել. իրենք ուղիղ ասացին, որ ցորեն ներկրող երկիր են: Գագիկ Հարությունյանը դիմեց Չինաստանին, այնտեղից էլ ասացին՝ լոգիստիկ հնարավորությունները թույլ չեն տալիս: Եվ միակ տարբերակը Թուրքիայով ցորեն բերելն էր, իրենք ցորենի բավականին մեծ պաշարներ ունեին: Մենք ունեինք 37 միլիոն էկյուի (ECU) վարկ՝ Եվրամիությունից տրամադրված, որը մեզ տրամադրել էին բացառապես ցորեն ներկրելու համար: Այդ վարկը կյանքի կոչելու համար մեզ պետք էր առնվազն 2 տարի, որ բորսաներում ապրանքայնացնեինք այն: Բայց մենք այդ ժամանակը չունեինք: Ես Թուրքիայի նախագահ Դեմիրելին առաջարկել եմ 37 միլիոն էկյուի (ECU) ՝ ցորեն բերելու համար մեզ տրված եվրոպական վարկը տալ Թուրքիային, փոխարենը իրենք մեզ այդ 37 միլիոն էկյուին ադեկվատ ցորեն էին տալիս: Նոյեմբերի 3-ին հացահատիկը մտավ Հայաստան: Դա թուրքական հացահատիկ էր, և մեզ քիչ էր հետաքրքրում՝ ումից էին իրենք ձեռք բերել այն: Ժիրայր Լիպարիտյանն ասում է՝ Թուրքիան գթասիրտ էր, տվեց ցորենը: Ո՛չ, Թուրքիան գթասիրտ չէր, մենք Թուրքիայի հետ արել ենք առևտրային գործարք՝ 37 միլիոն վարկը՝ ձեզ, ցորենը՝ մեզ: Ինչո՞ւ թուրքերը համաձայնեցին մեզ ցորեն տալ: Բանն այն է, որ 1992թ. մարտի 24-ին, երբ ձևավորվում էր Մինսկի խումբը, Թուրքիան, ի դեմս արտգործնախարար Չեթինի, հայտարարեց, որ ինքը ցանկանում է դառնալ Մինսկի խմբի անդամ: Հայաստանը ներկայացնող արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը կտրուկ դեմ արտահայտվեց՝ ասելով, որ Թուրքիան չի կարող լինել անաչառ միջնորդ՝ կոնֆլիկտի կարգավորման հարցում: ԱՄՆ-ը և Ռուսաստանը միջնորդեցին, որ եթե թուրքերը ստանձնեն պարտավորություն, որ անաչառ կլինեն ու իրենց հնարավորությունները չեն օգտագործի, որ Ադրբեջանին միակողմանի օգնություն կտրամադրեն, կարող են դառնալ ՄԽ անդամ: Եվ 1992թ. մարտի 24-ին Թուրքիան դարձավ Մինսկի խմբի անդամ: Ես ԵԱՀԿ-ում եղել եմ հայկական պատվիրակության կազմում: Թուրքերը մոտենում էին ինձ ու հարցնում՝ ինչի՞ վրա եք հույսներդ դրել, չէ՞ որ դուք տանուլ եք տալու պատերազմը: Ադրբեջանը մեզ պես թիկունք ունի, դո՞ւք ինչ ունեք: Մոտ 250 միլիոն դոլարի տարեկան աջակցություն էին ցույց տալիս, և նրանք համոզված էին, որ ռազմական առճակատումն ավարտվելու է հօգուտ Ադրբեջանի: Եվ ահա վստահ լինելով, որ Ադրբեջանն այդ պատերազմը հաղթելու է, ու որպեսզի միջազգային հանրությանը վստահեցնեն, որ իրենք անաչառ դիտորդ են ու մեզ ցորեն են անգամ տալիս, մեզ այդ ցորենը տվեցին:
  • Թուրքիայի նախագահ Դեմիրելն ինձ հետ հեռախոսազրույցում միայն մի հարց տվեց՝ այդ հացը դուք ձեր բանակին տալո՞ւ եք: Ասացի՝ իհարկե: Ասաց՝ դուք գոնե ազնիվ եք: Ինքը, բնականաբար, զրուցել էր նաև նախագահ Տեր-Պետրոսյանի հետ, վերջնական որոշումը նրա հետ զրույցից հետո է կայացվել: Կրկնում եմ, դա եղել է պրագմատիկ գործարք Թուրքիայի հետ՝ մենք տվել ենք մեր 37 միլիոն էկյու (ECU) վարկը, ստացել ենք ցորենը, չնայած այն 100 000 տոննայի հացը, որ Թուրքիան մեզ տվեց, 37 միլիոն էկյուից քիչ էր (37 միլիոն էկյուն (ECU) համապատասխանում է 37 միլիոն եվրոյի (€), ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 14,7-14,8 միլիարդ հայկական դրամ):

Մանրամասները՝ տեսանյութում:




—

Hambardsumian Paul:
Related Post