X
    Categories: News

168: Կառավարության «վճռական» հետքայլը. Իրենց աշխատավարձերը կրկնապատկելու համա

Նոյեմբեր 16, 2026

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը 2 ամիս առաջ  հանրային քննարկման ներկայացրեց մի աղմկահարույց օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսում էր հաջորդ տարվանից կտրել թաղման նպաստը։ Առաջարկում էր այն տրամադրել միայն նպաստառուների համակարգում ընդգրկված խիստ սահմանափակ ընտանիքների, իսկ մյուսներին ընդհանրապես զրկել դրանից։

Կառավարության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմնավորում էին, թե ինչքան կարևոր ու անհրաժեշտ է այդ նախաձեռնությունը։ Ասում էին՝ արդարացված չէ բոլորին թաղման նպաստ տրամադրելը։ Պետք է հրաժարվել դրանից, դարձնել ավելի հասցեական։

Կառավարության այս նախաձեռնությունը հասարակական համատարած դժգոհության առիթ տվեց։ Դժգոհությունները մեղմելու համար էլ հայտարարեցին, թե խնայված միջոցներով թոշակ կբարձրացնեն։

Հետո պարզվեց, որ խոսքը թոշակների ծիծաղելի բարձրացման մասին է։

Կարդացեք նաև

  • Վիճակը վատանում է՝ արտահանումը համատարած նվազել է
  • Կամբոջան ՔՊ-ի իրականություն դարձած տենչն է
  • Վիլնյուսից և Վարշավայից մինչև Փարիզ և Լոնդոն. Հայաստանն ընդլայնում է ռազմական համագործակցությունը եվրոպական երկրների հետ

Թաղման նպաստից մարդկանց զրկելու հաշվին՝ պատրաստվում էին թոշակներն ավելացնել 500-1000 դրամով։ Շատերը սա ծաղր էին համարում էին թոշակառուների նկատմամբ։ Բայց դա չէր խանգարում, որպեսզի մինչև վերջերս իշխանությունը հիմնավորեր իր նախաձեռնության նպատակահարմարությունը։ Արսեն Թորոսյանը դա հաճույքով անում էր նաև օրերս Ազգային ժողովում պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Սակայն դրանից 1 թե 2 օր անց անակնալ հայտարարեց, որ մտափոխվել են. հրաժարվել են թաղման նպաստները կտրելու գաղափարից։ Իբր պատճառը եղել է քաղաքացիների դժգոհությունն ու հանրային արձագանքը։ Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ՝ որոշել են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

«Այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով կստանային այդ նպաստը, կշարունակեն ստանալ: Որևէ փոփոխություն չի նախաձեռնվի, և օրենքի նախագիծը, որ դրել էինք հանրային քննարկման, Ազգային ժողով չի ուղարկվի»,- հայտարարեց Արսեն  Թորոսյանը։

Մոռացան այն հիմնավորումները, որ թաղման նպաստների համատարած տրամադրումն արդարացված չէ, որ պետք է հրաժարվել դրանից, որ համակարգը պետք է դարձնել ավելի հասցեկան։ Բոլոր հիմնավորումները, որոնք բերում էին թաղման նպաստները կտրելն արդարացնելու համար, նույն ակնթարթում անհետացան։ Այլևս կարևոր չէ, թե որքանով արդարացված կամ արդարացված չէ բոլորին թաղման նպաստ տրամադրելը։

Հետևեցինք հանրային արձագանքին, ասում է աշխատանքի և բարեկեցության նախարարը։ Հանրային արձագանքին հետևող լինեիք, հիմա վաղուց հրաժարական տված ու հեռացած կլինեիք, և ոչ թե երկիրը կհասցնեիք այն օրվան, որ Ալիևի պահանջով Սահմանադրություն փոխեք։

Ինչո՞ւ որոշեցին հիմա հրաժարվել թաղման նպաստները կտրելուց, երբ հասարակությունը կարծես համակերպվել էր այդ մտադրության հետ։ Հրաժարվեցին, որովհետև առաջիկայում Ալիևի պահանջներով վերափոխված Սահմանադրության նախագիծը հանրաքվեի ներկայացնելու խնդիր կա։ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ դա կարող է հանգեցնել նաև նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման։

Այսպիսի իրավիճակում իշխանություններին ամենևին անակնկալներ կամ հասարակական դժգոհություններ պետք չեն։ Դրա համար այս փուլում որոշեցին հրաժարվել թաղման նպաստները կտրելուց։

Հրաժարվեցին նաև թոշակների բարձրացումից։ Հաջորդ տարվա հունվարի 1-ից թոշակների բարձրացում չի լինելու։ Ֆինանսների նախարարն ասում է՝ դրա համար փող չկա։

Ահա այսպիսի սկզբունքայնություն, որը ցուցաբերում է կառավարությունը։ Երկու ամիս առաջ հիմնավորում էին, որ թաղման նպաստների ծրագիրն անարդյունավետ ծախսեր է բյուջեի համար։ Երկու ամիս հետո որոշում են, որ բյուջեն պիտի շարունակի կատարել այդ անարդյունավետ ծախսը, որովհետև այդպես է ուզում հասարակությունը։

Հասարակությունը շատ այլ բաներ էլ է ուզում, բայց կառավարությունը դրանց ականջալուր չի լինում։

Եթե հավատալու լինենք իշխանությունների այն  հիմնավորումներին, որ հասարակության ձայնին անսալով՝ հրաժարվել են թաղման նպաստները կտրելու գաղափարից, վաղուց պիտի հրաժարված լինեին նաև պաշտոնյաների աշխատավարձերը շեշտակի ավելացնելու նախաձեռնությունից։ Պաշտոնյաների աշխատավարձերը հունվարի 1-ից կտրուկ բարձրացնելու հետ կապված պակաս մեծ դժգոհությունների ալիք չկա հասարակության շրջանում։ Ու եթե այդքան զգայուն են հասարակության ձայնի նկատմամբ՝ մի որոշում էլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումից հրաժարվելու վերաբերյալ պիտի կայացնեին։

Դժվար է ասել՝ այդպես կվարվե՞ն, թե՞ ոչ, բայց եթե նույնիսկ վարվեն, դա նշանակում է, որ առաջիկա քաղաքական, նաև տնտեսական ու ֆինանսական սպասումներով պայմանավորված՝ լուրջ մտահոգություններ ունեն։ Այդ մտահոգությունները կարող են կապված լինել ոչ միայն ակնկալվող ընտրությունների, այլև տնտեսական դժվարությունների հետ։

ՔՊ-ականների իշխանությունը Հայաստանը կանգնեցրել է՝ ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ՝ տնտեսական ցնցումների առաջ։ Չի բացառվում, որ առաջիկայում կարող ենք զրկվել այն արտոնյալ պայմաններից, որոնք տնտեսության համար ընձեռել է ԵԱՏՄ անդամագրումը։  Դրա հետևանքով լուրջ սպառնալիքների առաջ կհայտնվի տնտեսությունը։

Տարբեր գնահատումներով, այդ արկածախնդրությունը կարող է բերել տնտեսության կտրուկ անկման, ՀՆԱ նվազման, Հայաստան մտնող ֆինանսական հոսքերի կրկնակի կրճատման, գազի շեշտակի թանկացման, գնաճի ակտվացման ու գների համատարած բարձրացման, սոցիալական լարվածության խորացման, հասարակության եկամուտների նվազման ու գնողունակության կրճատման։

Այս ամենը լուրջ ռիսկ է նաև ֆինանսական համակարգի ու բյուջեի եկամուտների ապահովման համար։

Նման պայմաններում, երբ անորոշությունների ռիսկը չափազանց մեծ է, հազիվ թե որևէ իշխանություն կարող էր իրեն թույլ տալ նման շռայլութուն անել պետական պաշտոնյաների համար, գնալ աշխատավարձերի բարձրացման, որը պետության ու հարկատուների վրա հավելյալ 80 մլն դոլար կարժենա։ Բայց այս մարդկանցից ամեն ինչ էլ սպասելի է։

 ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ




—

Emil Lazarian: “I should like to see any power of the world destroy this race, this small tribe of unimportant people, whose wars have all been fought and lost, whose structures have crumbled, literature is unread, music is unheard, and prayers are no more answered. Go ahead, destroy Armenia . See if you can do it. Send them into the desert without bread or water. Burn their homes and churches. Then see if they will not laugh, sing and pray again. For when two of them meet anywhere in the world, see if they will not create a New Armenia.” - WS
Related Post